Ինչ-որ տեղ լսել եմ, որ տղամարդիկ խաբում են, թե իրենց դուր են գալիս չոր գինին և նիհար կանայք, իրականում նրանք բոլորն էլ նախընտրում են քաղցր գինի և չաղլիկների:
Կոլումբիացի Ֆերնանդո Բոտերոն չի էլ փորձում թաքցնել իր զգացմունքները գեր մարդկանց հանդեպ: Բոտերոն պատկերում է բացառապես գիրուկների, նրա մոտ գեր են բոլորը՝ մարդիկ, ձիերը, շները, նույնիսկ խնձորները: Արվեստի հեղինակավոր քննադատ Ռոբերտա Սմիթը նրանց քամահրաբար անվանել է «ռեզինե փչած տիկնիկներ»:
«Չափսերով, ծավալներով ես փորձում եմ ազդել մարդկանց զգացմունքների և զգայականության վրա»,- արդարանում է նկարիչը՝ զգայականություն ասելով ենթադրելով ոչ միայն հեշտասիրությունը և էրոտիկան:
Գիրությունը նրա համար դարձել է գեղեցկության չափորոշիչ, իդեալ, ստեղծագործական դավանանք: Բոտերոյի ստեղծագործությունները, լինեն՝ գեղանկար, քանդակ, թե գրաֆիկա, հեշտ ճանաչելի են, և եթե մի անգամ տեսել ես դրանք, երբեք չես մոռանա:
Բոտերոյի գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներն ամբողջ աշխարհում չափից ավելի լուրջ են ընդունվում, ինչպես ասում են՝ «մեծ փողերով»: Հեղինակը դրանից օգտվում է՝ տիրաժավորելով հսկայական քանակության աշխատանքներ և մշտապես վերադառնալով միևնույն թեմաներին և սյուժեներին: Այդ պատճառով էլ նրա նկարներում տեսանելի չէ «հեղինակի աճը». բազմաթիվ աշխատանքների ստեղծման տարեթվերը չիմանալու դեպքում տպավորություն ստեղծվում, թե դրանք միևնույն ժամանակ են ստեղծվել, մինչդեռ տարբերությունը կարող է լինել 10-15 տարի:
Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար
Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար դրոշակով
Նրա մանկական երազանքն է եղել դառնալ տորեադոր: Երբ 12 տարեկան էր, մի քանի ամիս հաճախել է մատադորների դպրոց: Հետագայում այս տպավորություններն արտացոլվել են նրա մի շարք նկարներում՝ նվիրված կորրիդային:
Ֆ.Բոտերո Խառնակռիվ, 1988թ.
Ֆ.Բոտերո Չորս գաճաճ տորերոները, 1988թ.
Ֆ.Բոտերո Տորերո, 1991թ.
Ֆ.Բոտերո Պիկադոր, 2002թ.
Ֆ.Բոտերո Կորրիդա, 1991թ.
Ֆ.Բոտերո Պիկա, 1997թ.
Էջանիշներ