Հարսանիքը մեր գյուղում.
Հարսանիքի նախորդ օրը կատարում են մսացու մորթելու արարողությունը։ Ներկա են լինում հիմնականում տղամարդիկ և երեխաները։ Եթե մորթվող կենդանին շատ մեծ կամ շատ ուժեղ չէ կամ փեսացուն վստահ է իր ուժերի վրա, կենդանուն բաց են թողնում, իսկ փեսան պետք է կարողանա «հաղթել» նրան և պահել, մինչև մորթողները մոտենան ու կապկպեն։
Հարսանիքի օրը մեր գյուղում հարսին հիմնականում ոչ թե հայրական տնից են հանում, այլ մոտ ազգականներից մեկի։ Դրանից առաջ (հիմնականում նախորդ օրը) այդ տանը տեղի է ունենում գլուխլվայի արարողությունը։ Հարսանիքի օրը այդ տանը գտնվող աղջիկները (հարսի ազգականուհիներն ու ընկերուհիները)
ծաղկըվոր (ծաղկավոր) են կոչվում։
Հարսի հետևից գնալիս փեսայի կողմի ջահելները նաև մի զարդարված աքլոր են տանում։ Հետո այն ազգականը, որի տնից հանում են հարսին, մի հավ է տալիս երիտասարդներին, սակայն շատ ավելի խրախուսելի է, եթե ազապներին հաջողվում է այդ հավը նախապես «գողանալ»։ Հետո ևծ հավը, և´ աքլորը մնում են երիտասարդներին։
Ի դեպ՝ հարսանեկան թափորը աշխատում է փեսայի տուն վերադառնալ ոչ այն ճանապարհով, որով գնացել էին հարսի հետևից։
Մեր գյուղում մի ավանդույթ էլ կար (չգիտեմ՝ այլ տեղերում ինչքանով է տարածված), որը շատ եմ սիրում, բայց արդեն կամաց-կամաց վերանում է։ Հարսանիքի հաջորդ օրը ևս մեկ՝ ավելի փոքրաթիվ մարդկանցով քեֆ է, որին խրախուսվում է հիմնականում երիտասարդների և իրենց երիտասարդ զգացողների ներկայությունը։ Կենտրոնական դերում «բոխչան» է, որի մեջ ինչ ասես լինում է՝ ամենաանհավանական համադրություններով բրդուճներ (օրինակ՝ լավաշ ու նարնջի կեղև

), հետաքրքիր ու զվարճալի զգեստներ, միսը վրայից հանված ոսկոր... Մեկ այլ տոպրակի մեջ թղթի վրա «փորձություններ» են գրված. ով ինչ թուղթ հանի, պարտավոր է առաջադրանքը կատարել, ասենք՝ բոխչային հանել ձեռքն ընկած առաջին բրդուճը և ուտելով պարել... Կան նաև հատուկ առաջադրանքներ հարսի ու փեսայի համար՝ միմյանց նմանակել, հարսը փեսայի, փեսան՝ հարսի նման պարել և այլն։
Ես մի բանում համոզված եմ. հարցը ամենևին ավանդույթները չեն, այլ մեր հարաբերությունները այն մարդկաց հետ, ովքեր, ըստ այդ ավանդույթների, պիտի մաս կազմեն հարսանեկան արարողությանը։ Եթե, օրինակ, ազգականներիդ մեծ մասին տանել չես կարողանում, բնականաբար չես էլ ուզենա, որ նրանք քո հարսանիքին ներկա գտնվեն...
Էջանիշներ