_ Այսպես...
Մոտեցա ակվարիումին... Գորտը, որին ձեռք էի բերել կոլումբիացի ընկերոջս միջոցով, անշարժացել էր ջրի մակերևույթին, ջրից դուրս հանելով թաթերի մի մասն ու քիթը: Մի պահ թվաց` ծաղրում է ինձ... Դեմքիս ժպիտ հայտնվեց, ապա` անկախ ինձանից ծիծաղեցի այն մտքից, որ ժպտում եմ: Ռետինե ձեռնոց հագնելով` ձեռքս տարա ապակու տակ, գորտը սառն էր, կարծես սառույցի շարժվող կտոր լիներ...
Խոհանոցում դարակից հանեցի Փառանձեմի նվիրած դանակը, այն, որ միշտ, ամեն տեսնելիս, հարցնում էր. «Օգտագործու՞մ ես, լավն է չէ՞»...
Ընդհանուր առմամբ բավական հանգիստ էի, արդեն ամեն ինչ որոշել էի, ամեն ինչ մանրամասն կշռադատել, անգամ հագուստս էր հատուկ ընտրված...
Գորտը phyllobates terribilis էր, հազվագյուտ տեսակ, այնքան գեղեցիկ էր, որ անընդհատ ուզում էի նայել նրան, անընդհատ, ձգում էր ինչպես մագնիսը երկաթին, մաշկի վառ դեղինն ուղղակի խենթացնում էր իր երանգով ու փայլով...
Գորտի չորս թաթերն էլ ամրացրի երեկ երեկոյան հատուկ պատրաստածս տախտակին, վերցրի դանակը...
Ներարկիչը. հա՛, ներքևի դարակում է...
Գորտը չէր շարժվում, կարծես հաշտվել էր իր վիճակի հետ:
«Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է հաշտվել... ». _ անցավ մտքովս ու անմիջապես էլ ժպտացի...
Գորտի մեջքին փոքրիկ կտրվածք արեցի, դեղին, մաշկի գույնից չտարբերվող գույնի թանձր հեղուկը աստիճանաբար կուտակվում էր թպրտացող գորտի կողքին, վերցրի ներարկիչը, մի կաթիլ... այդ էլ բավական է...
Եվ ապա...
Նախ մաշկիս տակ թեթև տաքություն զգացի, հետո` ուժեղ ծակոց...
Հետո մահացա... երևի...
Էջանիշներ