Դավիթ ջան, դու դեռ քսան տարեկան էլ չկաս, իսկ ստորագրությունդ «հուսահատորեն» արդեն ասում է «Ունայնութիւն ունայնութեանց… ամէն ինչ ունայն է»: Իսկապե՞ս ամեն ինչ ունայն ես համարում:
Եթե կյանքին մակերեսորեն եմ նայում ու ոչ մի բանի մասին խորապես չեմ մտածում, կյանքը առավել քան լիքն է: Բայց, երբ որ ցանկացած երևույթի մասին սկսում եմ խորապես մտածել, համոզվում եմ, որ էդ խոսքերը իզուր տեղը չեն ասված: Դե, երբ որ սկսում եմ մտածել, հանգում եմ դրան: Երևի թե էդպես եմ համարում:
Իսկ ձգտո՞ւմ ես լրացնել կյանքումդ առաջացող դատարկությունը, թե՞ անհնար ես դա համարում:
Իհարկե ձգտում եմ, ու բոլորս ենք ձգտում: Երևի թե դա էլ հենց կյանքի, ապրելու, ձգտումն է, բայց ուրիշ հարց է՝ որքանով ենք դա կարողանում անել ու արդյո՞ք գոնե մի փոքր լրացնում ենք այն:
Ինչո՞վ ես դու փորձում լրացնել այն: Կա՞ այդպիսի որևէ միջոց կամ զբաղմունք:
Ամենակարևորը, երևի մարդու նպատակներն են՝ իմ նպատակները, երազանքները ու այն ամենը, ինչը իմ կյանքը իմաստավորում է: Միջոցներ շատ կան` երաժշտություն լսելը, կարդալը, զբոսնելը, տարբեր հետաքրքրությունները, դա ինձ թվում է կախված է հենց տվյալ անհատից:
Կարո՞ղ ես կիսվել երազանքներիցդ մի քանիսով:
Մեկը ասեմ: Հիմա, երևի իմ գլխավոր երազանքը, կյանքում իմ տեղը գտնելն է: Ուզում եմ, վերջիվերջո, հասկանամ, թե որն է իմ կոչումը էս կյանքում ու ուզում եմ հասնեմ դրան, որը ամենադժվարն է:
Մասնագիտությամբ կենսաբան ես, ապագա մանկավարժ: Ինչպե՞ս է քեզ թվում. դա քո կոչո՞ւմն է:
Չէ, դա իմը չի, հակառակ դեպքում, մնում էր ավարտել ու ուսուցիչ դառնալ, չնայած կենսաբը հետաքրքիր է, բայց ես ինձ էստեղ իմ տեղում չեմ զգում: Հնարավոր է, որ հետո զգամ, բայց հիմա չեմ զգում, էնպես չի որ ատում եմ, բայց իմ կոչումը չեմ համարում:
Իսկ ինչպե՞ս ես ընտրել կենսաբանությունը որպես մասնագիտություն:
Շատ պատահական: Կենսաբանություն ու քիմիա էի պարապում, վերջին պահին քննությունները փոխեցին ուրիշ մասնագիտությունների, ես էլ կենսաբանությունը ընտրեցի`անվճար տեղը շատ էին, քննությունները` կենսաբանություն ու քիմիա, չնայած դժգոհ չեմ, որ կենսաբանությունն եմ ընտրել էդպես պատահական, ավելի լավ տարբերակ գուցե հնարավոր չէր:
Ինձ, օրինակ, դպրոցում շատ էր հետաքրքրում գենետիկան: Իսկ դու կենսաբանության առավել հոգեհարազատ որևէ բաժին ունե՞ս:
Ահամ, գենետիկան շատ է հետաքրքիր: Իհարկե ունեմ`մոլեկուլային կենսաբանությունն եմ սիրում, նյարդային համակարգի ֆիզիոլոգիան եմ սիրում, իմունոլոգիան, էնդոկրինոլոգիան (չնայած էս վերջին երեքը մենք առանձին առարկայի ձևով չենք անցնում):
Ուսանող-բժիշկները միշտ սիրում են զվարճալի դեպքեր պատմել իրենց պրակտիկայից: Իսկ կենսաբաններիդ մոտ զվարճալի դեպքեր պատահո՞ւմ են ուսանողական պրակտիկայի ընթացքում:
Դե մենք կենսաբան-ուսուցիչներ ենք, մենք ուրիշ ենք: Ահա, զվարճալի դեպքեր մեկ-մեկ լինում են, բայց ոչ պրակտիկայի ժամանակ, դե մեր հիմնական պրակտիկան ուսուցչի պրակտիկան է դպրոցում, որը հաջորդ տարի է սպասվում:
Մի հատ զվարճալի դեպք կպատմե՞ս, եթե հիշում ես:
Մի քանիսը կան, բայց «Զվարճալի պատմություններում» գրել եմ, չեմ ուզում կրկնվեմ, իսկ ուրիշ հնարավոր չի չլինի, բայց հիմա լարված եմ, դժվար հիշեմ:
Շատ լավ, ուրեմն այդ թեմայից կկարդանք: Ինչպե՞ս ես հայտնաբերել ֆորումը:
Արիացիների միջոցով: Ինչ-որ բան էր հետաքրքիր արիացիների մասին, Google-ով փնտրում էի, առաջինը բերեց «Դար» ակումբը ու ինչ-որ մեկի գրառումը, ում նիկը Արիացի էր (Սասուն, ականջդ կանչի ): Փաստորեն, եթե Սասունը գրանցված չլիներ ակումբում, հնարավոր է, ես էլ չլինեի:
Դե, շնորհակալություն Սասունին: Ֆորումում քեզ «քո ափսեի մե՞ջ» ես զգում, հետաքրքիր ես համարում: Ընդհանրապես, ինչպիսի՞ տեղ է գրավում վիրտուալ շփումը քո կյանքում:
Ահա, շատ շնորհակալություն իրեն: Սկզբում անհարմար էր շատ, տեղս չէի գտնում ու ինձ թվում էր, թե երբեք այն չեմ գտնի: Բայց հարմարվեցի... հիմա, ես ինձ հատկացված մի փոքր տարածությունն եմ զբաղեցնում, բայց ինձ շատ լավ եմ զգում: Վիրտուալ շփումը շատ մեծ նշանակություն ունի, հաճախ վիրտուալը գերազանցումա նաև իրական շփմանը, որը արդեն վատա:
Դե, ուրեմն, սրանով այսօր վերջացնենք «վիրտուալ ինկվիզիցիան», որպեսզի իրականի ու վիրտուալի հավասարակշռությունը չխախտենք: Համաձա՞յն ես:
Ահա, համաձայն եմ: Հավասարակշռությունը պահպանենք, էդ ավելի ճիշտա: Հուսով եմ շատ չձանձրացրեցի
Իհարկե ո՛չ: Ես հակառակն եմ կասկածում: Շատ շնորհակալություն, Դավ ջան, հարցերին պատասխանելու համար, դեռ կշարունակենք:
Էջանիշներ