Արեգը վերջերս շատ պաչիկասեր է դարձել։ Ճիշտ է, առաջ էլ էր մեզ պաչիկ անում, հիմնականում՝ քնելուց առաջ, երբեմն էլ ուղղակի։ Բայց հիմա ոնց որ թե պաչիկ երևույթը նորովի է բացահայտել իր համար։ Բացի նրանից, որ մեզ ավելի հաճախ է պաչիկ անում, նաև իր խաղալիք կենդանիներին է պաչիկ անում։ Հերիք չի` ինքն է պաչիկ անում, դեռ մեզ էլ է պաչիկ անել տալիս իր խաղալիքներին։ Բերում, դեմ է տալիս, որ պաչենք։ Ու մինչև չպաչես, հեռացնողը չի, ուզած–չուզած՝ պիտի պաչիկ անես, որ գլուխդ ազատես։ Հատկապես ձիուկներին է շատ սիրում, ու մենք օրվա մեջ բազմաթիվ անգամներ էդ ձիուկներին պատվերով պաչիկ ենք անում։
Նաև սկսել է իր ուտելիքը մեզ հյուրասիրել։ Դեռ մի քիչ կերած՝ արդեն պարտադիր պիտի գդալը մեզ ուղղի, որ մենք էլ ուտենք, հետո նոր շարունակի ուտելը։ Սկզբում մտածում էինք՝ երևի էդքանն ուտելու հավես չունի, գլուխն ազատելու համար է էդպես անում, բայց հետո տեսանք, որ չէ. նախ հաճախ հենց սկզբից՝ մեկ–երկու գդալ ուտելուց հետո արդեն հյուրասիրում է, հետո՝ նույնիսկ իր ամենասիրած ուտելիքները, որոնք եթե էլի տայի, համոզված եմ, հաճույքով կուտեր, մեկ է, հյուրասիրում է։ Երեկ էլ չամիչ էր կերել, որն իր ամենասիրած ուտելիքներից է, մի ժամ կամ ավել անցել էր արդեն, ես էլ նստած եմ կոմպի դիմաց, մեկ էլ տեսնեմ՝ չգիտեմ որտեղից գտած չամչի հատիկ է բերանս խցկում։ Փաստորեն, հատակից գտած մինուճար չամչիկը մամային էր բերել։
Էջանիշներ