Ուրիշ կնոջ մասին
Նամակ երրորդ
Եվ այսպես, այդ Ուրիշը ձեզ հյուր եկավ: Դուք նրան ընդունեցիք շատ սիրալիր, դիտեցիք ինչպես հարկն է, ուշադիր լսեցիք, ձգտելով գնահատել նրան այնպես, ինչպես կգնահատեր կողմնակի կամ սիրահարված մարդը: Քննությունը տանջալից էր, բայց օգտակար: Դուք նկատեցիք բազմաթիվ գծեր, որոնք ձեր աչքից վրիպել էին առաջին հանդիպման ժամանակ: Նրա գնալուց հետո, գիշերային լռության մեջ, երբ ձեր ամուսինն արդեն քնած էր, դուք ամփոփեցիք երեկոն:
"Նա ինձանից ավելի գեղեցիկ չէ, բայց հմտորեն է օգտվում իր գեղեցկությունից: նա հիանալի ճաշակ ունի: Նրա բեժ գույնի բրդյա շորը, կարմիր գոտին, բերետը` ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրված է, հմտորեն հարմարեցված, անբասիր է… Գուցե բանը փողի՞ մեջ է: Ոչ, և շորերը, և բերետը թանկ խանութից չեն: Պարզապես դրանք սիրով են ընտրված: Միանգամից երևում է, որ նա ձգտում է իրեն արվեստի ստեղծագործություն դարձնել: Անկեղծ լինենք. մեծ չափով դա նրան հաջողվել է:
Եվ ահա թե ինչ. Ես սկսում եմ հասկանալ, թե նա ինչով է այդպես հրապուրում Ժակին: Ես ինքս ամաչկոտ եմ ու լռակյաց: Բացի այն րոպեներից, երբ խիստ զայրույթ կամ հսկայական երջանկություն եմ ապրում` այդ ժամանակ ես ինձ նման չեմ, ես հազվագյուտ եմ արտահայտում զգացմունքներս: Դա իմ մեղքը չէ: Այդպես են ինձ դաստիարակել ծնողներս, որոնք դաժան մարդիկ էին: Իմ տեսքը միշտ խստաբարո է, և դա այդպես է: Իսկ այդ Ուրիշը… իսկը անբռնազբոսություն է: Ամուսինս նրա ներկայությամբ բերեց Ստենդալի խոսքերը /Ժակը մեջբերում է անում Ստենդալից: նա ինձ վախեցնում է… թեև ծիծաղելի է երևում/. "Ես այնպես եմ սիրում բնական ամեն բան, որ փողոցում կանգ եմ առնում դիտելու, թե ինչպես է շունը կրծում ոսկորը”: Նա ասաց. "Դիպուկ է ասված”/: Նա ինքը` այդ Ուրիշն ուտում և խմում է ակնհայտ հաճույքով: Գեղեցիկ է խոսում ծաղիկների ու մրգերի մասին: Պարզվում է, զգայականությունը կարելի է արտահայտել մեծ նրբագեղությամբ: Ես դա հասկացա` նայելով Ուրիշին: Նա հիանալի պատմող է. երբեք չի թողնի, որ զրույցը մարի, իսկ ես, ընդհակառակը, միշտ մտածում եմ, թե ինչ արտասովոր բան ասեմ”:
Եվ դուք կրկին մենակ մնացիք, երկար ժամանակ լալիս էիք: Այժմ արդեն ոչ ատելությունից ու նույնիսկ ոչ խանդից: Այլ սեփական ոչնչության գիտակցումից: Հանկարծ ձեր մտքով անցավ, որ դուք արժանի չեք ձեր ամուսնուն. "Նա հրապուրվել է ավելի վառ ու գրավիչ մի կնոջով, մի՞թե դա հանցագործություն է”:
Դուք այնպես եք ստեղծված, որ արցունքները սովորաբար նշանավորում են ձեր հոգում կատարվող բեկումը` դեպի լավը: Դուք զսպեցիք ձեզ և սրբեցիք աչքերդ: Դուք որոշեցիք մարտնչել այդ Ուրիշի հետ իր իսկ զենքով: Նա կենսուրա՞խ է: Դուք էլ կենսուրախ կդառնաք: Նա գերում է իր լեզվո՞վ: Դուք էլ կփորձեք ձեր խոսքն ավելի բովանդակալից դարձնել` ընթերցելով, հաճախակի հանդիպելով հետաքրքիր մարդկանց հետ: Նա ձեր ամուսնուն տարել է նկարների ցուցահանդեսներ և կինոֆիլմեր դիտելու՞: Մի՞թե դա ամեն կնոջ և հատկապես ձեր ուժերից վեր է:
Դուք երկար ժամանակ սարսափելի հիշողություններ կպահպանեք այն ժամանակաշրջանի մասին, որ հետևեց այդ որոշումն ընդունելուն: Քանի որ Ուրիշը հաղթանակեց, դուք վճռեցիք դառնալ այնպիսին, ինչպիսին նա է: Օ, դուք ջանացել եք ամբողջ երեք ամիս և այնքան հոգսեր եք պատճառել ձեզ: Ձեր ջանքերի մեջ ներդնելով ձեր ամբողջ հոգին, դուք արժանի էիք հաջողության: Սակայն ինչպիսի ձախողմամբ ավարտվեց դա: Դուք խիզախորեն խաղացիք մի կատակերգություն: Անհոգ էիք ձևանում, երբ ձեր սիրտը կտոր-կտոր էր լինում հուսահատությունից: Ձեր ամուսնուն հաճոյանալու համար անխոնջ կերպով շաբաթ և կիրակի օրերի զվարճություններ էիք հորինում: Սկզբում նա զարմանքով միայն նայում էր ձեզ վրա: "Այդ ինչ է պատահել քեզ,- ասում էր նա:- Դու խելագարվե՞լ ես: Ես այնպես ուրախ եմ, որ գոնե կիրակի օրը կարող եմ հանգստանալ, իսկ դու ինձ ստիպում ես թանգարաններ վազվզել. Ոչ շնորհակալ եմ”: Մի ուրիշ անգամ նա ասաց. "Դու իսկական ճչանակ ես դարձել: Քեզ հնարավոր չէ կանգնեցնել, խոսում ես, անընդհատ խոսում: Իրոք դու ինձ ձանձրացնում ես”:
Իսկ ինչքան արտասուք թափվեց այն օրը, երբ խնամքով ընտրելով անգլիական կոստյում, որին, ինչպես կարծում էիք, հավանություն կտար Ուրիշը, դուք այն հագած, հպարտությամբ երևացիք ձեր ամուսնուն: Սկզբում նա ոչինչ չնկատեց: Վերջապես դուք հարցիք.
-Ժակ, դու ոչինչ չե՞ս ասում… Քեզ դուր է գալի՞ս իմ կոստյումը:
-Դեհ, կոստյումը շատ լավն է,-պատասխանեց նա:
Այդ պահին դուք վճռեցիք, որ ամեն ինչ կորած է: Մնում էր դադարեցնել պայքարը և ընդունել Ուրիշի հաղթանակը:
Ձեր ընկերուհիներից մեկի օրինակը, անվանենք նրան Երրորդ, ձեզ փրկություն բերեց` բացելով ձեր աչքերը սեփական սխալների վրա:
Դուք Անաբելլայի հետ ծանոթ էիք մանկուց: Արդեն այն հեռավոր տարիներին նա զարմացնում էր կամքի լիակատար բացակայությամբ: Ընդհանուր առմամբ, այդ բավական լավ, թերևս, չափազանց բարի աղջիկը հեշտությամբ էր ենթարկվում շրջապատի, և մասնավորապես` ձեր ազդեցությանը: Կար ժամանկ, երբ Անաբելլան ձգտում էր նմանվել ձեզ, ընդօրինակելով ձեր սանրվածքը և արտագրելով առաջադրանքները: Ավելի ուշ դուք կրկին հանդիպեցիք: Առաջվա նման նա պատրաստ էր պար գալ առաջին պատահած մարդու նվագի տակ: Երբ տեսնում էր, որ նրա բարեկամները հիացած են որևէ շիկահեր կնոջով, նա անմիջապես գնում էր ներկվելու: Հենց նկատում էր, որ մի մոդայիկ կինոաստղ կարճ, աստվածային ճարտարապետի հատիչով վարպետորեն քանդակած քիթ ունի, նրան անմիջապես համակում էր ճիշտ նույնպիսի քիթ ունենալու ցանկությունը, և նա վազում էր վիրաբույժ-կոսմետոլոգի մոտ: Ձեզ համար ամենադժվար պահին առիթը նորից հանդիպեցրեց ձեզ նրան: Դուք տեսաք , թե ինչ աստիճանի էին այդ թշվառականին տգեղացնում և տաշած քիթը, և արծաթագույն խոպոպը, և շինծու կենսուրախությունը: Ձեր աչքերը կարծես բացվեցին:
"Պետք է լինել ոչ թե պարզապես անբռնազբոսիկ, այլ անբռնազբոսիկ իր ձևով”,- ասացիք ինքներդ ձեզ:
Այդ օրվանից դուք հրաժարվեցիք ուրիշին նմանվելու մտադրությունից: Դուք փորձեցիք դարձնել նրան ձեր ընկերուհին: Եվ առանց դվարության հասաք այդ բանին: Ինքներդ էլ չկռահելով` դուք նրա աչքում մեծ հեղինակություն ձեռք բերիք: Պարզվույմ է ` ձեր ամուսինը նրան շատ լավ բաներ է ասել ձեր մասին: Նա ձեզ գնահատել է ավելի քան դուք կարծում էիք: Այդ պատճառով էլ, բավական էր, որ դուք կանչեիք Ուրիշին, և նա գալիս էր: Դա հանգեցրեց հետաքրքրաշարժ փոփոխությունների:
Պաշտոնատեղից վերադառնալով և Ուրիշին իր տանը գտնելով, ձեր ամուսինը սովորում էր հանձին նրա տեսնել ոչ թե վեպի հերոսուհու, այլ տնային գործածության առարկայի նման մի բան: Սկզբում այդ անսպասելի բարեկամությունը զվարճացնում էր նրան: Նրան թվում էր, թե ինքն իշխում է ձեր երկուսիդ վրա: Բայց շատ շուտով ձեր և մյուսի մոտիկությունը դարձավ ավելի սերտ, քան նրա և ձեր ամուսնու միջև էր: Երկու կինն անհամեմատ ավելի շուտ են լեզու գտնում: Ուրիշը շատախոս էր և այդ պատճառով էլ սխալ գործեց: Նա իրեն չզսպեց և ձեզ պատմեց, թե հատկապես ինչն է պարսավում ձեր ամուսնու մեջ` ավելացնելով, որ շատ ավելի մեծ նշանակություն է տալիս ձեր բարեկամությանք, քան նրա քմահաճությանը: Դուք ողջամտություն ունեցաք նրա խոսքերը չհաղորդելու ձեր Ժակին. դրանք ցավ կպատճառեին նրան և կդիպչեին ինքնասիրությանը: Դա արդեն կլիներ ոչ միայն դատապարտելի քայլ, այլև տակտիկական սխալ: Նա ձեզ չէր հավատա, կգանգատվեր Ուրիշին, իսկ վերջինս փրփուրը բերանին, կժխտեր ամեն ինչ:
Դուք համբերատար սպասում էիք նոր հարաբերությունների զարգացմանը: Միայն մի բանում հետևեցիք Ուրիշի խորհուրդներին և օգտվեցիք նրա փորձից: Նա տվեց անհրաժեշտ հասցեներ, ասաց , թե ում մոտ պետք է հագնվել ու սանրվել: Եվ այստեղ արդեն դուք աշխատեցիք չընդօրինակել նրան, այլ գտնել ձեր սեփական ոճը: Ձեզ, ինչպես և նրան, ղեկավարում էր կատարելության հասնելու ձգտումը: Եվ դուք ձեռք բերիք ձեր կատարելությունը: Աննկարագրելի երջանկությամբ նկատեցիք, որ ձեր ամուսնու աչքերը հաճույքով կանգ են առնում ձեզ վրա և որ մարդկանց ներկայությամբ նա հիանում է ձեզնով:
Հերոսական համառությամբ դուք շարունակում էիք հրավիրել և ձեզ մոտ պահել Ուրիշին: Հարկավոր էր վերջնականապես գցել նրա հեղինակությունը: Դա շատ ժամանակ չխլեց: Նա սպառեց իր պատմությունները: Սկսեց ինքն իրեն կրկնել : Արդյո՞ք նա շարունակում էր մենակ հանդիպել ձեր ամուսնու հետ: Քիչ հավանական է, քանի որ նա այլևս չէր ստում` պատմելով թե ինչպես է օրն անցկացրել: Ձեր հաղթանակը փայլուն էր, թեև գաղտնի. Մի անգամ , երբ ձեր ամուսնուն առաջարկեցիք երեքով տուրիստական ուղևորություն կատարել մեքենայով, ձեր պայքարն ավարտվեց վերջնական հաղթանակով: Դուք թաքուն ցնծում էիք: Ձեր ամուսինը ջղայնացած բացականչեց.
-Դեհ ոչ… Նորի՞ց այդ կինը… չեմ հասկանում, դու ի՞նչ ես տարվել նրանով:
-Մ՞իթե դու ինքդ հաճելի չէիր համարում նրան:
-Հաճելի,- փնթփնթաց նա,- հաճելի… Կարելի է սիրել լավ գինին, բայց ինչու՞ նրանով միշտ ողողել բերանը… Եվ հետո, ճիշտն աած, շատ ավելի սրտովս է քեզ հետ երկուսով լինելը:
Դրանից հետո Ուրիշն աստիճանաբար անհետացավ ձեր կյանքից: Հանդիպումներն ավելի հազվադեպ դարձան: Դրանց միջև եղած ժամանակամիջոցները երկարեցին: Ուրիշն ընդամենը ստվեր դարձավ: Իսկ հետո առհասարակ դադարեց գոյություն ունենալուց: Ձեր ընտանեկան օջախը փրկված էր:
Էջանիշներ