Բավական լուրջ ու երկարատև ստեղծագործական անկման շրջան եմ ապրում... Գրելը նկատի ունեմ։ Հա՛ սպասում եմ վերջին, բայց դե մեր քմահաճ բարեկամ Մուսան, ըստ երևույթին, անկյալներին չի սիրում, էդ դեռ հերիք չի՝ իմ Մուսան, ի տարբերություն ու ի հեճուկս ինձ՝ նաև բու է դարձել, ինչպես վերջերս պարզվեց... Ինքն արթնանում է էն ժամանակ, երբ ես կամ պատրաստվում եմ քնել, կամ էլ արդեն քնած եմ, ու էդպես մենք հիմա հազվադեպ ենք հանդիպում... Ճիշտն ասած՝ հանուն նրա՝ բու դառնալու մտադրություն ու ցանկություն չունեմ. ես չափազանց համոզված արտույտ եմ, հետևաբար միակ ելքը մնում է նրան արտույտացնելը։ Դե, նրա համար պիտի որ ավելի հեշտ լինի, վերջիվերջո, նախկինում արտույտ է եղել։
Հիմա մեջս մտային դատարկության շրջան է. երբ գրեթե ոչ մի հետաքրքիր միտք, գաղափար, դատողություն չի ծնվում ու վերջ... Ու դա ընդհանրապես կապ չունի հոգեվիճակի կամ տրամադրության հետ։
Եղբորս հետ կապված մի բան հիշեցի... Ինքը, չնայած լավ սովորելուն, դպրոցում շարադրություն գրել ոչ մի կերպ չէր կարողանում։ Մի անգամ էլ, երբ արդեն ուսանող էր, հայոց լեզվի դասախոսը շարադրություն էր հանձնարարել, կարծեմ մի քանի կոնկրետ վերնագրեր էր տվել, որ ընտրեն, բայց միաժամանակ նաև հնարավորություն էր տվել, առաջարկված թեմաներով չբավարարվելու դեպքում, ինքնուրույն ընտրել թեման։ Եղբայրս որոշել էր օգտվել ազատ ընտրության հնարավորությունից և ընտրել էր մի շատ հոգեհարազատ թեմա, ըստ երևույթին՝ միակը, որի մասին կարող էր գրել, վերնագիրն էր՝ «Իմ՝ շարադրություն գրելու ունակության բացակայության մասին»։Մարդը բավական մեծ ոգևորությամբ մի քանի էջանոց կարգին շարադրություն էր գրել, որում ամենայն անկեղծությամբ ու մանրամասնությամբ պատմել ու բացատրել էր, թե հատկապես ինչու և ինչպես ինքը չի կարողանում շարադրություններ գրել
։ Ի դեպ, շարադրությունը լսարանում մեծ հաջողություն էր ունեցել։
Հիմա մտածում եմ՝ չբռնե՞մ ես էլ բանաստեղծություն գրեմ, ասենք, էն մասին, թե ինչպես է մուսաս ինձ լքել, թե ինչ մտային քաղց է տիրում գլխումս, ու թե ինչ տխուր է էդ ամենը... Մեկ էլ տեսար՝ ինքս իմ անմուսայությանն աչքով տվեցի, ու հետաքրքիր մտքեր հղացան...
Մի տարօրինակ երևույթ. վերջերս պարբերաբար գլխումս սկսում է ինչ–որ բանաստեղծության ռիթմ հնչել՝ հստակ տաղաչափով, հնչերանգով, բայց առանց տեքստի՝ բացարձակապես ոչ մի բառ... Միայն ռիթմ, որը կարծես խնդրում է. «Բառեր դիր իմ մեջ, տես՝ ինչ լավն եմ, ափսոս եմ...»։ Է հա, ափսոս ես, բայց դե ես ի՞նչ անեմ քեզ հետ իմ էս մտազուրկ գլխով, հը՞։
Չէ, մուսայիս հետ լեզու գտնել է պետք, մի բան պայմանավորվել, էսպես չի լինի...
Էջանիշներ