Ստորև ցանկանում եմ Ձեր դատին հանձնել իմ գրած առաջին հումորային պատմվածքը, որի գլխավոր հերոսը երևակայական կերպար է՝ քեռի Ծատուրը: Ցանկանում եմ Ձեզ հաճելի և ժպիտներով լի ընթերցում:
---------- Ավելացվել է՝ 19:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:07 ----------
Իմ քեռի Ծատուրը
1. Քեռի Ծատուրի վսեմ արտաքինը.
Նախքան իմ քեռի Ծատուրի սխրագործությունների մասին խոսելը, հարկ եմ համարում ներկայացնել իմ քեռուն: Ծանոթացեք` իմ քեռի Ծատուրը, որը, հաղթանդամ, ճաղատ գլուխով, պատշաճ չափսերի հասնող ահռելի մեծ քթով և բարի աչքերով մարդ է: Ի հեճուկս քեռի Ծատուրի ճաղատ գլխի` թավ հոնքերը և հոնքերին զուգահեռ երկար բեղերը աճում էին աննկարագրելի հանդգնությամբ: Իմ քեռի Ծատուրը օժտված էր բնատուր անհաջողակությամբ և ձեռքբերովի լավատեսությամբ: Ընդհանուր առմամբ նա շատ լավ մարդ էր և, եթե հաշվի չառնենք նրա շատախոսությունը, նրան անգամ կարելի էր համարել անվնաս: Քեռի Ծատուրի ամբողջական պատկերը կազմելու համար, պետք է նաև ծանոթանալ իմ քեռու վեհ ներաշխարհին, որը, ի տարբերություն արտաքին տվյալների, շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
2. Քեռի Ծատուրի հարուստ ներաշխարհը.
Իմ քեռի Ծատուրը, ծնված լինելով Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, հոգու խորքում իրեն միշտ համարել է անզուգական սրտակեր, անպարտելի մարմնամարզիկ, անաչառ դատավոր, բանիմաց դիվանագետ, շա՜տ համեստ անձնավորություն և այլն:
Մեղմ ասած, նա չուներ վերը նշված և ոչ մի հատկանիշի աղոտ ստվերն անգամ: Ամեն մասնագիտության մասին խոսելիս քեռի Ծատուրը սփոփանք չհանդուրժող ձայնով ասում էր` այդ մասնագիտությունը մի հոյակապ պրոֆեսիոնալ կորցրեց: «Պրոֆեսիոնալ» ասելով նա միշտ ի նկատի ուներ ոչ ավել, ոչ պակաս քան իր անձը: Քեռի Ծատուրը չէր ընդունում ինքնաքննադատության թեթև նշույլն անգամ, սակայն սիրով քննադատում էր բոլորին` ստանալով դրանից գերագույն հաճույք:
Ա՜խ, մոռացա նշել` իմ քեռի Ծատուրը իրեն միշտ համարում էր նաև հաջողակ բիզնեսմեն և երբեք առիթը բաց չէր թողնում դա ի ցույց դնել:
Օրերից մի օր, իմ քեռի Ծատուրը հորթերին և կովերին ճիպոտահարելու առաջին լուրջ հաջողություններին հասնելուց հետո, որոշեց, որ ինքը պետք է զբաղվի բիզնեսով: Գյուղի կեսին նա ստիպեց իրեն դիմել «Բիզնեսմեն Ծատուրը» անունով: Մեկ ու կես օր մտորելով շատ ու անչափ շահութաբեր բիզնեսի մասին, նա վերջապես գտավ իր բիզնեսի ոլորտը` կարտոֆիլը:
Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր. նա ցանում էր կարտոֆիլ, կարոֆիլի հասունանալուն պես` նա այդ ազնվագույն բանջարեղենը փոխում էր պանրի հետ, այնուհետև պանիրը տանում էր կողքի գյուղը և կրկին փոխարինում էր կարտոֆիլով, ապա այդ կարտոֆիլը վաճառում էր իր համագյուղացիներին` շուկայական գնից կրկնակի բարձր գնով: Այդքան բան: «Մարդիկ կարտոֆիլ շատ են սիրում, հետևաբար շատ են գնում, ապագան նրանն է, ով կարտիֆիլ է վաճառում». այդպես էր արտահայտվում իր բիզնեսի մասին իմ քեռին:
Իմ քեռիի բիզնեսը սկսեց նրանից, որ... ցանած կարտոֆիլի մի մասը աճեց, իսկ ավելի կոնկրետ` շատ քիչ մասը: Այդ աճած կարտոֆիլներն էլ մանր էին և ոչ այնքան առողջ: Բայց քեռի Ծատուրի լավատեսությունը սահմաններ չէր ճանաչում. նա համոզում էր իր համագյուղացիներին` պանիրը փոխել կարտոֆիլի հետ: Համագյուղացիներն էլ նայում էին վստահություն չներշնչող պստլիկ կարտոֆիլներին և միաբերան պնդում, որ պանիր չունեն, թե չէ ձեռքներից երբեք բաց չէին թողնի նման շահութաբեր առաջարկը:
Կարճ ասած` ոչ ոք չգնահատեց մեծն գործարարի ջանքերը, և բիզնեսը վերջացավ նրանով, որ քեռիիս ընտանիքը չորս ամիս միայն կարտոֆիլով էր սնվում: Այդ կարտոֆիլաշատ չորս ամիսներից հետո, քեռիիս տանը խստիվ արգելվեց «կարտոֆիլ» բառի արտաբերումը:
Դրանով վերջացան մեծն գործարարի առաջին քայլերը բիզնեսում, բայց երկրորդ, երրորդ և այլ քայլերը դեռ առջևում էին:



Մեջբերել


բայց այստեղ էլ եմ ասելու, էս հատվածով դու ուղղակի ցույց տվեցիր, որ հետաքրքիր ու ինքնատիպ պատմելու ձև ունես, բայց սա նույնիսկ սկիզբ չէր, այլ ուղղակի առաջին էջ, ես Ծատուր քեռու արկածների լուրջ զարգացում եմ պահանջում, թե չէ այսպես ոնց որ ցույց տաս, որ տեսեք-տեսեք՝ կարող եմ գրել, բայց չեմ գրի, խի՞ գրեմ, որ մի հատ էլ կարդաք
: (Ասածս պատմվածքին է վերաբերում, ոչ-թե քեռուն)

Էջանիշներ