Ohanyan-ի խոսքերից
Քո թողած վերքերից էլ չեմ ուզում հուշեր հյուսեմ,
Քո թողած հուշերից արդեն կարել եմ վերքերս…
Ցավի ամեն մի ասեղով հուլունք-հուլունք
Հավաքել եմ արցունքներս հատ-հատ
Ու կարել եմ մատներիդ թողած պատռվածքը հոգուս փեշերին.
Հուլունքներով հատ-հատ շարել եմ շարան
Քո թաղված հետքերին…
Քո թողած վերքերից էլ չեմ ուզում հուշեր հյուսեմ,
Քո թողած ասեղնագործ հուշերից արդեն կարել եմ վերքերս…
Փտած, փտած մարմնով կկանգնեմ խորանիդ առջև,
Ետ կպահանջեմ Հավատս, Հույսս ու Սերս,
Որ թափեցի խորանիդ առջև ծնկաչոք,
ՈՒ սիրեցի՛, սիրեցի՛ հավատը Քո ջինջ,
Աղոթեցի Քեզ առավել, քան Քո իսկ հավատով կնքվածները,
Բայց փտա՛ծ, փտա՛ծ մարմնով եմ ես այսօր կանգնած Քո առջև,
Ու աղոթել չեմ ցանկանում,
Ցավը՝ առնետ անկշտում.
Արցունքներս լռում են
Ու հասկանում եմ՝ Քո հավատին օտար եմ դառնում,
Փտա՛ծ, փտա՛ծ մարմնի ողջ ձգտումով
Օտար եմ դառնում քո խորանին,
Անիծվե՛մ, ինչպես անիծվեց աղոթքն իմ:
Մատներդ թող սահեն սև ու սպիտակ ստեղների վրայով,
ՈՒ ամեն անգամ սևից սպիտակին անցնելիս հիշեն, որ
Սևը աչքերիս գույնն է ու սպիտակը՝ ժպիտիս,
ՈՒ մատներդ զգան, ինչպես ամեն անգամ դաշնամուր նվագելիս
Սևից սպիտակ սեղնին սահելով,
Մատներդ աչքերիս համբույրից ժպիտիս համբույրին են սահում:
Էջանիշներ