1. ԽՆՁՈՐՆԵՐԻ ՀՈՐ ՄԻՏՔԸ
Այն խնձորների Հայրը բևեռել է հայացքը
Իր Երկնային Այգուն.
Տարօրինակ հայացք է
Երկնային Հոր հայացքը:
Այն խնձորների Հորը լսելի է նույնիսկ
արմատների լուռ շարժումը երազում,
Եվ նաև ձմռան շարժումը
դեպի գարուն:
Բ.Գրեբենշչիկով - "Խնձորների հայրը"
1
Եվ Նրա սերը սահման չունի:
Սահման չունի մեր Երկնային Հոր սերը:
Եվ նայում է Նա Իր սիրով անսահման
Իր Այգու խնձորենուն և Այգուն Եդեմական:
Այն խնձորների Հայրը ձայն է լսում Այգում,
հարազատ մի ձայն.
Նշանակում է,
բոլորն այստեղ են:
Այն խնձորների Հայրը բոլորին խնդրում է
զբաղեցնել իրենց տեղերը
Իրենց տարիքի
և պաշտոնի համաձայն:
Այստեղ են. Ադամ Առաջինը,
Ադամ Միակը, Ադամ Աստվածածինը,
Այսինքն, Ադամից բացի
առայժմ դեռ ոչ ոք չկա, որ լինի ներկա:
Ադամ Առաջինն ասում է
Ադամ Միակին և Ադամ Աստվածածնին,
Որ խնձորների Հայրն իրեն մի բան ասաց,
բայց ինքը ոչինչ չհասկացավ:
Այն խնձորների Հայրը,
անսահման սիրով լիքը լցված
և ժպտամիտ նայում է
Իր Աստվածածին, միակ
և առաջնեկ Ադամ որդու վրա.
Ի՜նչ հիասքանչ որդի է նա
և որքա՜ն հարազատ:
Բայց միայնակ է որդին,
Ադամն այդ հիասքանչ,
Աստվածն այդ մարմնացած:
Ջահելն այդ, Ադամ - էությունը
դեռ չի զգում
իր ամբողջականությունը,
Եվ հարկ է, որ նա
սովորի, ճանաչի և հասկանա:
Հիմա էլ, տես, ինչպես,
կանգնել Դրախտի մեջ,
առանձնացրել է իրեն Եդեմական Այգուց,
Կարծում է, թե հյուր է այստեղ,
այս Այգում Եդեմական;
Աստված նայում է ժպտամիտ
որդուն իր անդրանիկ.
Հայրը նայում է որդուն
Եվ չի կարող տարբերել
որդուն Հորից՝ Աստծոց:
Բայց միայնակ է որդին,
սիրելի Ադամը,
Եվ ամբողջ այս
երջանկության ծանրությունը
չի կարող իր ուսերին տանել:
Մի օգնական է հարկավոր
Հոր սիրելի, միակ որդուն,
Որ օգնի հասկանալ
Հոր միտքը առաջին,
Որ Հոր տված անսահման
երջանկությունը
հանձն առնի Ադամի հետ բաժանել:
2.
Երկա՜ր-երկա՜ր ճամփա անցավ
այն միտքը ծնված,
քանի դեռ կհասկանար,
Որ հարկ է բարձրացնել
կնոջ այդ նոր ծնված
թարթիչները երկա՜ր-երկա՜ր:
Հեզության ակունքը
իրենց մեջ խորտակած
աչքերն այդ անծայրածիր,
Հավերժական սիրո
մարտկոցները երկու -
ջերմության աղբյուրները
Ընդգրկեցին իրենց
հոգու անհատակության մեջ,
մտքի անեզրության մեջ
Իրենց արտասովոր,
կերտող և շինարար այդ Հոր
անսահման սերը:
Հետո թեքվեց
հայացքն այդ իմաստնացած
դեպի Հորից իրեն տրված ընկերը,
Որը քնած էր դեռ,
այդ վիրահատությունից հոգնած -
կորցրած իր մի զույգ կողոսկրները:
Տեսավ ու զմայլվեց,
տեսավ և հիացավ:
Գետնից պոկեց իր նազելի իրանը,
Հենված ձախ արմունկին,
Երկա՜ր – երկա՜ր նայեց,
թե ինչպես է արթնանում Ադամը:
3.
Կնոջ երկար մազերը կախվեցին
քնած Ադամի դեմքի վրա
Եվ անզգուշորեն խառնվեցին
գոցված կոպերի հանգստությանը:
Եվ թավշե կուրծքն էլ ծանրացավ
քնած Ադամի սրտի վրա`
Սրտի զարկերին ուժ տալով այնքան,
որ քնած Ադամը - արթնացավ:
Եվ բացեց Ադամն իր աչքերը`
այդ անծանոթ հպումից առաջացած
մի ինչ-որ նոր զգացումից վախեցած:
Եվ առաջին բանը, դա երկար
և շիկահեր մազերի ալիքներն էին,
որ տեսան աչքերն այդ զարմացած:
ՈՒ կառչելով այդ շիկահեր ալիքներից,
հևիհև վեր մագլցեց Ադամի հայացքը -
Տեսնելու, թե ու՞ր են տանելու իրեն
ալիքներն այդ հրաշք, -
ՈՒ հանկարծ մի անեզր ծով տեսավ
իր վրա խոնարհված կնոջ աչքերի մեջ,
Եվ այդ անհատակ ծովի մեջ
չխորտակվել չկարողացավ:
4.
- Ո՞վ ես դու, - երկյուղով հարցրեց Ադամը:
Ասաց խոսքերն այս ու... կարծես թե քարացավ:
Չէ որ սա առաջին անգամն էր, որ խոսեց Ադամը,
նա խոսեց ու ձայնից իր վախեցավ:
Իսկ քիչ անց այդ վախը վերածվեց
հետաքրքրության, և Ադամը շշմած
Կրկնեց նույն հարցը. "Ո՞վ ես դու",..
հիմա ասես թե ինքն իրեն, զարմացած:
Բայց միայն Ադամը չէր Այգում Եդեմական,
որ վախեցել էր իր ձայնից, -
Ադամի վրա խոնարհված կինն էլ գոչեց "Ա՜-ա՜-ա՜..."
և վախեցած հետ քաշվեց Ադամից:
Եվ այդ "Ա"-ն արտահայտված`
աստվածային հոգու ձայնն էր,
Որ, առաջին անգամ լսված, -
ընդգրկեց Այգին և ամբողջ Տիեզերքը:
Հայր -Աստվածն այն խնձորների
և այս նորաստեղծ մարդկանց,
Գոհացավ առաջին շփումից
Իր երկու առաջնեկ զավակների.
Մտադրությունն Իր խորամանկ`
Ֆի-զի-կա-կա-նա-ցրած
Մի գալար սարքեց ու փաթաթեց
այն խնձորենու բնին:
Քնաթաթախ Ադամը վեր կացավ
ու նստեց իր դեմ նստած կնոջ դիմաց:
Երկա՜ր –երկա՜ր նայեց նրան ու չը-ձանձրացավ:
Երկա՜ր նայեց ու այդպես էլ մնաց հմայված:
Եվ այստեղ մեր Հայրը օրենսդրեց,
որպեսզի հետաքրքրությունը միշտ հաղթի վախին:
Եվ Ադամն իր հարցն ուզած-չուզած կրկնեց,
զգուշորեն դիպչելով կնոջ ուսին:
- Ես Ադամն եմ, - նա ասաց:
- Իսկ դու՞... Ո՞վ ես դու:-
Եվ կինն այդ երկրորդ անգամ "Ա՜ -ա՜-ա՜" ճչաց,
վախեցած հպումից Աստծո որդու:
Երկրորդ "Ա"-ն` դա միտքն էր Հայր Աստծո,
որ կնոջ մեղրահոս շուրթերից դուրս պրծավ:
Եվ Այգին ու Տիեզերքը լցվեցին մտքով,
և Աստծո արարումն ամբողջ իմաստնացավ:
Իսկ Աստված գոհ մնաց Իր մտքից,
հիացավ ծրագրով Իր նորաստեղծ,
Եվ մարմնացրած Իր երկրորդ գալարն էլ
խնձորենու բնին փաթաթեց:
Այն երկուսը դեռ զննում էին իրար,
դեռ փորձում էին իրար ճանաչել:
Երբ կնոջ առաջին վախն անցավ,
ձեռք տվեց Ադամին նա զգուշորեն:
Ձեռք տվեց Ադամի մազերին,
այտերով զգուշորեն իջավ ցած:
Երբ հասավ այր-մարդու կրծքերին`
կրծքերին իր նայեց զարմացած:
Եվ Ադամն էլ կնոջ հետ միասին
սովորում էր իր մարմինը գիտակցել:
ՈՒ երբ կնոջ մատներն ավելի ցած սահեցին`
երկյուղած այդ հպումից` նա "Ա՜-ա՜-ա՜" գոչեց:
Եվ այդ "Ա"-ն ծնունդ տվեց զգացմունքին,
և Աստծո արարումն արթնացավ:
Եռյակով այս. զգացմունքի, հոգու, մտքի,
արարումն այդ ամբողջականացավ:
Եվ Աստված գոհ մնաց արդյունքից:
Եվ մարդկանց նոր փորձից հիացած`
Սիրելի Իր խնձորենու բնին
մի գալար էլ փաթաթեց մարմնացրած:
- Ա, - կրկնեց նորից այդ կինը`
դնելով իր ձեռքը իր կրծքին:
Ասաց. "Ադամ", - ցույց տալով Ադամին էլ
ու մոտեցավ, նորից նստեց նրա կողքին:
- Ադամ և Ա՞, - հարցրեց Ադամը:
Այդ ժամը նրանց ճանաչման ժամն էր:
ՈՒ կինն էլ նորից կրկնեց քանի անգամ.
"Ադամ և Ա, Ադամ-և-Ա, Եվ-ա-Ադամ":
- Եվա-Ադամ,- կրկնեց Ադամը: - Ադամ, Եվա:
Եվա, Եվա, Եվա,- կրկնեց:- Եվա, Եվա:-
Քանի անգամ որ կրկնեց նա անունը նրա,
այնքան նոր գույներ կամար կապեցին երկուսի վրա:
5.
Եվ աշխարհը լցվեց գույներով:
Տիեզերքն էլ անչափ հարստացավ:
Խոսքերով, գույներով և ձայներով
Աստծո միտքն էլ երանգ ստացավ:
Ավարտվեց արարման սիմֆոնիան`
առաջինը համայն աշխարհում:
Եվ տեսավ Տեր-Աստված, որ միայն
փորձն է Աստծոն բացահայտում:
Հասկացավ, որ ճիշտ էր այդ միտքը`
բազմանալ Իր զավակների մեջ:
Նա տեսավ, որ զավակն էլ, դա` Ինքն է,
նայեց նրանց և Իրենով զմայլվեց:
Ցանկացավ ավելի բազմանալ
և Իր փորձն էլ բազմապատկել:
Տեսնել Ինքն Իրեն, հիանալ
Իր զավակների զավակների մեջ էլ:
Մեծագույն հաճույքով լպստեց
երկսայրի Իր լեզուն մարմնացած,
Խնձորենուց երկու խնձոր պոկեց,
զգուշորեն ծառից սողաց ցած:
Ադամն ու Եվան իրարով կլանված,
ինչ խոսք, որ չէին տեսնում ուրիշ ոչինչ:
Հայրը մոտեցավ նրանց աննկատ.
Հայրը - սիրով լի և Հայրը - Արարիչ:
Նայեց Հայրը նրանց, Իր զավակներին,
Իր զավակներով հիացավ և օրհնեց:
ՈՒ նրանց ոտքի տակ, ժպտերես, աննկատ
իմացության այն երկու խնձորները գլորեց:
...Եվ սկսվեց...
Էջանիշներ