Քեռի Ծատուր: մաս չորրորդ
Հիշո՞ւմ եք բանկի տանջահար եղած աղջկան: Դա լավ է. հիշե'ք, մտքներումդ պահե'ք, քանի որ հիմա քեռիս արդեն տուն է հասել և նրանք երկուսով` մարդ ու կին, քննարկում են բանկում կատարվածը:
-Ծատո՞ւր, բայց գոնե լա՞վ աղջիկ էր:
-Դե հա, մի քիչ շատ էր խոսում, զահլես տարավ, բայց լավն էր: Դե գեղեցկուհի չէր, բայց կարևորը` ասող-խոսող էր:
- Ասում ես` սիրուն չէր... Եսիմ, մարդ ջան, սիրտս կախ ա, Նարեկս կարող ա չհավանի:
-Ա՜յ կնիկ, կնկա սիրունը ո՞րն ա: Կնիկը հո ռո՞ւս չի, որ սիրուն ըլնի: Հա, հենց մտա բանկ, կպել ինձնից ու պոկ չէր գալիս էտ աղջիկը, երևի ականջին հասել ա, որ Նարեկիս պես տղա ունենք, վռազ ոտ ու ձեռ էր ընկել: Դե հասկանալի ա` համ Նարեկիս պես տղային չի ուզում ձեռքից բաց թողնի, համ էլ` դե մեր ընտանիքի մասին լսած կըլի էլի, կիմանա` ինչ լավ ընտանիք ենք... ո՞վ չի ուզենա մեր ընտանիք ոտք դնի:
-Մարդ ջա՜ն, ասում եմ` արի գնանք էտ աղջկա տուն... տեսնենք` հերը, մերը ո՞վ են, ինչացո՞ւ են, մեզ հարմա՞ր են, թե չէ...
-Հը՞... լավ ես ասում, կնիկ: Ուղեղդ աշխատում ա...
-Հա բա մարդ ջան...
Քեռիս օգտագործեց իր կապերը` այդ աղջկա ծնողներին ճանաչողներ գտնելու համար: Հույժ գաղտնի կերպով փորձեց ինֆորմացիա կորզել գյուղի բանիմացներից` Աղասանց Միկուլից, Վաչիկի տղա Ստեփանից, Մկոյանց Վարդանից և այդպես շարունակ, մինչև ողջ գյուղով տարածվեց` Ծատուրի տղա Նարեկը պսակվել է, կամ էլ պսակվում է, կամ էլ` մի օր կպսակվի: Բայց դա կարևոր չէ, կարևորը` ինֆորմացիան հավաքված էր:
Հավաքված ինֆորմացիան ի մի բերելուց հետո պարզվեց հետևյալը` այդ աղջկա պապը քեռիիս համագյուղացին է եղել: Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ երկուսը երբեք չեն հանդիպել, քեռիս չզլացավ և ասաց.
-Հա՜… հիշեցի… պապը լավ մարդ էր… իրար հետ ահագին աղուհաց ենք կերել, շատ կատակչի մարդ էր… հեյ գիդի ժամանակներ…
Եվ ի հավելում իր ասածի` նա տեղում մի քանի պատմություններ հորինեց` իր և պապի հետ կապված (իհարկե անտեսում ենք այն հանգամանքը, որ քեռիս դեռ ծնված չէր, երբ պապը մեկնել էր Հայրենանան Մեծ Պատերազմ և չէր վերադարձել):
Ինչևէ, հավաստի աղբյուրներից նաև ճշտվել էր այդ աղջկա տան հասցեն, նրա ծնողների անունները: Եվ ահա քեռիս և քեռակինս կանգնած էին նրանց դռան առջև: Թակեցին դուռը, դուռը բացեց համակրելի արտաքինով մի կին: Քեռիս շատ էր ցանկանում հարազատ և մտերմիկ տոնով խոսել, այդ պատճառով նա շատ քաղաքակիրթ ձևով ասաց.
-Բարի օր, տիկի՛ն, մա՞րդդ ուր ա:
Տիկինը մի պահ չհասկացավ` իրենից ի՛նչ է պահանջվում և ասաց.
-Ներեցեք, ի՞նչ ասացիք…
-Ներեցեք-մերեցեք չկա, հարազատ մադիկ ենք, ասում եմ` ո՞ւր ա մարդդ չկա:
Կինը կարծես քիչ-քիչ հասկանում էր.
-Ա՜խ, ամուսինս… տանն է, համեցե՛ք ներս խնդրեմ:
-Ըհը՛, դե տենց խոսա, ցավդ տանեմ, թե չէ` ներեցեք, ես շատ գիտեմ էլ ինչ… հա, կնիկս ա` Զվարթը, ծանոթացի՛:
Անցան ներս: Ներսում նստած էր տիկինի ամուսինը և խորասուզված ընթերցում էր 20-րդ դարի գրականության վերլուծության ձեռնարկ: Նա այնքան ինքնամոռաց կերպով էր կարդում, որ անգամ չնկատեց թանկագին հյուրերի ներս մտնելը: Տիկինն ասաց.
-Դմիտրի՛, ներիր, որ քեզ ընդհատում եմ, մենք հյուրեր ունենք, սիրելի՛ս:
Դմիտրին բարձրացրեց հայացքը և աչքերով հանդիպեց քեռուսս վճիտ աչքերին, որոնք կարծես ասում էին` էս մարդն ի՞նչ ա գտել գրքի մեջ:
-Օ՜, ներեցեք ինձ անփութությանս համար, ուղղակի մտովի համեմատական էի անցկացնում Սելինջերի և Սարոյանի գրված ստեղծագործությունների միջև: Նրանք, հիրավի, երկուսն էլ հոյակապ են, համաձայն չե՞ք ինձ հետ,- ասաց տանտերը սպասողական հայացքով նայելով հյուրերին:
-Հա՜, բա ինչ են, երկուսն էլ հիրավի են, զեմլյա՛կ ջան,- ասաց քեռիս` նայելով իր կնոջը, որն իր հերթին հպարտությունից փայլող ճակատով նայում էր իր ամուսնուն` ի՜նչ ճարտար լեզու ունի մարդս, է՜:
Հուսախաբ եղած դեմքով տանտերն ասաց.
-Ի՞նչով կարող եմ օգտակար լինել Ձեզ:
-Հա, ինչ էի ասում, մենք հորդ գեղից ենք եկել, մենք հորդ զեմլյակներն ենք, դե քո զեմլյակներն էլ ենք էլի, հա, ուզում էի ասեմ` քո գեղում քեզ հա հիշում են, ասում են` տեսնես էն Դիմիտռին ո՞նց ա, ո՞ւր ա չկա…
-Ի՞մ գյուղում…հմմ… ներեցե՛ք, բայց ես հորս գյուղում երբեք չեմ եղել: Ինչևէ, եթե հորս գյուղից եք` շատ շնորհակալ եմ, որ եկել եք, նստեցե՛ք խնդրեմ:
-Հա… լավ չի, որ չես եղել, մեր գեղի ժողովուրդն էլ ա էտ ասում էլի` ո՞ւր ա Դիմիտռին չկա,-չէր հանձնվում քեռիս,-բա տանը մենա՞կ եք, աղջի՞կդ ուր ա չկա:
-Ա՜խ, աղջիկս, Աննուշկաս… ամուսնու տանն է, նրա հե՞տ գործ ունեիք:
-Ո՞նց թե մարդու տանն ա… էտ ե՞րբ ա հասցրել պսակվի, ի՛նչ մի վռազ պսակվել ա, վախում էր չհասցնե՞ր,-ասաց քեռիս և անհարմար իրավիճակից ելնելու համար մի թեթև ծիծաղեց,- հե, հե՜…
-Ի՜նչ եք ասում, Աննուշկաս քսանվեց տարեկանում ամուսնացավ, նա պաշտպանեց իր դիսերտացիան և հաջորդ տարի ամուսնացավ,- ժպիտով ասաց տանտերը և փշրեց քեռուս հյուսերը:
-Տենց հա՜,- ծոր տվեց քեռիս:
-Իսկ Դո՞ւք ինչպես եք… Ի՞նչ նորություններ կան Ձեր… այսինքն` մեր գյուղում:
-Սաղ նույնն ա էլի,- անտարբեր ասաց քեռիս,-դե լավ, մենք գնանք, Զվարթ, վե՛ր:
-Ո՞ւր եք գնում, մնացեք հիմա թեյ կմատուցեմ,-ասաց հյուրասեր տանտիրուհին:
-Չէ, ապրես, ցավդ տանեմ, չենք ուզում, մի քիչ վռազ ենք էլի պիտի հասնենք մեր գյուղը,-ժպտաց քեռիս և կնոջ հետ դուրս եկան:
-Տեսար ի՜նչ համագյուղացիներ ունեմ,-հպարտորեն ասաց տանտերը,- հատուկ գյուղից եկել էին` իմ որպիսությունն իմանանալու համար:
Տիկինը հպարտությունից փայլող ճակատով նայեց իր ամուսնուն և ասաց.
-Այո, տեսա, հպարտացա քեզնով:
Քեռիս և քեռակինս գյուղ հասնելու ողջ ճանապարհին քննարկեցին տեղի ունեցածը.
-Մա՛րդ ջան, էտ ինչ տեսակ մարդիկ էին, մի երկու բառ գիտեին, հա աչքդ էին կոխում: Էն… էն… էն ո՞նց էր…հա, “հանսարքի՞”…
-“Հիրավի՜”, “հիրավի”, ա՛յ կնիկ ... հա, ուզում էր ինձ նեղը գցեր… բայց հետո տեսավ, որ Ծատուրը նեղն ընկնողներից չի…
-Հա մարդ ջան… չէ… լավ մարդիկ չէին, հեչ էլ դուրս չեկան, թեկուզ աղջիկն էլ պսակված չըլներ, չէի ուզի դրանց աղջկան… դրանք ի՞նչ են, որ մեզ խնամի դառնան…
-Հա՛ կնիկ ջան… Ուղեղդ աշխատում ա էլի, հո զոռով չի՞,-ամուսինները նայեցին իրար ու ժպտացին:





Մեջբերել
Էջանիշներ