Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող նյութը պատասխան-հոդված է «Էջմիածին» ամսագրում տպագրված մի գրախոսության: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի, պատասխան հրապարակումը իրականացնում է նույն լրատվամիջոցը, սակայն ամսագրի գլխավոր խմբագիր Արշակ Մադոյանը, խորհրդակցելով հոգևոր դասի ներկայացուցիչների հետ, հրաժարվեց տպագրել սույն հոդվածը
Վերջապես լույս տեսավ իմ հեղինակած «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը» աշխատության գրախոսությունը (ավելի շուտ` հակախոսությունը), որը գրել է պատմական գիտությունների դոկտոր Վրեժ Վարդանյանը[1]: Իսկ թե ինչու` «վերջապես լույս տեսավ», որովհետև ակադեմիական շրջանակներում վաղուց էին շրջանառվում գրքիս դեմ գրելու համար իջեցված հրահանգի մասին լուրերը: Ինչևէ, այժմ ինձ մնում է միայն օգտվել պատասխան խոսքի իրավունքից և, փորձելով գրախոսության նույն ոճով ու կառուցվածքով, նրանում արտահայտված մտքերն ու դատողությունները ծուռ հայելու փոխարեն իսկական հայելու մեջ անդրադարձնելով` ընդդիմախոսել ընդդիմախոսիս: Կարծում եմ, ասելիքն այսպես ավելի առարկայական կդառնա, որովհետև գրքի վերաբերյալ բազմաթիվ դատողություններ կան, որոնք բնորոշ են հենց գրախոսությանը: Հետևենք Վարդանյանի մեկնակերպին (ինչպես ինքն է կամենում հետևել իմ մեկնակերպին) և, ճիշտ հայելու առջև պահելով գրախոսությունը, ցույց տանք, որ ոչ թե գրքում, այլ այնտեղ են «քննության առնվում Հայոց եկեղեցու պատմությանն առնչվող իրողությունները` պատմության առողջ ըմբռնմանը հակասող մեկնաբանություններով ու եզրահանգումներով, դրույթներով» (129):
Գրախոսն իր առաջին մեղադրանքը ներկայացնելու համար հետևյալ մեջբերումն է կատարում. «Հանուն Հայաստանում սեփական իշխանության հաստատման` քրիստոնեական Եկեղեցին կործանեց Հայոց պետականությունը»[2]: Այո, իհարկե, սա իմ գրքից է: Բայց լավ հասկանալու համար, թե ինչ եմ ասել և ինչու եմ ասել` հարկավոր է գիրքն ամբողջությամբ նորից կարդալ, երկու տողով բացատրելու բան չէ: Ես, օրինակ, առանց լրացուցիչ բացատրության լրիվ հասկանում եմ պարոն Վարդանյանին, երբ նա գրում է, որ «գահընկեց անելով հայ Արշակունի վերջին թագավորին` Սասանյան տիրակալը Հայաստանի քաղաքական ղեկը հանձնեց Եկեղեցու ձեռքը, որը ժողովրդի ներկայացուցիչն էր արյաց դռան առջև»[3]: Նշանակում է, գիրքս «քննողի» համար էլ է անշրջանցելի ճշմարտություն, որ V դարում արդեն եկեղեցին ստանձնել էր Հայաստանի քաղաքական ղեկը: Ինքս միայն շեշտել եմ` ցանկանալով է ստանձնել:
Ի դեպ, միայն ես չեմ դա ասել: Լեոյի համոզմամբ, «ամբողջ չորրոդ դարն արդեն ցույց տվեց մեզ որ քրիստոնեությունը, Հայաստան մուտք գործելուց հետո, հայ ժողովրդի քաղաքական շահերը հպատակեցնում էր իր շահերին»[4]: Զորայր Խալափյանը պատմավեպ է գրել, բայց պատմաբանի հայացքով է նայել ժամանակին: Ահա այն. «Եկեղեցին պատճառ դարձավ հայ ինքնուրույն թագավորության անկման… Հարյուրավոր եպիսկոպոսները, որ մեծ մասամբ այլազգիներ էին և նրանց մեջ պակաս չէին խաչագողերն ու շնացողները, իրենց բարոյապես բարձր էին պահում թագավորից: Սրանք ևս ղեկավարվելով արդարության թյուր ըմբռնմամբ, ձգտում էին ստեղծել «Քրիստոսի արդար թագավորությունը երկրի վրա», եկեղեցին ինքն էր ձգտում թագավորել ու թագավորեց, իշխանության սկզբունքները փոխարինվեց գաղափարախոսությամբ, իսկ դա պետության վախճանն էր»[5]: Ներկայացնելու համար, թե որն է իշխանության սկզբունքներին փոխարինած այդ գաղափարախոսությունը, հեռու չեմ գնա, կվկայաբերեմ Վ. Վարդանյանի նույն աշխատությունից մի փոքրիկ ծանոթագրություն: Սա է. «Հովհաննես Արճիշեցին իր «Մեկնութիւն պատարագին» գործում գրել է. «Եկեղեցին տուն, բնակարան է երկնաւոր Թագաւորին»` Աստծու, որը եկեղեցականներին կարգել է «իբրև իշխան» ժողովրդի վրա (ընդգծ. իմն է.- Հ.Դ.)»[6]: Իսկ եթե հետաքրքրում է նաև այն հարցը, թե «ինչու էր եկեղեցին համարում, որ իշխելու իրավունքն իրենն է», ապա, կարծում եմ, հարկավոր է նախ ուսումնասիրել Հայաստանյայց եկեղեցու դավանաբանությունը:
Հաջորդը: Վարդանյանը գրում է. «Ներքին ու արտաքին ախոյանների դեմ Եկեղեցին ու պետությունը պայքարում էին միասնաբար: Նրանց միջև հաստատված բնական դաշինքը տվեց ցանկալի պտուղներ: 335 թ. մազքութների Հայաստան կատարած հարձակումից հետո Վրթանեսը հատուկ կոնդակով սահմանեց, որ յուրաքանչյուր տարի պատարագին պետք է հիշվեն Հայրենի երկրի համար (ընդգծ. իմն են.- Հ.Դ.) մղված մարտերում զոհված հայ ռազմիկների անունները» (էջ 129):
Սահուն է Վրթանես կաթողիկոսի մասին ասվածը, և առավել համոզիչ է թվում, երբ հղում է կատարվում Փավստոս Բուզանդին (առանց մեջբերման), այն էլ` նրա երկի 1883 թվականի հրատարակությանը: Մենք էլ բացենք Բուզանդ (բայց 1987 թ. հրատարակություն) ու կարդանք (տեղի սղության պատճառով ես հատված կբերեմ, դուք ամբողջը կարդացեք). «Մեծ Վրթանեսը մոտենալով նրանց (Խոսրով թագավորին, և բոլոր զորքերին.- Հ.Դ.) սփոփում էր և ասում. «Մխիթարվեցեք Քրիստոսով, որովհետև նրանք, որ մեռան, մեր աշխարհի, եկեղեցիների և աստվածատուր հավատի համար (մեռան) […] և մեռնելիս հաստատ պահեցին իրենց հավատարմությունը ու իրենց անձերը զոհեցին աստվածային ճշմարտության համար, եկեղեցիների, նահատակների, կրոնի սուրբ ուխտի, հավատի կարգերի համար, քահանայական ուխտի և Քրիստոսի անունով անթիվ նոր մկրտվածների ու աշխարհի բնիկ տիրոջ համար, և նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին այս բոլորի համար, պետք է մեծարվեն Քրիստոսի համար զոհվածների հետ […]: Եվ Վրթանես մեծ քահանայապետը օրենք սահմանեց երկրում տարեցտարի նրանց հիշատակը կատարել, ինչպես և նրանց, որոնք նույն կերպով (ընդգծ. իմն է.- Հ.Դ.) երկրի փրկության համար կմեռնեն»[7]: Պարոն Վարդանյան, հիմա` ա) ըստ Վրթանեսի` Հայրենի երկրի՞, թե՞ եկեղեցիների և աստվածատուր հավատի համար մեռան Վաչեանք, բ) նույն կերպով մեռնողների մեջ Վրթանեսը չի թվում թագի, թագավորի ու թագավորության համար մեռնողներին. մի՞թե այդպիսիք չկային, գ) ըստ Ձեզ` Եկեղեցու և պետության միջև հաստատված բնական դաշինքի տված ցանկալի պտուղը զոհված զինվորների անվան հիշատակումը եղավ. սա՞ էր «ցանկալի պտուղը»: Ասեմ, որ ինքս էլ եմ անդրադարձել Վրթանեսի կոնդակին և, իհարկե, այլ կարծիք եմ հայտնել (տես գրքիս 198-րդ էջը): Գուցե չարժեր աչքաթող անել:
Երրորդը: Պատմ. գիտ. դոկտորը ինձ չիմացության մեջ բռնացնելու համար գրում է, որ Սահակ կաթողիկոսը «մինչև վերջ ընդդիմացավ Արտաշեսին գահընկեց անելուն, որը տեղի ունեցավ Վռամ Ե արքայի կայացրած հրապարակային դատի ժամանակ, երբ Սահակը ծառացավ թագավորական ատյանի որոշման դեմ, ի հետեւանս որի զրկվեց Կաթողիկոսի իրավասությունից եւ երեք տարի պահվեց աքսորում: Անգամ այդ պայմաններում նա կարողացավ Վռամ արքայից համաձայնություն կորզել` վավերացնելու հայոց Արշակունի թագավորների օրոք գործող հայ նախարարությունների գահակարգը (Խոր. Գ, կե), որը մեզ է հասել «Գահնամակ» անունով: Սակայն Դավթյանը քամահրում է այս փաստերը` (ընդգծ. իմն են.- Հ.Դ.) նշելով, թե իբր Վռամ արքան Սահակ Կաթողիկոսի «անչափ խոսուն լուռ համաձայնությամբ թագազրկեց Հայոց աշխարհը» (էջ 130):
Տեղյակ լինենք, հարգելի գրախոսող, որ Սահակ կաթողիկոսին դատի ժամանակ «Շապուհ արքան պաշտոնանկ արեց և քաղաքական մեղադրանքով ձերբակալեց»[8], որովհետև «Սասանյան թագավորները շարունակում էին կասկածով վերաբերվել հայերին, միշտ համարել նրանց հունական քաղաքականության և նվաճողական ձգտումների գործիք»[9]: Հիմա թե ինձ ու Լեոյին հավան չեք, Խորենացուն դիմենք: Նրանից մենք գիտենք, որ Վռամը Սահակին «արձակելիս կանչում է իր առաջ բազմամբոխ ատյանում և ասում. «Երդվեցնում եմ քեզ քո հավատով, որ հավատարիմ մնաս մեր հպատակության մեջ, ապստամբության խորհուրդներ չտածես` խաբվելով Հունաց մոլորական հավատակցությունից, պատճառ դառնալով, որ Հայաստանը մենք կորուստի մատնենք, և մեր բարերարությունը չարության փոխարկես»[10]: Այնուամենայնիվ, պարոն Վարդանյան, Սահակ կաթողիկոսն իր հունասիրության համար դատվեց, ոչ թե «ի հետևանս» Արտաշես թագավորի պաշտպանության: Սահակը հանց Պիղատոս էր այդ ատյանում, այնինչ կոչված էր պաշտպանելու թագավորին: Նա լռեց, «հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»[11]: Ձեռքերը լվաց, բառ անգամ չարտասանեց Հայոց թագավորի օգտին (ուր մնաց ծառանար որոշման դեմ), քաջ գիտենալով, որ իր խոսքը կարող է հակակշռել մեղադրող իշխանների խոսքին: Փոխարենը մեծն Սահակը խոսեց ի պաշտպանություն իրեն, «պարկեշտ և նազելի դիրք բռնելով, ինչպես բեմբասացության ժամանակ, համեստ հայացքով և ավելի համեստ ձայնով, և սկսեց ճառել իր հպատակության երախտիքները»[12]: Այս մասին գրում է նաև Փարպեցին[13]: Մի՞թե Խորենացի ու Փարպեցի կարդալուց հետո անգամ կարելի է գրել` «Սահակը ծառս եղավ»: Բայց, ինչպես տեսնում ենք, գրվում է, որովհետև առասպել է հարկավոր, ոչ թե ճշմարտություն:
«Գահնամակի» մասին: Այս փաստաթուղթը վավերացնելու համար Վռամ արքայից համաձայնություն կորզելու հարկ չկար, որովհետև կարգ էր` պիտի վավերացվեր, «ամեն անգամ նոր թագավորի գահ բարձրանալով «Գահնամակը» վերահաստատվում էր»[14]: Այս անգամ պիտի վերահաստատվեր Հայոց թագավորությունը վերացնելու պատճառով: Իսկ Սահակը խնդրողի դերում էր, ոչ թե «համաձայնություն կորզողի»: Այն էլ խնդրում էր ոչ թե Պարսից թագավորին, այլ իր ազգակցին` Արյաց հազարապետ Սուրենյան Պահլավին. «Արդ` ջանա նրան (թագավորին.- Հ.Դ.) համոզել ճարտար միջնորդի նման»[15]: Սահակը նաև անձնական լուրջ շահախնդրություն ուներ. Մամիկոնյանների, Կամսարականների ու Ամատունիների տեղն էր կամենում կարգավորել:
Պարոն Վարդանյան, թերևս վատ չէր լինի տեղյակ լինել և այն մասին, որ, ձեր կարծիքով, եթե ես քամահրում եմ փաստերը, ապա այս առումով նորից ձեր համախոհների հետ փոքր թիվ եք կազմում, քանզի գրքի լույս տեսնելուց հետո բազմաթիվ մասնագիտական գնահատականներ են հնչել, որոնք հակընդդեմ են ձեր կարծիքին: Օրինակ, ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը գրել է. «Նա (այսինքն` ես.- Հ.Դ.) անչափ ուշադիր է սկզբնաղբյուրների տողի ու տառի հանդեպ եւ մեզ ստիպում է նորից թերթել սկզբնաղբյուրներն առանց նախապաշարումների, մի պահ մոռանալով անգամ հարցի պատմությունը: Սա, կարելի է ասել, յուրահատուկ էկզիստենցիալ մոտեցում է: Հեղինակն այդ վիճակում է եւ մեզ էլ ներքաշում է այդտեղ: Ուզում ենք դատել ոչ թե մեր, այլ իր իսկ առաջադրած խնդիրների տեսակետից եւ չվիճել (դա թերեւս հնացած եղանակ է), այլ ինչ-որ բան գուցե լրացնել հարցի մեզ հետաքրքրող կողմից»[16]:
Վարդանյանը` իմ մասին: «Իր մտահնարքները մատուցելով ընթերցողին իբրեւ պատմական իսկություն` նա չի վարանում գրել, որ 428 թ. «հրաժարում եղավ սեփական թագավորից ու փոխարենը որեւէ ուղիղ պայման չդրվեց», եւ Հայաստանի կառավարմանը հայերի մասնակցությունը «մնաց չպարզված»: Մինչդեռ Եղիշեն վկայում է, որ Արշակունիների անկումից հետո «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն» քանի դեռ կային հայ նախարարությունները, Հայաստանը բառիս բուն իմաստով մնում էր աննվաճ» (էջ 131):
Էջանիշներ