«Հեծանիվ +»-ն արդեն նաեւ վիրտուալ հասցե ունի:
«Հեծանիվ +» ՀԿ-ի անդամների համար այսօր կրկնակի տոն էր: Բնապահպանական «մեքենաներ վարող» երիտասարդները նշում էին ոչ միայն Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը, այլեւ ՀԿ-ի պաշտոնական կայքի բացումը:
Նշում էին այնպես, ինչպես իրենց է հատուկ. ամեն ինչ սկսվել էր հեծանվաերթից: Առավոտյան ժամը 11:00-ին Լենինգրադյան փողոցից իրենց երթը սկսած հեծանվորդները նախատեսված տեղում էին 13:30-ին մոտ: ՄԻԺԻ գրասենյակում անցկացվող տոնը սկսվեց հեծանվի տեսք ունեցող ելակային տորթի համտեսումից: Երեւանի մեծ մասը հեծանվով անցած խմբի անդամները մի քիչ հանգստացան ու հետո անցան գործի:
ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը հոգնած էր, բայց կայքի մասին խոսելիս ժպիտը զսպել չէր կարող. երբեմնի տեսական մտահղացումն այսօր արդեն իրականություն է: Իրականություն դարձած նպատակն ունի հասցե`
www.bikeplus.nor.am: Կայքը կանչ է` բնապահպանական, պայծառ ու գունավոր:
Կայքի ծրագրավորող Վահե Վարդումյանը նշում է, որ սա թերեւս կայքի նախնական, կաղապարային տարբերակն է. դեռեւս ամբողջությամբ լցված չեն բաժինները, չի գործում ֆորումը, չկա նյութերի անգլերեն տարբերակը: Կայքի շնորհանդեսը նաեւ տեխնիկական ու բովանդակային այդ բացթողումները հնարավորինս արագ լրացնելուն ուղղված քննարկում էր: Հնչեցին նաեւ բոլորովին նոր առաջարկություններ, որոնք, ըստ նախաձեռնողների, աստիճանաբար իրենց տեղը կգտնեն կայքում:
Տեղեկատվական, ժամանցային եւ այցելուների շփումն ապահովող գործառույթներ ունեցող կայքն այս պահին առաջարկում է ծանոթանալ «Հեծանիվ +»-ի առաջիկա արշավներին: Ի դեպ, նախատեսվող հեծանվաերթի ճանապարհը կայքի այցելուն կարող է տեսնել նաեւ հատուկ քարտեզի միջոցով: Կայքն ունի նկարներ եւ տեսահոլովակներ ցուցադրելու հնարավորություն, անցած արշավները նկարագրող բաժին, ինչպես նաեւ հատված, որտեղ տեղադրվում են այցելուների կողմից ամենահաճախ տրվող հարցերը եւ իհարկե դրանց պատասխանները: Շատ շուտով կամբողջացվի նաեւ «Մեր մասին» բաժինը:
Հեծանիվ վարող երիտասարդների (եւ ոչ միայն) ու նրանց գործունեության մասին երկար գրել չարժե: Ավելի լավ է` այցելե՛ք
www.bikeplus.nor.am, այնտեղ էլ կգտնեք նրանց միանալու ամենակարճ ճանապարհը` խումբը ղեկավարող Սամվելի հեռախոսահամարը:
Մանե Մադոյան
Էջանիշներ