Ամերիկացիների մաքրասիրական ընկալումների և բտվելու հակումների մասին
Ամերիկացիներ մաքրասիրության ընկալումների մասին կարծեմ գրառում չեմ արել, թեև տարբեր առիթներով որոշ առանձին բաներ գրել եմ։ Էստեղ էդ թեմայի հետ մեկտեղ որոշ չափով կգրեմ նաև նրանց ուտելու հակման, ազգային խնդիր դարձած ավելորդ քաշի ու, ըստ իս, դրան նպաստող հանգամանքների մասին անձնական դիտարկումներս։
Ամերիկացիները հատուկ վերաբերմունք ունեն անձնական հիգիենայի նկատմամբ. ամեն օր առնվազն մեկ անգամ լողանալը իրեն հարգող յուրաքանչյուր ամերիկացու սրբազան պարտքն է։ Ինչ խոսք լրիվ նորմալ է, ու, մեր մեջ ասած, բոլորովին վատ չէր լինի, եթե հայերի համար էլ դա նույնքան սովորական երևույթ լիներ, ոչ թե լողանալուց հետո իրենց լավ զգային, հատկապես առաջին մի շաբաթը։ Հիշում եմ՝ ամուսինս պատմում էր, որ ուսանող ժամանակ իր սենյակակիցներից (roommate) մեկին մի առիթով ասել էր, որ մենք՝ հայերս, հատուկ մաղթանքի պես խոսք ունենք նոր լողացած մարդուն ասելու համար ու մոտավորապես թարգմանել էր «բաղնիքդ անուշ»–ը (թեև էդ արտահայտությունն անգլերեն կարգին թարգմանել էլ հնարավոր չի), էս ամերիկացին էլ ահագին զարմացել էր. «Բայց լողանալն ի՞նչ մի առանձնահատուկ բան է, որ մի հատ էլ դրա համար հատուկ բարեմաղթանք լինի »։ Դե, եթե ինքն ապրեր, ասենք, հատկապես 90–ականների Հայաստանում, էդ ժամանակ նոր կհասկանար, թե լողանալը երբեմն ինչ առանձնահատուկ բան կամ նույնիսկ տոն կարող է լինել։
Սեփական հիգիենայի նկատմամբ բծախնդիր ու պահանջկոտ լինելով հանդերձ՝ հասարակական վայրերում ամերիկացիներին, մեղմ ասած, մաքրասեր չես անվանի։ Ավելին՝ ես կասեի՝ հայերն իրենց հետևից թափելու ու շրջակայքն ապականելու իրենց սովորությամբ ամերիկացիներին չեն հասնի։ Պարզապես վերին աստիճանի լավ կազմակերպված հավաքման, մաքրման ծառայությունների շնորհիվ էստեղ վերջնական պատկերը զգալիորեն տարբեր է լինում Հայաստանինից, այսինքն՝ հիմնականում համապատասխան մարմինները թափողի հետևից էնքան արագ են հավաքում ու մաքրում, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ նորից մաքուր է լինում։ Իհարկե, ոչ միշտ ու ոչ ամեն տեղ, բայց ընդհանուր առմամբ էդպես է։ Օրինակ՝ Հայաստանում չեմ հիշում, որ, ասենք, ավտոբուսի մեջ կոլայի կամ որևէ ըմպելիքի շիշ՝ դատարկ կամ կիսադատարկ, ուտելիքի մնացորդներ և այլն տեսած լինեմ, իսկ էստեղ դրանք սովորական երևույթ են, որ ցանկացած ավտոբուսի ու գնացքի մեջ պարտադիր կհանդիպես, էն էլ լիքը։ Հաճախ պարունակությունն էլ թափված է լինում նստատեղին կամ հատակին... Մի խոսքով՝ ամերիկացիները որտեղ ինչ ուտեն կամ խմեն, մնացորդներն էնտեղ էլ թողնում ու գնում են, կարծես էդպես էլ պիտի լիներ։ Երևի արխային են, որ հետևներից հավաքող կա։ Բայց որ հաջորդ նստողներին կարող են անհարմարություն պատճառել՝ ոչ ոքի չի հուզում կարծես։
Իսկ կինոթատրոններն էդ տեսակետից մի առանձին պատմություն են... Էնտեղի խոզությունը ոչ մի բանի հետ համեմատելի չի։ Առաջին անգամ որ գնացել էինք, ցնցվել էի ուղղակի... Ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ հասարակական վայրում կարելի է էդ աստիճանի անփույթ խոզություն դրսևորել... Էն, որ կինոթատրոնի դուռը բացելուն պես ինչ–որ զզվելի կարագով բոված պոպ–կոռնի հոտը պարտադիր միանգամից տալիս է քթիս, ու սրտխառնոցին մի կերպ եմ դիմանում, էդ դեռ ոչինչ։ Տհաճ է, բայց խոզության հետ կապ չունի։ Դե հիմա իրենք էլ պոպ–կոռնը էդպես են սիրում ուտել, ո՞վ ի՞նչ կարող է ասել։ Համենայնդեպս, Հայաստանում պոպ–կոռնից երբեք էդպիսի զզվելի հոտ առած չկամ։ Մինչև տոմսն առնում ենք, նայում եմ շուրջբոլորս, ու էնպիսի տպավորություն է, որ մարդիկ եկել են էստեղ ոչ թե ֆիլմ դիտելու, այլ հերթական անգամ հիմնովին բտվելու համար... Մեկ էլ տեսնում ես՝ մարդիկ ընտանյոք հանդերձ գնում են ներս՝ ուտելիքներով ու ըմպելիքներով էն աստիճանի բեռնավորված, որ քիչ է մնում մոտենաս, ասես. «Թույլ տվեք օգնեմ, ծանր կլինի»։ Համարյա իրենց չափ տոպրակներով պոպ–կոռն, հսկայական շշերով կոլա կամ նմանատիպ ըմպելիքներ ու էլի լիքը բաներ հետները մի կերպ, ճկռած տանում են ներս։ Իսկ դրանից հետո միայն պատկերացնել է պետք, թե ներսում ինչ կկատարվի էդ ամբողջ թաշախուստի ներկրման հետևանքով... Դե, պոպ–կոռնի ու սուրճի հոտը (երկուսն էլ տանել չեմ կարողանում), բնականաբար, դահլիճում էլ է տարածված լինում, ընդ որում՝ էնտեղ հազվագյուտ մարդկանց կարելի է տեսնել, որոնք հետները ուտելիք ու խմելիք չեն վերցրել։ Նստատեղերի շարքերով անցնելու ընթացքում, որպես կանոն ոտքդ հանդիպում է կոլայի շշերի՝ կանգնած կամ շուռ եկած ու պարունակությունը թափված վիճակում, պոպ–կոռնի շուռ եկած տոպրակների, որոնց պարունակությունը ցրիվ է եկած բավական մեծ ծավալով, ու եթե հաջողացնում ես առանց շիրայի մեջ լռվելու հասնել վերջնակետին, կարող ես համարել, որ բախտդ ահագին բերեց։ Համենայնդեպս, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ շիրայի մեջ ընկնելու, իսկ մի անգամ հենց իմ նստատեղի դիմաց հատակն էն աստիճանի շիրայոտ էր, որ չգիտեի՝ ոտքս ոնց պահեի՝ շիրայի մեջ չդնելու համար։
Դե հիմա ասեք՝ ո՞վ էդքան բտվի, որ չճարպակալի։ Եթե բոլոր հասարակական վայրերում «ի վերուստ» ամեն ինչ հարմարեցված լինի մարդկանց՝ հնարավորինս շատ ուտելուն ու խմելուն, պարզ չի՞, որ կճարպակալեն կամ առնվազն ավելորդ քաշ ձեռք կբերեն։ Կամ եթե սնվելու համար նախատեսված վայրերում սննդի ստանդարտ բաժինն էնքան է, որ Հայաստանում էդքանը մարդիկ դնում են սեղանի կենտրոնում՝ համընդհանուր օգտվելու համար, դա չի՞ նշանակում արդյոք, որ էս երկրում կարծես ամեն ինչ արվում է մարդկանց հնարավորինս շատ բտելու համար։
Վերջերս իմացա, որ էստեղ նույնիսկ կենդանիների շրջանում արդեն վաղուց կա ավելորդ քաշի խնդիրը... Իսկ կենդանիներն իրենք իրենցով դժվար թե էդ օրն ընկնեին... Խոսքը, բնականաբար, ընտանի կենդանիների մասին է, որոնք էստեղ անտեր ու փողոցային ուղղակի չեն լինում, այսինքն՝ տերերն են էնքան բտում, որ խեղճերն ի վերջո դառնում են իրենց նման... Հայաստանում կյանքում ճարպակալած շուն կամ կատու չեմ տեսել։ Էստեղ չաղլիկ կատուներ բավական հաճախ են հանդիպում, իսկ մի անգամ շուն տեսա՝ ճարպերը վրայից կախ ընկած... Դժվարությամբ էլ շարժվում էր... Էդպիսի բան տեսած չկայի... Զարմացել էի, բայց հետո հայացքս ընկավ տիրոջ վրա, որը թոկը բռնած՝ քայլում էր շան հետևից, ու ամեն ինչ պարզ դարձավ... Մի ճարպակալածն էլ նա էր...
Էջանիշներ