Ճահճացում համաշխարհային շախմատում
Ապրիլի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ բուլղարացի Վեսելին Տոպալովի միջեւ:
Ու չնայած ընդամենը մեկ ամիս անց տեղի է ունենալու նշանակալի իրադարձություն, այդուամենայնիվ, այսօր համաշխարհային մարզական մամուլում, ինչպես նաեւ մարզասերների շրջանում այս մրցախաղը կարծես հետաքրքրություն չի առաջացնում:
Ժամանակին շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչը ուղղակի մարզական տոն էր, իսկ աշխարհի չեմպիոնները` մարզաշխարհում խարիզմատիկ դեմքեր: Մասնավորապես` Գարի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Բոբի Ֆիշերը մինչ օրս պարբերաբար ոչ միայն սպորտային հասարակության ուշադրության կենտրոնում են լինում: Սա խոսում է այն մասին, որ շախմատը դասվում է բարձր վարկանիշ ունեցող մարզաձեւերի շարքին: Վերջին տարիներին սուբյեկտիվ պատճառներով այս մարզաձեւը շարունակ վարկաբեկվում է, որի հետեւանքով փոքրանում է հետաքրքրությունը նույնիսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի նկատմամբ: Այսօր դժվար է գտնել մարզասերի, որը կկարողանա թվարկել վերջին տասը տարիներին աշխարհի չեմպիոնների անունները:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ սկսեց շախմատի նկատմամբ հետաքրքրությունը մարել: 1984 թվականին Մոսկվայում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարով-Կարպով մրցավեճի ժամանակ, որը շարունակվում էր մեկ ամսից ավելի, ՖԻԴԵ-ն անսպասելի որոշում կայացրեց մենամարտը ընդհատել եւ հետաձգել մեկ տարով: Այդ ժամանակ Անատոլի Կարպովը առջեւում էր` 5-3 հաշվով, եւ նրան միայն մեկ հաղթանակ էր հարկավոր` աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Սակայն Գարի Կասպարովը, զիջելով 0-5 հաշվով եւ փոխելով մարտավարությունը, սկսեց մեկը մյուսի հետեւից ոչ-ոքիներ խաղալ (այդ տարի ոչ-ոքի արդյունքը հաշվի չէր առնվում, եւ չեմպիոն էր դառնում այն շախմատիստը, որը առաջինը կվաստակեր վեց միավոր), ընթացքում էլ հաղթանակներ տանել, որը հոգեբանորեն բացասաբար էր ազդում Կարպովի վրա: Եվ հենց այդ պահին ՖԻԴԵ-ն որոշեց հետաձգել մրցավեճը: Ականատեսները պատմում են, որ երբ Կասպարովը տեղեկանում է ՖԻԴԵ-ի նման որոշման մասին, «կորցնում է իրեն» եւ զայրացած հեռանում դահլիճից, որտեղ տեղի էր ունենում մրցավեճը: Այդ օրվանից մեծ տարաձայնություններ են առաջանում աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովի եւ ՖԻԴԵ-ի միջեւ: Ճիշտ է, Կասպարովը հետագայում եւս երկու անգամ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում պարտության մատնեց Կարպովին, այդուհանդերձ, որոշեց ստեղծել նոր` ՖԻԴԵ-ից անկախ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիա, որը պետք է ունենա իր վարկածով աշխարհի չեմպիոն: 1990 թվականին Կասպարովը հիմնադրեց այդ ասոցիացիան եւ դարձավ նրա նախագահը:
ՖԻԴԵ-ն 70-ական թվականներից ղեկավարել է ֆիլիպինցի Ֆլորենսիո Կոմպոմանեսը, որը իր պաշտոնը թողեց 1996 թվականին: Այդ տարվա հոկտեմբերին Երեւանում, որտեղ ընթանում էր շախմատային օլիմպիադան, տեղի է ունենում ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որտեղ նոր նախագահ է ընտրվում Կիրսան Իլյումժինովը: Վերջինս, 1997 թվականին ՖԻԴԵ-ի գծով աշխարհի առաջնության հեղինակությունը վերականգնելու նպատակով, նոր օրենք է ընդունում, ըստ որի՝ ամեն տարի պետք է տեղի ունենա նոր՝ նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություն, որտեղ հավաքագրված հարյուրից ավելի գրոսմայստերները, օլիմպիական համակարգով, պետք է պայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ մինչ այդ, երեք տարին մեկ աշխարհի գործող չեմպիոնը եզրափակիչ մենամարտում մրցում էր չեմպիոնի կոչման հավակնորդի հետ, որը ի հայտ էր գալիս փնջային մրցաշարերի արդյունքում: Այդուհանդերձ, այսօր մասնագետները պնդում են, որ հենց Իլյումժինովի նման որոշումը հեղինակազրկեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ շախմատիստների գերագույն նպատակը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ գումար վաստակելը: Նշենք, որ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի անդամ շախմատիստները հարկ չէին համարում մասնակցել այդ առաջնությանը, որի արդյունքում էլ առաջնությունը հետաքրքրությամբ եւ որակով զիջում է պրոֆեսիոնալների առաջնությանը, որը անցկացվում է ավանդական սկզբունքով (երեք տարին մեկ՝ գործող չեմպիոնը մրցում է հավակնորդի հետ):
Տարիներ շարունակ շախմատի ասպարեզում աշխարհի երկու չեմպիոն կար` ՖԻԴԵ-ի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով: Այս իրավիճակում շախմատային չինովնիկները ամեն ինչ անում էին, որ ՊՇԱ-ն եւ ՖԻԴԵ-ն միավորվեն, ինչը կվերականգնի շախմատի նկատմամբ նախկին հետաքրքրությունը: Այսօր գոյություն ունի աշխարհի մեկ չեմպիոն, սակայն տարիների ընթացքում վերջին տարիներին տեղի ունեցածը թույլ չի տալիս, կոպիտ ասած, լուրջ վերաբերվել ինչպես աշխարհի առաջնությանն, այդպես էլ աշխարհի չեմպիոնին: Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար ՖԻԴԵ-ի վարկածով չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովի միջեւ մենամարտից անցել է արդեն չորս տարի, սակայն մինչ օրս խոսում են Կրամնիկի ոչ արդար պայքարում տարած հաղթանակի մասին: Մասնավորապես` Տոպալովը շարունակում է Կրամնիկի հաղթանակին նպաստելու համար մեղադրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, նաեւ ՌԴ ազգային անվտանգության ծառայությանը: Հույս ունենք, որ Սոֆիայում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը կանցնի արդար եւ դիտարժան պայքարում, ինչը կնպաստի մարզաձեւի հեղինակության վերականգնմանը: Փաստ է, որ շախմատի նկատմամբ երբեմնի հետաքրքրության վերականգնման համար ժամանակ է հարկավոր:
Էջանիշներ