Այս թեմայով վաղուց էի ուզում գրել։ Կարծում եմ՝ կգտնվեն մարդիկ, որոնց համար հետաքրքիր կլինի այս թեման։
Ինչպես երևի շատերը գիտեն, ԱՄՆ–ում ապրելն ինձ շատ առումներով դուր չի գալիս, բայց կրթական համակարգն այն քիչ բաներից է, որ հիմնականում շատ եմ հավանում ու շատ կուզենայի, որ Հայաստանում էլ այն գոնե մի քիչ նման լիներ ԱՄՆ–ինին։ Իհարկե, բացասական կամ առնվազն ինձ դուր չեկող երևույթներ էլ կան, բայց դրանք ընդհանուր դրական տպավորության վրա ազդեցություն չունեն։ Հնարավոր է՝ շատ բաներով եվրոպականին է նման, չգիտեմ, քանի որ ծանոթ չեմ վերջինիս։
Նաև ասեմ, որ բերածս փաստերն ու դիտարկումները հիմնված են լինելու ԱՄՆ–ի կոնկրետ համայնական (կամ համայնքային, չգիտեմ՝ ինչպես է ընդունված պաշտոնապես թարգմանել) քոլեջների (community college) կրթական համակարգի վրա, քանի որ ինքս դրանցից մեկում եմ սովորում։ Բայց որքան գիտեմ, մյուս քոլեջների ու համալսարանների համակարգն էլ մոտավորապես նույնն է։
Դասերին գրանցվելու մասին
Սկսեմ, իմ կարծիքով,ամենակարևոր գործոններից մեկից։ Այստեղ համակարգն այնքան ճկուն է, որ ցանկացած ուսանող կարող է ընտրել, թե իր մասնագիտության համար պարտադիր առարկաներից որոնք, ինչ հերթականությամբ, որ օրերին ու ժամերին և սեմեստրի ընթացքում քանիսը անցնի։ Ճիշտ է, կան առարկաներ, որոնք պարտավոր ես վերցնել այս կամ այն առարկայից առաջ կամ միաժամանակ, քանի որ վերջինիս համար նախագիտելիք են հանդիսանում, բայց այդպիսիք հիմնականում մեծ տոկոս չեն կազմում, ու ցանկացած դեպքում ընտրության մեծ ազատություն է լինում։ Նման ճկուն գրաֆիկը հնարավորություն է տալիս շատերին ուսումը համատեղել գործունեության բազմաթիվ այլ ձևերի, այդ թվում և մայրության հետ, ինչպես, օրինակ, իմ դեպքում։ Եթե այդ ազատությունը չլիներ, ես ոչ մի կերպ չէի կարողանա ուսանող լինել, քանի որ փոքր երեխա ունեմ։
Սրա հետևանքով, փաստորեն, շատերը երկու տարվա (լրիվ դրույքով) ուսումը կարող են ավարտել, ասենք, չորս, հինգ, վեց և ավելի տարիների ընթացքում՝ կախված իրենց ընտրած ծանրաբեռնվածությունից։ Բայց եթե այդ հնարավորությունը չլիներ, շատերն ընդհանրապես ոչ կընդունվեին, ոչ էլ կավարտեին։
Սրա բացասական կողմն այն է, որ հիմնական կուրս (ուսանողական կոլեկտիվ)՝ որպես այդպիսին, չի ձևավորվում, քանի որ յուրաքանչյուր առարկան վերցնելիս առանձին խումբ է ձևավորվում, ու դրանցում «կրկնվող» ուսանողներ՝ նախորդ սեմեստր վերցրածդ առարկաների կամ նույն սեմեստրում տարբեր առարկաների խմբերից, հազվադեպ են հանդիպում։ Մի կողմից՝ որքան երկար ժամանակ ես սովորում, այնքան ավելի հավանական է խմբում ծանոթ դեմքերի հանդիպելը, բայց մյուս կողմից էլ՝ աճում է նաև քեզ ծանոթ ուսանողների՝ այդ ընթացքում արդեն քոլեջն ավարտած լինելու հավանականությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր մարդիկ տարբեր ինտենսիվությամբ են կուրսեր վերցնում։ Այնուամենայնիվ, դրականը, կարծում եմ, զգալիորեն գերակշռում է։
Ուսման վարձը կազմված է առարկաներից յուրաքանչյուրի համար առանձին սահմանված վարձից (որը, կախված կրեդիտների քանակից, տարբեր է), գումարած՝ սեմեստրի համար սահմանված վարձը, ինչպես նաև որոշ առարկաների դեպքում սարքավորումների և այլ պարագաների համար նախատեսված փոքրիկ գումարը։
Ուսանողները, բացի իրենց ընտրած մասնագիտության համար պարտադիր առարկաներից, ցանկության դեպքում կարող են վերցնել նաև այլ՝ իրենց հետաքրքրող ցանկացած առարկա, ցանկացած քանակով՝ դրանց համար էլ առանձին վճարելով, այսինքն՝ նույն ձևով, ինչ որ պարտադիր առարկաների դեպքում։
Համակարգի ճկունությունը թույլ է տալիս նաև սովորելու ընթացքում ցանկացած ժամանակ փոխել մասնագիտությունը՝ մինչև անգամ ընտրելով առաջինի հետ ոչ մի կապ չունեցող մասնագիտություն։ Շատերն, օրինակ, սկզբում լավ չեն կողմնորոշվում, ու որոշակի մասնագիտությամբ սովորելու դեպքում զգում են, որ դա իրենցը չէ, ուրիշ ոլորտ են ուզում։ Որոշ ուսանողներ էլ ի սկզբանե դեռևս չիմանալով, թե ինչ ընտրել, պարզապես ձևի համար մի բան ընտրում են՝ քիչ թե շատ ընդհանուր առարկաներով, ու տարբեր բազմազան առարկաներ վերցնում, որ ընթացքում զգան, թե դրանցից որոնք են ավելի շատ ձգում իրենց, որպեսզի այնուհետև գնան այդ ուղղությամբ։
Այն ուսանողները, որոնք դեռ 25 կրեդիտից պակաս ունեն, հաջորդ սեմեստրի համար առարկաներ վերցնելուց առաջ պարտավոր են ակադեմիական խորհրդատվություն անցնել, որի համար պետք է զանգելով կամ քոլեջի համապատասխան սենյակ գնալով՝ նախապես պայմանավորվեն։ Սա, որքան գիտեմ, արվում է նրա համար, որ քիչ թե շատ սկսնակ ուսանողները սխալ առարկաներ չվերցնեն, որևէ առարկա վերցնելուց առաջ հաշվի առնվի իրենց ընդհանուր կարգավիճակը և ուսման հետ կապված այլ հանգամանքներ։
Սրա բացասական կողմն այն է, որ որոշ կողմնորոշվել չկարողացող ուսանողների պատճառով լրիվ նորմալ կողմնորոշվող ուսանողները չեն կարողանում ժամանակին գրանցվել, ու մինչև գրանցվելու իրավունք են ստանում, շատ տեղեր արդեն զբաղված են լինում, ընտրության հնարավորությունը փոքրանում է։ Առանց ակադեմիական խորհրդատվության գրանցվելու համար 25 կրեդիտ ունենալուց բացի, պահանջվում է նաև, որ ուսանողի միջին գնահատականը որոշակի թվից ցածր չլինի։
Գրանցումը, բնականաբար, արվում է օնլայն՝ քոլեջի պաշտոնական կայքում, որտեղ կուրսերն ընտրելիս ուսանողը կարող է տեսնել նաև տվյալ կուրսը դասավանդող դասախոսի անուն–ազգանունը ու նաև ըստ այդ կողմնորոշվել։ Հնարավորություն կա նաև համապատասխան կայքում դասախոսների մասին ուսանողների կարծիքներ կարդալու, որոնք, սակայն, երբեմն կարող են բավական ապակողմնորոշիչ լինել։ Թեև հիմնականում իրականությանը քիչ թե շատ մոտ, բայց երբեմն խիստ սուբյեկտիվ ու, կոպիտ ասած, «աբիժնիկ» կարծիքների կարելի է հանդիպել, որոնց այդպիսին լինելը, բարեբախտաբար, մեծ մասամբ զգացվում է գրառման տոնից ու ձևակերպումից։ Բացի դրանից, շատ դասախոսներ մեկից ավելի առարկաներ են դասավանդում, ու մեկ անգամ նրանց ուսանողը լինելուց հետո արդեն կարելի է կողմնորոշվել՝ նորից ընտրել նրանց որպես դասախոս, թե ոչ։
Շարունակելի
Էջանիշներ