Ո՛չ սերը, ո՛չ էլ հարգանքը պարտականություն չի կարող լինել, ու ոչ ոք ոչ ոքի չի սիրում կամ հարգում, որովհետև էդպես է պետք։ Եթե սերը հարազատների նկատմամբ հիմնականում ինքնըստինքյան է լինում՝ անկախ ամեն ինչից, ապա հարգանքը, որպես կանոն, վաստակում են։ Ուրիշ բան, որ մարդ կարող է հարգալից վերաբերվել իր ծնողներին, այսինքն՝ հնարավորինս հոգ տանել, նրանց չկոպտել, չվիրավորել, աշխատել ցավ չպատճառել՝ գիտակցելով, որ իր ծնողներն են, բայց կարող է էդ ամենով հանդերձ՝ միաժամանակ ներքուստ առանձնապես հարգանք չտածել նրանց նկատմամբ՝ ինչ–ինչ պատճառներով, օրինակ՝ որովհետև անազնիվ են, ընդունակ են ինչ–որ խարդախությունների, խառնակչությունների և այլն։ Բնական է, որ նման բաները, եթե տվյալ մարդու արժեհամակարգում անընդունելի բաներ են, կարող են լուրջ հիմք հանդիսանալ մարդու նկատմամբ հարգանքը կորցնելու համար՝ անկախ նրանից՝ տվյալ մարդն իր ծնողն է, հարևանը, թե ուրիշ մեկը։ Չգիտեմ, իմ խորին համոզմամբ, հարգանքն, ի տարբերություն սիրո, ամեն դեպքում օբյեկտիվ երևույթ է, այսինքն՝ պիտի հիմնավորված ու պատճառաբանված լինի. օդից հարգանք չի լինում։ Էլի եմ ասում՝ չխառնել հարգալից վերաբերմունք ցուց տալու հետ. դրանք տարբեր բաներ են։ Այլ կերպ ասած՝ հարգանքը գնահատական է՝ լինի արտահայտված, թե չարտահայտված։ Ուղղակի շատ դեպքերում մարդիկ չեն արտահայտում իրենց իսկական գնահատականը ծնողների նկատմամբ՝ համարելով դա անտեղի (ու հնարավոր է, որ որոշ դեպքերում նույնիսկ ճիշտ են անում՝ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով (դա լրիվ այլ հարց է), բայց դրանից իրենց ներսում ունեցած գնահատականը չի փոխվում), ու կողքից կարող է հարգանքի պատրանք ստեղծվել։




Մեջբերել
Էջանիշներ