Ես շատ եմ սիրում սովետական շրջանի տպագրված գրականությունը։ Հատկապես հայերեն։ Թարգմանված, թե բնագիր՝ հավասարապես, որովհետև սովետական գրաքննության տակից դուրս եկած հայերեն թարգմանությունները ոչ միայն բծախնդրորեն գրագետ էին, այլև որակյալ՝ ընդհուպ մինչև առանձին գրականություն։
Սովետական շրջանի տպագրության հետևից էլ այս տարվա մարտին, երբ Հայաստանում էի, իջա Բուկինիստի ներքևի հարկը ու հին, օգտագործված գրքերի մեջ սկսեցի տնտղել քիչ թե շատ հետաքրքրող գրականություն։ Մի քանի բան վերցրի, այդ թվում և այս գիրքը։
Հետաքրքիր զուգադիպություն էր, ի դեպ։ Ասելը, որ ես գեղարվեստի հատուկ սիրահար եմ կամ գիտակ այն գնահատելու, ցավոք՝ ինձ հետ կապ չունի, բայց այ ամուսինս բնատուր ներքին զգացողություն ունի թե՛ արվեստի, թե՛ երաժշտության հանդեպ հատկապես (թեև չի տիրապետում դրանց կատարողականության որևէ հմտության): Ու երբ անցյալ տարվա դեկտեմբերին այցելեցինք Սարյանի տուն-թանգարանը, առանձնահատուկ բավականություն ստացա հատկապես շնորհիվ նրա, որ կողքս գնահատող ու փոքրիշատե վերլուծող աչք կար։
Սարյանի գույները մնացին մեջս չհագեցած, ու մարտի այցիս Հայաստան՝ նորից մտա թանգարան։ Մանրակրկիտ ուսումնասիրեցի բոլոր նկարները։ Եվ Բուկինիստում, երբ փոշոտ հնոտանու միջից ձեռքս ընկավ Սարյանի օրագրային կենսագրականը, նկարների տպավորությունը դեռ թարմ էր գլխումս ու մի քիչ էլ՝ սրտիս մոտ։
Նախ, երևի հազվադեպ է լինում, որ տաղանդավոր նկարիչը լինի նաև հմուտ գրող։ Չգիտեմ՝ որքանով էր այս ամենի մեջ խառը խմբագրի մատը, բայց չեմ կարծում, թե որոշիչ, իսկ գրել Սարյանը սիրել է և արել է դա իր ստեղծագործելու ոճին հարազատ՝ հստակ շտրիխներով, առանց ավելորդությունների, շիտակ ու ճիշտ հավասարակշռությամբ։
Գրառումներում լիքը կարևոր մտքեր կային, ուշագրավ պատմություններ, ու գրքիս թերթերի արանքները շուտով ճխտվեցին էջանիշ-թղթիկներով, տեքստերն էլ տեղ-տեղ շրջանակվեցին մատիտով։ Այս գիրքը կարող եմ համարել արվեստի իմ առաջին ինքնուսույցը, այնպես պարզ ու միաժամանակ խորությամբ էր հեղինակը վեր հանում ստեղծագործելու նպատակը, փնտրումները, հնարքները և, ի վերջո, ընկալումը արդյունքի։ Սարյանի վերլուծությունները հոսում էին զգայականի ու գիտակցականի բազմաճյուղ կապերի միջով մինչև խորքը, մինչև արմատը։
Գիտեք, ես կարծում եմ՝ մարդիկ ծնվում են կոնկրետ մի որևէ զգացողության ուժեղ տիրապետմամբ (որն էլ հենց կարող է վերաճել տաղանդի): Կոնկրետ այդ զգացողության վերարտադրմամբ էլ մարդը ստեղծագործում է։
Զգացողությունն այդ՝ մեկի մոտ բառերն են, մյուսի մոտ՝ երաժշտությունը, մի երրորդի մոտ՝ ճարտարապետությունը, մի չորրորդի մոտ՝ համը, հինգերորդի մոտ՝ հոտը, ու այդպես․․․
Սարյանի մոտ՝ գույնն է։
Սարյանը պատմում է, որ մանկության իր ամենավաղ հիշողությունները (3-4 տարեկանի) կապված են եղել գույների հետ։ Այն, ինչ հիշում է ինքն այդ ժամանակներից, գույներն են՝ բնության մեջ, իրենց հանդերում ու դաշտերում, երկնքի ու ծաղկունքի մեջ – գույն, վառ ու հյութեղ գույներ, որոնցով ձև ու բովանդակություն էր ստանում ամեն ինչը։
Ըստ Սարյանի, գեղարվեստը չպետք է լինի մռայլ գույների, որից տխրություն է բուրում։
Ըստ Սարյանի, նկարչական կրթություն ստանալ պետք է, բայց հետո պետք է ձերբազատվել սերտածի կաղապարներներից, որպեսզի փնտրես ու գտնես արտահայտչականության քո ուրույն ոճն ու ձեռագիրը։
Ըստ Սարյանի, ձգտումը կատարելության՝ պարզության մեջ է, և գծերի ու գույների պարզեցվածությամբ է հնարավոր ստեղծել լրված ամբողջականություն։
Ըստ Սարյանի, նկարի մեջ յուրաքանչյուր գույն պիտի շնչի ինքնուրույն, անկախ, բայց և նրա մասնակցությունը ամբողջական նկարին պիտի ուժգնացնի վերջինիս տպավորությունը, ոչ թե շեղի կամ թուլացնի։
Ըստ Սարյանի, միջակությունները վնասում են արվեստին, մարդուն, հասարակությանը, կենսականությանն առհասարակ։
Ըստ Սարյանի արվեստը մարդու ներքին ու արտաքին երկարատև փնտրտուքի արդյունք է։
Ըստ Սարյանի արվեստը չի կարող կտրված լինել ազգայինից, որովհետև վերջինս ճանապարհ անցած իմաստային ակունքներ ունի, որից սերվել և զարգանում է մշակույթ։
Ըստ Սարյանի նկարը չպիտի լինի հմուտ ընդօրինակումը արտաքին տեսքի, այլ պիտի հայելու պես արտացոլի նկարչի ներզգացողությունը նրա, ինչ տեսել է, ու դառնա խառնուրդը իրականության ու երևակայության։
Ըստ Սարյանի, եթե նկարիչը նորություն չունի ասելու արվեստում, չի փնտրում նոր ուղիներ, նրա գործերը բարձրարժեք լինել չեն կարող։ Բայց միևնույն ժամանակ ամեն մարդ յուրահատուկ է, անկրկնելի, և եթե փնտրում ու գտնում է իր ինքնատիպության արտահայտման ձևն ու ձեռք է բերում դրա կատարման հմտությունը, դա արդեն իր սեփական, ուրույն խոսքն է արվեստում։
Ուշագրավ էին նաև Սարյանի մեկընդմեջ հիշողությունները մի շարք նշանավոր դեմքերի մասին՝ Թամանյան, Կորովին, Եղիշե Թադևոսյան, Ալեքսանդր Ծատուրյան, Մանթաշով, ․․․
Ինչ լավ է, որ տաղանդավոր մարդիկ կիսվում են իրենց ապրածով։
Էջանիշներ