ՏՈՆ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները հուլիսի 11-ին իրենց շարունակությունը գտան անձասարում։ Ուղիղ 770 տարի առաջ՝ 1240թ., Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ Աղվանից կաթողիկոսությունը կրկնակի խնդությամբ տոնեց. Աղվանից Ներսես կաթողիկոսի կողմից օծվեց գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կառուցած անձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հետագայում անձասարի դերն ու նշանակությունը Արցախի հոգեւոր ու քաղաքական կյանքում միայն ամրապնդվեց՝ ստանալով համահայկական արժեք։ Եվ պատահական չէ, որ 770 տարի հետո՝ նույն այդ Պայծառակերպության տոնին, մեծ ոգեւորությամբ ու խնդությամբ նշվում է եկեղեցու օծման հոբելյանը։ Տոնը, հիրավի, համաժողովրդական էր։ Տոնին մասնակցելու էին եկել բազմաթիվ մարդիկ ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից, հավատացյալներ, հյուրեր։ Այստեղ՝ անձասարում էր Արցախի բարձրագույն իշխանությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Այդ օրը անձասարի եկեղեցու զանգերը հնչեցին էլ ավելի զիլ՝ ավետելով Սբ. Պատարագի սկիզբը։ Հոգեւորականների դասը՝ թափորով, Խաչվառով ու Բուրվառով, Սուրբ Աստվածամոր պատկերի ուղեկցությամբ՝ մտավ եկեղեցի։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցած Պատարագն էլ ավելի սրբացավ, քանզի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից Ամենայն հայոց Հայրապետն ուղարկել էր Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքը, որը պահվում էր Մայր Աթոռում։ Հավատացյալ ժողովուրդը եւ նրանք, ովքեր ջերմեռանդորեն եկել էին ուխտի՝ հնարավորություն ունեցան համբուրել եւ իրենց խոնարհումը բերել մասունքն ամփոփող Սուրբ Խաչին, որով էլ ավելի լուսավորվեց Արցախ աշխարհը։ Հիրավի, Սրբերի մասունքների վրա հիմնված այս Տաճարը՝ բազում սերունդների հաղթանակների ու անհաջողությունների վկան, հայացքը հառած ապագային՝ ի լուր աշխարհի ավետում է, որ հայը եղել է, կա ու կլինի։ Այդ են վկայում նաեւ տոնակատարության մասնակիցները՝ իրենց տպավորությունները կիսելով մեզ հետ։
Նոլեթ ՍԵԲԱՍՏԻԵՆ.- Ես ուսանող եմ, սովորում եմ Բելգիայի համալսարաններից մեկում։ Մեզ մոտ նման եկեղեցիներ չկան։ Անչափ գեղեցիկ տեղանք է, շրջապատը՝ հիասքանչ։ Մեզ համար նշանակալից իրադարձություն է՝ ներկա գտնվել այսպիսի մի կոթողի տարեդարձի։ Մենք համոզվեցինք, որ հայերն, իրոք, զարմանալի ժողովուրդ են։
Սիկինղ ԷՄԻԼՅԻ.- Հոլանդիայից եմ, սովորում եմ համալսարանում։ Տպավորված եմ այս ամենով։ Հայերը շատ սիրուն մշակույթ ունեն։ Մենք կպատմենք մեր երկրում, որ չնայած Ղարաբաղում քաղաքական իրավիճակը հանգիստ չէ, բայց կարողանում են այսպիսի գեղեցիկ հոբելյաններ նշել։ Կոնկրետ ինձ համար անհասկանալի է ու զարմանալի, թե ինչպես են կարողացել շինարարները ահռելի քարերը բերել-հասցնել այս բարձունքը եւ այսպիսի հրաշալի կոթող կառուցել։ Ես նման եկեղեցի տեսած չկամ։
Սանտոշ Կումարի ԱՐՈՐԱ.- Ազգությամբ հնդկուհի եմ։ Երկուսուկես տասնյակ տարի է՝ ապրում եմ Երեւանում եւ այդ օրվանից էլ ընդունել եմ քրիստոնեությունը։ Ամուսինս հայ է։ Ես ինձ Հայաստանի մի մասնիկ եմ համարում։ Ինչպես ես, այնպես էլ իմ երեխաներն ամեն կիրակի հաճախում են Հայ Առաքելական եկեղեցի։ Դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում։ Երկրորդ անգամ եմ Արցախում, բայց անձասարում առաջին անգամ եմ լինում։ Առաջին անգամ ուղղաթիռով եմ եկել Արցախ՝ պատերազմի ժամանակ, երբ երկիրը ծանր ու լարված վիճակում էր։ Այս անգամ սովորական ճանապարհով եմ եկել ու հիացած եմ։ Աստված ձեզ պարգեւել է մի դրախտի կտոր, որը պետք է պահպանեք ու սիրեք։ Ինձ համար հաճելի էր այն լուրը, որ Հովհաննես Մկրտչի գլուխը գտնվում է Արցախում՝ անձասարում։ Նշանակում է՝ մենք վախենալու ոչինչ չունենք, որովհետեւ Աստծու կողմից պահպանված ենք։ Մաղթում եմ, որ շարականներն առ Աստված հնչեն անձասարում։ Նաեւ՝ Աստծո խաղաղություն եմ մաղթում Արցախի ժողովրդին։ Ասողիկ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Մայր Աթոռի թանգարանի եւ արխիվի տնօրեն.- Ինձ համար այսօր երանության ու երջանկության բացառիկ օր է, որովհետեւ առաջին անգամ ոտք եմ դնում անձասարի այս օրհնյալ հողին եւ, հպվելով անձասարի սուրբ քարերին՝ իմ հավատքի զորությամբ իմ անձի մեջ եմ ընդունում այն օրհնությունը, որն այս սրբավայրը բաշխում է բոլոր ուխտավորներին, բոլոր այցելուներին։ Այս ամենին գումարվում է նաեւ այն մասնավոր առաքելությունը, որով ես եկել եմ Արցախ աշխարհ, որով մուտք եմ գործել անձասարի վանք՝ իբրեւ Ամենայն հայոց Հայրապետի ներկայացուցիչ՝ այս հոբելյանի առիթով։ Այս մասունքը բերվել է, որպեսզի հավատացյալները կարողանան մերձենալ, իրենց բարեպաշտությունն արտահայտել եւ որպեսզի Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ նրանք վերականգնեն իրենց հավատքը, վերանորոգեն իրենց հոգեւոր կյանքը, ամրացնեն հոգեւոր շինվածքը։ Հայտնի է, որ անձասարի եկեղեցում է գտնվում Հովհաննես Մկրտչի գլուխը, բայց այն հիմքերի մեջ է տեղադրված, եւ մարդիկ չեն կարող մերձենալ այդ մասունքին։ Ուստի, տնօրինվել է, որ մեկ այլ մասունք, որ պահվում էր Սբ. Էջմիածնում, բերվի այստեղ, որպեսզի մարդիկ մոտենան այդ Խաչ-մասունքարանին, համբուրեն այն եւ իրենց հավատքով ստանան հոգու եւ մարմնի բժշկություն։ Մեզ համար այս օրը հոգեւոր վերանորոգության օր է։ Սուրբ Պատարագից հետո տոնակատարությունը շարունակվեց անձասարի եկեղեցու հարակից տարածքում։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացված մշակութային ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել ԼՂՀ պարի պետական համույթը (պար՝ «անձասար») եւ Շուշիի «Նարեկացի արվեստի կենտրոն»-ի սաները (բեմադրություն՝ «Տոն այլակերպման»)։ Այստեղ էր տեղափոխվել նաեւ հուլիսի 9-ին Ստեփանակերտի կայազորի Սպայի տան ճեմասրահում բացված՝ «Հայ Աղվանից կաթողիկոսությունը» թեմայով ցուցահանդեսը։
Օրվա տրամաբանական ավարտը եղավ մատաղի բաժանումը։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ.
Էջանիշներ