User Tag List

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #301
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշնանը բացի սիրուն գունավորված տերևներից, մեկ էլ խաշամը ոտքերով խշխշացնելն եմ շատ սիրում: Որ դուրս ենք գալիս զբոսնելու, երեխաներիս հավասար ես էլ եմ, չորացած տերևների շարանների ու կույտերի մեջ մտած, հավեսով վազում, թռչկոտում էդ տերևների մեջ:

    Էն օրը Արեգին դպրոցից բերելիս դպրոցի տարածքում` դարպասների մոտակայքում, ահագին գայթակղիչ խաշամի շարաններ տեսանք, մտանք մեջը, սկսեցինք ոգևորված խշխշացնել, մեկ էլ մի քիչ հետո Արեգն ասում է.
    - Մամա, ինչի՞ են մարդիկ մեզ նենց նայում, ոնց որ գժեր լինենք:

    Առաջին ռեակցիաս ծիծաղի փռթկոցն էր: Փաստորեն, ես իրենից ավելի ինքնամոռաց էի տրվել էդ զբաղմունքին, որ ուրիշների հայացքները չէի նկատել:
    - Դե, որովհետև իրանք չգիտեն, թե ինչքան հավես ա սենց խշխշացնելը,- պատասխանեցի,- թե չէ` մեզ գժի տեղ դնելու փոխարեն իրանք էլ մեզ նման կխշխշացնեին: Խեղճ մարդիկ, չգիտեն` ինչ հաճույքից են զրկված:

    Հետո շարունակեցինք «գժավարի» խշխշացնել չորացած տերևները:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.03.2021), Գաղթական (03.12.2020)

  3. #302
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանձնասենյակ երբեք չեմ ունեցել` ոչ երեխա ժամանակ, ոչ էլ չափահաս: Ամուսնանալուց հետո, երբ առանձնասենյակ ունենալն արդեն ժամանակավրեպ էր, ինչ-որ պահից սկսած` երազում էի արվեստանոց ունենալու մասին: Մեր նախորդ տանը ես ու ամուսին մի համատեղ աշխատասենյակ ունեինք: Հաշվի առնելով, որ դրանից առաջ ունեցած մեր բնակարանում իսկի դա չկար, ահագին գոհ էի: Ճիշտ է, էդ սենյակի հետ կապված լիքը անհարմարություններ կային, բայց էլի ուրախ էի, որ գոնե ինչ-որ անկյուն ունեմ, որտեղ կարող եմ ստեղծագործել: Էդ սենյակում անտանելի նեղվածք էր. սենյակի մոտ 1/3-ը միաժամանակ նաև որպես պահեստ էր ծառայում մեր տան համար, սենյակը դուռ չուներ, մի կողմից մուտք ուներ դեպի հյուրասենյակ, մյուս կողմից` դեպի խոհանոց: Այլ կերպ ասած` լրիվ проходной двор: Իմ աշխատասեղանը դրված էր դեպի հյուրասենյակ մուտքի հենց կողքին, ու անցնող-գնացողը միշտ ձեռքին եղած ցանկացած իր, որ չգիտեր` էդ պահին ուր դներ, ձեռքի հետ դնում էր հենց իմ սեղանին, ինչի հետևանքով սեղանիս վրա մշտապես զանազան ու զարմանազան մանր-մունր իրերի կույտ էր գոյանում:

    Ճիշտ է, ինձ կարծես վիճակված չի դուռ ունեցող արվեստանոց ունենալ, քանի որ ներկայիս տան աշխատասենյակը, որը նույնպես իմ ու ամուսնուս համատեղ «նստավայրն» է, էլի դուռ չունի, բայց գոնե ինչ-որ չափով առանձնացած է տան մնացած մասից, այսինքն` ի տարբերություն նախորդի, «ոտքի տակ» չի, ինչը լուրջ առավելություն է: Տան էս անկյունը, որ ես արվեստանոց եմ կոչում, կարծես իմ փոքրիկ դրախտը լինի: Սենյակը կարելի է միջին չափի համարել, որի մեծ մասն իմ տարածքն է, քանի որ արվեստի, ձեռագործի պարագաներն ահագին տեղ են զբաղեցնում, իսկ ամուսինս էդքան տարածքի կարիք չունի: Ճիշտ է, սեղանի վրա էլի մեծ մասամբ քաոս է տիրում, բայց հիմա այն ամբողջությամբ ի՛մ ստեղծած քաոսն է, ոչ թե ուրիշների լցրած պատահական իրերից գոյացածը, իսկ իմ քաոսը միանգամայն կառավարելի է ինձ համար: Սեղանիս վրա կարող են միաժամանակ ամենատարբեր բնույթի, չափի ու ձևի իրեր, նյութեր, գործիքներ լցրած լինել, բայց ես միշտ գիտեմ, թե ինչ կա, ու թե որն ինչի համար է էդտեղ:

    Մի ժամանակ շատ էի նեղվում էս քաոսային վիճակից, անընդհատ փորձում էի շուրջս հավաք պահել, ու, մեկ է, չէր հաջողվում: Հետո հասկացա, որ իմ ստեղծագործական նախընտրությունները հաշվի առնելով` հավաք պահելը պարզապես անհնար է. ըստ էության, արվեստանոցս իսկապես հավաքված, կոկիկ տեսք կարող է ունենալ միմիայն պարապ վիճակում լինելիս, այսինքն` երբ ես ոչ մի ստեղծագործական պրոյեկտի վրա չեմ աշխատում: Իհարկե, լինում են նաև էդպիսի շրջաններ, բայց` հազվադեպ ու կարճատև: Իսկ գործող վիճակում թափթփված տեսքն ուղղակի անխուսափելի է Համ էլ ինչքան շատ եմ ուրիշների արվեստանոցների նկարներ տեսնում, էնքան ավելի լավ եմ զգում ինձ, որ ես, այնուամենայնիվ, ամենաթափթփվածը չեմ:

    Էս էլ արվեստանոցս` հարաբերականորեն հավաք վիճակում: Աշխատասեղանս էստեղ բավական թեթև է (հա, սա համեմատաբար թեթև` հավաք վիճակներից է), քանի որ էս պահին ինտենսիվ աշխատանք չի կատարվում դրա վրա, թեև միաժամանակ մի քանի կիսատ պրոյեկտներ կան, որ ընթացքի մեջ են: Կուզենայի տեսնել նաև ստեղծագործող, արվեստագետ ընկերներիս արվեստանոցները կամ տան/սենյակի էն անկյունը, որն իրենց արվեստանոցն են համարում:

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.12.2020), ivy (15.12.2020), Tiger29 (15.12.2020), Աթեիստ (15.12.2020), Արէա (15.12.2020), Գաղթական (15.12.2020), մարդ եղած վախտ (15.12.2020)

  5. #303
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն տպավորություն է, որ պիտի ներողություն խնդրես նրա համար, որ էս ամենից հետո կյանքի իմաստը չես կորցրել, որ դեպրեսված կամ կատաղած ու ատելությամբ լցված չես, որ գիշերները գոնե մի քիչ քնում ես, որ անընդհատ լալահառաչ գրառումներ չես անում ու վերջապես` որ դիմանում ես, գրողը տանի, ոչ թե անընդհատ գոռում` դիմանալու չի: Դե, դիմանալը հիմա հեչ հարգի չի:

    Ոմանց թվում է, թե ինչքան շատ մաղձ թափեն, էնքան հայրենասեր են, ինչքան շատ լալահառաչ գրառումներ անեն, էնքան ավելի կարեկից են, իսկ ով էդ ամենը չի անում, դեռ մի բան էլ հանդգնում է ինչ-որ բաներով ուրախանալ, ուրեմն անհայրենիք, էգոիստ ու անկարեկից է: Ու ոչինչ, որ մարդիկ կան` իրենց հայրենասիրությունն ու կարեկցանքը գործով են ցույց տալիս և դրա մասին հրապարակավ գոռգոռալու կարիք չունեն, որ ցավն ու մտահոգությունը լուռ են ապրում` առանց հրապարակավ լացուկուծ դնելու ու նեգատիվ տարածելու, միաժամանակ կարողանում են իրենց շուրջը եղած դրականն էլ նկատել ու դրանից սնուցվել, հետևաբար դիմանում են ու շարունակում են ապրել ու ապրեցնել:

    Էնքան լավ կլիներ, որ չդիմացողները դիմացողներին չմեղադրեին զուտ դիմանալու կամ ինչ-որ դրական բանի տրամադրություն ունենալու համար: Ու մեկ էլ մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բոլորը չդիմանային:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.01.2021), Sambitbaba (08.01.2021), Աթեիստ (08.01.2021), Արէա (08.01.2021), Գաղթական (08.01.2021), մարդ եղած վախտ (08.01.2021), Նաիրուհի (08.01.2021)

  7. #304
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի գրառման տակ ներկայով ապրել չկարողանալու մասին խոսակցություն եղավ մի պահ, ես էլ էդ թեմայով բան հիշեցի, մտածեցի` գրեմ:
    Ամռանը երկու օրով հանգստավայր էինք գնացել մեր նահանգում: Էն նավակներից քշեցինք, որ ոտնակներով են վարում: Քանի որ հինգ հոգով էինք` մեր ընտանիքը, մեկ էլ մամաս, իսկ նավակում չորս հոգուց ավել չէր թույլատրվում, չէինք կարող բոլորս մի նավակում լինել, Վազգենը երեխաների հետ մի նավակով էր, ես ու մամաս` ուրիշ: Վարելու ընթացքում մամաս անընդհատ անհանգստանում էր. մեկ` նավակը ծուռ ա գնում, ղեկը պետք ա անընդհատ մեջտեղում պահել, որ ուղիղ գնա, մեկ` դանդաղ ենք գնում, հետ ենք մնում, ու անընդհատ նման մտահոգություններ, լարված վիճակներ: Ասում եմ` մամ, մենք պլան չենք կատարում, ոչ ոք հետևներիցս չի ընկել, ոչ ոքի հետ չենք մրցում, ծուռն ու ուղիղն էլ հեչ կարևոր չի էս դեպքում, ուղղակի թուլացի ու վայելի. նայի լճի ալիքներին, զգա, թե ինչ հանգստացնող ա շուրջբոլորդ էդ ալիքները տեսնելը, վայելի ընթացքը, սա հաճույք ա, գործ չի, պարտականություն չի, թող մի քիչ էլ ծուռ գնա, թող մի քիչ էլ դանդաղ գնանք, լիքը ժամանակ կա, հաստատ կարող ենք անհրաժեշտ ժամին տեղում լինել, դա հաստատ խնդիր չի: Բայց մամաս ոչ մի կերպ չէր կարողանում պարզապես թուլանալ ու վայելել պահը:

    Ու էդտեղ մտածեցի, որ սա իրականում լուրջ խնդիր է ու միայն մամայիս չի, որ հատուկ է: էս մոտեցումն ընդհանուր առմամբ բնորոշ է հայերիս, հատկապես մեր ծնողների, իրենց ծնողների սերնդին, չգիտեմ` մինչև որ սերունդ է էդպես հասնում: Մեր սերնդում էլ կա (ի վերջո, մենք մեր ծնողների դաստիարակած սերունդն ենք, չէինք կարող զերծ մնալ դրանից), բայց, իմ կարծիքով, մեր սերնդում ու հատկապես մեզնից հետո եկած սերնդում բավական պակասել է ու գնալով պակասում է բարեբախտաբար: Ես ինքս ահագին աշխատել եմ ինձ վրա, որ կարողանամ ձերբազատվել էդ մոտեցումից ու սովորեմ վայելել պահը, վայելել ներկան, ապրել ներկայում: Մենք ուղղակի չգիտենք թուլանալ ու հաճույք ստանալ ներկա պահից, վայելել բուն պրոցեսը, մենք նույնիսկ հաճույքի համար նախատեսված զբաղմունքը միշտ վերածում ենք ծանր պարտականության, լարված աշխատանքի` մշտապես փորձելով ինչ-որ չափանիշների ու մեր կամ ուրիշների սահմանած պահանջներին բավարարել` մեզ կոտորելով, լարվելով, տանջահար լինելով, ու արդյունքում ոչ մի հաճույք էլ չենք ստանում, կամ` եթե ստանում էլ ենք, տանջանքն ու լարված վիճակը հաճախ գերակշռող են լինում: Եվ հանուն ինչի՞ է էդ ամենն արվում. միշտ հանուն ավելի լավ հետոյի, բայց էդ ավելի լավ «հետոն» էդպես էլ երբեք չի գալիս. մենք մեր պահվածքով ցանկացած պոտենցիալ դրական «հետո» դարձնում ենք նույն տանջալից հիման, իսկ քանի դեռ հիման տանջալից է ու հաճույքից զուրկ, հետոն երբեք էլ ավելի լավը չի լինելու: Կյանքն ամեն պահի ապացուցում ու վերահաստատում է էս պարզ ճշմարտությունը:

    Հ.Գ. Հուսով եմ` ընթերցողներիս մեջ չեն լինի մարդիկ, որ գրածս կմեկնաբանեն որպես ապագայի մասին ընդհանրապես չմտածելու կոչ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.01.2021), Աթեիստ (14.01.2021), մարդ եղած վախտ (14.01.2021), Նաիրուհի (21.01.2021)

  9. #305
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ինձ համար բացահայտել եմ ձմեռային զբոսանքի գրավչությունը: Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ ձմռանը կարելի է հաճույքի համար զբոսնել, չէի պատկերացնում, թե ընդհանրապես ոնց կարելի է ձմռանը տնից դուրս գալ առանց անհրաժեշտության: Բայց հիմա ձմեռային սառն օդը շնչելն էնքան հաճելի է, որ ոչ մի ամառային զբոսանքի հետ չի համեմատվի: Խոսքն, իհարկե, սառնամանիքին զբոսնելու մասին չէ, այլ` երբ ջերմաստիճանը զրոյից բարձր է: Չնայած վերջերս զրոյից մի քիչ ցածրի ժամանակ էլ եմ հաճույքով զբոսնել:

    Իսկ հատուկ զբոսնելու դուրս գալն էլ մեզ նվեր մնաց նախորդ տարվա կարանտինից, երբ ուրիշ ոչ մի տեղ չէինք գնում, և մաքուր օդ շնչելու ու գոնե մի քիչ շարժվելու, քայլելու համար սովորություն դարձրինք ամեն օր 20-30 րոպե մեր տան շրջակայքում ընտանիքով զբոսնելը: Ու չնայած հետո խստացումները հանվեցին, մեր ամենօրյա զբոսանքները մնացին: Հատկապես դիմակը հանելուց հետո սառն օդը կրկնակի հաճույք է թվում, մի տեսակ սկսում ես ավելի շատ գնահատել լիաթոք շնչելու հնարավորությունը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.03.2021), ivy (16.01.2021), Sambitbaba (14.01.2021), Նաիրուհի (21.01.2021)

  11. #306
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառվանից սկսել եմ իսպաներեն սովորել Duolingo ծրագրով: Ամենօրյա ռեժիմիս անբաժան մասն է դարձել որոշակի ժամանակ իսպաներենին տրամադրելը: Տրամադրածս ժամանակն օրվա մեջ շատ չի, բայց խիստ կանոնավոր է: Իսպաներեն սովորելու ցանկություն վաղուց եմ ունեցել` դեռևս ուսանողական տարիներից, ու միշտ մտածել եմ, որ մի օր անպայման կսովորեմ: Իսկ վերջերս մի քանի պատճառ կար դա վերջապես նախաձեռնելու համար: Նախ էնպես էր ստացվել, որ կյանքիս էդ շրջանում ես աննախադեպ մոտիվացված էի զգում ինձ: Բացի դրանից, մտածում էի` ուղեղս մի քիչ մարզելու ու հիշողությունս լավ մարզավիճակում պահելու համար արժե ինչ-որ նոր բան սովորել, իսկ լեզու սովորելն էդ առումով արդյունավետ է համարվում: Եվ, վերջապես, իսպաներենն ինձ դուր է գալիս, ինչո՞ւ մի լրացուցիչ լեզու չիմանամ, հատկապես որ նաև երկրորդ ամենագործածական լեզուն է անգլերենից հետո:

    Պիտի խոստովանեմ, որ իմ իմացած մյուս չորս լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) իսպաներենը շատ ավելի հեշտ է: Իհարկե, դեռ շատ սովորելու բան ունեմ, դեռ չեմ հասել ամենաբարդ մասերին, ու գիտեմ, որ, ինչպես ցանկացած լեզվում, իսպաներենում էլ կան որոշակի մարտահրավերներ, բայց դե լեզվի բարդության աստիճանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ինչ-որ բարձր մակարդակի. սովորաբար հենց սկզբից էլ ընդհանուր պատկերը երևում է, հատկապես երբ արդեն մի քանի` իրարից ահագին տարբեր օտար լեզուներ գիտես ու կարող ես համեմատել:

    Նկատել եմ, որ իսպաներենն ինձ ծանոթ բոլոր լեզուներից ամենատրամաբանականն ու ամենահստակն է: Առայժմ որևէ «անհեթեթության» կամ անտրամաբանական բանի չեմ հանդիպել. ամեն ինչ միանգամայն ճիշտ ու տրամաբանական է թվում, թեև ենթադրում եմ, որ անհեթեթություններ էլ դեռ կլինեն, ի վերջո, բնական լեզու է, թեև, իմ կարծիքով, իր հստակությամբ ու տրամաբանականությամբ ահագին մոտ է արհեստականին:

    Էսպես որ նայում եմ, իսպաներեն սովորելիս ուղեղս իմ ուզած չափով չի մարզվում: Մտածում եմ` արդեն վաղուց կիսամեռ գերմաներենս էլ վերակենդանացնել ու զարգացնել: Այ, գերմաներենի հետ ուղեղի մարզանքի առումով լուրջ հույսեր եմ կապում. համոզված եմ` նա ինձ չի հիասթափեցնի : Բայց առայժմ գերմաներենին հերթ չի հասնում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.03.2021), ivy (18.01.2021), One_Way_Ticket (18.01.2021), Աթեիստ (19.01.2021), Գաղթական (18.01.2021)

  13. #307
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ինքնագնահատականդ բարձրանում է, լիքը ավելորդ ու անպիտան բաներ վրայիցդ ինքնաբերաբար պոկվում-թափվում են: Եթե նախկինում դրանք հեռացնելու համար հատուկ «վիրահատական» միջամտություն էր պետք, որի հետևանքով դեռ երկար ժամանակ էլ պիտի ցավից տառապեիր, ապա էս դեպքում դու հատուկ որևէ բան անելու կարիք չունես, օրգանիզմդ արդեն էնքան ուժեղ ու գործուն է, որ ինքն է հոգում դրա մասին` հեռացնելով այն, ինչը քեզ պետք չի ու միայն խանգարում է: Երբեմն նույնիսկ զարմանում ես, որ էդ պրոցեսը, փաստորեն, կարող է էդքան անցավ լինել:

    Ամբողջ կյանքում ինքնագնահատականիդ հատակի տիղմի մեջ թփրտալուց հետո հաճելի է վերջապես վերևում լինելը. պարզվում է` լիքը բաներ բոլորովին ուրիշ տեսք ունեն:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.02.2021), Fragile (16.02.2021), Sambitbaba (16.02.2021), Գաղթական (16.02.2021), մարդ եղած վախտ (16.02.2021), Նաիրուհի (19.02.2021)

  15. #308
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մեր տան մոտակայքում առատ ձնից մի ահագին մեծ սար էր գոյացել, որը մի քիչ Արարատ լեռն էր հիշեցնում: Ինչքան ժամանակ էր` ուզում էի էդ սարը մի քիչ տաշտշելով ավելի արարատացնել, բայց եղանակն ահագին ցուրտ էր, ձյունն էլ` սառած ու պինդ, ոչ մի կերպ չէր հաջողվում էդ ձյան հետ մի բան անել: Բայց էս անգամ, երբ զբոսանքի էինք դուրս եկել, բավական տաք էր, ձյունն ահագին փափկել էր, ես էլ մտածեցի, որ իսկը ժամանակն է մեր Սիսն ու Մասիսը տեղը-տեղին քանդակելու:

    Միանգամից գործի անցա: Սիսի ու Մասիսի արանքը մի քիչ տաշեցի, խորությունը մեծացրի, «Սիսի» գագաթը մի քիչ ավելի սրածայր դարձրի, «Մասիսինն» էլ մի քիչ ձևափոխեցի, որ ավելի Մասիս դառնա: Կողքերից էլ տեղ-տեղ ինչ-որ ավելորդ մասեր կամ տաշեցի-հարթեցրի, կամ էլ հակառակը` որոշ մասերից ձյան մեծ կտորներ պոկելով ու այլ մասերին կպցնելով` դզմզեցի, դարձրի համարյա իսկական Սիս և Մասիս: Որ ձեռքերս լրիվ սառած չլինեին, էլի կդզմզեի, բայց էսքանի ձգեցի (ձեռնոցներս էլ արդեն կեսից լրիվ թրջվել էին, Վազգենի ձեռնոցներն էի հագել կեսից, բայց դե վերջում լավ սառել էին ձեռքերս): Գիտեմ, որ իդեալական չի ստացվել ամեն դեպքում, բայց հուսով եմ` նայելիս Արարատի հետ ասոցիացիան առկա է:

    Էդ ընթացքում Դավիթը սարի շուրջը խաղում էր, մի երկու անգամ փորձեց մագլցել, Արեգը մեկումեջ բարձրանում-իջնում էր, երբեմն էլ ներքևից` մի քիչ հեռու կանգնած հուշումներ էր անում և այլն: Վազգենն էլ անհամբեր սպասում էր, թե երբ եմ վերջացնելու, որ վերջապես տուն գնանք: Ինձ էլ հա՛ թվում էր, թե, այ, էսինչ մասն էլ դզմզեմ, արդեն կավարտեմ ու կգնանք, բայց ամեն անգամ նորանոր մասեր էի հայտնաբերում, որ դզելու կարիք ունեին: Մոտ կես ժամ քանդակելով էի զբաղված, վերջում էլ լրիվ քրտնքի մեջ կորել էի: Ահագին ժրաջան էի աշխատել, փաստորեն: Կողքից էլ անցորդները զարմացած ինձ էին նայում, երևի մտածում էին` տեսնես` ո՞վ ա էս գիժը, որ թառել ա ձնակույտի գլխին ու եռանդագին մեկ տաշտշում ա, մեկ ինչ-որ ձյան կտորներ ա ծեփում էստեղ-էնտեղ, մեկ թափով իջնում ա սարից ու հեռվից նայում, մեկ էլ թափով բարձրանում: Մի խոսքով` որ կողքից պատկերացնում, զգում եմ, որ պիտի որ ահագին տարօրինակ տեսարան լիներ: Կարևորը` մեր ձնե սարն, ի տարբերություն իսկական Արարատի, ոչ մեկի սեփականությունը չէր, էնպես որ, ինչքան էլ տարօրինակ տեսարան լիներ, բողոքի պատճառ չկար կարծես:

    Մտածում եմ` կարելի էր արվեստի ինստալացիայի տեղ անցկացնել. ասենք, վրան էսպիսի ցուցանակ կպցնել. «Mount Ararat. Artists: Mother nature & Anahit Ulubabyan»: Թող ամերիկացիները գնային գուգլեին, պարզեին, թե ինչ է Mount Ararat-ը, եթե չգիտեն:

    Էս էլ մեր Սիսն ու Մասիսը.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.03.2021), kitty (23.02.2021), Sky (20.02.2021), Աթեիստ (19.02.2021), Արէա (19.02.2021), Գաղթական (19.02.2021), մարդ եղած վախտ (19.02.2021), Նաիրուհի (19.02.2021), Շինարար (19.02.2021)

  17. #309
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ինքնագնահատականդ բարձրանում է, լիքը ավելորդ ու անպիտան բաներ վրայիցդ ինքնաբերաբար պոկվում-թափվում են: Եթե նախկինում դրանք հեռացնելու համար հատուկ «վիրահատական» միջամտություն էր պետք, որի հետևանքով դեռ երկար ժամանակ էլ պիտի ցավից տառապեիր, ապա էս դեպքում դու հատուկ որևէ բան անելու կարիք չունես, օրգանիզմդ արդեն էնքան ուժեղ ու գործուն է, որ ինքն է հոգում դրա մասին` հեռացնելով այն, ինչը քեզ պետք չի ու միայն խանգարում է: Երբեմն նույնիսկ զարմանում ես, որ էդ պրոցեսը, փաստորեն, կարող է էդքան անցավ լինել:

    Ամբողջ կյանքում ինքնագնահատականիդ հատակի տիղմի մեջ թփրտալուց հետո հաճելի է վերջապես վերևում լինելը. պարզվում է` լիքը բաներ բոլորովին ուրիշ տեսք ունեն:
    Էս թեմայով ասելիքս շատ է, ուզում եմ ավելի հանգամանալից ու ծավալուն գրել:

    Թվում է՝ ինքդ քեզ սիրելը պիտի ամենաբնական ու ինքնին ենթադրվող բանը լիներ, բայց, արի ու տես, որ իրականում բոլորովին էլ էդպես չի։ Էս միտքը գուցե անհեթեթ թվա էն մարդկանց, որոնք ի սկզբանե միշտ սիրել են իրենց, բարձր ինքնագնահատական են ունեցել, ու չեն էլ պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել։ Բայց ըստ իմ դիտարկումների՝ մարդկանց մեծ մասն իրականում ինքն իրեն չի սիրում, պարզապես քչերն են, որ գիտակցում են դա։ Երբ դեռևս վաղ տարիքից երկար տարիներով ինքդ քեզ չես սիրել, դրան հասնելը որոշակի ջանքեր, ինքնաճանաչում ու փորձառություն է պահանջում, հաճախ՝ դառը փորձառություն, բայց՝ արդյունքին լրիվ արժանի։

    Որքան շատ ես ինքդ քեզ սիրում, էնքան ավելի քիչ ես կախված լինում ուրիշների սիրուց ու գնահատականներից։ Իհարկե, մարդ միշտ էլ կարիք ունի նաև ուրիշների կողմից սիրված ու գնահատված լինելու, բայց ինքդ քեզ սիրելու դեպքում էդ կարիքը զգալիորեն պակասում է, այլևս հիվանդագին չի լինում։ Ընդ որում՝ ինքդ քեզ սիրելը ոչ միայն կապ չունի էգոիզմի հետ, այլև դրա ճիշտ հակառակն է, քանի որ էգոիզմը, չնայած արտաքին թաղանթին, իրականում հենց ինքդ քեզ չսիրելու, ընդհանուր առմամբ սիրված չլինելու (չզգալու) հետևանք է։ Իհարկե, ինքդ քեզ չսիրելը ոչ միշտ է էգոիստական դրսևորումներ ունենում, հաճախ՝ նույնիսկ հակառակը. կարող է քեզ կոտորելով ուրիշներին անվերջ գոհացնելու, սատարելու հիվանդագին ձգտման տեսքով դրսևորվել, բայց երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ ուրիշների միջոցով (մի դեպքում՝ օգտագործելով, մյուս դեպքում՝ օգտագործՎելով) լցնել ներսումդ եղած էն դատարկությունը, որ սիրո պակասից է գոյացել։ Երկուս դրսևորումներն էլ անառողջ են ու գլոբալ առումով վնասակար: Էդ դեպքում գործ ես ունենում մի «անտակ» հորի հետ, որը նշված միջոցներով լցնելն ուղղակի անհնար է. այն միայն ինքդ քո նկատմամբ իրական, առողջ սիրով կարող ես լցնել։ Մնացած միջոցները միայն ժամանակավորապես կարող են լցված լինելու պատրանք ստեղծել։

    Երբ սկսում ես ինքդ քեզ սիրել, հայտնաբերում ես, որ շատ հակումներ, նախասիրություններ, տեսակետներ, սովորություններ, որ ամբողջ կյանքում վերագրել ես քո էությանը, անգամ քո տիպիկ, առանցքային հատկանիշներից ես համարել, իրականում կապ չունեն քո էության հետ, այլ ընդամենը տարիներով կարծրացած վախերի, բարդույթների, տրավմաների հետևանք են, որ տարիներ շարունակ պարազիտի պես կպած են եղել էությանդ՝ ստիպելով քեզ մտածել, թե էությանդ անքակտելի մասն են (ընդ որում՝ դրանք կարող են լինել ինչպես բացասական, էնպես էլ արտաքինից դրական հակումներ)։ Բազմաթիվ միֆեր են ցրվում էս պրոցեսում, ու դու առաջին անգամ դեմ առ դեմ ես կանգնում քո իրական, մերկ եսի հետ, սկսում ես հետաքրքրությամբ տնտղել նրան բոլոր կողմերից, ուսումնասիրել ամեն միլիմետրը, բոլոր ծակուծուկերը ու սիրել նրան էնպիսին, ինչպիսին կա՝ առանց պաճուճանքի, առանց պայմանականությունների։

    Երբ սկսում ես սիրել ինքդ քեզ, սովորում ես նաև մարդկանց բաց թողնել անհրաժեշտության դեպքում, երբ գիտակցում ես, որ ձեր շփման «պիտանելիության ժամկետը» սպառվել է, մինչդեռ ինքդ քեզ չսիրելու դեպքում հուսահատ կառչում ես մարդկանցից, հարաբերություններից ու փորձում ամեն գնով պահել, պահպանել դրանք՝ անկախ նրանից, թե որքան տոքսիկ են, որքանով են քայքայում քեզ և/կամ դիմացինիդ։

    Երբ սկսում ես սիրել ինքդ քեզ, ուրիշների նկատմամբ սերդ էլ է ավելի առողջ ու իրական դառնում։ Ու ընդհանրապես քո նկատմամբ սերը բնականորեն տարածվում է նաև ուրիշների վրա, սկսում ես քեզ ընկալել որպես ամբողջ տիեզերքի մաս` մյուսներին հավասար` ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը, պարզապես զարգացման անվերջ ուղու էս կամ էն աստիճանին հասած` մեկից մի քիչ հետ, մյուսից մի քիչ առաջ: էդ դեպքում սկսում ես ինքդ քո մասին հոգալ ու խնամել քեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ճիշտ էնպես, ինչպես կխնամես երեխայիդ կամ կենդանուդ, կամ ուղղակի քո խնամքին եղած որևէ մեկին, ով դրա կարիքն ունի: Ի վերջո, մենք էլ ենք մեր խնամքին հանձնված բավական վաղ տարիքից, սկզբում` ավելի քիչ, քանի որ դա մեծ մասամբ ծնողներն են անում, հետո` ավելի շատ, բայց դրա գիտակցումը պիտի հենց սկզբից լինի: Քանի դեռ ինքներս մեր նկատմամբ հոգատար չենք, չենք կարող ակնկալել, որ ուրիշները լինեն:

    Իրեն սիրող, իր մասին հոգացող մարդն իրականում ավելի շատ է կարողանում նաև ուրիշների մասին հոգալ, ուրիշներին օգնել: Պիտի ունենաս, որ տաս, հակառակ դեպքում մի օր կսպառվես: Ցավոք, ինքդ քեզ սիրելու անհրաժեշտության գիտակցումը շատ դեպքերում գալիս է հենց էդպիսի սպառման արդյունքում, երբ հասնում ես մի կետի, որից էն կողմ այլևս հնարավոր չի գոյատևել առանց ինքդ քեզ սիրելու, քո մասին հոգալու: Բացի դրանից, ինքդ քեզ սիրելու դեպքում ուրիշներին սիրելն ու նրանց մասին հոգալն էլ է ավելի բալանսավորված լինում, հակառակ դեպքում մշտապես անառողջ սևեռումներ են լինում` էներգիայի, ժամանակի ու ջանքերի կուտակումներ որոշ տեղերում և դրանց իսպառ բացակայություն կամ ոչ բավարար առկայություն` այլ տեղերում:

    Ինքդ քեզ սիրելու դեպքում ինքնաբերաբար սկսում ես նաև որոշակի սահմաններ դնել, որոնք հատել թույլ չես տալիս ո՛չ քեզ, ո՛չ ուրիշներին։ Եթե էդ հարցում ինքդ քեզ «արտոնություններ» տաս, բալանսն անխուսափելիորեն կխախտվի: Սկսում ես չհանդուրժել ու մերժել քեզ քայքայող, լիաթոք շնչելդ կասեցնող ամեն ինչ` մտածելակերպ, ապրելակերպ, սովորություններ, նաև մարդկանց: Ինքնապահպանման բնազդդ ուժեղանում է ու մերժում դրան խանգարող ամեն ինչ:

    Կյանքը բոլորովին ուրիշ գույներով ու կերպարանքով է երևում, երբ սկսում ես ինքդ քեզ սիրել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (18.03.2021), մարդ եղած վախտ (18.03.2021)

  19. #310
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղծագործական աշխատանքը լրացուցիչ դրական լիցքերի, երջանկության աղբյուր է: Ու էն մարդիկ, որոնց կյանքում որևէ կերպ ստեղծագործելն իսպառ բացակայում է, իրականում մեծ բանից են զրկված, պարզապես չգիտեն այդ մասին, քանի որ իմանալու միակ ձևը ստեղծագործական պրոցեսի մեջ մտնելն է` առանց արդյունքի մասին մտահոգվելու: Եթե չես ստեղծագործում, նշանակում է` քո կյանքում գույներն ավելի քիչ են, կյանքդ պակաս բազմազան է ու պակաս հետաքրքիր: Եթե մարդիկ իմանային, թե ինչ են կորցնում ստեղծագործական աշխատանքից հեռու մնալով, համոզված եմ` բոլորն էլ այս կամ այն կերպ կփորձեին ստեղծագործել: Իսկ փորձելն այս դեպքում արդեն իսկ ստեղծագործել է նշանակում` անկախ արդյունքից:

    Ստեղծագործելու հետ կապված մի շատ թյուր պատկերացում կա, որ շատերին թույլ չի տալիս նույնիսկ փորձել: Շատերը կարծում են, թե ստեղծագործելը միայն հատուկ մարդկանց մենաշնորհն է, ու որ դրա համար պետք է հատուկ տաղանդ ունենալ, նաև շատերը համոզված են, որ այդ տաղանդը պիտի միշտ ինքնիրեն դրսևորվի, ու եթե իրենց դեպքում բացահայտ կերպով չի դրսևորվել, ուրեմն իրենք անտաղանդ են, ստեղծագործելն իրենց բանը չի, հետևաբար իմաստ չունի փորձելը: Իսկ իրականում ստեղծագործել կարող է ցանկացած մարդ, ով դրա ցանկությունն ունի: Ստեղծագործելու համար բոլորովին պարտադիր չի ակնառու տաղանդ ունենալ, ինչպես նաև պարտադիր չի հանրահայտ արվեստագետ դառնալու նպատակ ունենալ: Կարելի է նաև ստեղծագործել պարզապես հաճույքի համար` պրոցեսից դրական լիցքեր ստանալու, առնվազն սկսել այդ մտադրությամբ, բայց պրոցեսի մեջ լիարժեք ընկղմվելու դեպքում արդյունքն էլ անխուսափելիորեն կլինի: Գուցե ոչ միանգամից, գուցե ոչ շատ հեշտությամբ, բայց հաստատ կգա ինչ-որ պահ, երբ այն ձեզ կգոհացնի: Իսկ մինչ այդ պահը պրոցեսը միշտ կա ու կա:

    Ես ընդհանրապես համարում եմ, որ ստեղծագործելու մեջ ամենակարևորը ցանկությունն է, եռանդը, ինչ-որ գեղեցիկ, արժեքավոր բան ստեղծելու ձգտումը, երբեմն` մարմաջը, ու եթե դա կա, մնացածին կարելի է հասնել ընթացքում: Երևակայությունն էլ, իհարկե, մեծ դեր ունի, ու փաստ է, որ որոշ մարդիկ ծնվում են վառ երևակայությամբ, բայց նույնիսկ եթե մարդ չունի բնածին վառ երևակայություն, այն հաստատ կարելի է զարգացնել հենց ստեղծագործական պրոցեսի ընթացքում, կարևորը` ցանկություն լինի: Սրանում համոզվելու համար ընդամենը փորձել է պետք: Իսկ տաղանդը զգալի չափով պրակտիկայի արդյունք է: Չեմ ասում` ամբողջությամբ, բայց պրակտիկան հաստատ ահռելի դեր ունի: Այն, ինչ շատերին զուտ բնածին շնորհ է թվում, շատ դեպքերում զգալի չափով լուրջ ու հետևողական աշխատանքի, անդադար պրպտումների արդյունք է:

    Ստեղծագործելը նաև ինքնաճանաչման, ինքնաբացահայտման յուրօրինակ գործիք է: Ըստ իս` դա ամենավառը դրսևորվում է կերպարվեստի ամենատարբեր ճյուղերի, հատկապես` նկարչության ու հատկապես աբստրակտ գեղանկարչության մեջ, բայց ընդհանուր առմամբ ցանկացած ստեղծագործական պրոցես էլ էս կամ էն չափով ապահովում է էդ բացահայտումը: Պարզապես, իմ համեստ կարծիքով, մտքի (երևակայության) և ձեռքերի համագործակցությունը լրացուցիչ դրական էֆեկտ է ապահովում, որն արվեստի այլ ճյուղերի դեպքում առկա չէ:

    Բազմաթիվ վախեր, բարդույթներ, ներքին կապանքներ կարելի է բացահայտել ստեղծագործական պրոցեսի ընթացքում: Որքան ազատ ես ներքուստ, այնքան էլ ազատ ես ստեղծագործելու մեջ: Դու կարող ես քո անազատության կամ ազատության աստիճանի մասին որոշակի պատկերացումներ ունենալ, բայց ստեղծագործական պրոցեսի ընթացքում նոր ներքին կապանքներ, սահմանափակումներ բացահայտել, որոնց մասին չէիր էլ կասկածում: Այլ կերպ ասած` էդ պրոցեսում կարող ես դեմ առնել քո ներքին կապանքներին, հենց տեղում նկատել, զգալ, թե դրանք ոնց ու որքանով են քեզ խանգարում ստեղծագործական աշխատանքում, ինչպես նաև գիտակցել, որ նույն կերպ խանգարում են նաև կյանքում: Այդ երկուսն իրականում խիստ փոխկապակցված են, ու դրանցից մեկում կապանքները կոտրելը, վախերը հաղթահարելը կարող է ավտոմատ նույն արդյունքն ապահովել նաև մյուսում: Պարզապես ստեղծագործական պրոցեսում դա անելն ավելի հեշտ է, քանի որ հետևանքների մասին անհանգստանալու կարիք չկա էնպես, ինչպես կյանքում: Այս դեպքում ավելի հեշտությամբ կարող ես քեզ թույլ տալ համարձակ լինել, դուրս գալ քո հարմարավետության գոտուց ու դեռևս չփորձած, նոր մոտեցումներ կիրառել, փորձարկել: Էս ամենն իրականում մի հսկայական, ամենաընդգրկուն աշխարհ է, որը մի քանի բառով նկարագրել հնարավոր չի: Միայն անձամբ մեջը մտնելով կարելի է լիարժեք պատկերացնել:

    Դրա համար ես իմ բոլոր ընկերներին, ծանոթներին ամեն հարմար առիթի դեպքում փորձում եմ դրդել ստեղծագործելու: Բոլորի շրջապատում էլ հաստատ կլինեն մարդիկ, որոնք զբաղվում են այս կամ այն ստեղծագործական աշխատանքով` լինի նկարչություն, ասեղնագործություն, կավագործություն, մաքրամե, թե այլ բան: Միշտ կարելի է ինչ-որ մեկից հարցնելով, հետաքրքրվելով` ինչ-որ բանից սկսել, կամ, եթե էդպիսի հարմար մեկը չկա, ինտերնետն էլ հո հասանելի է, կարևորը սկսելն է, իսկ մեր դարում, երբ ամեն ինչի մասին ինֆորմացիան առատորեն լցված է համացանցում, շատ բաներից կարելի է լրիվ ինքնուրույն էլ գլուխ հանել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (10.04.2021), մարդ եղած վախտ (10.04.2021)

  21. #311
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան վազքն ինձ վրա մի արտասովոր մոգական ազդեցություն է ունենում: 15 րոպե վազում եմ, որից հետո մի 15 րոպե էլ ուղղակի քայլում եմ: Վազքից անմիջապես հետո մի աննկարագրելի ազատության, ինքնավստահության ու ամենազորության զգացողություն է համակում. քայլում եմ, ու էնպիսի զգացողություն է, կարծես աշխարհն իմը լինի: Էդ առումով վազքին հաջորդող զբոսանքն օրվա ամենահաճելի պահերից մեկն է ինձ համար: Բացի դրանից, վազքը նաև օրվա լավ սկիզբ է ապահովում, լիքը էներգիա ու կենսունակություն:

    Երբ նոր էի սկսել վազել, չնայած նրան, որ արդեն ուղիղ մի տարի հետևողականորեն ամեն օր մարզվում էի, ու ինձ թվում էր` բավական լավ մարզավիճակում եմ, պարզվեց` ընդամենը երկու րոպե վազելուց հետո համ ոտքերս էին ահավոր հոգնում, համ էլ շունչս էր փչում, դրանից ավելի չէի ձգում միանգամից: Էդտեղ հասկացա, որ ինչքան էլ որ մարզվել եմ, կարդիոյի հարցում որոշակիորեն թերացել եմ, իսկ ոտքերիս մկանները միշտ էլ թույլ են եղել, քանի որ մինչև վերջին մոտ մի տարին, ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ նստակյաց, պասիվ կյանք եմ վարել: Մի տարվա կանոնավոր մարզումներն, իհարկե, զգալի դրական ազդեցություն ունեցել էին ամենատարբեր առումներով, բայց, փաստորեն, դա դեռ բավարար չէր: Էդպես սկսեցի քիչ-քիչ ավելացնել վազքիս րոպեները: Սկզբում մի երկու-երեք անգամից էի վազում, որ գոնե ընդհանուր օրական մի 7-8 րոպե վազած լինեմ: Հետո սկսեցի համ միանգամից վազելու րոպեներն ավելացնել քիչ-քիչ, համ էլ օրական վազքիս ընդհանուր րոպեները: Մոտ երկու ամիս է, ինչ վազում եմ ամեն օր, բացառությամբ մի քանի օրերի, երբ առավոտյան անձրև էր գալիս: Ներկայումս 15 րոպե անդադար վազում եմ ու ուժասպառ չեմ լինում: Մտադիր եմ մոտ ապագայում մինչև 20 հասցնել: Երևի առայժմ էդքանով կբավարարվեմ, հետո կերևա:

    Շրջակայքում մեկ-մեկ հանդիպում եմ այլ վազողների, բայց շատ չէ, մեծ մասամբ ամբողջ ընթացքում ուրիշ ոչ մի վազողի չեմ հանդիպում, հատկապես եթե վաղ ժամերի եմ գնում վազելու: Վազողների մեծ մասն ավելի ուշ ժամերի է դուրս գալիս, երբ ես արդեն Դավթի հետ դուրս եմ գալիս զբոսնելու:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.06.2021), Աթեիստ (26.06.2021), Արէա (27.06.2021), մարդ եղած վախտ (26.06.2021), Նաիրուհի (01.07.2021), Ներսես_AM (27.06.2021)

  23. #312
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ Facebook-ում էջ եմ բացել` աշխատանքներս ներկայացնելու համար: Մտածեցի` էստեղ էլ գրեմ, գուցե մարդիկ լինեն, որ ուզենան հետևել. Uluana Creations
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.08.2021), Varzor (15.07.2021), Աթեիստ (08.07.2021), Գաղթական (09.07.2021)

  25. #313
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի ուզում եմ խոսել մարզանքի, ֆիզիկական ակտիվության հրաշագործ ազդեցության մասին: Իսկ ով ձանձրանում է էս թեմայից, միշտ էլ ազատ է չկարդալ : Քանի որ ինքս ինձ վրա հստակ տեսնում եմ մարզանքի, ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը, ուզում եմ ուրիշներին էլ ոգեշնչել, որ զբաղվեն իրենցով ու իրենց կյանքի որակը բարձրացնեն: Դրական փորձն ուրիշների հետ կիսելու ցանկություն միշտ լինում է:

    Ուզում եմ մի քիչ պատմել, թե ինչպիսին էի ես, երբ դեռ ֆիզիկապես ակտիվ չէի, չէի մարզվում, չէի քայլում, չէի վազում ու օրվա հիմնական մասը նստած էի անցկացնում, և ինչպիսին եմ հիմա:

    Դեռ երեխա ժամանակվանից, ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ ընդհանուր առմամբ թույլ եմ եղել, անէներգիա, շուտ հոգնող: Ընդհանրապես որևէ տեղ գնալը` անկախ նրանից, թե էդ ընթացքում ինչով էի զբաղվում, անկախ նրանից` երկու ժամ էր տևում, թե վեց ժամ, հերիք էր, որ լրիվ ուժասպառ լինեի ու էդ օրն այլևս որևէ լուրջ գործով զբաղվելու ի վիճակի չլինեի: Իհարկե, երբ խիստ անհրաժեշտ է, միշտ էլ հնարավոր է քեզ ստիպելով, տանջվելով անել որոշ գործեր, բայց հարցն էլ հենց այն է, թե ինչ գնով, ինչ վիճակով ես դա անում: Ոչ միայն հյուր գնալը, այլև հյուրեր ընդունելն էլ նույն` ուժասպառ անող ազդեցությունն էին ունենում` անկախ նրանից, թե ինչքանով էր ինձ համար տվյալ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը հաճելի ու հետաքրքիր: Ամեն դեպքում վերջում ուժասպառ էի լինում, ու հյուրերից հետո հավաքել-մաքրել-լվանալն էլ եթե անում էի, ապա ուժերի գերլարումով, կամ էլ ի վիճակի չլինելով` թողնում էի առավոտյան:

    Ես կարող էի մոտ 6 ժամ, երբեմն` դրանից էլ շատ, անընդմեջ նստել, եթե վեր կենալու հատուկ անհրաժեշտություն չլիներ: Ու, բնականաբար, ինչքան նստում էի, էնքան չէի ուզում տեղիցս վեր կենալ, էնքան ավելի դժվար ու հոգնեցուցիչ էր դառնում շարժվելը: Ընդհանրապես որևէ տեղից տեղ գնալն ինձ համար միշտ էլ նեղություն, անհարմարություն է եղել, ճիշտ է, կախված տարածությունից` մեծ կամ փոքր, բայց ամեն դեպքում նեղություն ու անհարմարություն: Բացի ընդհանուր էներգիայի պակասից, նաև ոտքերս էին շատ թույլ. մի քիչ ծանրաբեռնվածություն, ու ոտքերիս ցավն ու դրանից հետո շարժվելը շարունակելու դժմակությունը պատրաստ էր:

    Ես էլ միշտ մտածում էի` դե հիմա ես էլ էսպիսին եմ` թույլ, անէներգիա, պասիվ, ուղղակի տեսակս է էսպիսին, ի՞նչ կարող եմ անել: Բայց պարզվեց` բոլորովին էլ ոչ:
    Մարզվել ու հատկապես քայլել ու վազել սկսելուց հետո լուրջ դրական փոփոխություններ եղան իմ մարզավիճակում: Բացի նրանից, որ ոտքերիս մկանները նախկինի համեմատ զգալիորեն ամրացել են (թեև դեռ ահագին զարգանալու տեղ ունեն), նաև էներգիաս է ահռելի չափով ավելացել: Հիմա ես շատ հազվադեպ եմ հոգնում: Կարող եմ ամբողջ օրը ակտիվ լինել, տարբեր գործեր անել, տեղեր գնալ, ահագին ոտքի վրա լինել, քայլել, ու էդքանից հետո երեկոյան ինձ բավական առույգ ու էներգիայով լի զգալ: Եթե դեռևս երկու տարի առաջ ինձ ասեին, որ իմ դեպքում հնարավոր է ֆիզիկական վիճակի էսպիսի փոփոխություն, հաստատ չէի հավատա:

    Հիմա, երբ օրգանիզմս արդեն սովոր է ֆիզիկական ակտիվությանը, նույնիսկ մի ժամ նստելուց հետո ակամա վեր կենալու ու շարժվելու պահանջ եմ զգում: Երկար նստած վիճակն արդեն դիսկոմֆորտ է առաջացնում, մարմինս այլևս չի ընդունում էդ վիճակը որպես նորմալ, մինչդեռ նախկինում իմ նորմալ վիճակը հենց նստածն էր:
    Ու, փաստորեն, ես հիմա` 40 տարեկանում, ավելի առույգ ու էներգիայով լի եմ, քան նախկինում երբևէ եղել եմ` մանկությանս ու պատանեկությանս տարիներն էլ ներառյալ:
    Ընդհանրապես մեր օրգանիզմը շատ ճկուն համակարգ է ու ընդունակ է սովորելու ցանկացած վիճակի` առողջ թե անառողջ, ու որոշ ժամանակ անց ընդունելու այն որպես նորմալ, ու մեր խնդիրն այն է, որ փորձենք առողջը մատուցել ու ամրապնդել որպես նորմալ: Նաև չմոռանանք, որ տարիքի հետ գնալով ավելի բարդ է դառնում օրգանիզմի հետ համագործակցելը, թեև էլի հնարավոր է, կարևորը` ցանկություն ու պատրաստակամություն լինի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), erexa (10.10.2021), ivy (08.08.2021), John (10.08.2021), Աթեիստ (08.08.2021), մարդ եղած վախտ (08.08.2021), Նաիրուհի (11.08.2021), Ներսես_AM (11.08.2021)

  27. #314
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ սովորում ես նկատել, արդեն ինքնաբերաբար ու լիարժեք՝ կայուն կերպով գնահատել կյանքումդ եղած ամեն դրականը, շնորհակալ լինել, ավելի ճիշտ՝ շնորհակալ ԶԳԱԼ էդ ամբողջ դրականի համար, սկսում ես նաև շնորհակալ զգալ քեզ հետ վատ վարված, քեզ ցավ պատճառած մարդկանց, որովհետև գիտակցում ես, թե քեզ հետ էդպես վարվելով՝ իրականում ինչքան բան են տվել քեզ, նույնիսկ եթե «փաստացի» խլել են։ Սկսում ես գիտակցել, թե ինչքան բաներ դու չէիր հասկանա, չէիր բացահայտի ինքդ քո ու աշխարհի մասին, ինչքան նոր ու անիմանալի հնարավորություններ չէին բացվի քո առաջ, եթե տվյալ մարդը կամ մարդիկ քեզ հետ այդպես չվարվեին։ Էդպես կարելի է նույնիսկ նախկինում ամենաատելի մարդու նկատմամբ անսահման անկեղծ շնորհակալության զգացումով լցվել: Իսկ դա ուղղակի աննման զգացում է:

    Սա, իհարկե, կարող է միանգամայն անհեթեթ ու անընդունելի հնչել, եթե կյանքումդ ամենուր դրականը նկատելու ու գնահատելու հմտությանը դեռևս անհրաժեշտ չափով չես տիրապետում, բայց դրան հասնելուց հետո կյանքը լրիվ այլ լույսի տակ ես տեսնում ու ընկալում։ Ու միակ ափսոսանքդ էդ դեպքում մնում է այն, որ ավելի շուտ չես եկել էդ գիտակցմանը: Բայց մյուս կողմից էլ էս կյանքում ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին, պարզապես մենք ոչ միշտ ենք ի վիճակի լինում դա գիտակցելու:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.09.2021, 06:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (19.10.2021), Sambitbaba (22.09.2021), Աթեիստ (21.09.2021), Գաղթական (22.09.2021)

  29. #315
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, որ երբեմն չենք գիտակցում, թե ինչքան մարդիկ են մեզ կողքից հեռակա ճանաչում: Մեզ հաճախ թվում է, թե միայն մենք ենք տեսնում, նկատում, ուսումնասիրում անծանոթ մարդկանց, մտածում ու ենթադրություններ անում նրանց մասին:

    Մի երկու ամիս առաջ, երբ հերթական առավոտվա վազքս ավարտել ու արդեն քայլելու գործին էի անցել, մի կին, որի տան կողքով անցնում էի էդ պահին, ժպտալով ասեց` Դուք էն վազող աղջիկն եք, չէ՞, միշտ տեսնում եմ Ձեզ: Ասեցի` հա, վազում եմ: Ասեց` էստեղ` չգիտեմ որտեղ, շուտով մարաթոն է լինելու, կարո՞ղ է` Դուք էլ եք մասնակցում: Ասեցի` չէ, ես դեռ էդքան փորձառու վազող չեմ, ուղղակի ինձ համար` որպես վարժանք, վազում եմ: Ասեց` բայց որ հանկարծ մասնակցելու լինեք, ինձ ասեք, հա՞, ես այ էս տանն եմ ապրում: Ասեցի` լավ: )

    Էսպես պարբերաբար տարբեր մարդիկ ինձ ասում են, որ միշտ ինձ տեսնում են մոտակայքում վազելիս կամ քայլելիս:
    Էսօր էլ, երբ քայլում էի, մի մարդ մոտեցավ, ջերմ բարևեց, ասում է. «Ես ու կինս Ձեզ միշտ տեսնում ենք էստեղով քայլելիս, միշտ հիանում ենք Ձեր էդ վճռականությամբ` կանոնավոր կերպով քայլելու սովորությամբ, կնոջս ասում եմ` տեսնու՞մ ես` ոնց է ամեն օր, առանց բացառության, պարտաճանաչ քայլում: Գիտե՞ք, էնքան ոգեշնչող է. մենք էլ ենք փորձում հնարավորինս շատ քայլել, մարզվել»: Ասեցի` հա, ու ֆիզիկական ակտիվությունը շատ լավ է ազդում թե՛ ֆիզիկականիս, թե՛ հոգեկանիս վրա: Ասեց` հա՜, ես էլ եմ նկատել, որ երբ մարզվում եմ, ահռելի մեծ տարբերություն եմ զգում և՛ էմոցիոնալ, և՛ ֆիզիկական առումով: Պարզվեց` Իրանից է, ու որ իմացավ` ես էլ հայ եմ, ահագին ուրախացավ: Ասեց, որ շատ հայերի է ճանաչում, Իրանում էլ շատ հայեր կան, ու շատ լավ մարդիկ են: Ասեց` սպասեք, կնոջս կանչեմ, ծանոթացնեմ Ձեզ հետ, շատ կուրախանա: Կանչեց, ծանոթացանք: Անունս իմանալով` ասեց, որ իր զարմուհու անունն էլ Անահիտա է: Դե, չզարմացա` հաշվի առնելով, որ Անահիտ անունը պարսկական ծագում ունի: Ընթացքում էլ, վերջում էլ մի քանի անգամ ասեց` երբ ցանկանաք կամ մի բան պետք լինի, էս է մեր տունը, համեցեք մեր տուն: )))

    Ուրիշներին ոգեշնչելը ամենահաճելի զգացողություններից մեկն է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (09.11.2021), Sambitbaba (09.11.2021), Աթեիստ (09.11.2021), Գաղթական (10.11.2021), Դեղին մուկիկ (10.11.2021)

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •