Ֆիլիպը կանգնած էր սեղանի մոտ ու անտարբեր տեսքով թերթում էր աստվածաշունչը:
- Լսիր, քեռի, այ այս հատվածը... ի՞նչ է նշանակում, քո կարծիքով:
Նա մատով այնպես ցույց տվեց պարբերությունն, ասես պատահաբար է նկատել:
Պարոն Քերին ակնոցների վրայից նայեց զարմիկին: Նա նստած էր բուխարու մոտ՝ «Բլեքսթեյբլ թայմսը» կրակի մոտ պահած: Այդ երեկոյան թերթը տպագրությունից դեռ խոնավոտ էր եկել, ու տերտերը նման դեպքերում մի քանի րոպե այն չորացնում էր, նախքան կարդալուն անցնելը:
- Ո՞ր հատվածը,- հարցրեց նա:
- Դե, հենց այստեղ գրված է, որ եթե հավատ ունես, ապա կարող ես սարեր տեղից շարժել:
- Եթե աստվածաշնչում այդպես է ասված, ապա այդպես էլ կա,- մեղմորեն նկատեց տիկին Քերին՝ սեղանի արծաթե սպասքով զամբյուղը տանելով:
Ֆիլիպը լուռ նայում էր քեռուն՝ պատասխան սպասելով:
- Ամբողջ հարցը հավատի մեջ է:
- Մի՞թե ճիշտ է, որ բավական է հավատալ, որ դու կարող ես սարը տեղից շարժել, ու դու այն իսկապես կշարժես:
- Աստծո օգնությամբ,- ասաց տերտերը:
- Դե, Ֆիլիպ, քեռուն «բարի գիշեր» մաղթիր,- միջամտեց Լուիզա մորաքույրը:- Դու չես պատրաստվում այս գիշեր սարեր շարժել, չէ՞:
Ֆիլիպը ճակատը դեմ տվեց քեռուն, որ վերջինս համբուրի, ու մորաքույր Լուիզայի հետ վերև գնաց: Նա պատասխան ստացավ: Նրա սենյակում օդը սառցային սառն էր, ու Ֆիլիպը դողում էր գիշերանոցը հագնելիս: Բայց նա միշտ էլ հավատում էր, որ աղոթքներն աստծուն ավելի հաճելի են, եթե աղոթում ես՝ անհարմարության զգացողությունը հաղթահարելով: Ցրտից փայտացած ձեռքերն ու ոտքերը զոհաբերություն էին բարձրյալի զոհասեղանին: Ու հիմա նա ընկավ ծնկների վրա, դեմքը փակեց ձեռքերով ու սկսեց կրակոտ աղոթել աստծուն, որ նա իր այլանդակ ոտքն այնպիսին դարձնի, ինչպես մյուսների մոտ է: Ախր դա մանրուք է, կարելի՞ է ինչ-որ ոտքը համեմատել սարի հետ: Նա գիտեր, որ եթե աստված ցանկանա, կարող է դա անել, ու նրա հավատն անսասան էր: Հաջորդ առավոտյան, աղոթքն ավարտելով նույն խնդրանքով, նա նշանակեց օրը, երբ պետք է որ տեղի ունենար հրաշքը:
- Ամենաբարի ու ամենաողորմած աստված, եթե քո կամքով է՝ խնդրում եմ, իմ ոտքն առողջացրու դպրոց վերադառնալուս նախօրեին:
Նրան հաճելի էր, որ կարողացավ խնդրանքն այդքան քաղցր ձևով արտահայտել, նա այն կրկնում էր ճաշասենյակում, նախքան առավոտյան աղոթքի ծնկի իջած դիրքից վեր կենալը՝ պարտադիր լռության կարճ հատվածի ընթացքում, որը պահպանվում էր տերտերի պահանջով: Նա այն նորից արտասանեց երեկոյան, հետո՝ քնից առաջ, ցրտից դողալով: Ու նա հավատում էր: Կյանքում առաջին անգամ էր արձակուրդների ավարտին անհամբերությամբ սպասում: Հոգու խորքում Ֆիլիպը ծիծաղում էր, պատկերացնելով քեռու զարմանքը, երբ վերջինս տեսնի, թե ինչպես է նա թռչկոտելով իջնում աստիճանաշարով... Իսկ նախաճից հետո նա ու Լուիզա մորաքույրը ստիպված կլինեն կոշիկների նոր զույգ գնել: Դպրոցում բոլորը ցնցված կլինեն:
«Հեյ, Քե՛րի, ի՞նչ ես արել ոտքիդ հետ»:
«Հիմա այն նորմալ է»,- կասի նա անտարբերորեն, ասես իր հետ տեղի ունեցածն աշխարհում ամենասովորական բանն է:
Նա կկարողանա ֆուտբոլ խաղալ: Սիրտը կծկվեց, երբ պատկերացրեց, թե ինչպես է վազում, վազում ավելի արագ, քան մնացած երեխաները: Զատիկի կիսամյակից հետո նրանք սպորտային մրցություններ կունենան, ու նա կկարողանա մասնակցել վազքին. Ֆիլիպը շատ էր ուզում արգելքներով վազքին մասնակցել: Ի՜նչ երջանկություն է մյուսներին նման լինելը, որ նորեկները, ովքեր դեռ չգիտեն քո խեղվածքի մասին, աչքերը չպլշեն քո վրա, որ ամառը, երբ լողալու ժամանակն է, ստիպված չլինես բոլոր նախազգուշությունները ձեռնարկել, քանի դեռ հանվում ես ու դեռ չես հասցրել ոտքդ ջրում թաքցնել...
Էջանիշներ