Երկու կյանք
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ։ Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիներում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
Կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
Ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
Մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:
Մեր կյանքը-երկու կենսագրություն,
Գրված նույն թղթի տարբեր էջերում:
Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
Որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
Տասնյակ տարների հեռավորությունից, իսկ նա
Հանգել է և դարձել մի աստղափոշի:
Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
Մի տարածություն, ուր կարող եմ նստել և նայել
Մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
Մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
Նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:
Հենրիկ Էդոյան
Էջանիշներ