Մի մենակ կատվի մասին
Well, there's a hellcat, loose cat, hear it wail,
It can stop you down the street, you cannot get away,
Well it's gonna get to you, got the demon power,
You got to run, run, brother you know your soul's on fire....
Rory Gallagher
Մոտավորապես մի ամիս առաջ մեր շենքում՝ հենց մեր հարկի կողմերը, 2 օր անընդմեջ ժամանակ առ ժամանակ փիսիկի մլավոց էր գալիս: Մեկ-մեկ տան դուռը բացում էի, սկսում էի կանչել՝ փս-փս, բայց ռեակցիա չկար, փիսոն չէր երևում: 2-րդ օրն էլ չդիմացա, դուրս եկա աստիճանների վրա ու սկսեցի ձայնի ուղղությանը հետևելով (ինչը ինձ մոտ, պետք է խոստովանել, որ սարսափելի վատ է ստացվում՝ իմ մոնաուրալ լսողության պատճառով) ու փս-փս կանչելով փիսոյին փնտրել: Վերջը մեյդան ելավ: Ներքևում՝ աստիճանների հետևում էր թաքնված: Եկավ մեր դռան մոտ: Շատ սիրուն փիսո էր. դատելով տեսքից՝ մի տարեկանից մի երկու ամիս մեծ կլիներ, կլորիկ, թմբլիկ, մուգ շեկ, տեղ-տեղ՝ գորշ մազերով: Թմբլիկությունն ու մարդամոտությունը մատնում էին, որ տան կատու է եղել, դուրս են արել ամենայն հավանականությամբ... Սկսեց ինձ նայել, քսմսվել, մռլտալ: Երևում էր՝ սոված էր, մի քիչ հաց տվեցի, շոյեցի: Էդպես մի որոշ ժամանակ անց կատվին նայելուց ու մտքերի մեջ ընկնելուց հետո մտա ներս, դուռը փակեցի ու սկսեցի դիտանցքից նայել, թե ինչ է անում... Հետո... Հետո չգիտեմ՝ ինչ եղավ, աննպատակ մլավելուց հոգնեց ու գնաց: 
Այսօր
Տուն գալուց հենց ոտքս դրեցի մուտքի աստիճաններին, հանկարծակի մլավոց լսվեց: Տեսնեմ՝ էլի նույն փիսոն. աստիճանավանդակի կողքից դուրս եկավ, նույն ձևի սկսեց ինձ նայել ու մռլտալ: Էդ պահին մի պճնված տոտա (ինչ էլ չի բռնում «պճնված» բառը սույն գրվածքի մյուս բառերի հետ... >_> Բայց ի՞նչ անեմ, տոտան իսկապես պճնված էր) շենքից դուրս եկավ, ճանապարհ տվեցի, սպասեցի մինչև անհետանա տեսահորիզոնից, իսկ հետո, երբ փիսոյի հետ նորից մենակ մնացի, կռացա, ճակատի մեջտեղը մատով մի քիչ տրորեցի (կատուները սովորաբար սիրում են, ու հա, ես փողոցի կատուներին չեմ վախենաում ձեռք տալ), էլի նայեցի, ու... ու թողեցի, բարձրացա տուն:
Փիսո եմ ուզում:
Ուզում եմ իրան բերեմ տուն, պահեմ: 
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
Էջանիշներ