Մի հիմար սովորություն ունեմ. ինտերնետ մտնելիս մի պատուհանի մեջ հազար ու մի թաբ եմ բացում՝ ամենատարբեր բաների մասին տեղեկություններ՝ էստեղից–էնտեղից, որոնք պիտի կարդամ, ավելի ճիշտ՝ պարտավոր չեմ, ուղղակի ուզում եմ կարդալ, բայց համ էլ հեչ հավես չունեմ, ու հա հետաձգում եմ՝ կոմպն անջատելիս սեյվ անելով, որ հաջորդ միացնելիս էդ բոլորը նորից հայտնվեն։ Ու եթե մեջները լինում են նաև youtube–ով թաբեր, բնականաբար, պիտի ամեն անգամ հիշեմ, որ միանալուն պես շուտ անջատեմ, քանի տարբեր վիդեոների հնչյունների աններդաշնակ համադրությունը չի սղոցել ականջներս։ Ամեն անգամ նայում եմ էդ թաբերին՝ մտածելով, թե որ մեկը կարելի է ռադ անել, որ գոնե էնքան լինեն, որ բոլորը երևան էկրանի վրա, բայց սովորաբար ինչքան նայում եմ, «կրճատելու» բան չեմ գտնում. բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ պիտի մնան, որ կարդամ, իսկ թե երբ՝ աստված գիտի։ Ու էդպես շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կարող է էդ բոլոր թաբերը «հետս» քարշ տամ՝ ամեն օր էն հույսով, որ, այ, էսօր մի մասը գոնե կկարդամ ու կփակեմ։
Երեկ կոմպն անջատելիս սխալմամբ փակեցի պատուհանը՝ առանց սեյվ անելու... Երբ գիտակցեցի, որ բոլոր բացածս ու չկարդացածս էջերը հօդս ցնդեցին, առաջին ռեակցիաս, բնականաբար, խուճապն էր։ Սկզբում փորձում էի հիշել բոլոր կորած էջերը, իսկ երբ գիտակցեցի, որ մեծ մասը չեմ հիշում (պարզվեց՝ հիմնականում հիշում էի միայն նրանք, որոնք բացած էին պահվում զուտ էն պատճառով, որ հաճախ են պետք գալիս, ոչ թե հատուկ կարդալու նյութ են պարունակում), հանկարծ մի աննկարագրելի թեթևացում զգացի... Տո թքած, թե չեմ հիշում։ Ավելի լավ։ Թե չէ էդքանը ե՞րբ պիտի կարդայի։ Մի խոսքով՝ ոնց որ մի ծանր բեռ ուսերիցս ընկած լիներ։ Ու որ լրիվ անկեղծ լինեմ՝ ես վաղուց էի թաքուն երազում նման մի «դժբախտ» պատահարի մասին։
Դրանից առաջ էլ թաբերի մի ուրիշ պարտիա էի ամիսներով կոմպումս լռվեցրած պահում, մինչև որ մի գեղեցիկ օր ինչ–որ մեկը սխալմամբ փակել էր ու ազատել ինձ էդ ծանր բեռից։ Սկզբում, իհարկե, ահավոր ջղայնացել էի, բայց անմիջապես հետո էլի էն ծանր բեռից ազատվելու երանելի զգացողությունն օգնության էր հասել, ու հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ էի եղել փակողից։
Էն կատակը մտքիս եկավ. «Բա մի հատ տրակտոր չլինե՞ր, անջատեինք, գլուխներս դինջանար...»։ Մեկ–մեկ լավ ա, էլի, տենց «տրակտոր» ունենալը, հատկապես որ «տրակտորը» ֆայմում ա ինքնիրեն անջատվել՝ քեզ ազատելով էդ ծանր պարտականությունից։
Էջանիշներ