Անաստղ գիշեր է ու էնպիսի լռություն, որ նեթբուքիս աշխատանքն ինձ չափազանց աղմկոտ է թվում։ Քիչ առաջ լույսը դեռ անջատած չէր, ու գրքի էջը շրջելու ձայնի հետ կատարյալ լռությունը խախտում էր ինչ-որ անհասկանալի թրթռոց։ Երբ ուզեցի պատուհանից նայել, որ դուրս գալուս երթուղին նախապես մշակեմ, հայտնաբերեցի, որ ապակիները դրսի կողմից ծածկված են միջատների պարսերով։ Մոռացել էի, հիշեցի
Խենթանում եմ գյուղի գիշերվա համար։ Սենց ժամանակ քիչ է մնում հավատամ, որ Աստված գոյություն ունի։
Էսքան մաքուր, կատարյալ, աստվածային բան մեկ էլ գյուղի ձմռան գիշերն է։
***
Էսօր մայր մտնող արևն աչքով էր անում ու կանչում դուրս, ասում էր՝ արի պաչիկ անեմ, արի մի քիչ խաղանք, վաղուց չես երևացել։ Համոզեց։ Բարձրացա տանիք, պառկեցի դեռ տաք թիթեղներին, ու սկսեցինք խաղալ անցած տարիների նման։ Խուտուտ տվեց կիսափակ աչքերս, փակեցի, սկսեց սահել կոպերիս վրայով ու պատկերներ գծել։ Արմունկներով ծածկեցի դեմքս։ Հիմա էլ սկսեց բաց մնացած մրսած քիթս ծակծկել։ Քամին էլ մյուս կողմից էր խուտուտ տալիս, բայց ես իրենից նեղացա, որովհետև մոռացել էր, որ ես էդ անտեր քաղաքում մրսկան եմ դարձել, ու ինքն ինձ հետ գոնե մի օր քնքուշ պիտի վարվի։ Իսկ ինքը սրիկայաբար սողոսկեց հագուստիս տակ, ես էլ մրսեցի ու շուտ ներս եկա։
Սրիկայի´ մեկը. չթողեց՝ արևիս հետ ջրիկանանք մի քիչ։
***
Առավոտը դուրս կգամ բոբիկ ոտքերս սառը ցողով օծելու ու շարունակելու արևի հետ ընդհատված խաղը. ցողի կաթիլներից անդրադարձող ճառագայթներն ավելի չարաճճի են, ջրիկ, իսկը իմ խելքի![]()
Էջանիշներ