Զանազան լուրեր որը ընդգծում են Ռուս-Հայկական ռազմավարական եվ տնտեսական հարաբերությունների արժեկները:
Arevagal
******************************************
Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ-ի համակարգ ստեղծել
Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության` ՀՕՊ-ի համակարգ ստեղծել: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք կարծում ենք, որ նույնպիսի համատեղ համակարգ, ինչպիսին մենք ունենք Բելառուսի հետ, կստեղծվի նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ»,-ասել է նա:
Նրա խոսքերով, այժմ նաեւ քննարկվում է ՀՕՊ-ի փոխանակային համակարգի ստեղծման հնարավորությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Ն.Բորդյուժան ընդգծել է, որ կողմերը այժմ քննարկում են համապատասխան փաստաթղթերը: «Սա Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀՕՊ-ի երեք համակարգերի ստեղծման առաջին փուլն է, որից հետո մենք կանցնենք ավելի բարձր մակարդակի, երբ կսկսենք համակարգել բոլոր տարածաշրջանային համակարգերի գործունեությունը, մշակել մարտական հերթապահությունների միասնական կանոններ, մշակել տեղեկատվության փոխանակաման համակարգ եւ այն ամենն, ինչ կապված է նման համատեղ ՀՕՊ-ի ստեղծման անհրաժեշտության հետ: Սա իրոք աշխատանքի տարրերից մեկն է, որ մենք անց ենք կացնում ՀԱՊԿ ռազմական համագործակցության շրջանակներում»,-ասել է Ն.Բորդյուժան, հաղորդում է ՌԲԿ-ն:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=28653
Երեւանն ու Մոսկվան նախնական համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ տրամադրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, որի համաձայն ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ:
Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ՝ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով:
Ավելի վաղ տնտեսական հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանւ հայտնել էր, որ Հայաստանին կայունացման վարկի տրամադրման համար որպես Ռուսաստանին վճարելու տարբերակ դիտարկվում է Հայաստանի՝ ռուբլու գոտի անցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը պնդի այդ հարցում, հարցը կլուծվի ՀՀ Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Երեւանն ու Մոսկվան համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար դիտարկում են վարկի ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական կողմերը: «Ամեն դեպքում ռուբլու գոտի մտնելու կամ չմտնելու հարցը որոշելու է Հայաստանի ժողովուրդը»,- ընդգծել էր Վարդան Այվազյանը:
Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/...&sub=18&page=1
Նիկոլայ Պավլով. Լուրերն այն մասին, թե Հայաստանը մտադիր է մտնել ռուբլու գոտի, ընդամենը խոսակցություններ են
Մեկնաբանելով տեղեկությունները Հայաստանին ՌԴ կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի լքում իր բարեկամներին այնպիսի ծանր պահերին, ինչպիսին է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: «Սակայն այն, թե Հայաստանից պահանջվում է անցնել ռուբլու գոտի, զուտ խոսակցություններ են, որոնց մասին ռուսական դեսպանատանը չեն էլ լսել»,-ասել է Պավլովը: Նրա խոսքերով, ընդհանրապես գաղափար կար տարածել ռուբլու գոտին ԱՊՀ բոլոր երկրների վրա, սակայն այժմ, կապված ճգնաժամի հետ, այդ հարցն ընդհանրապես չի արծարծվում:
Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը նշել է, որ նոր եզակի նախագծեր, որ մշակվում էին 2008-ին, դեռեւս չեն մշակվի: «Ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում հիմնական խնդիրն արդեն գոյություն ունեցող նախագծերին աջակցելն է, այդ թվում, այնպիսի հեռանկարային նախագծերին, ինչպիսին է միջուկային ռեակտորի շինարարությունը, որի իրականացումը դեռեւս չի սկսվել, երկաթուղիների արդիականացումը եւ այլն: Ինչ վերաբերում է բոլորովին նոր նախագծերին, չեմ կարծում, թե այս իրավիճակում կարելի է խոսել նոր նախագծերի մասին»,-ասել է Զայցեւը:
Ավելի վաղ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանին ՌԴ կողմից կայունացնող վարկի տրամադրման դիմաց դիտարկվում է ռուբլու գոտի Հայաստանի մուտքի հնարավորությունը: Նրա խոսքերով, այն դեպքում, եթե Ռուսաստանը պնդի, հարցը պետք է լուծվի Հայաստանի Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան ու Երեւանը քննարկում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ վարկի քաղաքական կողմերը՝ հաղթահարելու համար գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Ցանկացած դեպքում, մտնել ռուբլու գոտի թե ոչ, կորոշի Հայաստանի ժողովուրդը»,-ընդգծել է Վարդան Այվազյանը:
Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/...&sub=18&page=1
Էջանիշներ