ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է ԵՎ ԲԱԶՄԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության տվյալներով Հայաստանում միջին տարիքը 32.3 է: Հայաստանը 100 երկրների ցուցակում զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է Մոնակոն, որտեղ միջին տարիքը 45 է` իսկ վերջին տեղերում են Ամերիկյան Սամոան եւ Ֆիջին, որտեղ միջին տարիքը 23.7 է:
Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության հետազոտությունների տվյալների, աշխարհի բնակչությունը ծերանում է: 2045 թվականին 60 տարեկան մարդիկ կգերազանցեն 15 տարեկաններին, ընդ որում՝ այդպիսի նախադեպ դեռ չի գրանցվել: Աշխարհում բնակչության միջին տարիքը այժմ 28 տարեկանն է, 21-րդ դարի կեսին այդ թիվը կհասնի 38-ի: Ծերացումը կլինի համատարած բոլոր ազգերի մեջ եւ իր բացասական ազդեցությունը կթողնի տնտեսության վրա: Այժմ աշխարհում յուրաքանչյուր ծեր մարդու բաժին է հասնում աշխատանքային տարիքի 9 մարդ: 2050 թվականին այդ թիվը կհասնի 4-ի, այդ պատճառով կնվազեն մարդկանց թոշակները: Զարգացող երկրներում ներկա պահին մոտ 342 միլիոն ծեր մարդիկ չունեն համապատասխան եկամուտ, իսկ 2050 թվականին այդ մարդկանց թիվը կկազմի 1.2 միլիարդ:
Աշխարհի բնակչության ծերացմանը զուգընթաց կմեծանա քաղաքաբնակների թվաքանակը եւ կկազմի 70 տոկոս: 60-ն անց մարդկանց քանակը 2050 թվականին կլինի 2 միլիարդ, երեք անգամ ավելի, քան այժմ: Ծերացող բնակչության մեծ մասը բաժին կընկնի Եվրոպային, այժմ Եվրոպայի բնակչության 22%-ը համարվում է ծեր, 2050 թվականին այդ թիվը կհասնի 50%-ի: Աֆրիկայում 2009 թվականին, բնակչության 5% էր համարվում ծեր` այստեղ մեծ դեր է խաղում երիտասարդների մահացության մեծ քանակը: 2050 թվականին Աֆրիկայի բնակչության 10%-ը 60 տարեկանից մեծ կլինի: ՄԱԿ-ի մասնագետների գնահատմամբ ամենաարագ տեմպերով կծերանա Ասիայի եւ Հարավային Ամերիկայի բնակչությունը: 2010 թվականին Ասիայի եւ Հարավային Ամերիկայի բնակչության 24%-ը կլինի 60 տարեկանից մեծ, այժմ այդ թիվը կազմում է 10%:
Միեւնույն ժամանակ` բնակչության ծերացմանը զուգընթաց ավելանալու է մարդկանց թիվը: ՄԱԿ-ի տվյալներով 2050 թվականին բնակչության ընդհանուր թիվը կհասնի 9.1 միլիարդի: Հետազոտությունների համաձայն, զգալի փոփոխություններ կլինեն ամենաշատ բնակեցված երկրների ցուցակում, 2030 թվականին Հնդկաստանը կլինի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը, երկրորդ տեղում կլինի Չինաստանը, որտեղ ծնելիությունը 1.7 է մեկ կնոջ հաշվով, իսկ Հնդկաստանում այդ ցուցանիշը կազմում է 3: Մնացած երկրները դեռ մինչեւ 2050 թվականը չեն կարողանա հատել միլիարդի սահմանը: ԱՄՆ-ը կլինի երրորդ տեղում, որի բնակչությունը 2050 թվականին կկազմի մոտ 400 միլիոն մարդ, չորրորդ տեղը կգրավի Պակիստանը, որի բնակչությունը 21-րդ դարի կեսին 157-ից կհասնի 305 միլիոնի: Դեմոգրաֆիական աճ կգրանցվի հիմնականում թույլ զարգացած երկրներում:
ԱՊՀ երկրների շարքում կգրանցվեն հետեւյալ ցուցանիշները:
Ադրբեջանի բնակչությունը կավելանա 1.2 միլիոնով, Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 500 հազարով (արտագաղթի տեմպերը հաշվի չեն առնված), Բելառուսում բնակչությունը 2.7 միլիոնով կնվազի, Վրաստանում` կնվազի 1.5 միլիոնով: Ուկրաինայում եւ Ռուսաստանում կգրանցվի բնակչության թվաքանակի անկում: Ուկրաինայի բնակչությունը կկազմի 26 միլիոն` այժմյան 46 միլիոնի փոխարեն, իսկ Ռուսաստանինը 112 միլիոն` այժմյան 143-ի փոխարեն:
Էջանիշներ