Դեպի վիրտուալ սոցիալիզմ
Բայց մարդ ինչքան տարբեր կերպ է ընկալում մաքուր վիրտուալ ու ռեալ կամ գոնե կիսառեալ (կիսավիրտուալ) կերպարներին։ Անուն, տարիք, արտաքին տեսք... էս բոլորը որոշակիորեն խարխլում են վիրտուալի՝ պայմանականություններից զերծ կերպարի ամբողջականությունը. ռեալի տվյալները որ ներխուժեցին վիրտուալ տարածքից ներս, միանգամից առօրեականացնում ու մի տեսակ համահարթեցնում են կերպարը, ու արդեն սկսում ես գրառումների մեջ ու հետևում փնտրել հենց էդ արտաքինով, էդ տարիքի ու էդ կարգավիճակի մարդուն, նույնիսկ անունն է ինքնըստինքյան կարծես թառում բոլոր գրառումների գլխին՝ գլխարկի նման, էն տարբերությամբ, որ էդ գլխարկն էլ հանել չի լինի։ Իսկ մինչ այդ մարդուն լրիվ ուրիշ չափողականության մեջ էիր ընկալում։ Ու էդ ամենը խաթարում է ընդհանուր մթնոլորտի վիրտուալությունը, ընկալումդ կամա թե ակամա կաղապարվում է պայմանականություններով։ Ի վերջո, ստացվում է մի չափազանց խայտաբղետ ու անհամասեռ համայնք՝ կազմված վիրտուալության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանցից, որոնցից շատերը խորհրդավոր են զուտ այնքանով, որքանով վիրտուալ են, իսկ մյուսները՝ պարզ ու շատ առումներով՝ նաև կանխատեսելի՝ էլի զգալի չափով կախված ռեալության աստիճանից։
Հենց նոր պատկերացրի, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե ունենայի վիրտուալ երկու առանձին միջավայր. առաջինում շփվեի լրիվ վիրտուալ կերպարների հետ, քանի դեռ ռեալը չի դիպել վիրտուալի պատերին, երկրորդում՝ այն մարդկանց հետ, որոնց վիրտուալությունն արդեն այս կամ այն չափով «կոտրված» է ռեալով՝ նկարների, անձնական տվյալների կամ մինչև անգամ ռեալ հանդիպումների ու շփման միջոցով։ Բնականաբար, այդ երկու միջավայրերը պետք է խիստ դինամիկ լինեին, հատկապես՝ առաջինը, քանի որ մշտապես առկա կլիներ մարդկանց հոսք՝ առաջինից դեպի երկրորդը, բայց փոխարենը առաջին տարածքը կլցվեր նորանոր մաքուր վիրտուալ կերպարներով՝ մինչև ռեալանալը։ Իհարկե, որոշ մարդիկ՝ երդվյալ վիրտուալականները, որոնք, ըստ իմ անձնական փորձի, այնքան էլ հաճախ չեն հանդիպում, իրենց կայուն տեղը կունենային մաքուր վիրտուալ միջավայրում։ Երկու միջավայրերից էլ պարբերաբար կանհետանային որոշ կերպարներ, բայց դե դա ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ վիրտուալում ու հատկապե՛ս վիրտուալում բնականոն երևույթ է։ Համենայնդեպս, մարդիկ որոշ չափով հավասար պայմաններում, հավասար կարգավիճակում կլինեին։ Հավասար պայմաններ... Հըմ... Մի տեսակ սոցիալիզմի հոտ փչեց ոնց որ...Չէ, լավ, երևի, այնուամենայնիվ, ճիշտը հենց այն է, ինչ ունենք՝ խայտաբղետ, զատ դեմոկրատական վիրտուալ հասարակություն։
Չմեռանք` վիրտուալ սոցիալիզմի մասին էլ երազեցինք։![]()
Էջանիշներ