Ցնդում եմ երևի, բայց ոնց որ քարացած լինեմ։ Մի կաթիլ արցունք չկա. աչքերիս դեմ իմ լուսավոր, մինչև վերջին օրերը կենսախինդ, աննկարագրելի բարի հորքուրի անշունչ մարմինն է, ու ես ոչ մի կերպ դա չեմ ընկալում։ Հավատս չի գալիս ուղղակի, որ ինքն է, որ մի շաբաթ առաջ կար ու էլ չի լինելու։
Ու էս չհավատալուցս չեմ էլ հասկանում՝ շուրջս ինչ է կատարվում։ Էդ բոլոր եկող-գնացողները, լացողները, ողբ ասողներն ու անկյուններում հազար տարվա ծանոթին հանդիպած բամբասողներն ուղղակի ուսումնասիրության առարկա են ինձ համար։ Ոնց որ ինձ հետ կապ չունեցող ներկայացման նայեմ կողքից։
Քուրիկիս լացն է մենակ ականջներումս։ Բայց ինքն էլ էնպես է խոսում մամայի հետ, որ չեմ զգում հորքուրիս չլինելը։ Ամեն պահն աչքիս առաջ է գալիս, ու ինքը կենդանի է, խոսում է, ժպտում, համոզում... Հրաշք հորքուրս...
Գիտեմ, սարսափելին հետո է սկսվելու, երբ էս բոլոր մարդիկ ցրվեն իրենց գործերով, ու ամեն մեկս սկսենք արդեն առօրյայում փնտրել իրեն։ Այ էդ ժամանակ է գալու դատարկությունը, որ ինքդ քեզ համոզելով չես լցնի։
Էջանիշներ