User Tag List

Էջ 23 23-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223
Ցույց են տրվում 331 համարից մինչև 336 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #331
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոպլավոկի շուրջ վաղ առավոտվա քայլքից հետո արդեն սկսել էի շարժվել դեպի տուն, մեկ էլ նկատեցի` մի շուն սկսեց հետևիցս կպած գալ: Ես գնում եմ, ինքն էլ հետևիցս «տըպ-տըպ-տըպ» գալիս է, ես քայլերս արագացնում եմ, ինքն էլ է արագացնում: Եթե սկզբից մի թեթև կասկած ունեի, որ գուցե ուղղակի նույն ճանապարհով է գնում, արդեն լրիվ համոզվեցի, որ հենց իմ հետևից է գալիս: Պարզ էր, որ կծելու կամ հարձակվելու մտադրություն չունի, եթե ունենար, արդեն արած կլիներ, բայց ամեն դեպքում կրկնկակոխ հետապնդվելու փաստը մի տեսակ անհարմարավետության զգացողություն էր առաջացնում: Երբ հասա փողոցին, մի մարդ, մեզ տեսնելով, հարցրեց` քո շու՞նն ա, ասեցի` չէ, սա էլ միանգամից ոտքը շան դիմաց գետնին խփելով` ասեց` փըշտ, շունը նահանջեց ու գնաց ուրիշ ուղղությամբ: Թեթևացած շունչ քաշեցի ու շարունակեցի քայլել, մեկ էլ մի 10 վայրկյան չանցած` էլի հետևիցս տըպ-տըպ-տըպ, շրջվեմ, տեսնեմ` նա կրկին հայտնվել է: Էդպես մի քիչ էլ ինձ հետապնդեց, բայց հետո որոշեցի, որ հերիք եղավ, շուռ եկա, աչքերի մեջ նայելով, մատս տնկեցի ու հանգիստ, բայց հաստատակամ տոնով ասեցի` էլ հետևիցս չգա՛ս, գնա՛: Շունը խելոք կանգ առավ ու էլ հետևիցս չեկավ:

    Հիշեցի, որ մի անգամ էլ դպրոցական ժամանակ էր մի շուն ինձ հետևում: Հիմա դեռ լավ է, շներից առանձնապես չեմ վախենում, էն ժամանակ ահավոր վախենում էի: Մի օր շենքից դուրս եկա, որ դպրոց գնամ (կարծեմ 8-րդ դասարանում էի), հենց շենքի աստիճանների մոտ մի շուն էր կանգնած, ինձ տեսնելուն պես սկսեց հետևիցս գալ, կարծես էդտեղ կանգնած հենց ինձ էր սպասում: Էդպես ամբողջ ճամփան հետս եկավ մինչև դպրոցի դուռը: Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց, հաջորդ օրն էլ նույնը եղավ, ու էդպես մի քանի օր շարունակ. ամեն անգամ հենց տան շեմից ինձ ուղեկցում էր մինչև դպրոցի մուտքը, հետո խելոք հեռանում: Ուսուցչուհիներիցս մեկը, որ մեր շենքից էր, մի օր հետս դպրոց գնալիս որ տեսավ, ասեց` Անահիտ, էս շունը սիրահարվել ա քեզ: Բայց հետո երկրպագուս այլևս չերևաց. երևի արդեն ուրիշին էր սիրահարվել :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #332
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկարաշունչ պատմությունը երևի շատերին չի հետաքրքրի, բայց ցանկացա գրել, համենայնդեպս, մի հոգու խոստացել էի, որ կգրեմ:

    Էս անգամվա հայաստանյան այցիս գլխավոր հանդիպումներից մեկը, որ նախատեսել էի, Ալիկի հետ հանդիպումն էր: 4 տարի առաջ էինք Ֆեյսբուքով ծանոթացել ու ընկերացել, ու քանի որ ինքը Հոլանդիայում է ապրում, ես` ԱՄՆ-ում, տարբեր ժամանակներ էինք Հայաստանում լինում, ու ռեալում հանդիպել չէր հաջողվում: Ալիկն իմ ճանաչած ամենադրական, ամենահետաքրքիր ու ամենաարտասովոր մարդկանցից է ու իմ սիրած ժամանակակից արվեստագետներից մեկը: Թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մարդ` ինքն ինձ համար բացառիկ կերպար է, կենդանի լեգենդ, կրեատիվի ու պոզիտիվի անսպառ աղբյուր, մարդ, որին ճանաչելով` հարստանում ես, քեզ բախտավոր զգում իր ժամանակակիցը լինելու ու անձամբ ճանաչելու համար: Նրա գոյության մասին մտածելիս միշտ մի տեսակ ուրախանում եմ աշխարհի համար: Ու էս վերաբերմունքիս հարցում բնավ յուրօրինակ չեմ. իմ ճանաչած բոլոր մարդիկ, որոնք Ալիկին ճանաչում են, ճիշտ նույն վերաբերմունքն ունեն նրա նկատմամբ:

    Ալիկը ոտից գլուխ, մինչև ուղնուծուծը արվեստագետ է` խելառ, կրեատիվ, խարիզմատիկ, բացառիկ շիտակ ու էմոցիոնալ, հույզերն արտահայտելու իրեն հատուկ անմիջականությամբ ու էքսցենտիկությամբ: Ինքը իմաստուն, բարի ծերուկ է ու միաժամանակ պարզ, միամիտ ու չարաճճի երեխա: Ապշելու չափ համեստ է ու էգոյի դրսևորումներից զուրկ:

    Երբ Ալիկին նոր էի բացահայտել ինձ համար, բոլոր մոտիկներիս ոգևորված պատմում էի նրանից, ուզում էի, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան իր մասին, հետևեն, ճանաչեն: Ալիկին ճանաչելուց որոշ ժամանակ անց նրա դիմանկարն անելու մեծ ցանկություն ունեցա, բայց դե Ալիկի պես մարդուն հո չէի՞ կարող ուղղակի ստանդարտ, ռեալիստական դիմանկարով պատկերել: Մտածեցի` մի քիչ աբստրակտոտ, կոնցեպտուալ մի բան անեմ` իր կերպարը, բնույթը տիպիկ արտահայտող: Մազերի տեղը կանաչ խոտ արեցի, մեջն էլ` զատիկ (ինքը շատ է սիրում բնություն ու հատկապես զատիկներ, իր գործերում էլ հաճախ է զատիկ ներառում), մորուքի ծայրն էլ երկարացրի, ծայրը վրձնի տեսքով թաթախեցի ներկապնակի կանաչ ներկի մեջ: Հետաքրքիր նկար էր ստացվել, ինքն էլ շատ էր հավանել: Ճիշտն ասած` ես էլ էի գոհ մոգոնածիցս, ու դատելով արձագանքներից` շատերին էր դուր եկել. «Լրիվ Ալիկն ա»,- ասում էին բոլորը:

    Ալիկին կարելի է ճանաչել և՛ իր աշխաանքներով, որոնք իր պես բազմազան են, և՛ իր կյանքի պատմություններով: Դրանք, որպես կանոն, հետաքրքրաշարժ են, մաքսիմալ անկեղծ ու հումորով համեմված ու հաճախ` նաև ուսանելի: Դրանցում անկեղծությունն ու անմիջականությունը երբեմն էնպիսի աներևակայելի չափերի է հասնում, որ ուղղակի հավատդ չի գալիս, որ մարդ ընդունակ է իր մասին էդ աստիճանի անկեղծ ու անպաշտպան ձևով պատմելու («անպաշտպան» բառը մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ավելի հարմար բառ չգտա). մարդիկ էդպես միայն ուրիշների մասին են պատմում սովորաբար: Իսկ Ալիկի համար կարծես անձնական ոչինչ չկա. ամեն ինչ բաց է բոլորի առաջ: Էդպիսի մարդկանց հետ ընկեր լինելը շատ հավես է ու հեշտ, բայց ընտանիքի անդամ լինելը պիտի որ շատ բարդ լինի, նույնիսկ` անհնար:

    Ալիկին ճանաչել եմ լուսահոգի Լալա Մանուկյանի շնորհիվ, որն իր էջում ժամանակ առ ժամանակ տարածում էր Ալիկի այս կամ այն գործը: Մի օր էլ, Լալայի էջում հերթական նկարը տեսնելով, հետաքրքրված մտա Ալիկի էջ, մի լավ ուսումնասիրեցի: Շատ հավանեցի թե՛ գործերը, թե՛ իր կերպարը ու ընկերության հայտ ուղարկեցի, մի բան, որ հատկապես էն ժամանակ խիստ հազվադեպ էի անում անծանոթ մարդկանց դեպքում: Հայտս հաստատեց, հետո քիչ-քիչ շփում ձևավորվեց` սկզբում զուտ մեկնաբանությունների, հետո` արդեն նաև մեսինջերով հետաքրքիր զրույցների միջոցով: Մի անգամ նույնիսկ տեսազանգ ունեցանք, որի ժամանակ խոսեցինք իմ աշխատանքների մասին, իր կարծիքն ու խորհուրդները լսեցի: Ալիկին անչափ շնորհակալ եմ նաև իմ կյանքում հայտնված բազմաթիվ արվեստագետների ու ընդհանրապես հետաքրքիր, պայծառ ու դրական մարդկանց համար, որոնց ճանաչել ու մի մասի հետ ընկերացել եմ Ֆեյսբուքում նրա կազմակերպած ստեղծագործական նախագծերի շնորհիվ:

    Մի քանի ամիս առաջ իր էջում գրառում էր արել Մաչանենց տան արվեստի միջազգային սիմպոզիումի մասին, որը տարին մեկ անգամ է լինում, Էջմիածնում, մասնակիցներն էլ յոթ օր Մաչանենց տանը ստեղծագործում են: Ալիկն էլ է հաճախ մասնակցում ` Հոլանդիայից Հայաստան գալով: Սիմպոզիումի վերջին` 7-րդ օրը այդ ընթացքում ստեղծված արվեստի գործերի ցուցահանդեսի բացումն է լինում ու մեծ միջոցառում: Վերջին տարիներին, այսինքն` ինչ իմացել եմ այդ սիմպոզիումի մասին, դրանք միշտ տեղի էին ունենում աշնանը, երբ ես արդեն Հայաստանում չէի լինում, ու էդպիսով Ալիկին Հայաստանում հանդիպել չէր հաջողվում: Էս տարի, չգիտես ինչու, օգոստոսին էր, ու դրա մասին ամիսներ առաջ իմանալով` որոշեցի, որ էդ յոթ օրերի ընթացքում մի անգամ հյուրի կարգավիճակով կայցելեմ կգնամ` Ալիկին տեսնելու: Իրեն էլ ասեցի, շատ ուրախացավ, որ վերջապես կհանդիպենք: Մտածում էի` հետաքրքիր կլիներ Ալիկին աշխատանքի պրոցեսում տեսնելը, համ էլ էդ մթնոլորտում կկարողանայինք հանգիստ շփվել: Բայց էն ընկերներս, որոնց հետ նախատեսում էի գնալ, չկարողացան գնալ, ես էլ քանի օր էր` մարդ էի փնտրում էնտեղ գնացող, որ հետը գնայի, ու էդպես էլ չգտա: Ստիպված վերջին օրը` ցուցահանդեսին, մենակ գնացի:

    Գնալուս գլխավոր նպատակն, իհարկե, Ալիկին հանդիպելն էր, բայց մտածում էի` ձեռքի հետ էլ արվեստի գործեր կտեսնեմ, ծանոթ նկարիչների կհանդիպեմ: Նաև որոշել էի Ալիկին խնդրել, որ ինձ ծանոթացնի ինձ համար մեկ այլ հետաքրքիր ու յուրօրինակ կերպարի` Նարե Հայկազյանի հետ, որին դեռևս 90-ականներից ճանաչել եմ որպես դերասանուհու, այնուհետև` որպես արվեստագետի ու դիզայների: Բայց պարզվեց` Նարեն էս անգամ չէր մասնակցում, ցուցահանդեսին էլ չէր եկել:

    Ալիկի միջոցով ճանաչածս մի նկարչուհու հետ նույնպես պիտի հանդիպեինք առաջին անգամ: Սկզբում որոշել էինք միասին գնալ սիմպոզիումին, բայց իր մոտ խնդիրներ առաջացան, ասեց, որ ավելի ուշ կգա: Դեռ անցած այցելությանս ժամանակ էինք ուզում հանդիպել, չհաջողվեց: Նախորդ տարի ինքն էլ էր մասնակցել սիմպոզիումին, բայց էս տարի ուղղակի ցուցահանդեսին էր գնում: Պայմանավորվեցինք Մաչանենց տանը հանդիպել: Միջոցառումը բակում էր, որը շատ հետաքրքիր ձևավորված կոլորիտային վայր էր` արվեստի գործերով` նկարներով, քանդակներով, ձեռքի աշխատանքների յուրօրինակ նմուշներով, մի քիչ գյուղական ոճի, հարմարավետ ու սիրուն: Մի խոսքով` ամբողջ տարածքը մի յուրատեսակ ցուցահանդես էր: Լիքը մարդ կար: Բացման արարողությունն ինձ համար մի քիչ ձանձրալի էր, բայց ընդհանուր միջավայրը շատ տրամադրող էր ու գրավիչ, մարդիկ էլ բոլորը շատ ուրախ, դրական ու ջերմ: Լիքը հեռակա ծանոթ դեմքերի նկատեցի, որոնց Ալիկի էջում եմ տեսել: Որոշ նկարիչների նկատեցի, որոնց հետ Ֆեյսբուքում վաղուց ընկեր ենք, ու որոնցից մի քանիսի հետ Ֆեյսբուքում շփվել եմ` մեկի հետ շատ, մյուսների հետ` չնչին: Մտածում էի` տեսնես` ինձ կհիշե՞ն կամ կնկատե՞ն: Ոչ միայն նկատեցին, այլև, ի զարմանս ինձ, հենց իրենք առաջինը մոտեցան, ջերմ ողջունեցին, կարծես հազար տարվա ծանոթներ լինեինք: Տպավորություն ստացա, որ էստեղ բոլորն իրար ճանաչում են, մեջների օտարը ես եմ, բայց դրանով հանդերձ` ինձ հեչ օտար չէի զգում: Հետո իմացա, որ իսկապես ինձնից բացի, միայն մի քանի հոգի կային, որ առաջին անգամ էին եկել: Շուրջս բոլորն իրար ջերմ-ջերմ ողջունում էին, գրկախառնվում, զրուցում: Աննան` նկարչուհին, դեռ չէր եկել, Ալիկն էլ տեսադաշտում չէր երևում, էն ծանոթներս էլ էդ պահին բարևեցին, մի երկու բառ փոխանակեցինք ու գնացին իրենց գործերով: Սիմպոզիումի մասնակիցներին ներկայացնելուց հետո համերգ սկսվեց: Սկզբում «Գաթա» բենդը երգեց, հետո ինձ անծանոթ որոշ երգիչ-երգչուհիներ, որոնց համ երգերն էին շատ լավ ընտրված, համ կատարումներն էր շատ լավը: Ինձ համար զարմանալիորեն բոլորին էլ հաճույքով էի լսում:

    Հետաքրքիր է, որ չնայած մարդաշաությանը, իմ` հիմնականում մենակ լինելուն, անտանելի շոգին ու տոթին` ինձ շատ լավ էի զգում: Ինչ-որ պահի հիշեցի պատկանելության մասին Ակումբի թեման ու ինձ բռնեցի էն մտքի վրա, որ ես էս միջավայրում պատկանելության զգացում ունեմ: Էնքան հաճելի էր գիտակցելը, որ շուրջս եղած էս բոլոր մարդիկ արվեստի մարդիկ են ու բոլորն էսքան դրական են ու ջերմ: Իհարկե, չեմ բացառում, որ այլ իրավիճակում նույն մարդիկ այլ կերպ լինեին, բայց էստեղ` Մաչանենց տանը, որոշակիորեն ջերմ ու դրական էներգիա էր թևածում:

    Բացման արարողությունից հետո, երբ մի քիչ էլ խորացանք դեպի բակի ներսը, հեռվից նկատեցի Ալիկին` շուրջը լիքը մարդ հավաքված, որոնց հերթով ջերմագին ողջունում էր ու պինդ գրկում: Հետաքրքիր է, որ բոլորովին չունեցա էն զգացողությունը, որ Ալիկին առաջին անգամ եմ տեսնում. կարծես արդեն հազար անգամ հանդիպած լինեի. նույն իմ իմացած Ալիկն էր` ինչպես միշտ, ոտաբոբիկ, ձեռքերին` ամբողջ ծավալով մեկ գունավոր ներկեր չորացած: Ալիկն ընդհանրապես կոշիկ չի հագնում, դրսում բոբիկ է ման գալիս, հագնում է միայն աշխատանքի գնալիս (դասավանդում է ինչ-որ տեղ) ու պաշտոնական առիթներին, որոնց թվին Մաչանենց տան սիմպոզիումը, փաստորեն, չի պատկանում): Հագին կանաչ քաթանե լայն վերնաշապիկ էր, էթնիկ նախշերով ինքնատիպ լայն շալվար: Ալիկն իր ողջ կերպարանքով, հատկապես սպիտակ երկար սրածայր մորուքով, քթին դրած փոքր կլոր ակնոցով, հեքիաթի բարի ու իմաստուն ծերուկի է հիշեցնում: Մորուքը մի ժամանակ շատ ավելի երկար էր` ծայրը հյուսած, ինչ-որ մազակալներով: Հետո մի առիթով գրել էր, որ տիպված էր կտրել, քանի որ հեծանիվ քշելիս անհարմարություններ էր առաջացնում, խճճվում էր և այլն:

    Երբ մոտենալու հերթը վերջապես ինձ հասավ, ինձ տեսնելով` մի տեսակ ավելի պայծառացավ: «Չե՜մ հավատում, չե՜մ հավատում»,- ասաց պինդ ու երկար գրկելով, հետո էլ ձեռքս համբուրեց: Մի երկու բառ փոխանակեցինք, ասեց` դե, չգնաս, դեռ կխոսենք: Բայց էս միջոցառման ընթացքում երկար-բարակ խոսելը մի տեսակ ռեալ չէր, ինքն էլ շատ պոպուլյար էր ու անընդհատ տարբեր մարդկանց ուշադրության կենտրոնում, որոնք ուզում էին հետը մի քանի բառ փոխանակել, նկարվել և այլն, նրա շուրջ անընդհատ հերթեր էին գոյանում: Էնպես որ ես ի սկզբանե հույս չունեի, որ կհաջողվի նորմալ խոսել, ու լրիվ հանգիստ էի նայում դրան: Ընթացքում պարբերաբար հանդիպում էինք, ինքն էլ, ինձ տեսնելով, ամեն անգամ գալիս, ջերմ գրկում էր, պինդ բռնում թևիցս` ասելով «չգնաս դեռ»: Թեև Ալիկին բռնացնելը դժվար էր, բայց դե բողոքելու պատճառ չունեմ. ինձ ահագին էլ բաժին հասավ ու հիմնականում` իր իսկ նախաձեռնությամբ: Մի քանի անգամ էլ նկարվեցինք. սիրուն, ջերմ ու հավես նկարներ են ստացվել: Ու ընդհանրապես մեր հանդիպումը էս տարիների ընթացքումս պատկերացրածս բոլոր տարբերակներից շատ ավելի ջերմ ստացվեց:

    Ընթացքում ինձ տարբեր մարդկանց ներկայացնում էր ոչ միայն որպես արվեստագետի, այլև որպես հայ կնոջ հավաքական կերպարի. Չգիտես ինչի, ինքն ինձ էդպես է ընկալում, դրա մասին տարբեր առիթներով էլի էր արտահայտվել: Մեկին ներկայացնելիս ասեց` Ծովինարը` Սանասարի ու Բաղդասարի մայրը, իրականում չի մահացել, էդ ինքն ա, բա՞:

    Մինչև Աննայի գալը ես արդեն հասցրել էի երկու անգամ նայել ցուցահանդեսի գործերը:
    Երբ եկավ, ջերմ ողջունեցինք իրար, կարծես վաղուցվա ծանոթներ, թեև մի երկու անգամ էինք ընդամենը խոսել, էն էլ հանդիպման համար պայմանավորվելիս, բայց ինձ համար վաղուց սովորական երևույթ է դարձել զուտ վիրտուալում միմյանց հրապարակումները կարդալով իրար ճանաչելը, համակրելն ու հարազատանալը, ու դրանից հետո ռեալում հանդիպելիս հին ծանոթների պես շփվելը: Ամեն անգամ Հայաստան գալու ժամանակ առնվազն մի քանի էդպիսի ապավիրտուալացման հանդիպումներ ունենում եմ: Ոմանց դեպքում վիրտուալով արդեն սերտ շփվելուց հետո, ոմանց դեպքում` զուտ հեռակա` գրառումների, նկարների ու մեկնաբանությունների միջոցով շփվելուց հետո: Ու դեռ չեմ հիշում դեպք, որ վիրտուալի ու ռեալի միջև որևէ անհամապատասխանություն նկատած լինեմ:

    Մի անգամ էլ Աննայի հետ ցուցահանդեսը նայեցի, քննարկեցինք: Ահագին հետաքրքիր ու բազմազան աշխատանքներ կային, էդ թվում և իմ ծանոթ մի քանի նկարիչների: Ալիկը իր ոճով` խառը նյութերով ու մեծ կտավներով եռյակ էր ներկայացրել` «Էլ չկա» վերնագրով, որոնք տեսնելով` միանգամից հասկացա, որ իրենն են: Վերջին տարիներին Ալիկի բոլոր գործերը Հայաստանի մասին են: Իր գործերի ֆոնին նաև նկարվեցինք:

    Վերջում, երբ արդեն պիտի գնայի ու Ալիկին ուզում էի հրաժեշտ տալ, էլի պինդ գրկեց, հարցրեց, թե մինչև երբ եմ Հայաստանում լինելու, պատասխանիցս հետո ասեց` դե լավ ա, ուրեմն դեռ կհանդիպենք, մենք դեռ պիտի խոսենք էն մասին, թե դու ինչի էս սիմպոզիումին չէիր մասնակցում, ու որ մյուս տարի պիտի անպայման մասնակցես:

    Մի երկու տարի առաջ պատահաբար հայտնաբերեցի, որ Ակումբի «Նկարչություն» բաժնում Ալիկի գործերին նվիրված թեմա կա, որում որոշ գրառումներ նույնիսկ շնորհակալել էի էն ժամանակ, բայց, ի զարմանս ինձ, ընդհանրապես չէի հիշում: Էս երկու օրը նորից որոնեցի ու գտա էդ թեման, նկատեցի, որ տեղադրված նկարներից ու տեսանյութերից ոչ մեկն այլևս չի երևում, հղումներն էլ կամ չեն գործում, կամ թերի, ժամանակավրեպ ինֆորմացիա են պարունակում:
    Ո՜նց կուզենայի, որ մի օր մեկը Ալիկի մասին գիրք գրեր: Իր մասին էնքան բան կա պատմելու, ու ինչ հետաքրքիր գիրք կստացվի, եթե կարգին գրեն: Հուսով եմ` նախաձեռնող կգտնվի: Շատ ափսոս կլինի, եթե չգրվի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.08.2023), Jarre (10.08.2023), Tiger29 (10.08.2023), Բարեկամ (09.08.2023), Նաիրուհի (17.08.2023)

  4. #333
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան այցելությանս սկզբներում, երբ արշավի գնացինք Լոռի, ճանապարհին մեքենայի պատուհանից նայելիս զգացի, թե հայացքս ինչքան կարոտ էր հորիզոններին ու լեռներին: Երբ նայում էի աչքերիս դիմացով սահող անվերջ հորիզոնին, աչքերս հաճելիորեն շոյվում էին էդ տեսարանից, կարծես ծարավս վերջապես հագենար:

    Երբ նոր էի տեղափոխվել ԱՄՆ, հաճախ էի դիսկոմֆորտ զգում նրանից, որ ոչ մի տեղ հորիզոն չէր երևում: Մինչ այդ, ապրելով Հայաստանում, որտեղ որ կողմ նայես` հորիզոն է երևում, մտքովս անգամ չէր անցնում, որ հորիզոն տեսնելը կարող է էդքան կարևոր լինել ինձ համար: Դա ուղղակի բնական ու սովորական վիճակ էր, կարծես այլ կերպ լինել չէր էլ կարող: Ու միայն ԱՄՆում հորիզոնների իսպառ բացակայության պայմաններում զգացի, որ, փաստորեն, կարևոր է: Ճիշտ է, ընթացքում սովորեցի դրա բացակայությանը, ինչպես որ սովորել եմ լիքը ուրիշ բաների, բայց նորից տեսնելն ակամա հիշեցրեց դրա կարևորությունը: Ի դեպ, վերջերս նաև իմացա, որ հորիզոնին նայելն օգտակար է և՛ աչքերի, և՛ հոգեկանի համար: Էնպես որ զարմանալի չի, որ աչքերս հորիզոն են ուզում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.08.2023), Jarre (02.09.2023), Աթեիստ (30.08.2023)

  6. #334
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մոտ մի տարի է` փորձությունների շղթա է սկսվել ու դեռ ոչ մի կերպ չի ավարտվում: Ամեն անգամ, երբ հաղթահարում եմ հերթականը ու մտածում, որ վերջ, բարեհաջող ավարտվեց, նորն է գալիս` նույն շարքից, ու թվում է` վերջ չկա: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ հետս, ոնց տակից դուրս կգայի, եթե էս ամենն ինձ հետ տեղի ունենար, ասենք, մի 10 կամ թեկուզ 5 տարի առաջ. ուղղակի կճզմվեի տակը, կհամարեի, որ ահավոր անարդար է, որ ես ախր ոչ մի գրամ չեմ արժանացել սրան, կսթրեսվեի, կդեպրեսվեի, իմ վերաբերմունքով ամեն ինչ ավելի կվատացնեի, ու կյանքս լրիվ կփչանար` միաժամանակ փչացնելով նաև ընտանիքիս կյանքը: Կուզենայի` ընդհանրապես չլիներ, բայց էնքան շնորհակալ եմ, որ գոնե հիմա եմ անցնում սրա միջով, երբ դիմակայելու ներքին ռեսուրսներս բավարար են, ու չնայած ամեն ինչին` միևնույն է, կյանքը շարունակում է ինձ համար հրաշալի մնալ, ես էլ` կյանքից գոհ ու երջանիկ: Գիտեմ, որ երբ ինչ-որ վատ բան ինձ հետ տեղի է ունենում, ուրեմն կամ արժանացել եմ դրան (կամ էս, կամ նախորդ կյանքում), կամ կյանքիս էս փուլում ես հենց էսպիսի դասի կարիք ունեմ, հետևաբար պիտի առանց ներքին բողոքի ու տվայտանքների ընդունեմ հերթական մարտահրավերը ու ինձնից կախվածն անեմ հաղթահարելու համար: Մենք միշտ էլ ստանում ենք այն, ինչ մեզ իրականում պետք է, որը ոչ միշտ է համընկնում մեր էդ պահին ուզածի հետ: Էս կյանքում իմ ամենամեծ համոզմունքներից մեկը տիեզերական օրենքների անխափան աշխատանքն է. ես անվերապահորեն վստահում եմ Տիեզերքին ու գիտեմ, որ նրա աշխատանքում վրիպումներ, թերացումներ ու բացառություններ չկան ու չեն կարող լինել: Հիմա որ հետ եմ նայում, ինձ հետ պատահած տհաճ, ծանր, էն ժամանակ ահավոր անարդար ու դաժան թվացած ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ավելին` շնորհակալ եմ. միշտ ամեն ինչ ճիշտ է եղել, ես անցել եմ էն ամենի միջով, ինչն ինձ անհրաժեշտ է եղել իմ հոգևոր աճի ճանապարհին: Թեև էս ամենը տեսականորեն միշտ էլ իմացել եմ, բայց միայն վերջին տարիներին եմ սկսել իրապես գիտակցել ու գործնականում էլ ապրել էդ մտայնությամբ. ոչ մի դժվարությունից, խնդրից ու անհաջողությունից չտրտնջալ, ինձ զոհ չզգալ, չբողոքել, չմեղադրել, անարդարության զգացում չունենալ, փոխարենը ներքին լույսը միշտ վառ պահել` անկախ ամեն ինչից, ու աշխատել հաղթահարելու ուղղությամբ` միաժամանակ դասեր քաղելով, անվերջ ընդլայնելով ու ճկելով թաքնված հնարավորություններիս սահմանները, ու ամեն անգամ զարմանալ դրանց անսահմանությունից:

    Բայց ի՜նչ հաճելի է ինքդ քեզ կողքից նայելով` գիտակցելը, թե ինչքան ես աճել, բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների բախվելիս հայտնաբերել, որ լրիվ այլ կերպ ես ընկալում ու արձագանքում դրանց, որ ոչ միայն առաջվա պես չես խուսափում ու խորշում մարտահրավերներից, այլև նույնիսկ սկսել ես «ինքդ քեզնից թաքուն» վայելել դրանք ու ամեն անգամ հետաքրքրված մտածել` տեսնես` ուրիշ ինչե՞ր կարող եմ հաջողությամբ հաղթահարել: Սեփական ուժերիս ու ապագայի նկատմամբ էս վստահությունը, որ հիմա ունեմ, ոչ մի ձեռքբերման հետ չէի փոխի:

    Հ.Գ. Խնդրանք. չմեջբերել, չքննարկել, հարցեր չտալ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #335
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին տարիների ամենաէական բացահայտումներիցս մեկը. ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է: Ցավոք, էս կարևոր գիտակցմանը շատ ուշ եմ եկել, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

    Սրա հետ կապված հաճախ եմ տատիկիս հիշում: Ինքն իմ ճանաչած ամենաաշխատասեր ու ամենաանխոնջ մարդկանցից էր. ամբողջ օրն աշխատում էր` տանը, այգում, ու իրեն առույգ էր զգում, հոգնել չուներ, իսկ ցավեր ու անհանգստություններ ունենում էր միայն հանգստի պահերին: Մինչև բավական ծեր տարիքն էլ ոտքի վրա էր ու սովորության համաձայն` միշտ շարժման մեջ` գործ անելիս: Միշտ ասում էր` ինձ էս գործն ա պահում. որ գործ չանեմ, կկոնդանամ:

    Մի անգամ Նոր տարուն զանգել էի տատիկիս` Նոր տարին շնորհավորելու, երբ հարցրի` ոնց է, ասեց` 12-ի մոտերն էնքան վատ էի, վեր կացա, պոլերը լվացի, դզվեցի: ) Դա մեր ուղեղում չտեղավորվող մի բան էր. ախր ո՞նց է հնարավոր, որ մարդ ֆիզիկապես վատ լինի, ու հերիք չի` կարողանա գործ անել էդ վիճակում, դեռ մի բան էլ դրանից հետո լավանա: Էս պատմությունը մեր ընտանիքում անեկդոտի պես բան էր դարձել. միշտ հիշում, ծիծաղում էինք, թե` տատիկը հենց վատ ա լինում, պոլերը լվանում ա ու միանգամից դզվում :

    Էն ժամանակ էդքան ծիծաղել եմ, բայց հիմա նոր-նոր սկսել եմ տատիկիս հասկանալ. վերջերս ինչքան ինձ տկար եմ զգացել, ինձ ստիպել եմ ֆիզիկական գործ անել կամ մարզվել, երբ թվում էր` էդ պահին դրա ո՛չ էներգիան ունեմ, ո՛չ էլ վիճակը: Բայց արի ու տես, որ ամեն անգամ էլ ընթացքում լրիվ առույգացել եմ: Ու ընդհանրապես վերջին տարիներին նկատել եմ, որ ինչքան շատ եմ շարժվում, ֆիզիկապես ակտիվ լինում, էնքան ինձ ավելի լավ եմ զգում, ընդ որում` ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.11.2023), ivy (13.11.2023), Աթեիստ (15.11.2023), մարդ եղած վախտ (13.11.2023)

  10. #336
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մամա, ինչի՞ են հայերենի դասագրքերում բոլոր նախադասությունները Արամով,- հարցնում է Արեգը հայոց լեզվի պարապմունքի տնայինն անելիս:
    - Չգիտեմ, որ իմանաս, ինձ էլ կասես:

    Հիշում եմ` երբ դեռ դպրոցական էի (մոտ 30 և ավել տարի առաջ), հայոց լեզվի դասագրքերում համարյա բոլոր օրինակների գլխավոր հերոսն Արամն էր. ինչ նախադասություն լիներ` Արամով էր, կարծես ուրիշ անուն չկար: Միշտ զարմանում էի. ախր ինչի՞ միշտ Արամ. կարելի էր, չէ՞, գոնե մեկումեջ Արմեն, Հայկ, Դավիթ կամ այլ տարածված հայկական անուններ գործածել, բայց չէ` միայն Արամ, հա՛ Արամ: Այլ անուններ հայտնվում էին հիմնականում միայն էն դեպքում, երբ Արամը մենակ չէր լինում նախադասության մեջ: )

    Հիմա պարզվում է` չնայած ավելի քան 30 տարի է անցել, բայց հայոց լեզվի դասագրքերում Արամը շարունակում է մնալ քերականական օրինակների միակ և անփոխարինելի հերոսը: Չնայած էս տարիների ընթացքում դասագրքերի հեղինակները բազմիցս փոխվել են, բայց կարծես նրանցից ոչ մեկը ուրիշ հերոսի անուն չգիտի :

    Էն օրն էլ Արեգը տնային անելիս նախադասություններ պիտի կազմեր` տրված բառերը որոշակի հոլովներով գործածելով:
    - Մի նախադասությունը «ես»-ով գրեցի, մեկը` «նա»-ով, մեկը` «աղջիկ»-ով, մեկը` «տղա»-ով, հիմա հերթը հասավ «Արամին»:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.03.2024)

Էջ 23 23-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •