...Սարոյանի Արամ քեռուն հիշեցի... լավն ա շատ... միանգամից իմ ծանոթներից մի քանի հոգու հիշեցի քո Ծատուրի նման, շատ իրական ա կերպարդ, հաճույքով ա կարդացվում...
...Սարոյանի Արամ քեռուն հիշեցի... լավն ա շատ... միանգամից իմ ծանոթներից մի քանի հոգու հիշեցի քո Ծատուրի նման, շատ իրական ա կերպարդ, հաճույքով ա կարդացվում...
Էլիզե (19.06.2010)
Ապրես, ինձ ել դուր եկավ, լավ էր կարդացի մեկնաբանությունները, թե չէ Chuk_ին կրկնելու էի... Բացի այդ կցանկանայի շարունակության մեջ երկխոսություններ տեսնել' Քո քեռի Ծատուրին ավելի մոտից ճանաչելու ,ինչպես նաև ստեղծագործությունն ավելի ռիթմիկ դարձնելու համար![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Էլիզե (19.06.2010)
SSS (22.06.2010)
Լավն ա, Էլիզիկ
Մտահղացումը հավեսն ա, բայց իրականացումը պուճուրիկ թերություններ ունի:
Չգիտեմ, մտածված ես անում թե չէ, բայց բավականին պարզ ու անպաճույճ սյուժեների համար դու չափից դուրս բարդ արտահայտություններ ես գործածում:
Քեռուն ամեն անգամ հիշատակելիս նոր հնչեղ մակդիր կպցնելը իհարկե հետաքրքիր է, բայց երբ շատ ես դա անում, քո հիմնական նպատակը՝ հեգնանք հաղորդելը, այնքան նուրբ չի լինում, որքան ցանկալի կլիներ այս դեպքում: Վերածվում է անսքող ձեռառնելիքի: Իսկ նուրբ հեգնանքը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Հակառակ դեպքում պարզ սյուժեի ու այդ սյուժեում գործածված բառապաշարի բալանսը խախտվում է:
Սա իմ տպավորությունն է, գուցե և սխալվում եմ![]()
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 19.06.2010, 14:57:
Լիլ, էդ Չուկն ա մեղավոր, եկավ էս աղջկան կրակը գցեց ՝ համոզեց, որ քեռի Ծատուրին լիքը գույնզգույն հատկանիշներ կպցնի, իսկ նենց "քեռի Ծատուր" վիճակով մարդն ամբողջական կերպարով էր![]()
Էլիզ, հերիք ա ասեա առաջին քայլեր- առաջին քայլեր, իբր մնացածն էլ մոր փորում են գրել սովորելհա, ի՞նչ էի ուզում ասել, շատ համով ես գրում, ապրես, Ակումբում կարդալու թեմա ես բացել, բոլորս անհամբեր սպասում ենք, որ նոր բան գրես քեռու մասին, կարդանք, ճիշտ տեղը-տեղին էլ գրում ես ՝ մանր-մանր, որ ոչ կուլ տանք, ոչ էլ... ապրես
![]()
A.r.p.i. (19.06.2010), matlev (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Դատարկություն (26.06.2010), Էլիզե (19.06.2010)
Քեռի Ծատուրը: մաս երրորդ
Իմ հարգարժան քեռի Ծատուրի ավագ որդին` Նարեկը, արդեն մեկ ամիս` ինչ Ռուսաստան էր գնացել, ավելի կոնկրետ` ինչպես բացատրում էր իմ քեռակինը` խոԲանի:
Նարեկը մեկ ամիս անց ցանկացավ իր ծնողներին ուղարկել մի փոքրիկ գումար` ապացուցում այն փաստի, որ ինքն աշխատում է: Այդ լուրը լսելուն պես` Նարեկի հայրը և մայրը` տիկին Զվարթը, բնականաբար, անչափ ուրախացան, պատմեցին ողջ գյուղին, հպարտացան իրենց տղայով, ինչպես ասաց քեռիս` «Տղես ինձ ա քաշել` անչափ խելացի ու շատ հաջողակ»:
Միակ բարդ հարցը այն էր, որ Նարեկը այդ գումարն ուղարկել էր բանկի միջոցով, իսկ քեռիս երբեք բանկ չէր մտել, սակայն այդ հանգամանքը չխանգարեց մեր դյուցազունին գլուխ գովել համագյուղացիների մոտ և ասել.
-Բանկի հետ գիտե՞ք ինչքան գործարքներ եմ արել....պահ, մազերիս չափ...
Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը:
Լավ, անցնենք բուն թեմային` պետք էր գնալ քաղաք` բանկ և ստանալ գումարը: Այդ պատասխանատու գործին քեռիս շատ լուրջ մոտեցավ. առավոտյան շուտ արթնացավ, պատշաճ ձևով և մանրակրկիտ կերպով հագնվեց, սանրեց թավ հոնքերը ու մշտադալար բեղերը, ի հարգանք երբեմնի խիտ մազերի հիշատակին` սանրը քսեց գլխին:
Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը: Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր: Նրան դուր չեկավ դռան նման վերաբերմունքը և նա մի քամահրական հայացք նետեց դժբախտ դռան վրա, որից հետո ժպիտը երեսին մոտեցավ տվյալ բանկում աշխատող աղջիկներից մեկին:
-Բարև՜, աղջիկ ջան, հլը լսի` տղես` Նարեկս, վա¯յ, ես իրա ջանին մեռնեմ, փող ա ուղարկել մեզ Ռուսաստանից, էտ փողը տուր վերցնեմ, գնամ:
Աղջիկը` դժվար ըմբռնելով քեռուս բարձրաձայնած մտքերը.
-Ի՞նչ Նարեկ…. Ա¯խ, հա, հասկացա, Ձեզ երևի փոխանցումների բաժինն է պետք դիմել, խնդրեմ, անցե՜ք աջ….
- Նարեկս ասավ` բանկ ա ուղարկել,- սրտնեղեց քեռիս,- Ի՞նչ փոՂանցում, աղջիկ ջան, ո՞ւմ պիտի անցնի էտ փողը: Չէ, չե՜մ թողնի սրա-նրա փայ դառնա էրեխիս քրտինքով աշխատած փողը: Էտ փողը պիտի հավաքենք, որ Նարեկիս մյուս տարի ամուսնացնենք, հարսանիք անենք:
Աղջիկը` անչափ զարմացած.
-Պարոն, ես Ձեզ ասում եմ, որ անցնեք փոխանցումների բաժին, ասեք Ձեր հաշվեհամարը, ա¯յ այնտեղ և…
-Ո՞ւմ համարն ասեմ աղջիկ ջան,- կրկին ընդհատում է մեր “գործարարը”,- դե, տղես, որ գնաց, մոտը էն… Էն անտեր… էն… ո՞նց էր դրա անունը…հա¯, անթել հեռախոսներից կար.. դրա համարը ասե՞ մ:
Աղջիկը` կլորացած աչքերով.
-Ոչ պարոն, հաշվեհամարը…
Քեռիս` հաղթական ու հպարտ տոնով.
-Ի՜նչ հաշվեհամար, Նարեկս ասեց` գնա՜ բանկ` էտ փողերը ստացի:
Աղջիկը դեռ համառորեն շարունակում էր դիմադրել.
-Պարոն, գումարը Դուք պետք է ստանաք Ձեր հաշվեհամարից, դրա համար Դուք…
Քեռիս` էվրիկա գոչեցող տեսքով.
-Հլը մի սպասի՜, աղջի՜կ ջան, դու ո՞ւմ աղջիկն ես: Կարո՞ղ ա հորդ ճանաչեմ: Ինչ էլ ճարտար լեզու ունես… ամուսնացած ես… չէ՞…հմմ… Նարեկիս կուզե՞ս: Նարեկս լավ տղա ա, հրեն, տե՜ս աշխատում ա, փող ա ուղարկում… յանի խի՞ չես ուզի է¯… հլը մի չես էլ խնդրի… Նարեկիս պես տղաները փողոցում թափած հո չեն…
Աղջիկը` զարմանքից անէացած տեսքով.
-Պարո՜ն, մեր բանկից գումար ստանալու համար Դուք պետք է մեզ ասեք Ձեր հաշվեհամարը…
Քեռիս` եղնիկ տեսած որսորդի աչքերի արտահայտությամբ.
-Լա¯վ, էտ հասկացանք… հմի, Նարեկիս չե՞ս ուզում … բայց խի՞… գոնե գիտես` ի¯նչ լավ տղա ունեմ… Տղես իսկը ես եմ` խելոք, գրագետ, ամենքի հետ լեզու գտնող, համեստ, ազնիվ, բանիմաց…
Աղջիկը` անհամբեր.
-Պարոն, խնդրում եմ, անցեք փոխանցումների բաժին, այնտեղ պարզեք Ձեր փողային հարցերը…
Քեռիս` մտքամոլոր.
-Լա՜վ, աղջի՜կ ջան, էտ փողի հարցով հլը սպասի, էտ վռազ չի: Ես գնամ տուն, կնկաս հետ գլուխ գլխի տանք` տեսնենք դու հարմար ես մեր Նարեկին, տղես կհավանի քո պես աղջկա… հմմ… դե լա՜վ, ես գնացի:
Աղջկա ապշահար հայացքի ներքո` քեռիս հեռացավ բանկից, գնաց տիկին Զվարթի հետ գլուխ գլխի տալու...
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 19.06.2010, 22:48:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելուԲայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ուզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի
Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված
Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու, ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակա չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տեսԷս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր
Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին
Գրական հայերենի առումով չգիտեմ, բայց ժողովրդական խոսքին ավելի մտ կլինի:
Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, բայց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծատուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը:
Երկրորդ քեռին ավելորդ էր, նորից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը:
«Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր:
Եվ այլն…
Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմԲայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.06.2010, 23:05:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.06.2010, 23:16:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Էլիզե ջան, նույն բանն էի ուզում ասել, ինչ Գալաթեան, ուղղակի մի քիչ ուրիշ տեսանկյունից. պիտի ասեի, որ բարդ ու ճոխ նկարագրություններ ու բնորոշումների համեմատ սյուժեներդ մի քիչ պարզունակ են, իմ կարծիքով, լավ կլիներ՝ ավելի ուժեղ ու հարուստ լինեին՝ ընտրածդ բառապաշարին ավելի համապատասխանելու համար։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
armen9494 (19.09.2011)
Քեռի Ծատուր: մաս չորրորդ
Հիշո՞ւմ եք բանկի տանջահար եղած աղջկան: Դա լավ է. հիշե'ք, մտքներումդ պահե'ք, քանի որ հիմա քեռիս արդեն տուն է հասել և նրանք երկուսով` մարդ ու կին, քննարկում են բանկում կատարվածը:
-Ծատո՞ւր, բայց գոնե լա՞վ աղջիկ էր:
-Դե հա, մի քիչ շատ էր խոսում, զահլես տարավ, բայց լավն էր: Դե գեղեցկուհի չէր, բայց կարևորը` ասող-խոսող էր:
- Ասում ես` սիրուն չէր... Եսիմ, մարդ ջան, սիրտս կախ ա, Նարեկս կարող ա չհավանի:
-Ա՜յ կնիկ, կնկա սիրունը ո՞րն ա: Կնիկը հո ռո՞ւս չի, որ սիրուն ըլնի: Հա, հենց մտա բանկ, կպել ինձնից ու պոկ չէր գալիս էտ աղջիկը, երևի ականջին հասել ա, որ Նարեկիս պես տղա ունենք, վռազ ոտ ու ձեռ էր ընկել: Դե հասկանալի ա` համ Նարեկիս պես տղային չի ուզում ձեռքից բաց թողնի, համ էլ` դե մեր ընտանիքի մասին լսած կըլի էլի, կիմանա` ինչ լավ ընտանիք ենք... ո՞վ չի ուզենա մեր ընտանիք ոտք դնի:
-Մարդ ջա՜ն, ասում եմ` արի գնանք էտ աղջկա տուն... տեսնենք` հերը, մերը ո՞վ են, ինչացո՞ւ են, մեզ հարմա՞ր են, թե չէ...
-Հը՞... լավ ես ասում, կնիկ: Ուղեղդ աշխատում ա...
-Հա բա մարդ ջան...
Քեռիս օգտագործեց իր կապերը` այդ աղջկա ծնողներին ճանաչողներ գտնելու համար: Հույժ գաղտնի կերպով փորձեց ինֆորմացիա կորզել գյուղի բանիմացներից` Աղասանց Միկուլից, Վաչիկի տղա Ստեփանից, Մկոյանց Վարդանից և այդպես շարունակ, մինչև ողջ գյուղով տարածվեց` Ծատուրի տղա Նարեկը պսակվել է, կամ էլ պսակվում է, կամ էլ` մի օր կպսակվի: Բայց դա կարևոր չէ, կարևորը` ինֆորմացիան հավաքված էր:
Հավաքված ինֆորմացիան ի մի բերելուց հետո պարզվեց հետևյալը` այդ աղջկա պապը քեռիիս համագյուղացին է եղել: Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ երկուսը երբեք չեն հանդիպել, քեռիս չզլացավ և ասաց.
-Հա՜… հիշեցի… պապը լավ մարդ էր… իրար հետ ահագին աղուհաց ենք կերել, շատ կատակչի մարդ էր… հեյ գիդի ժամանակներ…
Եվ ի հավելում իր ասածի` նա տեղում մի քանի պատմություններ հորինեց` իր և պապի հետ կապված (իհարկե անտեսում ենք այն հանգամանքը, որ քեռիս դեռ ծնված չէր, երբ պապը մեկնել էր Հայրենանան Մեծ Պատերազմ և չէր վերադարձել):
Ինչևէ, հավաստի աղբյուրներից նաև ճշտվել էր այդ աղջկա տան հասցեն, նրա ծնողների անունները: Եվ ահա քեռիս և քեռակինս կանգնած էին նրանց դռան առջև: Թակեցին դուռը, դուռը բացեց համակրելի արտաքինով մի կին: Քեռիս շատ էր ցանկանում հարազատ և մտերմիկ տոնով խոսել, այդ պատճառով նա շատ քաղաքակիրթ ձևով ասաց.
-Բարի օր, տիկի՛ն, մա՞րդդ ուր ա:
Տիկինը մի պահ չհասկացավ` իրենից ի՛նչ է պահանջվում և ասաց.
-Ներեցեք, ի՞նչ ասացիք…
-Ներեցեք-մերեցեք չկա, հարազատ մադիկ ենք, ասում եմ` ո՞ւր ա մարդդ չկա:
Կինը կարծես քիչ-քիչ հասկանում էր.
-Ա՜խ, ամուսինս… տանն է, համեցե՛ք ներս խնդրեմ:
-Ըհը՛, դե տենց խոսա, ցավդ տանեմ, թե չէ` ներեցեք, ես շատ գիտեմ էլ ինչ… հա, կնիկս ա` Զվարթը, ծանոթացի՛:
Անցան ներս: Ներսում նստած էր տիկինի ամուսինը և խորասուզված ընթերցում էր 20-րդ դարի գրականության վերլուծության ձեռնարկ: Նա այնքան ինքնամոռաց կերպով էր կարդում, որ անգամ չնկատեց թանկագին հյուրերի ներս մտնելը: Տիկինն ասաց.
-Դմիտրի՛, ներիր, որ քեզ ընդհատում եմ, մենք հյուրեր ունենք, սիրելի՛ս:
Դմիտրին բարձրացրեց հայացքը և աչքերով հանդիպեց քեռուսս վճիտ աչքերին, որոնք կարծես ասում էին` էս մարդն ի՞նչ ա գտել գրքի մեջ:
-Օ՜, ներեցեք ինձ անփութությանս համար, ուղղակի մտովի համեմատական էի անցկացնում Սելինջերի և Սարոյանի գրված ստեղծագործությունների միջև: Նրանք, հիրավի, երկուսն էլ հոյակապ են, համաձայն չե՞ք ինձ հետ,- ասաց տանտերը սպասողական հայացքով նայելով հյուրերին:
-Հա՜, բա ինչ են, երկուսն էլ հիրավի են, զեմլյա՛կ ջան,- ասաց քեռիս` նայելով իր կնոջը, որն իր հերթին հպարտությունից փայլող ճակատով նայում էր իր ամուսնուն` ի՜նչ ճարտար լեզու ունի մարդս, է՜:
Հուսախաբ եղած դեմքով տանտերն ասաց.
-Ի՞նչով կարող եմ օգտակար լինել Ձեզ:
-Հա, ինչ էի ասում, մենք հորդ գեղից ենք եկել, մենք հորդ զեմլյակներն ենք, դե քո զեմլյակներն էլ ենք էլի, հա, ուզում էի ասեմ` քո գեղում քեզ հա հիշում են, ասում են` տեսնես էն Դիմիտռին ո՞նց ա, ո՞ւր ա չկա…
-Ի՞մ գյուղում…հմմ… ներեցե՛ք, բայց ես հորս գյուղում երբեք չեմ եղել: Ինչևէ, եթե հորս գյուղից եք` շատ շնորհակալ եմ, որ եկել եք, նստեցե՛ք խնդրեմ:
-Հա… լավ չի, որ չես եղել, մեր գեղի ժողովուրդն էլ ա էտ ասում էլի` ո՞ւր ա Դիմիտռին չկա,-չէր հանձնվում քեռիս,-բա տանը մենա՞կ եք, աղջի՞կդ ուր ա չկա:
-Ա՜խ, աղջիկս, Աննուշկաս… ամուսնու տանն է, նրա հե՞տ գործ ունեիք:
-Ո՞նց թե մարդու տանն ա… էտ ե՞րբ ա հասցրել պսակվի, ի՛նչ մի վռազ պսակվել ա, վախում էր չհասցնե՞ր,-ասաց քեռիս և անհարմար իրավիճակից ելնելու համար մի թեթև ծիծաղեց,- հե, հե՜…
-Ի՜նչ եք ասում, Աննուշկաս քսանվեց տարեկանում ամուսնացավ, նա պաշտպանեց իր դիսերտացիան և հաջորդ տարի ամուսնացավ,- ժպիտով ասաց տանտերը և փշրեց քեռուս հյուսերը:
-Տենց հա՜,- ծոր տվեց քեռիս:
-Իսկ Դո՞ւք ինչպես եք… Ի՞նչ նորություններ կան Ձեր… այսինքն` մեր գյուղում:
-Սաղ նույնն ա էլի,- անտարբեր ասաց քեռիս,-դե լավ, մենք գնանք, Զվարթ, վե՛ր:
-Ո՞ւր եք գնում, մնացեք հիմա թեյ կմատուցեմ,-ասաց հյուրասեր տանտիրուհին:
-Չէ, ապրես, ցավդ տանեմ, չենք ուզում, մի քիչ վռազ ենք էլի պիտի հասնենք մեր գյուղը,-ժպտաց քեռիս և կնոջ հետ դուրս եկան:
-Տեսար ի՜նչ համագյուղացիներ ունեմ,-հպարտորեն ասաց տանտերը,- հատուկ գյուղից եկել էին` իմ որպիսությունն իմանանալու համար:
Տիկինը հպարտությունից փայլող ճակատով նայեց իր ամուսնուն և ասաց.
-Այո, տեսա, հպարտացա քեզնով:
Քեռիս և քեռակինս գյուղ հասնելու ողջ ճանապարհին քննարկեցին տեղի ունեցածը.
-Մա՛րդ ջան, էտ ինչ տեսակ մարդիկ էին, մի երկու բառ գիտեին, հա աչքդ էին կոխում: Էն… էն… էն ո՞նց էր…հա, “հանսարքի՞”…
-“Հիրավի՜”, “հիրավի”, ա՛յ կնիկ ... հա, ուզում էր ինձ նեղը գցեր… բայց հետո տեսավ, որ Ծատուրը նեղն ընկնողներից չի…
-Հա մարդ ջան… չէ… լավ մարդիկ չէին, հեչ էլ դուրս չեկան, թեկուզ աղջիկն էլ պսակված չըլներ, չէի ուզի դրանց աղջկան… դրանք ի՞նչ են, որ մեզ խնամի դառնան…
-Հա՛ կնիկ ջան… Ուղեղդ աշխատում ա էլի, հո զոռով չի՞,-ամուսինները նայեցին իրար ու ժպտացին:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
*e}|{uka* (26.06.2010), Agni (26.06.2010), armen9494 (19.09.2011), ars83 (13.09.2011), javaharut (30.09.2010), My World My Space (26.06.2010), Արէա (26.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Ժունդիայի (26.06.2010), Հենրիկ Բաբաջանյան (25.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (25.06.2010), Ուլուանա (27.06.2010)
Ներսում նստած էր տիկինի ամուսինը և խորասուզված ընթերցում էր 20-րդ դարի գրականության վերլուծության ձեռնարկ:Էս անգամ բարի եմ, չեմ ջախջախում, բայց զիված սպասում եմ հաջորդ հատվածին
Կարծում եմ՝ քեռին հիրավի հասկացավ, թե ինչ ասել է՝ Սելինջերի և Սարոյանի ստեղծագործությունների միջև մտովի համեմատական անցկացնել
![]()
Էլիզե (26.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ