Երկու` քաղցր և դառը շոկոլադ` նույն անունով
Դառը
Երեկո, մութ, կապույտ աչքերի գույնը այլ է, փոքր-ինչ մուգ-կանաչավուն ու խորամանկ, ձեռքը մոտենում է Լիլիթի մեջքին, շոյում, զգուշորեն բռնում ձեռքը.
Լիլիթ- Սիրում եմ քեզ:
Ալիկ- Գիտեմ:
Լիլիթ- Ինչու՞ ինձ չես սիրում:
Ալիկ- Որովհետև ուրիշին եմ սիրում:
Լիլիթ- Բայց ինքը քեզ չի սիրում:
Ալիկ- Ա՛յ հենց այդպես, դու ի՛նձ ես սիրում, իսկ ես՝ նրա՛ն:
Կեսգիշեր, մութ, աչքերի գույնը չի զգացվում, բայց մաշկը բնազդաբար զգում է խորամանկ հայացքը:
Ալիկ- Համաձա՞յն ես:
Լիլիթ- Իսկ քո կինը կդառնա՞մ:
Ալիկ- Չէ՛, ես չե՛մ սիրում քեզ:
Լիլիթ- Բա էլ ինչի՞ համար:
Ալիկ- Ես ուզում եմ քեզ:
Լիլիթ- Չէ՛:
Ալիկ- Դե որ չէ, ուրեմն` չէ՛:
Հանրակացարանային կյանքը ինչպիսին ասես, որ չի լինում. կապանցի երկու քույրեր, որոնցից կրտսերը սիրահարված է հանրակացարանի թիվ մեկ սիրահետողին, ավելի ճիշտ, բոլորի կողմից սիրահետվողին: Լվանում է շորերը, ճաշ եփում, հոգ տանում, ինչպես ամենանվիրված կինը` մոտավորապես այն նույն շնիկը, որը լիզում է տիրոջ ոտքերը, իսկ վերջինս շնիկի մռութին հարվածում է` զզված այդ սիրուց.
Լիլիթ- Չե՛մ դիմանում, չէ՛:
Լիլիթ- Սիրու՛մ եմ… Փակե՛ք ինձ, խնդրու՛մ եմ, սենյակում, նկուղում, տանիքում, փակե՛ք, չէ՛, տանիքում փակեք, այնտեղից հեշտ կլինի ներքև նետվելը… Փակե՛ք ինձ մի մութ տեղ, կալանքի տակ դրեք, աղաչու՜մ եմ, կուզեք ծնկի գամ… Ա՛ն ջան, քույրս ես, փակի՛ր ինձ, լավություն արա, կամ ուղարկիր տուն… Չէ՛, չե՛մ գնա… Հեռու ուղարկեք ինձ այստեղից, ես ինձ չեմ տիրապետում, ես հիվանդ եմ, կա՛մ հոգեկան, կա՛մ մաշկային հիվանդություն է սա, չէ՛, մաշկի հոգեկան հիվանդություն է… Տուն ուղարկիր ինձ, չէ՛, պապային կանչիր, թող ինքը տուն տանի, ես չեմ դիմանում, խենթանում եմ, եթե անգամ աչքերն էլ չտեսնեմ, չզգամ էլ սպանող կապույտը, մեկ է կխենթանամ, աչքերս փակ անգամ զգում եմ, ձեռքը` մեջքիս, ուժեղ, ինձանից շատ ու շատ ավելի ուժեղ, ես թույլ եմ, չկամ իր ձեռքերի մեջ, կուրծս սեղմվում է, ուզում եմ ճչամ, որ սիրում եմ, իսկ ինքը չի լսում, ուղղակի տարրական քմահաճույք է, չի ուզում լսել, ու չի՛ լսում, չի՛ լսում, չի՛ լսում, չի՛ լսում…… Իսկ դու հասկանու՞մ ես` ես չկամ, ես հալվում եմ, փակում եմ աչքերս ու համբույրից հետո միայն իր մաշկը զգում այտերիս, զգում եմ պարանոցի ամրությունը, հպվում իրեն և հազիվհազ շնչում, որ չխեղդվեմ, իսկ ավելի շատ հենց այդ խեղդվելն եմ ուզում, մեռնել իր գրում, Ա՛ն ջան, քույրս ես, հասկացի՛ր ինձ, կկործանեմ ինձ, հասկացի՛ր, փրկի՛ր ինձ…
Ու խելագարությունը հիվանդությունից վերածվում է առօրյա կյանքի` մաշկի դողէրոցքով, մկաների թուլությամբ, կամքի ուժի բացակայությամբ, բույսի նման ապրելու ու մշտապես հիվանդ, ֆիզիկապես հիվանդ լինելու զգացողությամբ:
Լիլիթ- Փրկի՛ր, չեմ դիմանում, ուզում եմ գնամ, դուռը բացեմ, համբուրեմ, համբուրեմ, ու թուլանամ, միայն իրեն զգամ ու ոչ մի լարվածություն, իրե՛նը, միա՛յն իրեն եմ… Ա՜խր, ինչով՛ չեմ իր կինը…
Անահիտը գրկում է քրոջը, ամուր սեղմում իրեն, փորձում հանգստացնել ու ոչինչ չի օգնում, ճչում է, բղավում, շշուկով խոսում հետը, մկանները լարվում են, սեղմվում է քրոջը, թուլանում քրոջ գրկի ջերմությունից, ու պառկում իր անկողում, փակում աչքերը ու բնազդաբար ցատկելով վեր` վազում դուրս. ականջներին չի հասնում քրոջ շփոթված կանչը… Կանգնում է դռան առջև, վարանում ու ակամա անբնական ուժեղ ծեծում դուռը` ասես վրեժ է առնում դռան տիրոջից.
Լիլիթ- Ալի՛կ…
Ընկերները հեռանում են Ալիկի սենյակից:
Կեսգիշերն անց, ոչինչ չի երևում, անգամ մթությունը պարզորոշ չէ` ստվերների մեջ, միայն զգում է, որ արդեն ուշ է իր սենյակը գնալու համար:
Լիլիթ- Համաձա՛յն եմ:
Ալիկ- Չե՛մ ամուսնանալու քեզ հետ:
Լիլիթ- Համաձա՛յն եմ:
Ալիկ- Չե՛մ սիրում քեզ:
Լիլիթ- Համաձա՛յն եմ:
Ալիկ- Ուրիշի՛ն եմ սիրում:
Լիլիթ- Համաձա՛յն եմ:
Երկկողմանի անպատասխանատվություն. ոչ պաշտոնապես, բայց և կինը դարձավ մի տղամարդու, որի համար սիրուհու չափ անգամ հարգանք չունեցավ: Ի՞նչ սիրուհի, եթե առավել քան կինդ է դառնում: <Յուրաքանչյուր աղջկա ես վերաբերվել եմ այնպես, ինչպես ինքն է արժանի… Ինչու՞ պետք է ես պատասխանատու տղամարդ լինեի, եթե աղջիկը իր ապագայի հանդեպ չունի բարոյական պատասխանատվություն>: Երկու տարի միասին` չհաշված Ալիկի բոլոր չորսկողմյան դավաճանությունները, այնուհետ ազնվորեն սպասեց, մինչև բանակից գա և ևս երկու տարի միասին` նույն կարգավիճակում, և ոչ մի փոփոխություն:
Արդեն ցերեկով.
Լիլիթ- Ցանկանում եմ քեզնից երեխա ունենամ:
Ալիկ- Չէ՛:
Լիլիթ- Դու չես էլ իմանա այդ երեխայի մասին:
Ալիկ- Չէ՛:
Լիլիթ- Մենա՛կ կմեծացնեմ:
Ալիկ- Չէ՛:
Լիլիթ- Դա քեզ` ինձ կապելու միջոց չէ՛:
Ալիկ- Չէ՛:
Լիիթ- Ողղակի սիրում եմ քեզ, ինչպե՞ս չես հասկանում:
Ալիկ- Չէ՛:
Լիլիթ` արդեն զայրացած- Սիրա՛ծ տղամարդուց եմ զավակ ուզում:
Ալիկ- Չէ՛:
Լիլիթ- <Դու ուրիշի՞ հետ ես: Ո՞վ է այս աղջիկը: Ա՜խր, այն մեկն ուրիշի հետ ամուսնացավ, իսկ այս աղջիկը ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է: Ե՛ս եմ քո կինը, ես վաղու՛ց արդեն քո կինն եմ, ո՞վ է այս աղջիկը>,- հայացքը մեղադրում է, մեղադրում այնքան, մինչև վերջին անպատասխանատուի ապագա նշանածը հասկացավ, թե ով է մեղադրականն ուղակողը` գուցե և իրենից էլ գեղեցիկ աչքերով մեղադրական ուղարկողը:
Քաղցր
Ալիկ- Նշանվում ենք:
Լիլիթ- Նշանվու՜մ ենք,- զարմացած և հրճվանքից գրեթե ճչալով փաթաթվեց Ալիկին ու ջերմ-ջերմ համբուրեց:
Լիլիթը երբեք էլ թմբլիկ չէր եղել, միշտ էլ նրբիրան է եղել, բայց հիմա շատ է նիհարել, վտիտ է, թույլ.<Ի՞նչ է կատարվում քեզ հետ, գուցե՞ իմ կարիքն ես զգում, ես քոնը շատ եմ զգում>: Երկու տարի է, ինչ հանդիպում են, բայց դեռ չի վայելել Լիլիթին, անկեղծ սիրում է այս աղջկան, ով գուցե և ամենաառաջին գեղեցկուհին չէ, բայցևայնպես, իր կապույտ աչքերին միշտ էլ հակադրում է մուգ գորշավուն աչուկները, ճիշտ է` հայացքը մանկական չէ, այլև` սիրահարված աղջկա, և, այնուամենայնիվ, նաև իր մարմինը մատուցելու պատրաստ կնոջ հայացք չէ:
Ալիկ- Հիմա քեզ համար խոսք ենք առել:
Լիլիթ` չարաճճի ծիծաղելով- Հա՛:
Դասերից հետո որոշեցին մենակ մնալ, գնացին Լիլիթի ծնողների բնակարանը Երևանում, այստեղ ոչ ոք չէր բնակվում, առանձին էին, կարող էին նաև ավելի քնքուշ լինել.<Քաղցրս ինչի՞ ես այսքան վտիվ, ինչի՞ ես մարում ամեն քայլափոխի>:
Համբուրեց, գրկեց` ամուր, շատ ամուր, այնպես, որ այլևս իվիճակի չէր բաց թողնել իր գրկում թուլացած աղջկան, չէ՛, իվիճակի չէր, սիրում էր, ուներ նրա քնքշանքի կարիքը, այսպես թե այնպես.<Իմն ես մեկընդմիշտ>: Չկարողացավ ոչ իրեն տիրապետել, ոչ էլ քնքշանքից չհագեցած աղջկան վանել:
Լիլիթ- Ալի՛կ, ա՛յ Ալիկ, ախ՜ր, բա հիմա ի՞նչ կլինի, ուրեմն` վե՞րջ:
Ալիկ` միամիտ հայացքի վրա ծիծաղալով- Չէ՛, քա՛ղցրս, դեռ նոր ենք ծնվել:
…… Ու միանգամից սկսեց ամեն ինչ ցավալ: Աչքերը սեղմել էր, կոպերը կարծես իրար էին ձուլվել, ատամները սեղմել էր, որ չգոռա, լացի ձայնը չլսվի, ու հանգիստ ննջող աղջիկը չարթնանա: Հիվանդասենյակի մահճակալին պառկած էր նշանածը, միակը, ում իսկապես սիրել էր, ու ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ… հիվա՛նդ է, կբուժվի՞, թե` չէ՛, անբուժելի չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, մահացու էլ չէ, բայց ի՞նչ անի, երբ ամեն անգամ դիպչելով նրան` ցավ է պատճառում: <Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ սա քո անեծքն էր, բայց ինչի՞ իմ Լիլիթին անիծեցիր: Դու հասկանում ես, Լիլի՛թ, չե՛մ սիրել քեզ, անգամ ցանկալի հաճույքը միշտ չէ, որ իմ ուզածի չափով է եղել, դու՛ ես միայն ինձ նվիրվել, դու գիտեիր, որ չեմ սիրելու քեզ, էլ ինչու՞ անիծեցիր իմ Լիլիթին: Երկուսդ էլ սիրում եք ինձ, իսկ ես` միայն ի՛մ Լիլիթին… Լիլի՜թ, Լիլի՛թ ինչու՞ ինձ անիծեիր քո ջարդուփշուր երկնակամարի կոտրված ժամանակի համար, բայց ոչ իմ Լիլիթին… Մեղք շատ եմ գործել, բայց դուք եք պահանջել… Միակ սիրած կինս, ում հետ ձեռքսեղմումն ու հոգևոր սերը նույնն է, ում հետ մերձեցումն ու աշխարհի ծայրից մինչև մյուս ծայրը լինելը ոչ մի տարբերություն չի կարող ունենալ, հեռավորությունից մինչև անվերջություն զգում եմ, որ ապրում եմ սեր, ու ամեն ինչ դառնում է անիմաստ, քանի որ ամեն ինչ գոյություն ունի միայն քո էության մեջ, քո շնչի, մազերի, աչքերի, բարակ մատների մեջ, ու անգամ դա էլ, մազերի երկարությունն ու աչքերի գույնը, մատների բարակությունը, ոչինչ կարևոր չէ, քանի որ կարևորը ոչ միայն ֆիզիկական զգացողությունն է, այլև հոգին… Ու գույները, բույրերը դառնում են անիմաստ, սերը միայն հաճույք չէ,ու հենց մենակ կարևորն էլ այն է, որ հաճույք չէ, այլ սեր, սա այլ է, տարբեր է ու կարևոր չէ ոչինչ… Լիլի՛թ, դու անիծեցիր ի՛մ Լիլիթին… Չզարթնե՛ս, հոգի՜ս, քնի՛ր, քնի՛ր, հանգի՛ստ քնիր, ես քո կողքին եմ, այստեղ, ու ամբողջ գիշեր չեմ քնի, կհսկեմ քեզ, քո շունչը, քո մաշկի հարազատությունը, Լիլի՛թ, չթողնես ինձ մենակ>:
Լիլիթ- Ինչու՞ ես լալիս շեկլիկս, վաղը վիրահատությունն է, ու մենք մեր տանը կանցկացնենք մեր բոլոր գիշերները,- ասաց երանելի երազի մեջ ուղղորդված հայացով, երազ, ուր միայն հիասթափություն ու ցավ է ամեն բառի ու հպումի մեջ:
Ալիկ- Բժի՛շկ, սա՞ է էխինոկոկը:
- Հիմա լյարդի համար պետք չէ մտածել, չէ՞:
-Վիրահատությունը լավ անցավ, չէ՞:
-Այլևս չի կրկնվի, չէ՞:
<Ես այլևս երբեք իմ հպումով չեմ ցավեցնի քեզ>:
Հիասթափությունը ամեն ինչից. Գուցե՞ լավ կլիներ չծնվեի.<Կամ դու, Լիլի՛թ, ծվա՛ծ չլիներիր, ավելի լավ էր չգտնեի, քան հիմա եմ կորցնում քեզ, մի՛ լքիր ինձ, չթողնե՛ս ինձ մենակ, ավելի լավ էր երեկ գիշերը մեռնեի` ձեռքդ շուրթերիս>:
<Քնքուշս ի՞նչ անեմ>…
Եվս մեկ վիրահատութուն, Լիլի՛թ, սա քո անեծքն էր, քո սերը, ինձնից զավակ ունենալու քո բնազդը, մոլուցքը, հիվա՛նդ, հիվա՛նդ սերդ անիծեց իմ Լիլիթին:
Հիվանդասենյակում անքուն գիշերներ:
Բժիշկ- Հասկացե՛ք, օրգանիզմ կա ինքն է պայքարում օտարամուտ բացիլների ու վարակների դեմ, օրգանիզմ կա սնում է դրանց: Լիլիթի օրգանիզմը ինքն է սնում բացիլը, էխինոկոկի սերմեր ոչ միայն լյարդին ու թոքին են եղել, որոնք մենք հեռացրել ենք, նույն սերմերից կան նաև նրա արգանդին:
Սա միակ սահմանն էր, որ անցնել չէր կարելի, արգելված էր բնությամբ, կնոջ մարմնի կառուցվածքով և բնազդով, մայր դառնալու միակ և սուրբ տենչով, այն ինչ չի կարելի արգելել, խլել, սահմանափակել…. <Լիլի՛թ, սա քո՛ անեծքն էր, թո՛ղ անիծվեր քո սերը ու զավակ ունենալու տենչը, որ այդպես էլ չցանկացա բավարարել>:
Բժիշկ- Եթե Լիլիթը հղիանա, նրա օրգանիզմը կսկսի արագորեն ոչ միայն երեխային, այլև որդը սնել, իսկ այդ դեպքում կամ մոր և պտղի մահ, կամ էլ հղիության ընդհատում, այլ տարբերակ չկա:
Բնությունը չի կարող, իրավունք չունի զրկել կնոջը մայր դառնալու իրավունքից:
Հիվանդանոցից դուրս գրվեց ու սկսվեցին երկար գիշերները սիրելիի տանը, անկողնու կողքին, նրան նայելով, շոյելով, բայց գրկելու իրավունքից զուրկ… <Իմ հպումը քեզ ցավ է պատճառում, բերկրանքի փոխարեն` ցավ>:
<Ու՞ր էիր>,- հարցնում է զարմացած հայացքը:
-Աշխատանքից եմ գալիս, մրցույթն անցել եմ:
Սկսվեցին չհասկացված լինելու օրերը, երբ աշխատանքի վայրում անգամ մտածում ես նրա մասին, չգիտես` ինչպես օգնես, ինչպես նրա մարմնի զրկանքները քո մարմնին փոխանցես, տանջվում ես սիրուց, ցանկությունից ու գիտակցում, թե քո սերը ինչպիսի ցավ է պատճառելու սիրած կնոջը, իսկ եթե…. Եթե հղիանա՞… ինչպե՞ս է ազատվելու երեխայից, չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, չե՛մ կարող նորից ցավ պատճառեմ, ստիպեմ մայրանալու ցանկությունը զգալ, ստիպեմ զգա իր զավակի խաղը սրտի տակ, զգա` ինչպես է իր մարմնով պաշտպանում իր` դեռ ոլոռի հատիկի չափ բալիկին, ինչպես է մայրական օրգանիզմը սնում իր մեջ ապրող հրաշքը, ու՛.. ու՛… ու՛… ու՛… ու՛… Սնում է նաև այդ հրաշքը սպանող հրեշին, իր մեջ պաշտպանված զավակին սպանում է իր սնած հրեշը, սպանում է թե՛ մորը, և թե՛ պտուղը: Ինչպես ստիպեմ, որ հետո ազատվի երեխայից, չի ազատվի, կմեռնի զավակի հետ, բայց չի ազատվի:
Լիլիթ- Շեկլի՛կ, դու ինձ էլ չե՞ս սիրում:
Ալիկ` ծիծաղալով- Վա՛յ, մեռնե՛մ քեզ, կյանքիս իմաստն ես, ցա՛վդ տանեմ: Գիտե՞ս՝ ինչ եմ ուզում, հիշու՞մ ես` մեր առաջին հանդիպմանը բարեկամուհիդ մեզ երկու շոկոլադ տվեց, մեկը ես կերա, մեկը՝ դու, ուզում եմ, որ երկուսն ել ես կերած լինեի…
Էջանիշներ