Սովորաբար համարվում է, որ մարդիկ ամենաանհոգը լինում են մանկության տարիներին, իսկ հետո քիչ–քիչ սկսում են բախվել կյանքի դժվարություններին, խնդիրներին, հոգսերը գնալով շատանում են, ու մանկության անհոգությունից այլևս հետք չի մնում։ Իմ դեպքում ճիշտ հակառակն է եղել (Բենջամին Բաթոնի ականջը կանչի)։ Ես, կարելի է ասել, ծնվել եմ աշխարհի դարդերն ուսերիս։ Երբեք չեմ հանդիպել ինձ նման դարդոտած երեխայի ու հուսով եմ՝ չեմ էլ հանդիպի։ Իմ ամենադժբախտ, ամենադարդոտած տարիքը եղել է վաղ մանկության շրջանը, թեև ինձ հետ ոչ մի սարսափելի դեպք չի պատահել իրականում, որի մասին հնարավոր լիներ արձանագրել որպես փաստ։ Ինձ շրջապատող մարդիկ ու հատկապես երեխաներն ինձնից էնքան տարբեր էին, որ ինձ լրիվ այլմոլորակային էի զգում, ու մտածում էի, որ ես նորմալ չեմ, ինձ հետ մի բան էն չի։ Ինձ մի քանի տարեկանում էնպիսի հարցեր էին հուզում ու լրջորեն անհանգստացնում, որ հիմա երբ հիշում եմ, ինքս ինձ խղճում եմ էդ տարիքում։ Շուրջս կատարվող ցանկացած գործողություն, իմ միջով էր անցնում, կարծես անմիջականորեն ինձ հետ էր կատարվում, ինձ էր խոցում։ Ցանկացած անարդարությունից, թեկուզ աննշան, աշխարհը գլխիս մթնում էր, ու ինձ ահավոր դժբախտ էի զգում։ Ու երբ տեսնում էի շուրջս տիրող անհոգությունը, սխալ տեղում հայտնված ինչ–որ աննորմալ արարած էի ինձ զգում ու անհույս երազում ուրիշների նման նորմալ լինել՝ ուրախ ու անհոգ։
Ինձ հուզող հարցերից մեկն էլ մահն էր։ Ցածր դասարանի աշակերտ էի, երբ էդ հարցն ինձ սկսեց լրջորեն անհանգստացնել։ Մեկ էլ հանկարծ ինչ–որ բան ինձ հիշեցնում էր, որ աշխարհում մահ կա, որ մի օր, կապ չունի՝ երբ, ես, իմ բոլոր հարազատները, իմ ճանաչած բոլոր մարդիկ այլևս չենք լինելու, ու էդ մտքից ընկնում էի խոր ու երկարատև տրտմության մեջ։ Նայում էի շուրջս, ասենք, բակում խաղալիս, ու մտածում. «Ո՞նց են մարդիկ էսպես անհոգ խաղում, ապրում, երբ էս ամենը, միևնույն է, մի օր վերջանալու է, ինչի՞ համար է էս ամենը, եթե հետո չի լինելու»։ Ու կյանքն էնքան մռայլ ու անիմաստ էր թվում։ Պատահում էր՝ էդ հոգեվիճակը օրեր էր տևում, մինչև ինչ–որ բան ստիպում էր ժամանակավորապես մոռանալ էդ անտանելի իրականության մասին, բայց ընդամենը մինչև հաջորդ «նոպան»։ Մահվան գաղափարը՝ որպես ամեն ինչի վերջ, ոչ մի կերպ չէի կարողանում ընդունել, համակերպվել դրա հետ։ Ինչ–որ բան սարսափելի սխալ էր թվում։ Էդպես չպիտի լիներ։ Միայն հետո պիտի իմանայի, որ իրականում էդպես չի։
Տարիների ընթացքում, իհարկե, ահագին փոխվեցի՝ ինքս ինձ վերագտնելով ու ճանաչելով, մի քիչ էլ ուրիշներին նմանվելով։ Չեմ կարող ասել, թե հիմա ավելի անտարբեր եմ շուրջս կատարվող անարդարությունների նկատմամբ, պարզապես հիմա ես դրանք այլ կերպ եմ ընկալում ու մեկնաբանում։ Իմ հոգսերն էլ տարիների հետ, բնականաբար, ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են ու ամենայն հավանականությամբ շարունակելու են ավելանալ, բայց դրանով հանդերձ՝ ես հիմա անհամեմատ ավելի անհոգ եմ ինձ զգում, քան առաջ ու հատկապես՝ մի քանի տարեկանում։ Հիմա ինձ բոլորովին էլ «ոչ էս աշխարհից» չեմ զգում։ Ճիշտ է, շատերի համար հիմա էլ եմ էդպիսին, բայց ես հո գիտեմ, որ էս աշխարհից եմ։ Ճիշտ է, ես էդպես էլ չիմացա, թե որն է էն անհոգ մանկությունը, որի մասին ճանաչածս համարյա բոլոր մարդիկ երանությամբ ու նոստալգիայով խոսում են, բայց դա արդեն էնքան էլ կարևոր չի։
Էջանիշներ