Վերջին տարիներին, երբ իրար հետևից սկսեցին Հայաստան այցելել լեգենդար խմբերը (որոնցից հատկապես Uriah Heep–ի համերգը բաց թողնելու համար եմ ափսոսում), ես, Նյու Յորքում նստած, մտածում էի, իսկ ու՞մ համերգին իսկապես կուզենայի գնալ։ Ընդհանրապես սիրածս երգիչներից ու խմբերից շատերի համերգներին չէի ուզենա գնալ զուտ էն պատճառով, որ շատ բարձր երաժշտությունն էնքան էլ լավ չեմ տանում։ Ու մտածում էի, որ էս պահին միակ խումբը, որի համերգին, անկախ ամեն ինչից, շատ կուզենայի լինել ու հնարավորության դեպքում առանց տատանվելու կգնայի, The Cranberries–ն է։ Հիշում եմ՝ մի երկու տարի առաջ մի պահ նույնիսկ որոշեցի ինտերնետում որոնել՝ արդյոք The Cranberries–ը մոտ ապագայում համերգ չի նախատեսում Նյու Յորքում։) Բայց չէ, նման պլաններ չկային, թեև հույսեր էլ, ճիշտն ասած, առանձնապես չկային
։ Ուղղակի պահի տակ մտքովս անցավ ստուգել, ստուգեցի։ Հետո մոռացա, անցավ–գնաց։
Մի երկու ամիս առաջ էլ քույրս տեղեկացրեց, որ The Cranberries–ը ներկայումս համաշխարհային համերգային շրջագայության է մեկնել ու մայիսի սկզբին Նյու Յորքում է համերգներ տալու։ Ո՜նց էի ուրախացել։ Հավատս չէր գալիս։ Տոմսերն անմիջապես գնվեցին։ Երկու օր առաջ էլ համերգն էր։ Համերգասրահը, որում նախատեսված էր համերգը, նստատեղեր չուներ. ով որտեղ հասցներ՝ կանգնում էր։ Լավագույն մասը բեմի դիմաց գտնվող դատարկ տարածքն էր։ Կային նաև օթյակներ՝ երկու հարկով, որոնցից նայելու հեռանկարը բոլորովին գրավիչ չէր թվում։ Ես ու ամուսինս էդ առումով միջինից մի քիչ լավ վիճակում հայտնվեցինք` հասցնելով գրավել բեմի դիմացի մոտավորապես մեջտեղի մասերը՝ բեմից մոտ երեք մետր հեռավորության վրա։ Կանգնելն, իհարկե, հոգնեցուցիչ էր, բայց արժեր։ Ճիշտ է, դիմացից որոշ բարձր գլուխներ տեղ–տեղ խոչընդոտում էին, որի համար փոշմանեցի, որ էն բարձր պլատֆորմով կոշիկներս չէի հագել (որոնք, արդեն քանի տարի է՝ հագնում եմ հիմնականում անձրևոտ եղանակին՝ ոտքերս անձրևաջրերից պաշտպանելու համար։ Բայց ընդհանուր առմամբ լավ երևում էր։ Ու կարևորը՝ չնայած համատարած ոգևորությանը՝ հրմշտոց չկար։ Շատ անշառ, անվնաս ոգևորություն էր տիրում դահլիճում, համարյա The Cranberries–ի երգերի նման
։
Գիտեի, որ The Cranberries–ը 2012–ին՝ տասը տարի ցրված լինելուց հետո վերամիավորվել է, ինչպես նաև հասցրել է մի նոր ալբոմ թողարկել, որից, սակայն, ոչ մի երգ չէի հասցրել նախօրոք լսել։ Բայց հաշվի առնելով, որ The Cranberries–ի երգերը (առնվազն ինձ համար) կարող են լինել կամ լավը, կամ շատ լավը, սպասելիքներս էլ համապատասխան էին։ Դոլորեսի յուրահատուկ թրթռուն ձայնը, որ ուրիշ ոչ մեկի հետ չես շփոթի, բոլորովին չէր փոխվել։ Հին հիթերից բացի, երգեց նաև նոր՝ Roses ալբոմից մի քանի երգ, որոնցից հատկապես Tomorrow–ն շատ հավանեցի։
Ահագին լուսանկարել եմ, չնայած հիմնականում լույսերի պատճառով էնքան էլ հաջող չեն ստացվել նկարները։ Մի քանի կարճ հատված էլ վիդեո եմ նկարել լուսանկարչական ապարատով, ուղղակի որպես հիշատակ համերգից, թե չէ ձայնի որակն էն չի։ Ահա դրանցից մի քանիսը.
Դոլորեսն էնքան իրական ու հասարակ էր թվում։) Վերջերս էլ ահագին կարդացի իր մասին։ Պարզվում է՝ մարդը ստեղծագործական արձակուրդի էր գնացել՝ մամայություն անելու, մարդկային կյանքով ապրելու համար, քանի որ, ինչպես ինքն է ասում, խմբի հետ աշխատանքն ընդհանրապես ապրելու համար ժամանակ ու էներգիա չէր թողնում։ Ու պատմում է, որ ինքն, այսպես ասած, դպրոցից հազիվ դուրս եկած ու դեռ կյանք չտեսած՝ միանգամից ընկել է աստղային կյանք, որն իր համար խիստ ծանր ու ոչ երջանիկ ժամանակահատված է եղել՝ չնայած խմբի համաշխարհային հաջողությանը»։ Իսկ խմբի ցրվելուց հետո երեք երեխա է ունեցել, ու գտնում է, որ հատկապես քանի դեռ երեխաները փոքր են, շատ կարևոր է, որ մայրը մշտապես կողքներին լինի։ Ու ընդհանրապես ընտանիքն ամեն ինչից վեր է դասում։
The Cranberries–ի երգերում առանձնահատուկ հանգստություն,մեղմություն ու ներդաշնակություն կա, ինչն, անշուշտ, զգալի չափով պայմանավորված է երգչուհու քնքուշ, ելևէջուն ու մի տեսակ շոյող ձայնով (ընդ որում նշված հատկությունները չեն կորչում նույնիսկ բղավելիս), բայց մեղեդիներն էլ իրենց հերթին են հանգստացնող ու երգչուհու ձայնին համահունչ։ Լսելիս խաղաղվում եմ միշտ։
Մի քիչ էլ հին սիրված երգերից.
Նաև իմացա, որ խմբի ցրված լինելու ընթացքում Դոլորեսը երկու սոլո ալբոմ է ձայնագրել՝ Are You Listening? (2007) և No baggage (2009), բայց դրանք դեռ չեմ հասցրել լսել։
Էջանիշներ