հատված "Երգ եռաձայն"-ից
Ախ իմ հայրենիք...
Իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում
Բայց չեմ սովորել անսխալ խոսել,
Անսխալ խոսել քո մասին քեզ հետ.
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից...
Աշնան կաթուկդ այգիներիդ մեջ.
Բերք ու բարիքիդ օրհներգումն է իմ`
Համաշխարհային - մատչելի լեզվով...
Եվ նույնիսկ այժմ,
Երբ խոսում եմ ես քո մասաին քեզ հետ,
Մինչև իսկ այժմ
Այլ բան չեմ անում,
Քան թե խոսքերով չափում եմ միայն իմ լռությունը,
Որպեսզի կրկին հասկանամ ցավով,
Թե այդ լռության համեմատությամբ
Խոսքերն այս որքան փոքր են ու չնչին...
Ախ, իմ հայրենիք...
Դու`
Հազարամյա իմ ազգանունը,
Ես-
Այնպես ապրել կարողանայի,
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար
Դու երբևիցե անհարմար չզգաս...
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
Ախ, երանի թե ես այնպես մեռնեմ,
Որ դու... ինձ սգաս:
Ախ իմ հայրենիք...
Ես ոչինչ, ոչինչ քեզ տալ չեմ կարող
Ինչ էլ տամ կրկին տվածդ եմ տալիս:
Մինչև իսկ չունեմ պարտքի զգացում,
Ես ոտից գլուխ քո պարտքն եմ որ կամ:
Հավաստիացման խոսք նա է ասում,
Ով վոր ուզում է հավատան իրեն:
Իսկ ես միտք չունեմ հավատացնելու,
Ես հավատն եմ քո,
Քայլող հավատը...
Ախ, իմ հայրենիք...
Ինձ կոչ են անում կյանքդ ճանաչել,
Ավելորդ ձգտում ես մասն եմ կյանքիդ:
Ախ իմ հայրենիք...
Ես կյանքիդ համար կյանքս չեմ տվել`
Ես չեմ մասնակցել և ոչ մի մարտիդ,
Բայց կես քայլ անգամ կյանքում չեմ արել,
Որ քեզ չբերի.
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում շրջագծի պես...
Վերևից ցած են ջրերդ հոսում,
Իսկ ես իմ ցածից
Լուռ մագլցում եմ դեպի բարջունքդ`
Քո շոգի նման...
Ու երբ Գարունդ է նորից կրկնվում
Մի հրաշալի էպիգոնությամբ,
Չոր ցողունի պես ծաղկում է իմ մեջ
Նույն միտքը միայն.
-Թեկուզ անանուն`
ինչպես խոտերդ սարերիդ լանջին,
Եթե ես օգնեմ կանաչությանդ,
Կարող եմ ասել.
"ես էլ ապրեցի"...
Պ. Սևակ
Էջանիշներ