Փողոցն անցնելիս շուրջդ նայիր
(Փողոցային շարժման կանոններից)
Հետիոտներին պետք է սիրել:
Հետիոտները մարդկության մեծամասնությունն են կազմում: Ավելին՝ նրա լավագույն մասը: Հետիոտներն են ստեղծել աշխարհը: Այդ նրանք են կառուցել քաղաքները, բարձրացրել բազմահարկ շենքեր, անցկացրել կոյուղի և ջրմուղ, սալարկել փողոցները և լուսավորել դրանք էլեկտրական լամպերով: Այդ նրանք են կուլտուրա տարածել ամբողջ աշխարհով մեկ, գրքի տպագրության գյուտն են արել, հնարել են վառոդ, գետերի վրա կամուրջներ են անցկացրել, վերծանել եգիպտական հիերոգլիֆները, գործածության մեջ դրել անվտանգ ածելին, ոչնչացրել ստրուկների առևտուրը և սահմանել, որ սոյայի բակլաներից կարելի է պատրաստել հարյուր տասնչորս համեղ, սննդարար ճաշ:
Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, երբ հայրենի մոլորակը համեմատաբար բարեկարգ տեսք էր ընդունել, հայտնվեցին ավտոմոբիլիստները:
Պետք է նկատել, որ ավտոմոբիլը ևս հնարել են հետիոտները: Բայց ավտոմոբիլիստներն այդ մասին ձեռաց մոռացան: Հեզ ու խելացի հետիոտներին սկսեցին ճզմել: Հետիոտների ստեղծած փողոցերն անցան ավտոմոբիլիստների իշխանության տակ: Սալարկները երկուտակ լայնացան, իսկ մայթերը նեղացան մինչև ծխախոտի բանդերոլի չափսը: Եվ հետիոտներն սկսեցին ահուդողով սեղմվել տների պատերին:
Մեծ քաղաքներում հետոտները նահատակի կյանք են վարում: Նրանց համար մի տեսակ տրանսպորտային գետտո են մտցրել: Նրանց թույլ են տալիս փողոցներն անցնել միայն խաչմերուկներում, այսինքն հենց այն տեղերում, ուր շարժումն առավել ուժեղ է և ուր այն մազը, որից սովորաբար կախված է հետիոտնի կյանքը, ամենից ավելի հեշտ է կտրվում:
Մեր անծայրածիր երկրում սովորական ավտոմոբիլը, որը հետիոտների կարծիքով կոչված է մարդկանց ու բեռների խաղաղ տեղափոխման համար, եղբայրասպան արկի սպառնալից տեսք է ընդունել: Նա շարքից հանում է պրոֆմիության անդամների և նրանց ընտանիքների ամբողջ տողաններ: Եթե հետիոտնին երբեմն հաջողվում է դուրս պրծնել մեքենայի արծաթազոծ քթի տակից, նրան տուգանում է միլիցիան՝ փողոցային կատեխիսիզի կանոնները խախտելու համար:
Եվ ընդհանրապես հետիոտների հեղինակությունը խիստ խախտվել է: Նրանք, որ աշխարհին տվել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Հորացիոսը, Բոյլը, Մարիոտը, Լոբաչևսկին, Գուտենբերգը և Անատոլ ֆրանսը, այժմ ստիպված են ամենագռեհիկ կերպով կոտրատվել, որպեսզի մի կերպ հիշեցնեն իրենց գոյության մասին: Աստված իմ, աստված, որ ըստ էության չկաս, ի՜նչ օրի ես հասցրել դու, որ հիրավի գոյություն չունես, խեղճ հետիոտներին:
Էջանիշներ