Սա մի անգամ էլ լսենք մաքրվելու համար ու սկսենք....
Դատարկության զարհուրելի զգացում, որը միշտ առաջանում է, երբ մեջդ մարդիկ են մեռնում, հետևաբար՝ նաև քո մի մասը:
Բայց մեկ-մեկ նույն պատճառով մեջդ նաև ծնվում են մարդիկ, ու էլի լցվում ես…
Զարմանալի հավասարություն՝ մեկ օրում երկու մահ, երկու վերածնունդ… Վաղուց աշխարհումս նման բան չէր եղել…
Դիմակահանդե՞ս... Հա, գրողը տանի, էս աշխարհն արդեն ես էլ հենց միայն էդ բառով կարող եմ բնութագրել… Բոլորը դիմակներով են ու էնքան են վարժվել իրենց դիմակներին, որ մոռացել են՝ մարդկային դեմքն ինչ տեսք ունի իրականում, ավելի ճիշտ՝ մոռացել են դիմակի գոյությունը: Ու երբ պատահաբար այդ դիմակահանդեսում հայտնվում է բանից անտեղյակ մեկը, նրա մարդկային դեմքը զարմացնում, վախեցնում, վանում է մյուսներին… Միայն այն քչերը, ովքեր հիշում են իրենց իսկական դեմքը դիմակի տակ, հասկանում են, որ իրենց դիմաց մարդն է՝ իր նախաստեղծ վիճակի մեջ, չաղտոտված թատերական-կյանքային օրենքներով: Մարդը, որը գուցե անսովոր է, տվյալ դեպքում՝ խենթ, միամիտ, ներկայացումից բան չհասկացող... Մարդը՝ երեխան...
Ես երջանիկ եմ… Կարող է ձեզ տարօրինակ թվա, բայց ես իրոք երջանիկ եմ… Ու էլի լիքը նման մահերի եմ պատրաստ, հոգիս էլի՛ դատարկելու եմ պատրաստ այսօրվա ծնունդների նման լցվելու առիթների համար...
Նրանցից մեկը գուցե կկարդա սա ու կհասկանա, որ իր մասին եմ գրում, մյուսը գուցե երբեք էլ չի իմանա, որ այսօր ինքը նորից ծնվեց իմ մեջ, բայց ես ուզում եմ գոռալ, որ երջանիկ եմ:
Գիտակցումը, որ մենակ չես, որ քո մասին մտածողներ կան, պաշտպանվածության, ապահովության զգացում է ծնում. մի բան, ինչի պակասն զգացել եմ դեռ վաղ մանկությունից: Ու թքած, թե այդ զգացման բացը լրացնելու իմ միջոցը ոմանց աչքին կարող է բոլորովին այլ բան երևալ:
Ես կամ այն քչերի համար, որոնք հոգուս ծնունդներ են պարգևում, ոչ թե մահեր: Մյուսների համար, ինչպես Չիլին կասեր, չկամ...
Փնտրեք ու գտեք էն մարդկանց, ովքեր ձեր դիմականահանդեսում ձեզ հետ վալս պարելու հարմար պարազույգ կլինեն: Իմ լեռնային քոչարու հետ գործ չունեք...
Էջանիշներ