User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն

    « Նա այնքան գեղեցիկ էր: Երկար, թուխ մազերով, լիքը շրթունքներով ու ծիծաղկոտ աչքերով: Նրանից սիրունը չկար: Գուցեև լինեին, բայց ես չէի տեսել: Ասենք, այն ժամանակ նրանից բացի ընդհանրապես աղջիկներ չկային: Բոլորը կարծես խամրած ստվերներ լինեին ու նա էր միայն, որ գետնի վրա ոտքով ման եկող արևի նման էր: Միայն իր կողքին հայտնվածներն էին աղոտ կերպարանք առնում ու սոսկ այն պատճառով, որ նրա կողքին էին ու անդրադարձնում էին նրա ցոլքերը: Լուսնի նման, որ սեփական լույս չունենալով լուսավոր է, որովհետև անդրադարձնում է արևի լույսը: Այդպիսին էր նա, իմ տիեզերքի կենտրոնն ու իր շուրջը պտտվող մանր ու մեծ արբանյակներով: Ես էլ նրանց մեջ:
    Երկու տարով ինձնից փոքր էր: Պատանեկան շաբլոն սիրավեպերի կանոնների համաձայն, ընկերս էլ էր սիրահարված նրան: Ես համբերում էի: Առավել ևս. Հանդիպումների ժամանակ ընկերոջս գործերն էի «դզում», չնայած սրտիցս արյուն էր կաթում: Ցերեկները գրեթե միշտ միասին էինք, ինստիտուտի դասերից հետո զբոսնում էինք, կինո կամ սրճարան գնում: Սիրտս գազանի նման ծառս էր լինում, երբ մերոնցից մեկն իբր անզգուշորեն հպվում էր նրա ուսին կամ էլ ինքը երեխայի պես կչկչում էր ոչ թե իմ, այլ ընկերներիցս որևէ մեկի տափակ կատակներից: Ցերեկները հեշտ էր, մի կերպ ապրում էի, խեղդում էի ներսումս խելահեղ խանդն ու նախանձը ու բոլորին խառնված, փողոցի մնացած անցորդներից չջոկվող մարդ էի:
    Դժվարն իրիկուններն էին, երբ գալիս էի տուն, փակվում սենյակումս, երաժշտություն միացնում ու սկսում... ոռնալ: Ուզում էի երգել, բայց ներսիս փոթորիկը խանգարում էր ինձ ու ձայնալարերս խեղդված հեծկլտոցներից ու մահագույժ ոռնոցից բացի ուրիշ հնչյունների ընդունակ չէին: Այնքան էի ոռնում, մինչև ուժասպառված վեր էի ընկնում ու սկսվում էր գիշերվա կիսաքուն մղձավանջը: Հետո իմացա, որ հիվանդությունները երեկոյան ու գիշերներն են սրվում: Երևի մթության մեջ մարդն ավելի անպաշտպան է ու անօգնական: Իսկ հաջորդ օրն էլի նույն պատմությունը: Լավ է, որ այն ժամանակ մենակ էի ապրում, վարձու սենյակում: Եթե իրիկնային համերգներս չլինեին, գանգս ցրիվ պիտի գար անելանելիության ու հուսահատության ռումբից, որի ժամացույցի մեխանիզմը մի անտեսանելի ձեռքը քանի անգամ լարել էր կամ կանգնեցրել : Ընկերս... ընկերս է իմ ու նրա արանքում, ցերեկները ես կարգին տղամարդ էի, որն իրեն թույլ չէր տա ընկերոջ համար փոքր խոչընդոտ անգամ լինել: Իսկ երեկոներն ու գիշերները ես ես էի՝ անօգնական, խեղճուկրակ ու ողորմելի:
    Շատ էր պատահում, որ խցումս պատեպատ զարկվելուց հետո վեր էի կենում, գնում նրանց շենքի բակում կանգնում, այն թաքուն հույսով, որ հանկարծ կարող է դուրս գա խանութ կամ մի ուրիշ տեղ գնալու, ու աչքերիս անլցնելի դատարկությունը մի անգամ էլ սփոփեմ նրա պատկերով: Գուցե համարձակությունս հերիքեր, որ մոտենայի, գուցե... բայց նա և ոչ մի անգամ դուրս չեկավ տան շքամուտքից,ինչքան էլ սպասեցի: Իսկ ինձ արդեն պետք էլ չէր, որ դուրս գար: Հմայվածի, լուսնոտի նման ոտքերս իրենք էին գնում նրա տան մոտ թափառելու, ես այդ ժամանակ ինձ էլ չէի հսկում, ոտքերիս էլ...
    Հերմինե էր անունը:
    Ընկերոջս բախտը չբերեց, Հերմինես մերժեց ընկերության իր առաջարկը: Իսկ ես նրա անհաջողությունից ո՜նց էի թևավորվել: Հույսը... որդանման հույսն այնքան էր մեծացել , որ վիշապի նման ինձ կուլ էր տալիս ներսիցս. «Գուցե ես եմ պատճառը, գուցե նա հենց իմ խոստավանությանն է սպասում...»: Ինչքան էի ուզում ցանկալին իրականության տեղ տեսնել: Օրերն անցնում էին, բայց համարձակությանս մեն մի կաթիլը չէր հերիքում, որ Հերմինեին պատմեմ զգացմունքներիս մասին: Ամեն առավոտ, լույսը բացվելիս, եթե հաջողվել էր աչքերս մի երկու ժամ կպցնել, առաջին միտքն այն էր, որ այսօր, այսօ'ր ամեն ինչ ասելու եմ ու ամեն ինչ պարզվելու է: Բայց ցերեկն էլի սովորականի նման էր անցնում, ու ես ինձ ու իմ անվճռականությունը երիցս անիծելով, վերադառնում էի խուցս:
    Այդ օրերին սկսեցի քիչ- քիչ հարբել: Մենակ էի խմում: Զլում էի որևէ սրտակեղեք երգ, մի հարյուր անգամ լսում, հետը ոռնալով ձայնակցում ու խմում: Եթե սրտացավ մեկը տեսներ վիճակս, հաստատ չէր ալարի ինձ հոգեբուժարան հանձնել: Կարգին հաց էլ չէի ուտում: Նիհար, աչքերս փոս ընկած, խղճալի տեսք ունեի: Ընկերներս գլխի էին ընկել իմ այդաստիճան այլակերպության պատճառն ու ակնարկներով մեկ-մեկ կսմթում էին, հոգուս հետ խաղում:
    Հերմինեն էլ երևի զգացել էր: Հասավ պահը, երբ համոզվեցի, որ այլևս նահանջելու տեղ չունեմ, պիտի իրեն ասեմ ամեն ինչ: Կարծում ես մի կարգին բան կարեցա՞ ասել... Չէ', ցաքուցրիվ, անկապ բառեր, իսկի ես չէի հասկանում՝ ի՞նչ եմ խոսում, բայց ինքը երևի գիտեր, սպասում էր, դրա համար էլ հեշտությամբ հասկացավ, թարգմանեց մռթմռթոցներս ու ժպտալով ասաց.
    - Դու լավն ես , շատ լավը, ինձ հանդիպած ամենալավ մարդկանցից մեկը, բայց ես քեզ չեմ սիրում:
    Տարուց ավելի այնքան զգուշավորությամբ հավաքած երազանքներիս սկիհը մի վայրկյանում ջարդուփշուր եղավ: Ոչնչացած էի:
    Չէի կարողանում դուրս պրծնել ինձ կլանող զգացմունքի ամենակուլ երախից: Խեղդվում էի, ելքը չկար: Կարծում էի, եթե սկսեմ չշփվել մեր ընդհանուր ծանոթների հետ, գուցե փոքր ինչ մեղմանա ներսիս ցավը, բայց հերիք էր որ թեկուզ հեռվից նկատեմ նրան, որ կայծակնահար եղածի նման նորից ... ողջակիզվեմ:
    Մի երկու տարի ծվատեցի ինձ, Հերմինեն ամուսնացավ: Չգիտեմ, գուցե այդ տղան իսկապես սիրում էր իմ Հերմինեին, բայց ոչ ոք ինձնից առավել նրան չէր կարող սիրել: Ինձնից շատ երջանկություն էլ չէր կարող փռել իր ոտքերի տակ: Ոչ ոք: Չպարպածս սերն օվկիանոս էր, որ ինչքան էլ լող տար մեջը, ափերին չէր հասնի: Ոչ սկիզբն էր տեսել, ոչ էլ վերջը կտեսներ »:
    -Ու ինչքա՞ն ժամանակ քեզ տանջեցիր...
    - Մոտ վեց- յոթը տարի: Իսկ դրանից հետո հասկացա, որ այդպես էլ ոչ մեկին չեմ սիրելու:
    Այդպիսի սերերն իրենց անկատարության մեջ են գեղեցիկ, ու առօրյա կյանքը շարունակելու համար պիտանի չեն: Դրանք ճզմում են, քամում իրենցով վարակվածների կենսահյութերն ու մարդուն վերածում դատարկ տոպրակի:
    -Իսկ եթե նա պատասխանե՞ր ինձ...
    - Եթե ... Եթե պատասխաներ, պարտադիր չէ, որ պատմածդ սերը նույնքան գեղեցիկ շարունակություն ու ավարտ ունենար՝ մինչև մի բարձի ծերանալն ու նույն օրը հոգին ավանդելը:
    - Ես այդպես էլ չեմ ճաշակել հաղթանակի բերկրանքը:
    - Այստեսակ սերերը տրամաբանությանը չեն ենթարկվում: Ի՞նչ կնշանակեր հաղթանակ: Այնքան հաճախ է, որ կարծեցյալ հաղթանակը նոր պարտությունների ճամփան է բացում: Կամ էլ այնքան կորուստներ ես ունեցել Պյուռոսի այդ հաղթանակի համար, որ դրա բերկրանքն էլ արդեն լիարժեք չես կարողանում ճաշակել: Հիշու՞մ ես Պյուռոսին, մեր վաղեմի ընկերոջը: Ով հերթական ճակատամարտից հետո ասել էր. «Եվս մի այսպիսի հաղթանակ ու ես այլևս բանակ չեմ ունենա»:
    - Մի աղջկա էի ճանաչում: Նա կարծես քեզնից էլ համառ էր: Նրա սերն էլ պատանեկան անհույս սերերից էր, քոնինից ավելի անիրական: Նրա ընտրյալն արդեն ընտանիք ուներ: Բայց նա քո ազատությունը չուներ, որ փակվեր սենյակում, ոռնար, նա սենյակ էլ չուներ: Բարալիկ մատներն էր դնում դռան ծխնիների արանքն ու փակում էր դուռը, որ ֆիզիկական ցավի միջոցով բթացնի ներսի ցավը: Մի օր համարձակության վերջին փշուրները հավաքեց ու նամակ գրեց սրտի տիրոջը: Տղամարդն, իհարկե ոչինչ չպատասխանեց, նույնիսկ երբ ընդհանուր ծանոթների մոտ երբեմն տեսնվում էին, ոչ մի անգամ ակնարկ չարեց նամակի մասին:
    Աղջկա ամուսնությունից հետո կարծես ամեն ինչ հարթվել էր: Մինչև այն պահը, երբ տարիներ անց, պատահական փողոցային հանդիպման ժամանակ տղամարդը հիշեցրեց նամակի մասին: Գու՞ցե այդ օրը վիճել էր կնոջ հետ, կամ կինը հերանց էր գնացել, բայց այնքան հանգստությամբ ու վստահ ձայնով ասաց .
    - Չեմ մոռացել նամակիդ ոչ մի տողը, բայց այն ժամանակ քեզ պատասխանել չէի կարող:
    - Իսկ հիմա ինչու՞ ես հիշեցնում դրա մասին,- լսածի անսպասելիությունից շնչահեղձ լինելով հարցրեց աղջիկը:
    - Կարծում եմ, մենք իրար դեռ շատ բան ունենք պատմելու:
    Աղջիկը շտապով հրաժեշտ տվեց ու փախավ, բայց գայթակղության խայծն արդեն գցված էր: Կանացի երևակայությաունն այնքան հզոր է գծելու, լրացնելու պակասող դրվագները, պատկերացնելու չասված խոսքերը: Մի հսկայական աշխարհ կստեղծեն՝ իր բոլոր մանրամասներով ու կդարձնեն իրական կյանքից փախչելու իրենց պատսպարանը: Առօրյայի գորշության մեջ գծված ոսկե դղյակում լոկ մի թագավոր կա մի մի թագուհի: Մնացածը... մնացածը հեքիաթի յոթ սար ու յոթ ձորն են, անանցանելի կուպրի գետերն ու «անկարելիի» յոթգլխանի վիշապները: Երբ մի կտրած գլխի տեղակ երկուսն է աճում:
    Նա՝ աղջիկը, կինը սպասում էր, նա միշտ էլ սպասել էր ու թաքուն փայփայել հույսը: Այն, ինչ տրվել է հեշտությամբ, գրեթե երբեք լիարժեք չի գնահատվում: Բայց եթե մի բանի վրա ծախսել ես հոգևոր ու ֆիզիկական ուժերիդ մեծագույն մասը, քո ապրելու պայմանը կապել միայն դրա իրկանացման հետ, ո՞նց կարող է դա չգնահատվել:
    Տարիներ անցան, մինչև հասավ կարծեցյալ հաղթանակի պահը: Կատարվեց անհնարինը. Նա բաժանվեց կնոջից ու եկավ ծնրադրելու նախկին երկրպագուհու առաջ:
    Սեր կա՞ր, թե՝ ո՞չ, դեռ հասկանալի չէր, բայց տղամարդուն փափուկ գիրկ էր պետք, որ գլուխը դնի, ու շոյող ձեռք:
    Նա համոզված էր, որ չի մերժվելու: Ամեն ինչ այնքան բացահայտ էր ու հաստատ իր պատկերացրածով, որ կասկած անգամ չուներ, թե գրկաբաց պիտի ընդունվի:« Կինը, որ տարիներով միայն քեզ է որոնել, ամենացնորական ցանկությունները միայն քեզ հետ է կապել, ո՞նց նա քեզ կմերժի...»: Չէ որ երկուսն էլ արդեն այնքան մոտ էին հաղթանակին, միայն կես քայլ էր մնում: Ինչքա՜ն ջանք էր թափվել այդ կարծեցյալ հաղթանակը նվաճելու համար: Այնքան տվայտանքներ, այնքան փշե մացառուտներ էին կտրվել, ամեն փշին՝, փերթ- փերթ միս ու արյան ցնցուղ, մինչև հասել էին երջանկության բացատը: «Թե իմանայիր, ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը...»:
    Իսկ կի՞նը... Կինը չկարողացավ անել մնացած ընդամենը կես քայլը՝ իր ողջ կյանքի սիրուն ընդառաջ: Գիշերները քնած ամուսնու կողքին թաքուն լաց եղավ, ցերեկները պահվեց լոգասենյակում կամ զուգարանում լաց եղավ: Նորից սկսեց մատները ծխնիների արանքը դնել...
    Ու չկարողացավ..., չարե'ց...Չճաշակեց իր հաղթանակի պտուղները: Նվերները, որ կյանքը մատուցում է մարդուն, պիտի ժամանկին լինեն, որ սիրտը կարենա գնահատել դրանք: Ժամանակավրեպ նվերներն էլ պարտության նման ցավ են պատճառում:
    - Դու հիմա իրեն չե՞ս ուզում տեսնել:
    -Ոչ, չեմ ուզում: Որովհետև նա արդեն հաստատ այն աղջիկը չի, որին սիրում էի:
    - Ասում են ՝նույն գետը երկու անգամ չես մտնի: Զգացմունքներն էլ են հոսում: Ինչ որ եղել- եղել է: Մեծ սերերը մեծ հոգիների համար են: Եթե դրանք բոլորն իսկականից հեշտ ու երջանիկ ավարտ ունենային, կյանքը կկորցներ իր ամենասիրուն ու անբացատրելի հմայքներից մեկը, գուցե՝ ամենակարևորը:
    Իսկ արվեստն ու գրականությունն ինչքա՜ն բան կկորցնեին...

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), A.r.p.i. (08.08.2010), Ariadna (08.08.2010), E-la Via (08.08.2010), einnA (08.08.2010), Jarre (10.08.2010), My World My Space (10.08.2010), prof-de-Francais (10.08.2010), Rhayader (09.08.2010), Shah (08.08.2010), Sona_Yar (08.08.2010), Tig (23.08.2010), Universe (09.08.2010), Բարեկամ (09.08.2010), Դեկադա (08.08.2010), Երկնային (10.08.2010), Երվանդ (09.08.2010), Էլիզե (08.08.2010), Ժունդիայի (09.08.2010), Լուսաբեր (08.08.2010), Հայուհի (08.08.2010), ՆանՍ (09.08.2010), Ուլուանա (08.08.2010), Ռուֆուս (10.08.2010)

  3. #2
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր, հավանեցի.... բայց ամենաշատը այս խոսքերը հավանեցի... բազմիցս համոզվել եմ դրանում`

    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նվերները, որ կյանքը մատուցում է մարդուն, պիտի ժամանակին լինեն, որ սիրտը կարենա գնահատել դրանք:.
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.08.2010), E-la Via (08.08.2010), Արևածագ (08.08.2010), Դեկադա (08.08.2010), Երկնային (10.08.2010), Հայուհի (08.08.2010), Ռուֆուս (10.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեման այնքան շատ է արծարծվել, այս մասին այնքան շատ է գրվել, որ երբեմն թվում է այլևս գրելու իմաստ չկա, արդեն ամեն ինչ ասված է: Բայց ամեն անգամ համոզվում եմ, որ այս մասին գրվել է, գրվում է ու միշտ կգրվի: Սիրում են յուրաքանչյուրը և յուրովի, և միանման, ու հենց այդ յուրովին էլ գրելիս փորձում են փոխանցել մեզ:
    Պատմվածքումդ առկա և նրա մեջ դրած քո ձեռագիրը ես տեսա: Կարդացվեց սահուն ու մի շնչով: Լավն էր, ես հավանեցի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (09.08.2010), Հայուհի (08.08.2010)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեման այնքան շատ է արծարծվել, այս մասին այնքան շատ է գրվել, որ երբեմն թվում է այլևս գրելու իմաստ չկա, արդեն ամեն ինչ ասված է: Բայց ամեն անգամ համոզվում եմ, որ այս մասին գրվել է, գրվում է ու միշտ կգրվի: Սիրում են յուրաքանչյուրը և յուրովի, և միանման, ու հենց այդ յուրովին էլ գրելիս փորձում են փոխանցել մեզ:
    Կարծեմ մեծն Ֆելլինին էր մահվան մահճում ասել . «Ուզում եմ սիրահարվել, ուզում եմ որ սիրտս ցավի սիրո տառապանքներից»: Նա այդ ժամանակ 73 տարեկան էր:
    Կյանքումս բավականին սիրո պատմություններ եմ կարդացել կամ էլ ականատես եմ եղել դրանց ընթացքին: Առավել կամ պակաս չափով հաջող գրված: Բայց թեման ինձ միշտ հետաքրքիր է եղել: Կարծում եմ՝ բոլորի կյանքում էլ եղել են կամ կան նման դրվագներ, որոնց նմանությունները գեղարվեստական ստեղծագործության մեջ տեսնելով, մարդը հուզվում է:
    Իհարկե, լավ կլիներ, որ բոլոր մեծ սերերը փոխադարձ լինեին: Գիտենք՝ դա անհնարին է: Բայց ինչքան էլ հաճելի ու « ձեռնտու» է սիրվելը, անպատասխան սերն էլ զգացական հզոր լիցքեր է տալիս, դա ապրեցնում է: Եսենինն է գրել. «Я люблю, значит я живу».
    Սիրե'ք...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.08.2010), einnA (09.08.2010), Դեկադա (08.08.2010), Հայուհի (08.08.2010), ՆանՍ (09.08.2010)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր շատ։ Շարադրանքի լեզուն, նկարագրությունները շատ հմուտ էին։ Ինձ դուր եկավ։
    Ճիշտն ասած՝ սիրային պատմություններ կարդալուց վաղուց հոգնել եմ, ու հազվադեպ են հանդիպում էնպիսի գրվածքներ, որոնք կարդալու հենց առաջին մի քանի նախադասությունից չմտածեմ. «Օ՜ֆ, էլի նույն ծեծված պատմությունը...»։ Սա էդ դեպքերից էր ։ Այսինքն՝ բուն սիրային պատմությունը թերևս ոչնչով յուրօրինակ չէր, բազմաթիվներից մեկն էր, բայց հետաքրքիր էր թե՛ ներկայացման ոճը, թե՛ դրան հաջորդող վերլուծական երկխոսությունը։ Շատ բնական էր ու կյանքից վերցված, առանց սենտիմենտալ ու շաբլոն պաճուճանքների։ Մեկ էլ դուր եկավ էն, որ չնայած պատմությունների ոչ երջանիկ հանգուցալուծումներին՝ պատմվածքն ընդհանուր առմամբ դրամատիկ բնույթի չէր։ Կամ էլ ես չնկատեցի, չգիտեմ ։ Համենայնդեպս, եթե էդպես լիներ, չէի հավանի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.08.2010), Jarre (10.08.2010), prof-de-Francais (10.08.2010), Tig (23.08.2010), Արևածագ (09.08.2010), Երվանդ (09.08.2010), Ռուֆուս (10.08.2010)

  11. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղ եմ ասում առաջին հայցքից, որ բացեցի ու տեսա երկար շարադրանք է, սկզբից արդեն ուզում էի արդեն դուրս գալ թեմայից (վերջերս ալարում եմ երկար մտքերը կարդալ):
    Բայց առաջին նախադասությունից արդեն վերջ խրվեցի ու մինչև վերջ մի շնչով կարդացել եմ:
    Շնորհակալ եմ - միայն այս կասեմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (09.08.2010)

  13. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր շատ։ Շարադրանքի լեզուն, նկարագրությունները շատ հմուտ էին։ Ինձ դուր եկավ։
    Ճիշտն ասած՝ սիրային պատմություններ կարդալուց վաղուց հոգնել եմ, ու հազվադեպ են հանդիպում էնպիսի գրվածքներ, որոնք կարդալու հենց առաջին մի քանի նախադասությունից չմտածեմ. «Օ՜ֆ, էլի նույն ծեծված պատմությունը...»։ Սա էդ դեպքերից էր ։ Այսինքն՝ բուն սիրային պատմությունը թերևս ոչնչով յուրօրինակ չէր, բազմաթիվներից մեկն էր, բայց հետաքրքիր էր թե՛ ներկայացման ոճը, թե՛ դրան հաջորդող վերլուծական երկխոսությունը։ Շատ բնական էր ու կյանքից վերցված, առանց սենտիմենտալ ու շաբլոն պաճուճանքների։ Մեկ էլ դուր եկավ էն, որ չնայած պատմությունների ոչ երջանիկ հանգուցալուծումներին՝ պատմվածքն ընդհանուր առմամբ դրամատիկ բնույթի չէր։ Կամ էլ ես չնկատեցի, չգիտեմ ։ Համենայնդեպս, եթե էդպես լիներ, չէի հավանի ։
    Գրելիս որոշեցի չծանրաբեռնել այս պատմությունները ավելորդ մանրամասնություններով, ներկայացնել միայն «հենքը», որովհետև իսկապես յուրօրինակ չեն: Մանրամասներն ընթերցողը կարող է լրացնել մտքում: Բայց շատ ճիշտ ես նկատել, որ դրամատիզմ էլ չկա: Տեսեք՝ ի'նչ է գրում Պուշկինը.

    Если жизнь тебя обманет,
    Не печалься, не сердись!
    В день уныния смирись:
    День веселья, верь, настанет.

    Сердце в будущем живет;
    Настоящее уныло:
    Всё мгновенно, всё пройдет;
    Что пройдет, то будет мило.

    Ստիպված եմ անընդհատ մեջբերումներ անել ռուս գրականությունից, բայց նրանք արդեն այնքան գեղեցիկ ու դիպուկ են գրել նրա մասին, ինչ կուզենայի ասել, որ յուրաքանչյուր անգամ չեմ դիմանում գայթակղությանը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (09.08.2010), Հայուհի (09.08.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, պատմվածքի երկրորդ մասի հերոսուհին, չանելով այդ կես քայլը, նվաճել էր իր ամենամեծ հաղթանակը. կանխել հետագա անկումն ու խորը պարտությունը, հիասթափությունն ու երազանքների բոլոր այդ հատիկ-հատիկ հավաքած ու փայլեցրած բյուրեղների վայրկենական փշրումը: Իսկ այսպես, թեև գուցե դեռ ինչ-որ տեղ ունի ափսոսանք ու անկատարության ցավ, բայց դրանք իրականում այն լավագույնն են, որ ապրեցնում են մարդուն լեցուն ու գունեղ կյանքով, թեկուզև առօրյայի գորշության մեջ գծված ոսկե դղյակում:
    Նաև կարծում եմ, այդ տղամարդը չէր կարողանալու վերադարձնել նրա սիրո թեկուզև մի չնչին մասը, և, ինչպես սեփական կնոջն էր թողել, վաղ թե ուշ թողնելու էր և աղջկան: Դա մարդու տեսակ է: Ու ինձ թվում է, միայն սեփական ընտանիքի հանդեպ պատասխանատվության զգացումը չի, որ թույլ չի տվել աղջկան անելու ճակատագրական քայլը. ինձ թվում է աղջիկն ինտուիտիվ իմացել է այդ վտանգի մասին ու գլխով չի նետվել սիրո էդ պահի ալիքների մեջ, թեև պատկերացնում եմ ինչքան մեծ է եղել գայթակղությունը:
    Նաև ասեմ, որ կնոջ ամենամեծ հաղթանակը՝ ինքն իր նկատմամբ հաղթանակն է՝ որպես կին և անհատ: Այդպես վարվում են հզոր կանայք: Ու նման կանայք հզոր են այլ բաներում ևս: Դա շղթայական գիծ է: Ես խորապես հարգում եմ այդպիսի կանանց:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.08.2010), murmushka (10.08.2010), Tig (23.08.2010), Արևածագ (09.08.2010), Դեկադա (09.08.2010), Երկնային (10.08.2010), Հայուհի (10.08.2010), Ռուֆուս (10.08.2010)

  17. #9
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ, շնորհակալ եմ անչափ հետաքրքիր վերլուծության համար:
    Պատմվածքը գրելիս մի թեթև անդրադարձել եմ, բայց դիտմամբ չեմ շեշտադրել հաղթանակ կոչվածի մասին իմ պատկերացումները, նաև չեմ նշել, թե հերոսուհու չարածն իսկապես հաղթանա՞կ էր, թե՞ ո'չ: Վերևում էլ գրել եմ՝ նմանօրինակ պատմություններն այնքան շատ են, որ յուրաքանչյուրն իր մտքում կարող է լրացնել մանրամասններն ու իր տեսակետն ունենալ նկարագրվածի վերաբերյալ: Ձգտել եմ չփաթաթել կարծիքս ընթերցողի վզին: Գուցե կլինեն նաև նրանք, ովքեր նույն պարագայում կգնային իրենց սիրո հետևից ու դա էլ կհամարվեր հաղթանակ՝ պատանության ցնորական երազանքը տարիներ անց իրականություն դարձնելը:
    Իմիջիայլոց գրառումդ ինձ մի հետաքրքիր միտք հուշեց. պատմվածքների շարք կարելի է գրել պատանեկան սիրո հնարավոր զարգացումների բազմաթիվ տարբերակներով: Եթե չալարեմ...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.08.2010)

  19. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև կարծում եմ, այդ տղամարդը չէր կարողանալու վերադարձնել նրա սիրո թեկուզև մի չնչին մասը, և, ինչպես սեփական կնոջն էր թողել, վաղ թե ուշ թողնելու էր և աղջկան: Դա մարդու տեսակ է:
    Բարեկամ, ես ինքս ընտանիքը պահպանելու, իրար նվիրված ու հավատարիմ լինելու կողմնակից եմ ու երբեք չեմ ուզի տպավորություն ստեղծել, թե ամուսնալուծությունը համարում եմ խնդիրների լուծում։ Ես էլ եմ երկար տարիներ քո համոզմանը եղել, որ եթե իր կնոջը թողեց, վաղ թե ուշ քեզ էլ կթողնի, քանի որ դա մարդու տեսակ է։ Եվ իսկապես շատ դեպքերում դա հենց այդպես է։ Բայց կարծում եմ ճիշտ չէ միանշանակ մոտենալ այս հարցին։ Լրիվ հնարավոր է նաև հակառակը, որ ամուսնալուծվի ու մինչև վերջ հավատարիմ մնա ու իր ողջ էությամբ նվիրված մնա ու սիրի։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    prof-de-Francais (10.08.2010), Արևածագ (10.08.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ, ես ինքս ընտանիքը պահպանելու, իրար նվիրված ու հավատարիմ լինելու կողմնակից եմ ու երբեք չեմ ուզի տպավորություն ստեղծել, թե ամուսնալուծությունը համարում եմ խնդիրների լուծում։ Ես էլ եմ երկար տարիներ քո համոզմանը եղել, որ եթե իր կնոջը թողեց, վաղ թե ուշ քեզ էլ կթողնի, քանի որ դա մարդու տեսակ է։ Եվ իսկապես շատ դեպքերում դա հենց այդպես է։ Բայց կարծում եմ ճիշտ չէ միանշանակ մոտենալ այս հարցին։ Լրիվ հնարավոր է նաև հակառակը, որ ամուսնալուծվի ու մինչև վերջ հավատարիմ մնա ու իր ողջ էությամբ նվիրված մնա ու սիրի։
    Jarre, իմ դատողությունը հիմնված էր կոնկրետ այս պատմվածքի վրա, ոչ թե ընդհանրապես ամուսնալուծված տղամարդկանց: Հնարավոր է՝ այս պատմվածքի դեպքում էլ սխալվում եմ, բայց ես այսպես եմ կարծում. այդ տղամարդը անտեսել էր հերոսուհուն տարիներ առաջ և "հիշել" այն ժամանակ, երբ իրեն տաք գիրկ էր հարկավոր: Դա նշանակում է, որ պատմությունը ամենայն հավանականությամբ կկրնկվի, քանի որ տղամարդն այս դեպքում առաջնորդվում էր ոչ թե սրտով, այլ անհրաժեշտությամբ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.08.2010), Tig (23.08.2010), Արևածագ (10.08.2010)

  23. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, իմ դատողությունը հիմնված էր կոնկրետ այս պատմվածքի վրա, ոչ թե ընդհանրապես ամուսնալուծված տղամարդկանց: Հնարավոր է՝ այս պատմվածքի դեպքում էլ սխալվում եմ, բայց ես այսպես եմ կարծում. այդ տղամարդը անտեսել էր հերոսուհուն տարիներ առաջ և "հիշել" այն ժամանակ, երբ իրեն տաք գիրկ էր հարկավոր: Դա նշանակում է, որ պատմությունը ամենայն հավանականությամբ կկրնկվի, քանի որ տղամարդն այս դեպքում առաջնորդվում էր ոչ թե սրտով, այլ անհրաժեշտությամբ:
    Ա՜, կներես, ուշադիր չէի եղել

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (10.08.2010), Բարեկամ (10.08.2010)

  25. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ջան հազիվ ժամանակ գտա, որ ուշադիր կարդամ, չէի ուզում հապճեպ կարդայի.... շա՜ը լավն էր, ապրես.....
    խորհելու համար բավականաչափ նյութ տվեցիր.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.08.2010)

  27. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր… պատկերները շատ սիրուն ես ներկայացրել, ու ոչ մի ավելորդություն չկար…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրո խոստովանություն ակումբցուն
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.11.2020, 22:31
  2. Հրաժեշտի խոսքի փոխարեն...
    Հեղինակ՝ Root, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 19.11.2012, 13:37
  3. Սիրո Խոստովանություն
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 253
    Վերջինը: 25.01.2011, 11:36
  4. Հարցական նշաններ տառերի փոխարեն
    Հեղինակ՝ Arthur26, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 14.05.2008, 16:00
  5. Սիրո խոստովանություն
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.05.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •