Սուպերմարկետից դուրս գալով՝ նստեցինք խանութի պատի տակ գտնվող նստարանին, որ հաց ուտենք։ Մի գզգզված ծիտիկ հայտնվեց ու սկսեց ցատկոտել նստարանի մոտակայքում՝ անընդհատ մեզ նայելով։
– Ոնց որ թե մեծ հույսեր ունի,– ասաց ամուսինս։
– Հա... Սոված ա երևում։
Համարյա ոտքերիս մոտ էր հասել։ Երբեք չեմ տեսել, որ ճնճղուկն էդքան մոտենա մարդուն. ուրեմն ինչ աստիճանի սոված էր խեղճը, որ վախը հաղթահարել, էդքան մոտեցել էր...
Հանկարծ հիշեցի, որ մենք ախր հենց նոր խանութից հաց ենք առել։ Ինչ լավ է, ծիտոյին էլ կկերակրենք։ Բացեցի հացի տոպրակը, մի հացից կտորներ պոկեցի ու փշրելով լցրեցի նստարանից քիչ էն կողմ։ Ծիտոն միանգամից վրա տվեց, ախորժակով սկսեց ռնդել հացի պատառիկները։ Երևում էր՝ շատ սոված էր, որովհետև անասելի արագությամբ էր ոչնչացնում գլխից մեծ կտորները։ Բայց ընդամենը մի քանի վայրկյան անց մեկ էլ թռավ–գնաց...
– Յա, է՞ս էր սրա ուտելը,– զարմացավ ամուսինս։
– Հլը սպասի, աչքիս՝ մեր ծիտոն գնացել ա հետըմարդ–մուրդծիտ–միտ բերելու։
Մինչ մենք մեր կերակուրն էինք ուտում, մեկ էլ մեր ծանոթ ծիտոն վերադարձավ՝ մի ուրիշ սոված ծիտ հետևից գցած։ Երկուսով սկսեցին ախորժակով ուտել, բայց էս անգամ էլ երկրորդ ծիտը մի քանի վայրկյան անց թռավ–գնաց...
– Ըհը, երևի սա էլ գնաց՝ իր ծանոթներին խաբարը տանի։
Էս ընթացքում մեր հին ծանոթ ծիտոն էլի սպասողական–խնդրող հայացքով վիզը թեքել էր իմ ուղղությամբ, էլի հաց փշրեցի, էլի սկսեց ուտել։ Մեկ էլ տեսնենք՝ էն երկրորդ ծիտը վերադարձավ մի ահագին շքախմբով։ Ես էլ էդ ծտային բազմությունը տեսնելուն պես ոգևորված սկսեցի տարբեր կողմեր նոր փշուրներ ցանել, որ ծիտոները մի լավ քեֆ անեն։ Մենակ ափսոս, որ էդ մասով երբեմն մարդիկ էին անցնում–գնում՝ խեղճ ծիտոների ճաշը պարբերաբար հարամելով։ Ամեն անգամ վախենում էի՝ չլինի՞ թե մարդկանց տեսնելով՝ ծիտոները թռչեն–գնան, էլ հետ չգան՝ հացկերույթն ավարտելու, բայց չէ, լավ էր, հետո հետ էին գալիս ու շարունակում ուտելը։ Մեկ էլ վախենում էի, որ սուպերմարկետի աշխատողները կարող է դուրս գային ու ինձ անպատվեին տեղանքն աղտոտելու համար։ Բայց բարեբախտաբար ոչ մի նման բան չեղավ։ Ծիտոները բարով–խերով կերան–կշտացան , մենք էլ ուրախ–ուրախ, մեզնից գոհ տուն գնացինք։
Էջանիշներ