Վերջերս Երեւանում մեծ թափ են հավաքել ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա (կամրջակի տեսքով) հետիոտնային անցումների կառուցումները: Ինչով է սա պայմանավորված, ինչ հետեւանքներ ունի քաղաքի համար. որոշեցի մի փոքր վերլուծել:
Առաջին հայացքից
1. Անցումները թույլ են տալիս անցնել փողոցը առանց խոչընդոտների ու ռիսկի:
2. Մեքենաների շարժը չի ընդհատվում:
Սակայն մի՞թե շարքային քաղաքացուն հարմար է ընդամենը մեկ փողոց անցնելու համար բարձրանալ եւ այնուհետեւ իջնել երկու հարկի չափ:
Պայմանականորեն բաժանենք քաղաքացիներին չորս խմբի` երեխաներ, միջին տարիքի անձինք, տարեցներ եւ հաշմանդամներ (սայլակի վրա նստած):
Նշվածներից միայն միջին տարիքի անձինք են, որ չունեն աստիճանից օգտվելու դժվարություն:
Երեխաներն աստիճանների վրա շուտ են հոգնում, քանի որ աստիճանների չափերը հաշվարկված չեն նրանց մարմնի չափերի համար: Ինչեւէ, սա լուրջ խնդիր չհամարենք, դե քանի որ երեխա են, կմեծանան, կմոռանան:
Իսկ տարեցների հարցն արդեն լուրջ է, նրանց մեջ քիչ են առողջական խնդիրներ չունեցողները, ուստի նրանց մեծ մասի համար աստիճանն ահռելի խոչընդոտ է:
Հաշմանդամների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, քանի որ նրանց կողմից անցումներից ինքնուրույն օգտվելն ուղղակի բացառվում է: Ամեն դեպքում տարօրինակ է, որ այն նույն քաղաքաշինական, կամ չգիտեմինչական կառույցները, որոնք մինչ այս բարձրաձայնում էին ամենուր թեքահարթակներ կառուցելու, քաղաքը հաշմանդամներին հարմարեցնելու իրենց մարդասիրական մղումների մասին, հիմա ստոր/վերգետնյա անցումների բազմացմամբ են զբաղված:
Հաջորդ հարցը, որը ուզում եմ առաջ քաշել թերեւս պակաս կարեւոր չէ, քան մեծահասակների ու հաշմանդամների հարցը. խոսքը ձմեռվա, այսինքն` ձյան ու սառույցի մասին է: Իհարկե բոլորս էլ գիտենք, որ սայթաքելուց մարդ չի մահանում, առավելագույնը` վերջույթներից մեկը կոտրվի, իսկ մեքենաների բախումից շատերն են մահանում, դրա համար գովելի է այն փաստը, որ պետությունը ձմռանը նախ եւ առաջ փողոցներն է մաքրում ձյունից, իսկ մայթերի մաքրումը հետաձգում մինչեւ ամառ: Ինչեւէ, թեկուզ եթե մայթերն ու անցումների աստիճանները հատ-հատ մաքրեն, ապա դա էլ բավարար չէ: Շատ չմանրանամ, թե ինչու, միայն համեմատության համար ասեմ, որ առավել զարգացած երկրներում եթե կա էլ որեւէ վերգետնյա անցում, ապա աստիճանները ունենում են տաքացնող համակարգ, որը թույլ է տալիս զերծ մնալ սառույցից: Իսկ ընդհանրապես նույն առավել զարգացած երկրներում վեր/ստորգետնյա անցումները բացակայում են, եւ մարդիկ փողոցն անցնում են փողոցի վրայով:
Հիմա եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի մարդիկ են որոշում անցումների կառուցման մասին: Այդ մարդիկ բնականաբար երթեւեկում են սեփական քրտինքով վաստակած ջիպով: Նրանք բնավ կարիք չունեն հետիոտնային անցումներից օգտվելու, փոխարենը զայրանում են կարմիր լույս կամ փողոցի վրայի անցում (զեբր) ու նրա վրայով անցնող մարդ տեսնելիս: Հիմա պետք է մտածել` ո՞նց ազատվել անկոչ հյուրերից, որոնք քայլում են իրենց փողոցների վրայով: Դե իհարկե լուծումը միանշանակ պետք է մարդիկ վերեւից կամ ներքեւից շրջանցեն իրենց ջիպերին:
Այսպիսով` մեր քաղաքը վեր է ածվում ավտոմայրուղու, որտեղ մի ծայրից մյուսը մեքենայով հնարավոր է անցնել 15 րոպեում: Իսկ հետիոտներին 15 մետր լայնությամբ փողոցն անցնելու համար կարիք է լինում քայլել մոտ 30 մետր:
Այսպես շարունակվելու դեպքում, միառժամանակ անց գուցե մարդկանց ընդհանրապես արգելված լինի դրսում երեւալ առանց մեքենայի:
Ի՞նչ եք կարծում, ինպե՞ս պայքարել մարդու իրավունքի ոտնահարման դեմ, շատ էլ թե օրենքում չի գրված, որ յուրաքանչյուր մարդ ունի քայլելով տեղաշարժվելու իրավունք:![]()
Էջանիշներ