Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ջանքերով ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում (Silicon Valley) կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը: «Սա շատ նշանակալից իրադարձություն է, քանի որ այնտեղ են կենտրոնացած էլեկտրոնային և համակարգչային տեխնիկա արտադրող համաշխարհային մեծության ընկերությունները»,- PCNews.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
ՁԻՀ-ը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական խնդիրներով զբաղվող կազմակերպություն է, որը կատարում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություններ, հաշվետվություններ, վերլուծություններ և աջակցում հայկական ՏՏ ձեռնարկություններին:
Հիմնադրամը հանդիսանում է նաև Digitec Expo-ի համահիմնադիրը և այս տարի ևս կմասնակցի ցուցահանդեսին: Հոկտեմբերի 29-31-ն անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամը կներկայացնի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ և դրանք գնելու համար վարկավորման արդի լուծումներ:
Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, որի շրջանակներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ինչպես տեղեկացրեց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի հիմնական փուլը կգործարկվի ս.թ. սեպտեմբերին և հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:
Ամսական 10,000 – 20,000 դրամով կտրամադրվեն ամերիկյան Հյուլեթ Պակարդ (HP), հետագայում նաև այլ ընկերությունների արտարդրության համակարգիչներ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:
Տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` հիմնադրամը կազմակերպում է կարճաժամկետ ու երկարաժամեկտ դասընթացներ դաշտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց համար: Պարբերաբար անցկացվում է նաև ծրագրերի կառավարման ուսուցում:
ՁԻՀ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: ՁԻՀ-ի հիմնական նպատակներն են բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, հաստատել գործարար կապեր միջազգային ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ, տեղական ՏՏ ընկերություններին ծանոթացնել ՏՏ ոլորտի համաշխարհային փորձին և նորագույն զարգացումներին, ինչպես նաև աջակցել արտասահմանյան և տեղական ներդրումների խթանմանը:
աղբյուր
Էջանիշներ