User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մի հիմար սովորություն ունեմ. ինտերնետ մտնելիս մի պատուհանի մեջ հազար ու մի թաբ եմ բացում՝ ամենատարբեր բաների մասին տեղեկություններ՝ էստեղից–էնտեղից, որոնք պիտի կարդամ, ավելի ճիշտ՝ պարտավոր չեմ, ուղղակի ուզում եմ կարդալ, բայց համ էլ հեչ հավես չունեմ, ու հա հետաձգում եմ՝ կոմպն անջատելիս սեյվ անելով, որ հաջորդ միացնելիս էդ բոլորը նորից հայտնվեն։ Ու եթե մեջները լինում են նաև youtube–ով թաբեր, բնականաբար, պիտի ամեն անգամ հիշեմ, որ միանալուն պես շուտ անջատեմ, քանի տարբեր վիդեոների հնչյունների աններդաշնակ համադրությունը չի սղոցել ականջներս։ Ամեն անգամ նայում եմ էդ թաբերին՝ մտածելով, թե որ մեկը կարելի է ռադ անել, որ գոնե էնքան լինեն, որ բոլորը երևան էկրանի վրա, բայց սովորաբար ինչքան նայում եմ, «կրճատելու» բան չեմ գտնում. բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ պիտի մնան, որ կարդամ, իսկ թե երբ՝ աստված գիտի։ Ու էդպես շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կարող է էդ բոլոր թաբերը «հետս» քարշ տամ՝ ամեն օր էն հույսով, որ, այ, էսօր մի մասը գոնե կկարդամ ու կփակեմ։

    Երեկ կոմպն անջատելիս սխալմամբ փակեցի պատուհանը՝ առանց սեյվ անելու... Երբ գիտակցեցի, որ բոլոր բացածս ու չկարդացածս էջերը հօդս ցնդեցին, առաջին ռեակցիաս, բնականաբար, խուճապն էր։ Սկզբում փորձում էի հիշել բոլոր կորած էջերը, իսկ երբ գիտակցեցի, որ մեծ մասը չեմ հիշում (պարզվեց՝ հիմնականում հիշում էի միայն նրանք, որոնք բացած էին պահվում զուտ էն պատճառով, որ հաճախ են պետք գալիս, ոչ թե հատուկ կարդալու նյութ են պարունակում), հանկարծ մի աննկարագրելի թեթևացում զգացի... Տո թքած, թե չեմ հիշում։ Ավելի լավ։ Թե չէ էդքանը ե՞րբ պիտի կարդայի։ Մի խոսքով՝ ոնց որ մի ծանր բեռ ուսերիցս ընկած լիներ։ Ու որ լրիվ անկեղծ լինեմ՝ ես վաղուց էի թաքուն երազում նման մի «դժբախտ» պատահարի մասին։

    Դրանից առաջ էլ թաբերի մի ուրիշ պարտիա էի ամիսներով կոմպումս լռվեցրած պահում, մինչև որ մի գեղեցիկ օր ինչ–որ մեկը սխալմամբ փակել էր ու ազատել ինձ էդ ծանր բեռից։ Սկզբում, իհարկե, ահավոր ջղայնացել էի, բայց անմիջապես հետո էլի էն ծանր բեռից ազատվելու երանելի զգացողությունն օգնության էր հասել, ու հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ էի եղել փակողից։
    Էն կատակը մտքիս եկավ. «Բա մի հատ տրակտոր չլինե՞ր, անջատեինք, գլուխներս դինջանար...»։ Մեկ–մեկ լավ ա, էլի, տենց «տրակտոր» ունենալը, հատկապես որ «տրակտորը» ֆայմում ա ինքնիրեն անջատվել՝ քեզ ազատելով էդ ծանր պարտականությունից։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.03.2010, 22:13:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.03.2010), Chuk (21.03.2010), helium (21.03.2010), Ingrid (04.02.2013), Jarre (21.03.2010), Minerva (23.03.2010), My World My Space (21.03.2010), Sambitbaba (19.06.2014), VisTolog (21.03.2010), Yevuk (22.03.2010), Աբելյան (21.03.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (21.03.2010), Երկնային (22.03.2010), Լուսաբեր (21.03.2010), Մանուլ (25.03.2010), Նաիրուհի (12.06.2010), Շինարար (21.03.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (22.03.2010)

  3. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Փոքր ժամանակվանից միշտ սիրել եմ խճաքարեր հավաքել։ Առաջին խճաքարերը հավաքել եմ Սև ծովի ափից՝ մամայիս նախաձեռնությամբ, երբ երեք տարեկան էի։ Ու դրանից հետո խճաքարեր հավաքելն իմ սիրած զբաղմունքներից էր դարձել։ Իմ մանկության տարիներին էլ բակերում հաճախ էին բլուրներով ավազ բերում–լցնում շինարարական նպատակներով, ու ավազաբլուրները հաճախ ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով էդպես մնում էին՝ հուրախություն ինձ ու էլի որոշ երեխաների։ Քրոջս հետ կարող էինք ժամերով լռվել ավազների մեջ ու ամռան կիզիչ արևի տակ գլուխներս կախ սիրուն ու հետաքրքիր խճաքարեր պեղել։ Նույնիսկ տեսակավորել էինք քարերը, անուններ էինք դրել, ու մեզնից ամեն մեկը քարերի իր հավաքածուն ուներ, երբեմն էլ փոխանակումներ էինք անում՝ թե՛ իրար հետ, թե՛ հարևանների երեխաների։ Մինչև հիմա էլ կա իմ քարերի հավաքածուն, թանկ–թանկ պահում եմ։

    Մեկ–մեկ նույնիսկ մտածում եմ, որ մեր հարևանի երեխաներին էլ էի երևի ես վարակել քար հավաքելու մոլուցքով, որովհետև, որքան հիշում եմ, դրանով հետաքրքրված էին միայն ինձ հետ շփվող երեխաները, մյուսների մեջ նման նախասիրություն կամ սովորություն չեմ նկատել երբևէ։ Իսկ ես էն աստիճանի էի տարված քարեր ման գալով, որ որտեղ ավազաբլուր տեսնեի, պիտի կռանայի ու երկար փորփրեի՝ սիրուն քարեր գտնելու ակնկալիքով։ Իսկ ակնկալիքներս, որպես կանոն, արդարացվում էին։ Ավազի մեջ քար ման գալն ինձ համար էն զբաղմունքներից էր, որի ժամանակ կտրվում էի ամեն ինչից ու կորցնում ժամանակի զգացումը։ Էդ նախասիրությունս իրականում երբեք էլ չի անցել, ուղղակի հասանելի ավազաբլուրներն են վաղուց կորել տեսադաշտից, իսկ նորերն արդեն վաղուց չեն հայտնվում։

    Խճաքարերի հետ հաջորդ հանդիպումս եղավ արդեն ԱՄՆ–ում՝ օվկիանոսի ափին։ Ճիշտ է, էստեղ դեռ չեմ հանդիպել իսկապես հետաքրքիր ու արտասովոր խճաքարերի, ինչպիսիք Հայաստանի ավազաբլուրներում լիքն էին, բայց դե քարը մնում է քար։
    Էսօր, երբ օվկիանոսի ափից խճաքարեր ու խեցիներ էի հավաքում, զգացի, որ նույն հետաքրքրությամբ ու խանդավառությամբ եմ հավաքում, ինչ որ ավելի քան քսան տարի առաջ, ոչինչ չի փոխվել։ Մենակ վերջում նկատեցի, որ հիմա ինձ մի քիչ ավելի խոշոր քարերն են գրավում. փաստորեն, մի քիչ մեծացել եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (22.03.2010), Mr. Annoying (06.12.2015), Norton (22.03.2010), PetrAni (22.03.2010), Sambitbaba (19.06.2014), Yevuk (22.03.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (23.03.2010), Ժունդիայի (22.03.2010), Լուսաբեր (22.03.2010), Ռուֆուս (22.03.2010), Ֆոտոն (22.03.2010)

  5. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Անձնական արխիվից.

    "Я оглянулся посмотреть, не оглянулась ли она, чтоб посмотреть, не оглянулся ли я".
    Մտքերիս թելն ինչ–որ կերպ տարավ դեպի էս բառերը... Լավ բառեր են. միշտ ժպտացնում են։ Երգը լսելիս էս բառերը միշտ էնքան հարազատ են հնչել ականջիս, չնայած ես դրանք ավելի լայն իմաստով եմ ընկալում՝ ոչ աղջիկ–տղա համատեքստում. դեռ փոքրուց մարդկանցից բաժանվելուց անմիջապես հետո միշտ շրջվում, նայում էի հետևներից՝ տեսնեի՝ իրենք էլ են նայում, թե չէ, բայց համարյա երբեք չէին նայում... Կամ էլ գուցե նայում էին էն պահին, երբ ես չէի նայում... Ու, բնականաբար, երևի չէին էլ իմանում, որ ես նայում էի, ինչպես որ գուցե ես չէի իմանում, որ իրենք նայում էին, եթե, իհարկե, նայում էին։ Բայց, չգիտեմ ինչու, համարյա համոզված էի ու հիմա էլ համոզված եմ, որ հիմնականում իրոք չէին նայում։ Երբեմն նայում էի մինչև տեսադաշտից կորցնելը ու էնքան էի ուզում ինձ նման՝ մարդկանց հետևից նայող ընկերներ ունենալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2010), CactuSoul (26.03.2010), E-la Via (26.03.2010), Jarre (26.03.2010), matlev (25.03.2010), PetrAni (25.03.2010), Rhayader (25.03.2010), Ribelle (26.03.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (26.03.2010), Yeghoyan (25.03.2010), Yevuk (26.03.2010), Արևածագ (25.03.2010), Արևհատիկ (25.03.2010), Դեկադա (25.03.2010), Երկնային (25.03.2010), Հայուհի (12.06.2010), Ձայնալար (26.03.2010), Մանուլ (26.03.2010), Ռուֆուս (25.03.2010), Ֆոտոն (26.03.2010)

  7. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ատամնաբույժները մանկությանս ամենաակնառու սարսափահարուցիչներից են եղել։ «Ատամնաբույժ» բառն անգամ մեջս սարսուռ էր առաջացնում... Ատամներս էլ փոքր ժամանակ հեչ լավ վիճակում չէին, և դա է՛լ ավելի էր մեծացնում վախս այդ մարդկանց նկատմամբ...

    Հիշում եմ իմ առաջին հանդիպումն ատամնաբույժի հետ... Դեռ դպրոց չէի գնում, տատիկիս տանն էի մնում էդ շրջանում, ատամս էլ արդեն երկար ժամանակ ուռած էր ու անտանելի ցավում էր։ Վերջը տատիկս ու պապիկս որոշեցին, որ ինձ հարկավոր է ատամնաբույժի մոտ տանել։ Մինչ այդ հասակակիցներիցս զանազան հավանական ու անհավանական պատմություններ էի լսել ատամ հանելու զարզանդելի գործընթացի մասին, ընդ որում՝ խիստ մանրամասն, ու դրանցից ամենասարսափելիի մասին մտածելով էլ տատիկիս ու պապիկիս հետ ուղևորվեցի այդ ահասարսուռ արկածին ընդառաջ...

    Ատամ հանելու չարագուշակ գործիքը ճիշտ և ճիշտ էնպիսին էր, ինչպիսին որ նկարագրել էին ծանոթներս։ Նախապես գիտեի, որ էդ սրածայր զզվելի գործիքը պիտի խրեն ատամիս մեջ ու ցավեցնելով դուրս քաշեն։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Ատամից ազատումն ահավոր ցավոտ էր, ու ես, իհարկե, մի լավ լացեցի։ Դրանից հետո ատամնաբույժներն աչքիս գրողը դարձան...

    Այդ դաժան արարածների հետ հաջորդ հանդիպումս տեղի ունեցավ մեր դպրոցում, կարծեմ 2-3-րդ դասարանում էի, եկան մեր դասարան, ստուգեցին բոլորի ատամները, ու ինձ անողոքաբար տարան իրենց հետ՝ հերթական դաժան գործընթացն իրականացնելու...

    Դրանից հետո մեր դպրոցի ատամնաբույժին դպրոցի միջանքներում էլ տեսնելիս, ավելի ճիշտ՝ ի՞նչ միջանցք, նույնիսկ դպրոցից դուրս ցանկացած տեղ պատահաբար հանդիպելիս ակնթարթորեն սիրտս թուլանում էր, սփրթնում էի ու արագ փոխում ճանապարհս, որ հանկարծ դեմ առ դեմ չհանդիպեմ։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ինձ որտեղ տեսնի՝ կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան հետևանքներով։ Իրոք, էնքան հստակ ու իրական էր թվում ինձ էդ տեսարանը. փողոցի մեջտեղում կանգնած ատամներս ստուգելիս։

    Հետո մի անգամ, կարծեմ 4-րդ դասարանում էի, ատամս էլի ահավոր ցավում էր, ու պետք էր ատամնաբույժի մոտ գնալ։ Ծնողներս ինձ մի կերպ համոզել էին, որ հայրս ինձ տանի ինչ–որ ատամնաբուժարան՝ ատամս հանելու։ Էդպես վախը սրտումս գնացի պապայիս հետ, ինչքան մոտենում էինք, էնքան սրտիս աշխատանքն արագանում էր։ Հասանք, պարզվեց՝ հերթ է։ Էդտեղ ահագին թեթևություն զգացի. «մահապատիժն» անհայտ ժամանակով հետաձգվեց... Բայց դե դա երկար չտևեց, շուտով եկան մի քանի երիտասարդ աղջիկներ, ըստ երևույթին՝ ատամնաբույժի օգնականներն էին, և մեզ կանչեցին։ Ես խուճապի մատնվեցի, կպա պապայիցս ու ոչ մի կերպ չէի ուզում գնալ... Պապաս մի կողմից, էս աղջիկները՝ մյուս կողմից, սկսեցին ինձ շատ մեղմորեն համոզել, որ ոչ մի սարսափելի բան չկա, շատ կարճ է լինելու և այլն։ Աղջիկներից մեկը նույնիսկ ասաց, որ բժիշկն ընդամենը դեղ է քսելու, ատամս չի հանելու, բայց դե ես հո գիտեի, որ իմ ատամի հարցը դեղով լուծվողներից չէր։ Հետս էլ էնպես էին խոսում, կարծես փոքր երեխա լինեի, դրանից էլ ավելի էի ներվայնանում։ Չգիտեմ՝ ինչքան տևեցին էդ աղջիկների ապարդյուն հորդորները, բայց հիշում եմ, որ դրանք կտրուկ կերպով ընդհատվեցին գլխավոր ատամնաբույժի սարսափազդու ներխուժմամբ... Հանկարծ մեզ մոտեցավ կարճահասակ չաղոտ մի կին՝ կարճ կտրած խուճուճ մազերով, ու սկսեց բոբոյավարի գոռգոռալ.
    – Չհասկացա՛։ Էս ի՞նչ ա կատարվում ստեղ։ Էսքան ժամանակում ես հիմա քանի հոգու արդեն սպասարկել, ուղարկել էի։ Է՞ս ինչ բան էր։ Հե՛նց հիմա վերջացրե՛ք, շու՛տ։

    Ես վախից տեղումս սսկվեցի։ Քիչ հետո աղջիկները մի կողմ քաշվեցին։ Իսկ բոբո կինը, ձեռքիցս կոպտորեն բռնելով, ինձ քարշ տվեց դեպի համապատասխան սենյակ... Նույն կոպտությամբ ինձ շպրտեց ատամնաբուժական աթոռին, ու ես արդեն չգիտեի՝ ավելի շատ ատամս հանելուց եմ վախենում, թե էդ բոբոյից... Բայց երևի, այնուամենայնիվ, երկրորդի հանդեպ վախն ավելի ուժեղ էր, թե չէ ամենայն հավանականությամբ կփախչեի։ Հիշում եմ՝ վախեցած ձայնով մի կերպ հասցրի արտաբերել.
    – Իսկ... չի՞ ցավում... ,– ասացի՝ հուսալով գոնե որևէ մխիթարական բան լսել։
    Կինն արհամարհական տոնով շպրտեց.
    – Ցավում ա. այ էսքան,– ու կոպտորեն կսմթեց դաստակիս դրսի կողմը։ Պետք է ասեմ, որ ահագին էլ ցավեց։ Բայց դե ձայն չհանեցի, հատկապես որ ժամանակ էլ չունեցա. բերանս անմիջապես բացել տվեց ու ինչ–որ բան փչեց մեջը, որից հետո բերանիս խոռոչը տարօրինակ կերպով քարացավ ու մի քիչ բթացավ։ Հետո զարմանալիորեն արագ հանեց երկու փչացած ատամներս, որի ժամանակ ես շատ ուժեղ գոռացի՝ մասամբ ցավից, մասամբ վախից։ Եվ ամեն ինչ վերջացավ։

    Հաջորդ ատամնաբուժական արկածը կրկին դպրոցում էր։ Կարծեմ 5–րդ դասարանում էի։ Մաթեմատիկայի դաս էր, ուսուցչուհին որոշ ժամանակով դասարանից դուրս էր եկել, մեկ էլ դուռը բացվեց, և այ քեզ անակնկալ. անիծյալ ատամնաբույժները մեզ հյուր եկան ոչ բարով... Ես էլ նստում էի պատուհանի կողմի՝ հենց դռան դիմացն ընկած շարքի առաջին նստարանին։ Սովորության համաձայն, իհարկե, սիրտս ընկավ չոքերս... Անելանելիության մի աննկարագրելի զգացողություն համակեց։ Եվ մինչ ատամնաբույժները մոտեցան պատի կողմի շարքի առջևում գտնվող ուսուցչի սեղանին, ինքս էլ չնկատեցի, թե ոնց անկախ ինձնից վերցրի պայուսակս ու պուկ՝ դուրս թռա դասարանից... Ինքս իմ արածից շոկի մեջ էի... Ախր ես ահավոր անհամարձակ, ամաչկոտ երեխա էի, ո՞նց էդպիսի բան արեցի, ո՞նց համարձակությունս հերիքեց, էլ չեմ ասում ամոթի մասին... Էնքան արագ տեղի ունեցավ էդ ծլկումը, որ նույնիսկ չհասցրի մտածել դրա մասին։ Երեխաներն էլ անմիջապես անակնկալի եկած ու զվարճացած գոռացին. «Անահիտը փախա՜վ »։ Իսկ ես արագ իջա առաջին հարկ, ճանապարհին էլ հանդիպեցի մեր դասարանի աղջիկներից մեկի քրոջը, որը իր դասերը վերջացրել էր ու սպասում էr, որ քույրն էլ վերջացնի, միասին գնան տուն։ Դա մեր վերջին դասն էր, բայց ռիսկ չարեցի տուն գնալ։ Դասից փախչելու գաղափարն ինձ էնքան էլ հոգեհարազատ չէր. ես ընդամենը ատամնաբույժից էի փախել։ Ուստի կանգնել էի առաջին հարկի միջանցքում, դասարանցուս քրոջն էլ պարբերաբար ուղարկում էի վերև՝ տեղեկություններ բերելու։ Պարզվեց՝ ուսուցչուհին դեռ չէր եկել, ատամնաբույժներին էլ իմ փախուստը, բարեբախտաբար, շատ չէր հետաքրքրել, համենայնդեպս, ոչ այն աստիճանի, որ զբաղվեին ինձ բերման ենթարկելու գործով, այնպես որ կարծես թե անհանգստանալու բան առանձնապես չունեի։ Հետո, երբ արդեն զանգի ժամը մոտ էր, դասարանցուս քույրն ասաց, որ ուսուցչուհին եկել է դասարան, երեխաներն էլ խաբար էին տվել, որ ես փախել եմ, բայց դե քանի որ դասն արդեն ավարտվում էի, նա էլ, թեև զարմացել ու մի փոքր էլ ջղայնացել է, բայց գլուխ չի դրել։ Ես էլ զանգը տալուց հետո արդեն թեթևացած գնացի տուն՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա...

    Ատամնաբույժների նկատմամբ վախս անցավ ինստիտուտն ավարտելուց հետո միայն, երբ առիթ ունեցա երկար տարիների ընդմիջումից հետո արդեն մեծավարի այցելել ատամնաբույժի։ Ճիշտ է, հատուկ հետս փափուկ բան էի վերցրել, որ ցավելու ժամանակ ձեռքումս սեղմեմ, բայց, ի բարեբախտություն ինձ, դրա կարիքն ընդհանրապես չզգացվեց։ Հաճելիորեն զարմացած էի։ Դրանից հետո ատամնաբույժի մոտ գնալը սովորական երևույթ դարձավ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.03.2010, 21:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.03.2010), E-la Via (28.03.2010), helium (28.03.2010), Meme (29.03.2010), Rhayader (27.03.2010), Sambitbaba (19.06.2014), Yeghoyan (29.03.2010), Yevuk (27.03.2010), Աբելյան (28.03.2010), Արևածագ (28.03.2010), Դատարկություն (28.03.2010), Զաքար (31.01.2015), Էլիզե (27.04.2010), Ժունդիայի (28.03.2010), Լուսաբեր (28.03.2010), Ներսես_AM (28.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  9. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Փոքր ժամանակ մեծագույն ուրախություններիցս մեկը մեր տանը հյուր ունենալն էր։ Կապ չունի, որ ես ծայրաստիճան ինքնամփոփ, չշփվող ու նույնիսկ չժպտացող երեխա էի, ու որ հյուրերը երևի երբեք էլ չէին իմանում, թե ինչ ուրախություն են պարգևում ինձ՝ մեր տուն գալով։ Ինձ որ հարցնեին, կուզենայի, որ մեր տանն անընդհատ հյուր լիներ, թեկուզև ինձ հետ ընդհանրապես կապ չունենար ու չշփվեր։ Ինձ համար հյուրի զուտ ներկայությունն էլ էր բավական, որ ուրախանայի։ Բա որ գիշերն էլ մեր տանն էին քնու՜մ... Էդ արդեն լրիվ երանություն էր։ Ընդ որում՝ առանձնապես նշանակություն չուներ, թե ով է, այսինքն՝ եթե իմ տարիքի կամ ինձ քիչ թե շատ մոտ մարդ լիներ, իհարկե, ավելի լավ, բայց ընդհանրապես ցանկացած մարդ էլ որ մեր տանը գիշերում էր, ցնծության մեջ էի լինում։ Նույնիսկ ինձ համար անծանոթ մարդիկ, ասենք, հորս ընկերները, որոնց առաջին անգամ էի տեսնում էդ օրը, եթե հանկարծ պարզվեր, որ էդ գիշեր մեր տանն են մնալու, էլի ուրախանում էի։ Քույրս ու եղբայրս էլ էին սիրում, ու ինձ թվում է՝ համարյա բոլոր երեխաներն էլ սիրում են։ Հիշում եմ՝ հենց իմանում էինք, որ մեր հյուրը պիտի գիշերը մնա մեր տանը, երեքս միասին ո՜նց էինք ուրախանում։ Կամ էլ բարի լուրն ուրախ–ուրախ ավետում էինք իրար՝ թաքուն, որ հյուրը չլսի, մեզ գժի տեղ չդնի։ Ինչ–որ կոմֆորտի ու ջերմության զգացողություն կար ինձ համար էդ ամենի մեջ։ Երբ ինչ–որ մեկը գիշերը մնում էր մեր տանը, մի տեսակ ոնց որ ավելի հարազատանար, ավելի մտերիմ դառնար։ Այսպես ասած՝ մերոնքական էր դառնում, էլի։ Չգիտեմ՝ էդ զգացումը որքանով էր փոխադարձ լինում, բայց ինձ համար միշտ էդպես էր։ Համենայնդեպս, գիշերը մեր տանը մնալը որոշակի անցում էր մի կարգավիճակից դեպի ուրիշը՝ ավելի լավը։

    Նմանապես ուրախանում էի նաև ուրիշի տանը մնալուց։ Մի տեղ որ գնում էինք, միշտ մտածում էի՝ երանի էնքան մնանք, մինչև արդեն շատ ուշ լինի, որ ստիպված էդ մարդկանց տանը գիշերենք։ Ընդ որում՝ ուրիշի տանը մնալիս ինչքան շատ ընտանիքիս անդամներից լինեին մնացող, էնքան ավելի հավես էր։ Ամբողջ ընտանիքովն, իհարկե, իդեալական տարբերակն էր, բայց դե ոչ միշտ էր էդպես լինում։
    Ու նաև մտածում էի, որ էն մարդիկ, ովքեր իրար տանը գիշերը մնում են, ուղղակի չեն կարող իրար հետ վատ հարաբերությունների մեջ լինել։ Հա, էդ իրար տանը գիշերելն իսկապես ինչ–որ սրբազան բան էր...

    Հիմա ուրիշի տանը թեկուզ մի գիշեր մնալն ինձ համար անհարմարություն է՝ ամենատարբեր հանգամանքներով պայմանավոված։ Էլ չեմ ասում հանպատրաստից մնալու մասին։ Տանը հյուրեր ընդունել հիմա էլ եմ սիրում, բայց, իհարկե, արդեն վաղուց չեմ երազում, որ էդ հյուրերը հավերժ մեր տանը մնան։ Բայց, օրինակ, էլի սիրում եմ, երբ մեր տանը գիշերում են։ Այ էդ մեկը մանկությունից պահպանվել է՝ հարազատացման զգացողությունն էլ հետը։ Հատկապես դրան հաջորդող առավոտն եմ շատ սիրում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2010), Chuk (06.04.2010), Ingrid (04.02.2013), Jarre (06.04.2010), Sambitbaba (19.06.2014), Yeghoyan (06.04.2010), Yevuk (06.04.2010), Արևածագ (06.04.2010), Արևհատիկ (06.04.2010), Դեկադա (06.04.2010), Ժունդիայի (06.04.2010), Լուսաբեր (06.04.2010), Ձայնալար (06.04.2010), Մանուլ (06.04.2010), Նաիրուհի (12.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (07.04.2010), Ֆոտոն (06.04.2010)

  11. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մի բան եմ նկատել. երբ ինչ–որ մեկին նկարում եմ, էդ նկարելու ամբողջ ընթացքում մի տեսակ սկսում եմ էդ մարդուն ավելի շատ սիրել։ Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։
    Մի խոսքով՝ վիրտուալ հաղորդակցման նոր եղանակ եմ բացահայտել ինձ համար։ Մենակ վատն այն է, որ էդ ամենը միակողմանի է լինում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.04.2010), Jarre (08.04.2010), kyahi (08.04.2010), Minerva (08.04.2010), Sambitbaba (19.06.2014), Smokie (19.09.2014), Yeghoyan (08.04.2010), Yevuk (09.04.2010), Արևածագ (08.04.2010), Արևհատիկ (08.04.2010), Երկնային (08.04.2010), Ժունդիայի (08.04.2010), Ինչուիկ (08.04.2010), Մանուլ (08.04.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (08.04.2010), Ֆոտոն (08.04.2010)

  13. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են հասկանում «վիրտուալը ռեալից տարբերել» արտահայտության տակ։ Վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում «մարդ պիտի կարողանա վիրտուալը ռեալից տարբերել» տիպի մտքերի, ու որ, իբր, մարդկանց մեծ մասը չի կարողանում դրանք իրարից տարբերել, ու կարծես տարբերելն ինչ–որ հազվագյուտ տաղանդ է։ Լուրջ, չեմ հասկանում, ի՞նչ կա տարբերելու կամ չտարբերելու։ Նույն մարդիկ չե՞ն վիրտուալում ու ռեալում։ Ի՞նչ կապ ունի՝ խոսակցությունը վիրտուալում է տեղի ունենում, թե ռեալում։ Համենայնդեպս, իմ կարծիքով, լուրջ ու իրեն հարգող մարդու համար պիտի որ տարբերություն չլինի, որովհետև թեկուզ վիրտուալում ինչ–որ բան ասելիս ենթադրվում է, որ մարդ էդպես էլ մտածում ու զգում է, ու որ իր ամեն ասածի ու արածի համար պատասխանատու է։ Իսկ եթե ինչ–որ մեկը համարում է, որ վիրտուալում կարելի է ասել ու անել բաներ, որոնց համար պատասխանատու չի, ի տարբերություն ռեալի, ես բոլոր հիմքերն ունեմ համարելու, որ տվյալ մարդը ռեալում էլ պակաս անպատասխանատու չի իր ասածների ու արածների համար։ Ինչի՞ հիման վրա պիտի նորմալ մարդը վիրտուալի խոսակցությանը պակաս լրջությամբ վերաբերվի, քան ռեալի։ Խոսքը հորինովի կերպարի տակ հանդես եկողների մասին չի, բնականաբար։ Էդ դեպքն, իհարկե, առանձին քննարկման թեմա է։ Չգիտեմ, ինձ համար որ էսպես է. եթե ինչ–որ խոսակցության, հաղորդակցության մեջ ես մտնում, ուրեմն արդեն դրան լուրջ ես վերաբերվում՝ անկախ նրանից՝ վիրտուալում է այն, թե ռեալում, հակառակ դեպքում ինչու՞ ես մտնում դրա մեջ։
    Կարելի է մտածել՝ վիրտուալն ինչ–որ առանձին հորինովի աշխարհ է կամ երազ, ու մարդիկ կան, որ էդ երազն ու իրականությունը չեն տարբերում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2010), Enigmatic (20.04.2010), Jarre (19.04.2010), murmushka (19.04.2010), My World My Space (20.04.2010), Sambitbaba (19.06.2014), Yeghoyan (19.04.2010), Արևածագ (20.04.2010), Արևհատիկ (19.04.2010), Դատարկություն (19.04.2010), Ժունդիայի (19.04.2010), Ինչուիկ (20.04.2010), Կաթիլ (19.04.2010), Մանուլ (21.04.2010)

  15. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ–մեկ էնքան եմ ուզում նոր մականունով գրանցվել Ակումբում, որ ոչ ոք չիմանա՝ ով եմ, որտեղից եմ։ Ափսոս, որ դրա հնարավորությունը չկա... Կուզենայի գոնե որոշ ժամանակով ձերբազատվել Ուլուանա կերպարին սերտաճած բոլոր լավ ու վատ կարծրատիպերից, ինքս ինձ էլ Ակումբում տեսնեի էդ կարծրատիպերից դուրս, գրառումներս էլ մյուսների կողմից գնահատվեին առանց նախապատմությունների վրա հիմնվելու... Ասում եմ՝ որոշ ժամանակ, որովհետև կարճ ժամանակ անց, միևնույն է, էդ մականունն էլ կկարծրատիպահարվեր...
    Բայց ինչ տխուր է, որ բոլորս կազմված ենք մեր մասին ձևավորված զանազան կարծրատիպերից... Ու ինչքան հին ես, էնքան ավելի կարծրատիպախեղդ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.05.2010), Chuk (02.05.2010), Farfalla (02.05.2010), Jarre (03.05.2010), kyahi (03.05.2010), My World My Space (02.05.2010), Sambitbaba (19.06.2014), VisTolog (02.05.2010), Աբելյան (03.05.2010), Արևածագ (03.05.2010), Արևհատիկ (02.05.2010), Դատարկություն (02.05.2010), Դեկադա (03.05.2010), Երկնային (03.05.2010), Ժունդիայի (02.05.2010), Լուսաբեր (02.05.2010), Մանուլ (02.05.2010), Շինարար (02.05.2010), Ռուֆուս (02.05.2010)

  17. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին գրառումներիս մի մասն «Անկապ օրագրից» տեղափոխեցի էստեղ, հիմա արդեն ավելի հարմարավետ կզգամ ինձ էս օրագրում։ Քանի որ տեղափոխման հետևանքով թեման սկսվում է հին գրառումներով, ստիպված եղա օրագրիս նախաբանն ավելացնել թեմայի առաջին գրառման մեջ՝ խմբագրելով։ Առանձնապես մեծ բան չի, իհարկե, ուղղակի տեղեկացնում եմ, որ ցանկացողները կարդան։
    Վաղվանից նոր գրառումներ կանեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.06.2014), Դատարկություն (23.05.2010), Շինարար (23.05.2010), Ֆոտոն (23.05.2010)

  19. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Խառն եմ...»

    Ինչ հարմար ու փրկարար արտահայտություն է, չէ՞, մի տեսակ տիպիկ հայկական։ Գլուխն ազատելու համար առավել հարմար արտահայտություն երևի դժվար է հորինել։ Ընդ որում՝ այն կարելի է կիրառել գրեթե ցանկացած իրավիճակում, և խաբած չես լինի։ Այն անհրաժեշտ չափով չեզոք է. բավականաչափ «թունդ» չէ, որ զրուցակցիդ մեջ անխուսափելիորեն տագնապ առաջացնի, ոչ էլ այնքան թույլ է, որ չանցնի որպես պատճառաբանություն։ Կարող ես, օրինակ, աշխատանքային, առողջական, անձնական, ֆինանսական և ցանկացած այլ տեսակի ու լրջության խնդիրներ ունենալ, և երբ հարցնեն, թե ինչու չես երևում, ինչու էսինչ տեղը չեկար/չես գալիս, ինչու էսինչ բանը չարեցիր/չես անում, կարող ես էդ երկու բառն ասել՝ խառն եմ/էի, ու առժամանակ գլուխդ ազատել։ Շատ–շատ՝ ի պատասխան հարցնեն. «Հո լուրջ բան չկա՞»։ Իսկ դրա տակից էլ սովորաբար հեշտությամբ կարելի է դուրս գալ՝ առանց որևէ կոնկրետ ինֆորմացիա տալու։ Ի վերջո, կարող ես և ոչ մի լուրջ խնդիր էլ չունենալ, պարզապես վատ տրամադրության մեջ լինել, որի մասին հեչ պարտադիր չէ, որ դիմացինիդ հաշվետվություն տաս, պարզապես ասում ես. «Մի քիչ խառն եմ»։ Հետագա բացատրությունը պարտադիր չէ. էդ արտահայտությամբ արդեն ամեն ինչ ասված է, կամ, առնվազն էնքանը, որքանը որ դիմացինդ կարող է իրեն իրավունք վերապահել իմանալու։ Իսկ թե հատկապես ինչով ես խառը, ինչի մեջ ես խառը՝ արդեն նրա գործը չէ, քանի դեռ ինքդ չես բարեհաճում պարզաբանել։

    Ու ընդհանրապես մենք բոլորս էլ հիմնականում գոնե մի քիչ խառն ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (24.05.2010), Sambitbaba (19.06.2014), Tig (24.05.2010), unknown (08.06.2010), Աբելյան (29.05.2010), Դատարկություն (24.05.2010), Ժունդիայի (24.05.2010), Լուսաբեր (29.05.2010), Մանուլ (24.05.2010), Շինարար (24.05.2010)

  21. #41
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտի մի տեսակ կա, որ կարծես ոչ մի հիմք չունի. ոչ տարածության, ոչ ժամանակի, ոչ էլ ուրիշ որևէ արտաքին գործոնի հետ կապված չէ, ուղղակի քո մեջ է, ինքնածին, ու կարող է «բռնկվել» լրիվ անսպասելիորեն։ Կարելի է պայմանականորեն անվանել դրական կարոտ, որովհետև մի տեսակ լուսավոր է ու ջերմ, չի տանջում, չի ճնշում, ավելի շատ ջերմություն տալուն է դրդում, քան տվյալ մարդու ներկայությունը պահանջելուն։ Երբեմն նույնիսկ ջերմության առատությունից գոռալու պահանջ է առաջացնում, ու քեզ մի կերպ զսպում ես, որ գժի տեղ չդնեն։ Ավելի հաճախ լինում է միաժամանակ մի խումբ մարդկանց նկատմամբ, մտերիմ կամ ոչ այնքան, բայց ամեն դեպքում սիրելի կամ գոնե համակրելի։ Ու հաճախ էդ մարդկանցից շատերի մտքի ծայրով էլ կարող է չանցնել, որ դու իրենց կարոտել ես։ Մտածում եմ՝ որ ամոթ չլիներ, հատ–հատ կասեի էդ բոլոր մարդկանց... Ընդհանրապես գոնե նրանց, ում հետ քիչ թե շատ շփում կա, ու նաև քիչ թե շատ հիմքեր կան ենթադրելու, որ ասածդ սխալ չեն հասկանա, կարծում եմ՝ արժե ասել անպայման։ Ի՞նչ իմանաս, միգուցե էդ օրը դա նրանց ստացած միակ դրական լիցքը դառնա։ Բայց էսօր, ցավոք, արդեն ուշացել եմ, իսկ վաղը դրա մասին խոսելն արդեն մի տեսակ անհեթեթ կլինի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.05.2010, 04:41:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (29.05.2010), My World My Space (29.05.2010), Sambitbaba (19.06.2014), Tig (07.06.2010), unknown (08.06.2010), Արևհատիկ (07.06.2010), Դատարկություն (29.05.2010), Դեկադա (23.07.2010), Ժունդիայի (29.05.2010), Լուսաբեր (29.05.2010), Մանուլ (29.05.2010), Ռուֆուս (29.05.2010), Ֆոտոն (29.05.2010)

  23. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկացիների՝ ինտերիերը կահավորելու ու ձևավորելու նախասիրությունների մեջ ինձ համար տարօրինակ երկու բան եմ նկատել, մեկը, թեև հայի աչքի համար անսովոր, բայց ինչ–որ առումով հասկանալի է, իսկ մյուսը գլխումս չտեղավորվող երևույթների շարքից է...

    Առաջինն էն է, որ բազմոցը, ի տարբերություն հայաստանյան տների, ոչ թե մեջքով պատին դեմ տված է լինում, այլ, որպես կանոն, դրված է լինում սենյակի կենտրոնական մասերում՝ բոլոր կողմերից ազատ։ Ճիշտ է, եթե մեկից ավել բազմոցներ են լինում, մեկը սովորաբար հենած է լինում պատին։ Բայց հաճախ միայն մեկն է լինում՝ սենյակի կետրոնում։

    Երկրորդը վերաբերում է պատերից նկարներ կախելուն։ Հաճախ կարելի է տեսնել լրիվ նույն նկարից երկու հատ իրար կողքի (շատ մոտ)՝ պատից կախած... Երբեմն պատահում է որ նույն նկարից հանդիպակաց կամ իրար կից պատերին է լինում կպցրած, բայց հաճախ հենց նույն պատին՝ իրար շատ մոտ։ Չեմ հասկանում, թե դրա իմաստը կամ գեղեցկությունը որն է։ Ավելի հետաքրքիր չէ՞ր լինի, եթե դրանցից մեկի փոխարեն ուրիշ նկար լիներ։ Պատահում է նաև, որ նկարներից մեկը մյուսից թեթևակի տարբերվում է, բայց էնքան թեթևակի, որ եթե հատուկ դրանց տարբերությունը գտնելու նպատակ չդնես, հնարավոր է, որ նույնիսկ չնկատես, որ տարբեր են։ Ի դեպ, էս երևույթը նկատել եմ թե՛ բնակարաններում, թե՛ տարբեր գրասենյակներում։ Չգիտեմ, ինձ համար որ շատ տարօրինակ է ու գեղագիտական առումով էլ անհասկանալի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (07.06.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (08.06.2010), Tig (07.06.2010), unknown (08.06.2010), Արևհատիկ (07.06.2010), Դատարկություն (07.06.2010), Մանուլ (10.06.2010), Ռուֆուս (07.06.2010), Ֆոտոն (09.06.2010)

  25. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիսաարխիվային

    Երբ շատ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար մի առանձնահատուկ ու մի տեսակ կախարդական օր էր։ Երևի բոլոր երեխաների մոտ է էդպես լինում, եթե ընտանիքում համապատասխան դրվածք է լինում։ Հիշում եմ՝ ծննդյանս օրվանից դեռ մի քանի շաբաթ առաջվանից արդեն սկսում էի ամեն օր հաշվել, թե քանի օր մնաց։ Ու ինչքան մոտենում էր օրը, էնքան ավելի ու ավելի էի հուզվում, կարծես էդ օրը որ գար, պիտի ինչ–որ շատ լուրջ, խորհրդավոր ու ճակատագրական լավ բան լիներ։ Ես էլ չգիտեի, թե ոնց ու ինչի տեսքով պիտի լիներ էդ լավ բանը, բայց դրա ակնկալիքը միշտ կար։ Դե, երևի մասամբ անակնկալ նվերն էր էդ լավ բանը, մասամբ՝ հյուրերը, համով ուտելիքներն ու հատկապես թխվածքները, ինչպես նաև զուտ էն զգացողությունը, որ էդ օրն իմ ծնունդն է։ Ահավոր շատ էի սիրում, երբ մեր տուն հյուրեր էին գալիս։ Ցանկացած հյուրից ուրախանում էի, իսկ որ իմ ուզած մարդիկ էին գալիս՝ առավել ևս։ Էդ պահին կարծես դրանից ավելի ուրախալի բան դժվար էր պատկերացնել։ Սովորաբար ծնունդներին քեռուս ընտանիքն էր մեր տուն գալիս, երեխաներով խաղում էինք, երբեմն էլ մի երկու ընկերուհի էի հրավիրում՝ ազգականների հետ կամ առանձին։

    Հետո ծննդյան օրվա խորհուրդը տարիների ընթացքում կամաց–կամաց խամրեց... Եթե սկզբում ամենաշատն ինձ հետաքրքրում էր էն, որ կարողանանք էդ օրը քիչ թե շատ նորմալ սեղան գցել ու հյուրեր ունենալ, ապա քիչ–քիչ էդ բոլորն անէական դարձան, արդեն ավելի շատ հետաքրքրում էր, թե քանի հոգի կհիշի, որ էդ օրը ծնունդս է, ով կզանգի, կշնորհավորի։ Սպասելիքներս, որպես կանոն, չէին արդարանում. միշտ լինում էին ինձ համար շատ կարևոր մարդիկ, որոնք չէին հիշում ծնունդս ու չէին շնորհավորում, էն դեպքում, երբ ես իրենցը երբեք չէի մոռանում... Մարդիկ կային, որոնց ծնունդները նույնիսկ ուզում էի չհիշել, բայց չէր հաջողվում, իսկ հիշելու դեպքում չէի կարողանում չշնորհավորել։ Իհարկե, եթե բոլոր հիշածս ծնունդները շնորհավորեի, երևի համարյա ամեն օր պիտի ծնունդ շնորհավորեի, բայց դե շնորհավորում էի հիմնականում մտերիմներինը, երբեմն էլ ոչ էնքան մտերիմ, բայց էնպիսի մարդկանցը, որոնք, համոզված էի, որ կուրախանան դրանից։

    Ծնունդս հիշելու առումով չեմ կարող չառանձնացնել դասընկերներից մեկին, որը մի տարի նույնիսկ բանակից զանգեց, շնորհավորեց։ Երևի էն հազվագյուտ մարդկանցից է, որ առանց որևէ հիշեցման միշտ հիշում է ծնունդս։ Հիշում եմ՝ էդ տարի էնքան քիչ մարդիկ էին հիշել, բայց դասարանցուս էդ զանգն էնքան արժեքավոր էր, որ ինչ–որ առումով ծածկեց մյուս բացերը։

    Տարիների ընթացքում քիչ–քիչ սկսեցի չսիրել ծննդյանս օրը... Ինչ–որ պահից սկսած էդ օրը ոչ միայն դադարեց ուրախության օր լինելուց, այլև արդեն դարձավ նույնիսկ լացելու օր։ Էնպես էր ստացվում, որ ծննդյանս օրն անպայման լացում էի։ Դե, չափից դուրս դյուրազգաց էի դառնում էդ օրը ու միշտ լացելու ինչ–որ բան գտնում էի. տնեցիներն իմ ուզած պահին չէին շնորհավորում, ինձ իմ ուզած չափով ուշադրության չէին արժանացնում էդ օրը, ոչ բոլոր էն ընկերներս էին զանգում, ումից սպասում էի, որ կզանգեն, գիտակցում էի, որ մի տարով էլ մեծացա, իսկ երազանքներիցս քանի՞սն են իրականացել...

    Հետո, երբ դադարեցի ծննդյանս օրը որպես արտասովոր օր ընկալելուց և «գլխիցս մեծ» ակնկալիքներ հորինելուց ու դրանց չիրականալուց հիասթափվելուց, կյանքս ահագին թեթևացավ։ Ընտանիքիս անդամները, բնականաբար, հիշում ու շնորհավորում են միշտ, ընկերներս էլ, դե, փառք Ակումբին, ICQ–ին, Odnoklassniki–ին ու մյուս վիրտուալ միջավայրերին, տեղեկանում են ու էլի շնորհավորում։ Ես էլ ինձ հույս եմ տալիս, որ ինտերնետով շնորհավորողների մեջ կան գոնե մի քանիսը, ովքեր առանց էդ տեղեկացումների էլ կհիշեին, ու մեկ էլ՝ որ չհիշողներից ոմանք կհիշեին, եթե ընդհանրապես ծննդյան օրեր հիշել կարողանային։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (09.06.2010), My World My Space (09.06.2010), Norton (09.06.2010), Sambitbaba (19.06.2014), unknown (09.06.2010), Արևածագ (09.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Մանուլ (10.06.2010), Ռուֆուս (11.06.2010), Ֆոտոն (10.06.2010)

  27. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժան բան է ծույլ ու միաժամանակ պատասխանատու մարդ լինելը... Երբ մարդն աշխատասեր է ու պատասխանատու, էս երկու հատկանիշները հաջողությամբ լրացնում ու սատարում են իրար, ամեն ինչ հարթ է ընթանում. ժամանակին գործն սկսում է, ժամանակին ավարտում՝ առանց խղճախայթային տվայտանքների, առանց չհասցնելու վախից տագնապահար լինելու, գործն իր ներդաշնակ հունով հասցվում է ավարտին։ Չի լինում ներքին հակասություն, ներքին պայքար և այլն։ Մի խոսքով՝ ընդհանուր առմամբ ամեն ինչ տեղի է ունենում ներքին ներդաշնակության պայմաններում, մանր–մունր շեղումները հաշիվ չեն։ Մոտավորապես նույն հոգեվիճակը տիրում է ծույլ ու անպատասխանատու մարդու դեպքում. ոչ իրեն կոտորում է ինչ–որ բան անելու համար, ոչ էլ դրանից առանձնապես տանջվում, չի հասցնի՝ չի հասցնի, աշխարհի վերջը չի, հետո՞ ինչ, որ ինչ–որ մեկն էլ դրանից կտուժի, թող մի քիչ էլ ուշ անի գործը, թող սպասեն, ի՞նչ կա որ։ Էլի ներքին ներդաշնակություն, ներքին պայքարի, կոնֆլիկտի բացակայություն։ Իսկ երբ մարդ հանդգնում է իր մեջ համատեղել էնպիսի աններդաշնակ հատկանիշներ, ինչպիսիք են կատաստրոֆիկ ծուլությունն ու պատասխանատվության հիվանդագին զգացումը, դատապարտված է ամբողջ կյանքում տառապել խղճի խայթից, ինքնաքրքրվել ավելորդ վատնած յուրաքանչյուրի րոպեի համար, ամբողջ ընթացքում վայելել տագնապի ողջ հմայքն ու էն անխուսափելի գիտակցումը, որ, մեկ է, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ինքը պիտի հասցնի տվյալ բանն անել, ժամանակին ավարտել, թեկուզ վերջին պահին՝ սեփական առողջության, անքուն գիշերների, ամենատարբեր անհարմարությունների ու դժվարությունների գնով։ Չէ, իսկապես շատ դաժան բան է ծույլ ու պատասխանատու մարդ լինելը... Ովքեր իրենց մեջ համատեղում են էդ երկու հատկանիշները, ինձ կհասկանան...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.06.2010), Chuk (11.06.2010), My World My Space (12.06.2010), Norton (12.06.2010), Sambitbaba (19.06.2014), Sophie (11.06.2010), SSS (12.06.2010), unknown (13.06.2010), Արևածագ (11.06.2010), Արևհատիկ (11.06.2010), Էլիզե (11.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Հայկօ (11.06.2010), Մանուլ (11.06.2010), Մարկիզ (23.06.2010), Ռուֆուս (11.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  29. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավական լուրջ ու երկարատև ստեղծագործական անկման շրջան եմ ապրում... Գրելը նկատի ունեմ։ Հա՛ սպասում եմ վերջին, բայց դե մեր քմահաճ բարեկամ Մուսան, ըստ երևույթին, անկյալներին չի սիրում, էդ դեռ հերիք չի՝ իմ Մուսան, ի տարբերություն ու ի հեճուկս ինձ՝ նաև բու է դարձել, ինչպես վերջերս պարզվեց... Ինքն արթնանում է էն ժամանակ, երբ ես կամ պատրաստվում եմ քնել, կամ էլ արդեն քնած եմ, ու էդպես մենք հիմա հազվադեպ ենք հանդիպում... Ճիշտն ասած՝ հանուն նրա՝ բու դառնալու մտադրություն ու ցանկություն չունեմ. ես չափազանց համոզված արտույտ եմ, հետևաբար միակ ելքը մնում է նրան արտույտացնելը։ Դե, նրա համար պիտի որ ավելի հեշտ լինի, վերջիվերջո, նախկինում արտույտ է եղել։

    Հիմա մեջս մտային դատարկության շրջան է. երբ գրեթե ոչ մի հետաքրքիր միտք, գաղափար, դատողություն չի ծնվում ու վերջ... Ու դա ընդհանրապես կապ չունի հոգեվիճակի կամ տրամադրության հետ։

    Եղբորս հետ կապված մի բան հիշեցի... Ինքը, չնայած լավ սովորելուն, դպրոցում շարադրություն գրել ոչ մի կերպ չէր կարողանում։ Մի անգամ էլ, երբ արդեն ուսանող էր, հայոց լեզվի դասախոսը շարադրություն էր հանձնարարել, կարծեմ մի քանի կոնկրետ վերնագրեր էր տվել, որ ընտրեն, բայց միաժամանակ նաև հնարավորություն էր տվել, առաջարկված թեմաներով չբավարարվելու դեպքում, ինքնուրույն ընտրել թեման։ Եղբայրս որոշել էր օգտվել ազատ ընտրության հնարավորությունից և ընտրել էր մի շատ հոգեհարազատ թեմա, ըստ երևույթին՝ միակը, որի մասին կարող էր գրել, վերնագիրն էր՝ «Իմ՝ շարադրություն գրելու ունակության բացակայության մասին»։ Մարդը բավական մեծ ոգևորությամբ մի քանի էջանոց կարգին շարադրություն էր գրել, որում ամենայն անկեղծությամբ ու մանրամասնությամբ պատմել ու բացատրել էր, թե հատկապես ինչու և ինչպես ինքը չի կարողանում շարադրություններ գրել ։ Ի դեպ, շարադրությունը լսարանում մեծ հաջողություն էր ունեցել։

    Հիմա մտածում եմ՝ չբռնե՞մ ես էլ բանաստեղծություն գրեմ, ասենք, էն մասին, թե ինչպես է մուսաս ինձ լքել, թե ինչ մտային քաղց է տիրում գլխումս, ու թե ինչ տխուր է էդ ամենը... Մեկ էլ տեսար՝ ինքս իմ անմուսայությանն աչքով տվեցի, ու հետաքրքիր մտքեր հղացան...

    Մի տարօրինակ երևույթ. վերջերս պարբերաբար գլխումս սկսում է ինչ–որ բանաստեղծության ռիթմ հնչել՝ հստակ տաղաչափով, հնչերանգով, բայց առանց տեքստի՝ բացարձակապես ոչ մի բառ... Միայն ռիթմ, որը կարծես խնդրում է. «Բառեր դիր իմ մեջ, տես՝ ինչ լավն եմ, ափսոս եմ...»։ Է հա, ափսոս ես, բայց դե ես ի՞նչ անեմ քեզ հետ իմ էս մտազուրկ գլխով, հը՞։

    Չէ, մուսայիս հետ լեզու գտնել է պետք, մի բան պայմանավորվել, էսպես չի լինի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.06.2010), Chuk (14.06.2010), Sambitbaba (19.06.2014), unknown (13.06.2010), Արևածագ (16.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Էլիզե (12.06.2010), Ժունդիայի (12.06.2010), Շինարար (12.06.2010), Ռուֆուս (12.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •