Վեր թռավ: Բացեց աչքերը: Քունքերի վրա ու ծոծրակին քրտինքի կաթիլներ էին, թեև լքված ձեղնահարկը սառն էր, ու ցուրտ, խոնավ պատերի ներսում խուլ բվվում էր իրիկնային քամին` ամպլիտուդային վերուվար տոնայնությամբ, խզված ճռռացնելով փոքրիկ լուսանցքի կիսապոկված, փայտյա հին շրջանակը: Չէր զգացել, թե ինչպես էր քնել, ու իրականության այդ հանկարծահաս տեղատվությունը, երբ պայծառ լուսավորված աստիճանահարթակը` խռնված ծանոթ-անծանոթ մարդկանցով, հայացքներով, ձայներով ու օդում կախված չարագուշակ լարվածությամբ` պրկված այդ պայծառ լույսից, ձայներից ու հայացքներից, մի ակնթարթում վերածվեց կիսամութ, սառն ու ամայի խորդանոցի` արդեն մի դար կլիներ, ինչ առնետների ծաղկուն գաղութատեղու վերածված: Միակ ձայնը, որ ունակ էր լսելու տագնապահարույց մենության մեջ, դանդաղ ու հատու զարկերակային դմփոցն էր գանգի տակ, կտրուկ արթնացումից:
Հետզհետե ուշքի գալով` ձեռքը տարավ ճակատին, սահեցրեց քունքի վրայով ու իջեցրեց դեպի խոնավ ծոծրակը: Սառած` հայացքը հառեց դիմացի պատին թույլ տարուբերվող սարդոստայնի մոխրագույն թելերին ու անշարժացավ այդպես մի քանի վայրկյան: Թվում էր` ինչ-որ բան է գլխի ընկել հանկարծ կամ առնվազն մտածում է ինչ-որ բանը գլխի ընկնելու շուրջ, իսկ իրականում զբաղված էր ճնշելով վերահաս վախը, հավատի պահոցների ճմրթված ծալքերից լույս աշխարհ /կամ մութ ձեղնահարկ/ հանելու “ամեն ինչ լավ է լինելու” իր կրեդոն ու այն տարրալուծելու իրականության մեջ, ակնթարթորեն: Դա ընդամենը մի քանի վայրկյան էր, մի քանի վայրկյան ընդամենը, քանի որ ժամանակ այլևս չուներ…
…Վերևի հարկերն այդչափ անտեղի բազմաթիվ չէին թվացել երբեք: Եվ իր թռիչքներն աստիճաններով` այդքան հապաղումներով: Ահա և դուռը` նարնջաշագանակագույն փայտից: Տաք: Սիրելի: Ինչպես նա, որ գտնվում էր հետևում:
Անհամբեր հնչեցրեց զանգը: Նորից: Ու անմիջապես, առանց սպասելու պատասխանի, անցավ բռնցքելուն: Ինչու՞ չեն բացում: Զարկերակային դմփոցն այժմ ուղիղ կրծքում էր: Կուլ տվեց թուքը: “Ե’ս եմ”: “ե’ս եմ, բա’ց”:
…Փափուկ հեռավոր ոտնաձայնը, որը որսաց լսողության ամենանուրբ հիշողությամբ, կանգ առավ դռան մոտ: Չխկաց փականը: Դուռը բացվեց: Տարակուսանքից լայնացած մի զույգ տագնապալից աչքեր: Երկնագույն-թափանցիկ երկու բիբ, մեջտեղից ճառագվող քիչ ավելի մուգ երանգով:
Դուռն ընդոստ ու աղմուկով փակեց մեջքի հետևում ու դեմքը մխրճեց կնոջ քնքուշ մազերի մեջ` իր տաք շնչառությամբ խոնավացնելով նուրբ, նրբահամ պարանոցը:
Մարդը սիրում է խաղեր: Ի ծնե, անշուշտ:
Խաղը ցանկությունների երևակայական իրականացումն է:
Երբ երեխա է, խաղերն անվնաս են, նույնիսկ օգտակար, քանի որ զբաղեցնում են, որպեսզի չխանգարի մեծերին:
Ի դեպ, երջանիկները նրանք են, ովքեր մեծ տարիքում խաղում են նույն խաղերն, ինչ փոքր ժամանակ: Հազվադեպ իհարկե. երբ գտնվում է համարժեքը:
Խաղերից ամենավտանգավորը ինքն իր հետ խաղն է: Միայնակ երեխայի բարդույթի պես:
Լույսն արդեն ամբողջովին բացվել էր: Նա այդպես էլ չքնեց: Առաստաղին, ուր նա ողջ գիշեր հառել էր հայացքը, այժմ վարագույրների լուսավոր ստվերներն էին անկանոն թռթռում:
Զգուշորեն հանեց ընդարմացած թևը քնած կնոջ գլխի տակից: Կինը խորը շունչ քաշեց, մարմնով գրկեց ամուսնուն ու հարմար տեղավորելով փոքրիկ դեմքն ու երկար թարթիչները կողակցի զանգվածեղ ուսին, նորից քուն մտավ:
Ամուսինը անձայն վեր կացավ: Մտավ ցնցուղի տակ: Հագնվեց կոկիկ: Սուրճի բաժակը ձեռքին, մի քանի րոպե կանգնած, պատուհանից նայեց արթնացող քաղաքին: Դուրս եկավ:
Տանիքում նույնպես առավոտ էր: Մի քանի տատրակ դեմքի մոտ թափահարեցին թևերն ու թառեցին քիչ ավելի հեռու: կողպքեը ժանգոտ արձագանքեց բանալու պտույտին…
Երթուղայինում համարյա մարդ չկար: Կիրակի էր, ու կարելի էր հանգիստ ըմբոխշնել դատարկ մեքենայի ազատ ընթացքը:
Նա:
Հասկանալու համար Նրան իր կյանքում, նա փորձում էր պարզել իր վերաբերմունքը Նրա հանդեպ: Սե՞ր: Եթե հարցնում ես, ուրեմն անցանք: Ավելի շուտ` հիվանդագին զգացմունք ինչ-որ: Հիվանդագին խաղ, որը խառնվել էր ինքն իր հետ /վտանգավոր/ խաղի ու Նրա` զոհի դերում գտնվելու խաղի հետ: Իսկ մադկանց զոհ է պետք, կախվածություն` ցրելու համար, գուցե, մենակության պատրանքը: Մեկի խաղը մյուսից առանձնացնելը բարդագույն խնդիր էր իր համար, մեկը տասը անլուծելիներից, թեև անշուշտ կլիներ հստակ համակարգ` տրամաբանորեն դուրս բերվող, բայց նա երբեք չէր էլ ձգտել քանդել-վերլուծել այն, քանի որ ինքն իր հետ անկեղծ լինելու առաջին իսկ փորձը տապալվում էր մռայլ ամպերի կուտակման վերահաս վտանգով: Այն ճանապարհներով, որտեղ չկա գեղեցկություն, նա իմաստ, առհասարակ, չէր տեսնում քայլելու:
Շենքի դիմացի ցայտաղբյուրը զրնգուն սառնության իր թեթև խաղով շոյում էր շուրթերն ու լեզուն, ու նա մտածեց, որ գուցեև կյանքում թմրանյութ ստանալն այնքան էլ պարտադիր չէ: Գուցե պետք է դադարել ընդունել այն` հասկանալու համար, որ պարտադիր չէ: Գուցե այս թափանցիկ մաքրության շիթի պես այլ կենդանի բաներ էլ կան աշխարհում, որոնք դեռ չես ճաշակել ու որոնց գոյության մասին պատկերացում չունես: Գուցե: Հնարավոր է: Շատուշատ հնարավոր: Այս պայծառ, արևոտ օրը վկա: Այս կենդանի, ապրող քաղաքը վկա: Ու կարիք չկա պարզելու Նրա երևույթը, ինչպես որ թմրանյութը ինքնին` դաշտում աճող կամ սեղանին դրված, ոչինչ է քեզ համար, քանի դեռ այն չես ընդունել…
Վերելակի դռները բացվեցին: Մոտեցավ դռանը: Զանգը քաղցրալուր ճռվողաց: Նա բացեց դուռը ու դեմքն ամբողջովին ողողվեց ժպիտով:
“Բարև, սիրելիս” – ժպտաց տղամարդը և բարձրացնելով ատրճանակը` կրակեց ուղիղ ճակատին:
Էջանիշներ