Ամեն ինչից ցավ սարքելու բացառիկ տաղանդ ունեմ։ Բութ դանակով մորթելու նման տանջող ցավ։
Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ում պիտի սիրեի, պիտի հիշեի, պիտի հոգ տանեի, բայց չեմ անում։
Մեղքի զգացում տրոլեյբուսով երթևեկող տատիկ-պապիկների հանդեպ, որովհետև ես ջահել եմ, իսկ նրանք Վերջին են մոտեցել, ու որովհետև իմ ներկայությամբ երևի նրանց հիշեցնում եմ, որ իրենք արդեն երիտասարդ չեն։
Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ովքեր ինձնից մեծ բաներ են սպասում, իսկ իմ անիծյալ անգործնականությունը թույլ չի տալիս որևէ լուրջ գործի կպչել։
Մեղքի զգացում ցանկացած տղայի հանդեպ, ում զգացմունքներն ստիպված եմ մերժել, որովհետև գիտեմ, թե ինչ ցավոտ է մերժված լինելը։
Մեղքի զգացում գրքերի հանդեպ, որ սկսել եմ կարդալ ու չեմ ավարտել։
Մի խոսքով՝ համատարած մեղքի զգացում։
Ակումբում մի անեկդոտ աչքովս ընկավ. իսկը իմ մասին էր, թեև մեջն իմ անունը չկար.
հայերն ու հրեաները անալգին չեն խմում, որ ցավը երկար զգան...
---------- Ավելացվել է՝ 04:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:05 ----------
Երկու օր առաջ հորեղբորս տղային բանակ էինք ճանապարհում։ Բարեկամների հիմնական մասն արդեն վաղուց այստեղ է ապրում։ Եկել էին՝ զուգված-զարդարված, խնամված, կոկիկ, սիրուն, քաղաքակիրթ։
Գյուղից քիչ մարդ կար։
Քնարիկն ինձնից մի տարի է մեծ։ Գրկելուց առաջ ձեռքը սեղմեցի. կոշտացած էր, չոր, ճաքճքած։ Կարճաթև զգեստով էր, թևերը մինչև արմունկները արևից վառված-սևացած էին, նույն կերպ էլ դեմքն ու պարանոցը։ Իսկ ուսերը սպիտա՜կ-սպիտակ...
Երկու հրաշք բալիկ ունի։ Տանջված էր, նիհարած, դեմքին հոգնածության ու մի տեսակ անտարբերության արտահայտություն։
Ես էլ մի եսիմ ինչ խնամված կամ նուրբ չեմ։ Բայց ամաչեցի իմ փափուկ ձեռքերի համար։ Ատեցի էդ բոլոր տիկնիկատիպ աղջիկներին, որոնցից ոմանք հաստատ արհամարհանքով էին նայում Քնարիկի կոպտացած ձեռքերին։ Ինքն էլ էր ամաչում։ Ժամանակին մտերիմ էինք, իսկ այդ օրն զգացի, որ ինձնից էլ է մի տեսակ քաշվում, խուսափում։ Ախր ինչի՞ համար։ Որովհետև ես ութ տարի է՝ քաղաքո՞ւմ եմ ապրում։ Որովհետև իմ ծնողներն ինձ հնարավորություն տվեցին համալսարանում սովորելու, իսկ իր հայրը չուզե՞ց։ Որովհետև ես «խելացի բաներից» եմ խոսում, իսկ ինքը ժամանակ չունի՞ կարդալու։ Է հետո՞ ինչ...
Մի քանի ժամով էին եկել։ Երկար չէին կարող մնալ. տանն էնքա՜ն բան կար անելու։ Գիշերվա կեսին ճանապարհ ընկան։
***
...Երկու օր է՝ ուղեղումս քաոս է, ու ես էլ չեմ հասկանում՝ ինչու: Երևի որովհետև պարզ ու շոշափելի զգացի, որ ես մեր գյուղ չեմ վերադառնա։ Ինչ-որ թանկ մի բան անդարձ փշրվել է. ինձ էլ ոչինչ չի կապում այդ աշխարհի հետ։ Բայց այս աշխարհն էլ հարազատ չի դառնում։ Մնացել եմ «երկու աշխարհի սահմանագծում»՝ առանց ատքերիս տակ հենարան զգալու։
Հա, մեկ էլ մի քանի օր առաջ սարսափով նկատեցի, որ վաղուց ոչինչ չեմ երազում։ Չէ, ավելի ճիշտ՝ չեմ կարողանում երազել։ Բթացել եմ...
Էջանիշներ