Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ մոտակա պլաններիս մեջ եղել է «ավելի լավը դառնալու» մասին կետը։ Սա, իհարկե, էն բնույթի պլաններից է, որ առնվազն առաջին հայացքից խիստ վերացական լինելու պատճառով միշտ կարելի է հետաձգել։ Ի վերջո, ոչ ոք, բացի քեզնից, չի գալու՝ որոշակի ժամկետներում ստուգի ու գնահատի, թե դու, ասենք, միավոր ժամանակահատվածում որքանով ես ավելի լավը դարձել, ու թե որքանով է դա բավարարում նախատեսված պահանջներին։ Ճիշտ է, մայրս մեզ փոքրուց միշտ խորհուրդ էր տալիս ամեն օրվա վերջում ինքներս մեզ համար, երբեմն էլ՝ ընտանեկան հաշվետվության տեսքով () գնահատել անցկացրած օրը՝ մոտավորապես «այսօր ի՞նչ օգտակար գործ եմ արել» հարցի միջոցով, որը ներառում էր ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ բազմազան կենցաղային ու ֆիզիկական գործեր, ինչն, իհարկե, շատ օգտակար նախաձեռնություն է, քանի որ մղում էր ընդհանուր կատարելագործման, այսինքն՝ ավելի լավը դառնալուն։ Բայց իմ պատկերացրած «ավելի լավը դառնալն» ավելի լայն էր ու միաժամանակ ավելի անհատական։
Անձամբ ինձ համար ավելի լավը դառնալը ներառում էր մոտավորապես հետևյալը. դառնալ ավելի ինքնավստահ, ավելի համարձակ, ավելի կազմակերպված, ավելի աշխատասեր, ավելի ժպտերես, ավելի մարդամոտ, ավելի լավատես, ավելի քիչ դժգոհող, ավելի... , ավելի... , ավելի...։
Քանի դպրոցական էի, մտածում էի՝ այ, մինչև ուսանող դառնալս կհասցնեմ ավելի լավը դառնալ, որ գոնե ուսանողական կյանքս ավելի ճիշտ ապրեմ, քան դպրոցականն եմ ապրել։ Ուսանող դառնալուց հետո լավը դառնալու ակնկալիքները համապատասխանաբար «ժառանգվեցին» կյանքիս ավելի ուշ փուլերին, օրինակ՝ այ, որ ընկեր ունենամ... Իսկ հետո՝ այ, որ ամուսնանամ... Ու, չգիտես ինչու, ամեն էդպիսի փուլում ինձ թվում էր, որ, այ, հաջորդը շատ ավելի լուրջ ու պատասխանատու փուլ է, ու որ հենց էդ փուլն ինձ համար ավելի բարենպաստ պայմաններ կապահովի ավելի լավը դառնալու համար։ Հա, ոնց էլ լինի, տարեցտարի որոշակի ձեռքբերումներ ունեցել եմ, որոնք այս կամ այն չափով կարելի է լավը դառնալու բաղադրիչներ համարել, բայց էդ բոլորով հանդերձ՝ դեռ շատ հեռու եմ էն իմ պատկերացրած լավի ընդհանուր կերպարից։
Երեխա ունենալով՝ սկսել եմ գիտակցել, որ լավը դառնալու խնդիրն ավելի քան հրատապ է, որ սա արդեն այն փուլն է, երբ հետաձգելու տեղ այլևս չկա։ Աչքիս առաջ ու ձեռքիս տակ բավական արագ տեմպերով աճում ու մեծանում է մի էակ, որի ինչպիսին լինելն ու դրանից ելնելով՝ նաև ինչպիսի կյանք ունենալը շատ առումներով կախված է նաև ինձնից՝ իմ լավը լինելու աստիճանից, որովհետև ես հենց սկզբից ու գուցե ամբողջ ընթացքում կենդանի օրինակ եմ լինելու նրա համար։ Ու ինչքան սովորություններ, բնավորության գծեր ունեմ, որոնցից կուզենայի ազատվել, ինչքան հատկանիշներ կան, որ կուզենայի զարգացնել իմ մեջ, որպեսզի երեխաս ավելի լավ մայր ունենա։ Ինչքան բաներ կան, որոնք տարեցտարի անտեսելով ու ականջի հետև գցելով՝ կարող ես ապրել, բայց երբ պատկերացնում ես, որ երեխադ քեզ տեսնելու է հենց էդպիսին, զգում ես, որ էդ հեռանկարը, մեղմ ասած, էնքան էլ գրավիչ չի, ու էդ ժամանակ ավելի հստակ ես զգում, թե քեզ ինչքան դուր չի գալիս քո էսինչ գիծը կամ էսինչ սովորությունը։ Օրինակ, ինչպե՞ս կարող ես երեխայիդ սովորեցնել ամեն ինչ ժամանակին անել, եթե ինքդ նրա աչքի առաջ ժամանակին չես անում էսինչ գործդ։ Կամ՝ ինչպե՞ս կարող ես երեխայիդ սովորեցնել քաջ լինել, չվախենալ էսինչից կամ էնինչից, եթե ինքդ վախենում ես լիքը բաներից։ Երեխայիդ լիարժեք ու երջանիկ մարդ դարձնելու համար պիտի նախ ինքդ էդպիսին լինես, որովհետև քո ամեն մի շարժումն իր ազդեցությունն է ունենալու նրա անձի ձևավորման վրա։ Ու հասկանում ես, որ պիտի ավելի լավը դառնաս հենց հիմա, հենց էս պահից սկսած՝ ոչ մի վայրկյան չկորցնելով։ Մեկ–մեկ նույնիսկ թվում է, որ երեխային լիարժեք, ճիշտ դաստիարակելը գործնականում անհնար բան է։ Բայց էստեղ էլ օգնության է գալիս էն հին համոզմունքը, որ ճիշտը, հանճարեղը, իմաստունը միշտ ամենապարզի մեջ է։ Պետք է ուղղակի բռնել էդ հանճարեղ պարզության պոչից ու բաց չթողնել, ու լավը դառնալ ամեն րոպե՝ սկսելով ամենապարզից։




) գնահատել անցկացրած օրը՝ մոտավորապես «այսօր ի՞նչ օգտակար գործ եմ արել» հարցի միջոցով, որը ներառում էր ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ բազմազան կենցաղային ու ֆիզիկական գործեր, ինչն, իհարկե, շատ օգտակար նախաձեռնություն է, քանի որ մղում էր ընդհանուր կատարելագործման, այսինքն՝ ավելի լավը դառնալուն։ Բայց իմ պատկերացրած «ավելի լավը դառնալն» ավելի լայն էր ու միաժամանակ ավելի անհատական։
Մեջբերել
։
։ Նույնիսկ քաղաքն է ավելի իսկական ու շնչող։ Ոչինչ, որ շնչածը հիմնականում փոշի է. էստեղի փոշին էլ է ավելի իսկական 
։

Էջանիշներ