Յոթնյակը
Օդում տարածված մառախուղը խլացնում էր մարդկանց ձայների բզզոցը: Ադամը նստած տեղում շուռ եկավ և ցածրիկ մետաղյա ցանկապատի ետևում տեսավ մարդկային շարքերի հոծ գծերը՝ քիփ կպած մեկը մյուսին: Շարքերը շարունակվում էին ինչքան աչքդ կտրեր, իսկ աչքդ կտրում էր այնքան, ինչքան թույլ էր տալիս մառախուղը: Ներսում ինչ-որ տոնական անհանգստություն շարժվեց, և նա շուռ եկավ՝ ամբոխից շուրթերի ծայրերը բարձրացրած ինքնագոհ ժպիտը: Մառախուղը հետզհետե ցրվում էր, գոլորշանում և միանում արևի ճառագայթները ծածկող ամպերին:
Ահա երկու մարդ մոտեցան հրապարակի կենտրոնին՝ ուսներից չոր ճյուղերի կապոցներ: Դրեցին գետնին, խնամքով ուղղեցին դրանք ծածկող հաստ կտորը և հեռացան: Ապա եկան ևս երեքը՝ ամեն մեկը իր կապով: Սրանք էլ դրին գետնին իրենց փայտե կապոցները, նախորդների բերածի կողքին, մի քանի քայլ հեռացան, նրանցից մեկը ծխախոտի տուփ հանեց գրպանից և բացելով մեկնեց մյուս երկուսին: Յուրաքանչյուրը մեկական գլանակ վերցրեց, ապա ամենքն իրենց հրահաններով վառեցին ծխախոտը և սկսեցին ծխել: Ադամը տսավ, թե ինչպես նրանցից մեկը գլանակը սեղմեց աջ սեղանատամների արանքում, որից երևացին գիշատչի ամուր, դեղնավուն ատամները, և կիսաժպիտով գլխով արեց դեպի հրապարակի կենտրոնը: Մյուսների գոհունակ ժպտացին, նրանցից մեկը սկսեց շփել ձեռքերը:
Մառախուղը վերջնականապես ցրվեց, ամպերն էլ ավելի հաստացան:
Ադամը լսեց ամբոխի հառաչները՝ ուղղված ձախ և գլուխը թեքեզ այդ կողմը: Իրար ետևից դեպի իր նստած տեղը դանդաղաքայլ գալիս էր տղամարդկանց խումբ: Նրանցից ամենաառաջինը ալեհեր և սպիտակամորուս մի ծերունի էր՝ որը քայլում էր ձիգ, ուղիղ դիմացը նայելով, գլուխը բարձր պահած: Նրան հետևում էր ևս մի ծերունի, որը քայլում էր արագ՝ ձգտելով ետ չմնալ առաջինից, ժամանակ առ ժամանակ ոտքից գլուխ նրան չափելով և ծռմռելով շուրթերը: Հաջորդը կարմրադեմ բարձրահասակ մի մարդ էր՝ կիտած հոնքերով, սեղմած ատամներով: Ժամանակ առ ժամանակ, ինքն էլ չնկատելով, սեղմում էր բռունցքները: Նրանից հետո երևաց սպիտակադեմ, գիրուկ մի միջնահասակ մի մարդ, որի ձեռքերին սպիտակ բրդյա ձեռնոցներ կային, որոնցից հա հայացքը գրեթե չէր հեռացնում: Մի պայուսակ ուներ, որը սահել էր ուսից, բայց նա կարծես չէր նկատում այդ և քայլում էր այդպես՝ պայուսակը գետնի վրա քարշ տալով:
Ապա Ադամը տեսավ հաջորդ տղամարդուն՝ շքեղ հագուստով և մատներին բազմաթիվ մատանիներով: Քայլելու ընթացքում մի քանի անգամ գրպանից հանեց մեկ բջջային թանկարժեք հեռախոսը, մեկ թանկարժեք դանակը: Երբ ձեռքերը ոչ մի ուրիշ բանով զբաղված չէին, ձախ ձեռքի մատներով շոյում էր աջ ձեռքի ժամացույցի ապակին: Մյուսը հազիվ էր հասցնում նրա ետևից, հևում էր և մերթ ընդ մերթ թաշկինակով սրբում ճակատը: Նրանց հետևում էր գրավիչ արտաքինով բարձրահասակ, սպորտային կառուցվածքով բավական երիտասարդ մի տղամարդ: Նա երբեմն-երբեմն ուղղում էր վզին փաթափված վզնոցը, աչքերն աննկատ ուղղում ամբոխի վրա, որտեղից նրան էին ուղղված ժպտացող կանանց սևեռուն և երիտասարդ աղջիկների կրքոտ կարճատև հայացքները:
Ադամը ոտքի կանգնեց և պինդ ավելի պինդ փաթաթեց վերարկուն. ցուրտ էր: Երբ տղամարդիկ մոտեցան, Ադամը հարգալից խոնարհեց գլուխը առաջինի առաջ, սա միայն աչքերը թարթեց: Մնացածները սեղմեցին Ադամի ձեռքը, և բոլորը նստեցին:
---------- Ավելացվել է՝ 05:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:54 ----------
Հրապարակում
Հրապարակի կենտրոնում արդեն դասավորված էին փայտերը, քիչ առաջ ծխող տղամարդիկ ևս մի քանի ճյուղ դրեցին վերևից և կողք քաշվեցին:
Աջից քայլերի ձայներ լսվեցին, և բոլորը շուռ տվեցին գլուխներն այդ կողմը՝ բացի Ադամի կողքին նստած ծերունուց:
Հաստատուն քայլերով դեպի հրապարակի կենտրոն էին գալիս չորս զինվոր՝ մուգ շագանակագույն համազգեստներով, զինված: Նրանց ետևից քայլերի ձայներ էին լսվում, բայց քայլողները չէին երևում առաջին շարքի զինվորների ետևից: Ադամը ևս մեկ անգամ շուռ եկավ և նայեց ամբոխին: Ինչ տարիքի և կոչման մարդիկ ասես չէին հավաքվել այստեղ: Այսուայնտեղ երևում էին տղամարդկանց ուսերին նստած տղաներ, երեխաներով կանայք, պառավներ և երիտասարդներ. բոլորը քայլերով ուղեկցում էին քայլող զինվորներին: Ադամը շրջվեց: Երբ զինվորները մոտենում էին հրապարակին, հասցերեց հաշվել շարքերի քանակը՝ յոթ: Հասնելով հրապարակի կենտրոնին՝ զինվորները շուռ եկան դեմքով դեպի ամբոխը: Այդ պահին մուգ շագանակագույն համազգեստների արանքից փայլուն ինչ-որ բան երևաց և լսվեց զրնգոց լսվեց:
Հաստ ամպերի քողի տակից ինչ-որ կերպով դուրս պրծավ արևի մի բարակ, նվազ ճառագայթ, տագնապած այս ու այն կողմ գցեց իրեն, ապա սլացավ դեպի սպիտակ կետը զինվորների ներսում: Ադամն աչքերով հետևում էր ճառագայթին: Այն տեղում, ուր նա կանգ առավ, փայլեց երկաթյա շղթայի մի քանի օղակ, որոնցից եզրայինը սեղմում էր մի բարակ, սպիտակ ձեռքի դաստակ: Ամպերն արագորեն ուշքի եկան և, ձուլվելով, փակեցին ճառագայթի ետդարձի ճանապարհը: Կտրվելով արևից, այն իսկույն խամրեց և հանգեց: Մուգ շագանակագույն պատնեշը փակվեց՝ կլանելով սպիտակ ձեռքն ու շղթան:
---------- Ավելացվել է՝ 05:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:55 ----------
Ցանկալին
Ադամը բացեց աչքերը և նայեց ժամացույցին: Հինգն անց քառասուն: Դեռ մի երկու ժամ կարելի է քնել: Թե՞... Գլուխը դարձրեց հակառակ կողմը և նայեց Լիլիթի կիսամերկ մարմնին: Շուրթերը թրջվեցին: Լավ ժամանակ անցկացրին այս գիշեր: Հարևաններին երևի խանգարեցին աղմուկով, բայց թքած հարևանների վրա: Թքած ամեն ինչի վրա, երբ կողքդ Լիլիթի նման մեկն է: Հայացքը սևեռեց սիրուհու դեմքին, ապա սկսեց իջեցնել այն դեպի ոտքերը: Զգաց, թե ինչպես է արթնանում ցանկությունը, շուրթերը մոտեցրեց Լիլիթի շուրթերին: «Իսկ այն պառաված հավը թող երեխաներին պատրաստի «վերջին զանգին»,- մտքում ծիծաղեց և շուրթերն ամուր հպեց Լիլիթի շուրթերին»:
---------- Ավելացվել է՝ 05:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:56 ----------
Մեղադրյալը
Երկու հոգի մոտեցան զինվորների խմբին տարբեր կողմերից, խումբը կանգնեց շարքով և մեջտեղում երևաց նա, ում շուրջը խմբվել էին զինվորները:
Բարակ, ճղճղված սպիտակ շորը կախ էր ընկած որիտասարդ կնոջ սպիտակ մարմնից, ինչպես տիկնիկից: Ոտքերը բոբիկ էին: Մազերը ծածանվում էին քամուց, հարվածում դեմքին: Դեմքը գունատ էր, նիհար: Միայն, երբ քամին հեռացնում էր մազերը, այդ դեմքը լուսավորվում էր երկու մեծ, փայլող աչքերի անթարթ հայացքով: Հայացքն ուղղված էր Ադամին:
---------- Ավելացվել է՝ 05:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:58 ----------
Գորշը
Մանեն նոր էր եկել Ադամենց դասարան: Դա մի թխամաշկ, հաստ շուրթերով, «դանդալոշ» աղջիկ էր, որի մեջ ի սպառ բացակայում էր «կանացի հմայքը»: Դա էր Ադամի առաջին տպավորությունը: Ադամի կողքը նույն նստարանին նստող Մարինեն, մի քանի վայրկյան նորեկին նայելուց հետո, թեթևակի բարձրացրեց վերևի շուրթը, կարծես պատրաստվում էր ծիծաղել, և գլուխը շուռ տվեց: Սեփականատիրոջ հայացքով Ադամը նայեց Մարինեին, որն իրեն չէր նայում և, թեքելով գլուխը, ժպտաց:
Մի քանի օր անց դպրոց եկավ նորեկի մայրը՝ աղջկա նման թխադեմ, կոպիտ ձեռքերով, խեղճ հայացքով կին: Ադամն արդեն նկատել էր այդ հայացքը նորեկի մոտ, և դա նրա մեջ զայրույթ էր արթնացնում, ավելի գարշելի դարձնում նորեկի առանց այդ էլ անհրապույր դեմքը: Ադամը առաջին նստարանին էր նստում, հենց ուսուցչի սեղանի դիմաց: «Երեխաս կարճատես է»,- լսեց նա և մտածեց՝ ամեն ինչի հետ նաև կարճատե՞ս: Դա նրան էլ ավելի ջղայնացրեց: Մի՞թե չէր կարելի մի ակնոց գնել, հագցնել դրա դեմքին, միգուցի կանացի հմայքի մի նշույլ հաղորդեր այդ տգեղ դեմքին:
«Խնդրում եմ, նստեցնեք առաջին նստարանին»,- լսեց նա և զարմանքից աչքերը կլորացան:
Հաջորդ դասից սկսած նորեկը նստում էր իր կողքին, առաջին նստարանին: Առաջին մի քանի դասերին նա, պատճառաբանելով գլխացավը, նստեց վերջին նստարանին՝ այդ «տգեղ» աղջկանից հեռու: Բայց քանի որ ինքն էլ էր կարճատես, անհրաժեշտ էր դիմացը նստել: Ադամը չէր խոսում նորեկի հետ: Իսկ սա հաճախ վախկոտ հայացքով նայում էր իրեն ու ժպտում, ինչպես փոքր շներն են հիմարավարի քծնելով շարժում պոչը, որպեսզի խաղաս իրենք հետ: Մի անգամ նորեկը նախաճաշ էր բերել հետը. երկու նրբերշիկով բրդուճ: Դասամիջոցին հանեց մաշված ուսապարկից այդ երկու բրդուճը՝ փաթաթված ինչ-որ ճմրթված տոպրակի մեջ: Թուխ (Ադամին թվաց՝ կեղտոտ) ձեռքերով բացեց տոպրակը, հանեց երկու բրդուճները և մեկը ուրախ դեմքով մեկնեց Ադամին: «Ադամ, արի հաց ուտենք»,- ասաց ու բարձրաձայն ծիծաղեց չգիտես ինչու: Ադամի դեմքը կարմրեց: «Այդ էր մնացել պակաս, որ քո նման «գեղցու» սարքած քոսոդ բրդուճներն ուտեմ»,- անցավ նրա մտքով, և շեշտելով ամեն մի բառը, ասաց. «Ես դասարանում հաց չեմ ուտում»: Ապա սառը ձայնով ավելացրեց. «Ոչ ոք չի ուտում»: Նորեկը շփոթվեց, ձեռքը ետ քաշեց, փութկոտ շարժումով ուզեց երկու բրդուճները միանգամից մտցնել տոպրակի մեջ, մեկն ընկավ ձեռքից: Մինչ ուզում էր բարձրացնել, տղաներից մեկը վազեց-անցավ կողքով և ոտքով տրորեց այն: Ադամը շնորհակալ հայացքն ուղղեց տրորողին և ժպտաց: Ապա կիսաժպիտը դեմքին, կռացավ, վերցրեց տրորված հացը և մեկնեց աղջկան. «Այս մեկը չուտես, կեղտոտ է, մյուսը կարող ես ուտել»: Աղջիկը ոչինչ չպատասխանեց, վերցրեց հացը, փաթաթեց անձեռոցիկի մեջ և դրեց պայուսակը մյուս բրդուճի հետ, ապա գլուխը դրեց ուսապարկին և սկսեց անձայն լալ: Ադամը դուրս եկավ դասարանից:
Մի քանի շաբաթ էր անցել, դասամիջոցին բոլորը դուրս էին եկել դասարանից, մնացել էր միայն ադամը, որ գիրքը սեղանին դրած ինչ-որ հետաքրքիր բան էր կարդում: Մանեն մտավ դասարան և վեհերոտ քայլերով մոտեցավ նստարանին, ձեռքին մի ձայնասկավառակ բռնած: Սկսեց փորփրել ուսապարկը՝ անընդհատ նայելով Ադամին: Ադամը կլանված կարդում էր: Սկավառակը դուրս սահեց աղջկա ձեռքից և շրխկոցով ընկավ սեղանին: Ադամը բարձրացրեց գլուխը: «Ձեռքիցս ընկավ»,- մեղավոր ժպտաց աղջիկը: «Դանդալոշ»,- մտածեց Ադամը, ապա տեսնելով սկավառակը, որի վրա ֆլոմաստերով ինչ-որ բան էր գրած, մտովի ավելացրեց. «գոնե մի տոպրակի վրա դներ, գեղցին»: Ոչինչ չասելով՝ գլուխը կախեց և շարունակեց կարդալ: Աղջիկը վերցրեց սկավառակը, մի քանի անգամ շուռ տվեց ձեռքում, ապա շունչ քաշելով ասաց. «Դու հոգևոր երգեր սիրում ե՞ս»: Ադամը հարցական հայացքը բարձրացրեց աղջկա վրա: «Սրանք հոգևոր երգեր են»,- ժպտաց աղջիկը և սկավառակը մեկնեց Ադամին: Ադամը կարդաց սկավառակի վրա. «Ֆռունզ Հոգեվոր երգեր»: Առանց դեմքի մկանները շարժելու հայացը բևեռեց աղջկա երեսին և շեշտելով բառերն ասաց. «Դրանց նման հոգևոր երգեր չեմ լսում»: Աղջիկը գորովանքով նայեց սկավառակին և ասաց. «Իսկ ես սիրում եմ: Իսկ դու ի՞նչ երգեր ես լսում»: Ադամի դեմքին քմծիծաղ առաջացավ: «Դասական, օրինակ Բախ: Կամ էլ ջազ, օրինակ՝ Էլլա Ֆիտցջերալդ»: «Հա՜»,- զարմացած երկարեց աղջիկը և կլորացած աչքերը հառեց տղային: Նրանք իրար էին նայում և յուրաքանչյուրի մեջ գնալով մի զգացմունք էր ուժողանում:
Ադամի մեջ ուժողանում էր ատելությունը այդ տգեղ, տգետ, արջավարի քայլող, պարզունակ լեզվով խոսող, աղանդավոր «հոգևոր» երգեր լսող, գորշ էակի նկատմամբ: Ատելի էր ամեն ինչ՝ նրա թուխ մաշկը, հաստ շուրթերը, կլորացած աչքերը, մազոտ ձեռքերը, շուրթերի վերևի աղվամազը:
Իսկ աղջկա մեջ գնալով ուժողանում էր վախը: Շփոթված նայում էր նա պատանու դեմքին, որի վրա միայն արհամարհանք էր կարդում և չէր հասկանում, թե ինչո՞ւմ է մեղավոր:
Հանկարծ երկարեց ձեռքը և բռնեց Մանեի թևից: Աղջիկը զարմացած նայեց նրան: Ադամը ոչինչ չէր տեսնում նրա դեմքի վրա: Միայն այդ երկու խոշոր, չթարթող աչքերը: Այդ անթարթությունը գազազեցնում էր նրան. նա ուզում էր, որպեսզի այդ աչքերը փակվեն, նեղանան, թարթեն: Սեղմելով Ատամները, Ադամը երկու մատով ամուր սեղմեց աղջկա թևը: Աղջիկը ցավից ճչաց: Ուշքի գալով, Ադամը բաց թողեց նրա ձեռքը և արագ քայլերով դուրս եկավ դասարանից: Աղջիկը բռնեց թևը, նստեց նստարանին և սկսեց լալ:
---------- Ավելացվել է՝ 06:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:59 ----------
Մեղադրյալը
«Մեղադրվում է հակամարդկային գործողություններ գովազդելու մեջ»,- Ադամին հասավ մեղադրողի ձայնը: Նա հայացքը հեռացրեց աղջկա դեմքից և նայեց շուրջը: Յոթ դատավորներից հինգը ուշադրությամբ լսում էին, մեկը փակել էր աչքերը և հետ ընկել աթոռի վրա, բայց կարծես թե լսում էր, ամենաերիտասարդը ցանկասեր հայացքով զննում էր աղջկա մարմնի մասերը, որոնք երևում էին պատառոտված շորի տակից, և լիզում շուրթերը:
«Ի մասնավորի,- շարունակեց մեղադրողը,- բռնություն և սահմանափակումներ անձի՝ սեփականության իրավունքը տնօրինելու նկատմամբ»…
Էջանիշներ