User Tag List

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #271
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր քաղաքի ծանոթ անծանոթները

    Ամեն օր տնից դուրս գալիս երևի բոլորս էլ տեսնում ենք մարդկանց, որոնց տարիներ շարունակ հանդիպում ենք նույն տեղերում, բայց անձամբ չենք ճանաչում ու շատ դեպքերում նրանց մասին ընդհանրապես ոչինչ չգիտենք ու էդպես էլ չենք իմանում։

    Մեր քաղաքում էլ քիչ չեն մարդիկ, որոնց եթե ոչ ամեն օր, ապա գոնե հաճախակի հանդիպում եմ իմ հիմնական, ամենօրյա երթուղու ընթացքում, որը հիմնականում մեր տնից մինչև տղայիս դպրոց ընկած ճանապարհն է, ավելի ճիշտ՝ երկու ճանապարհ կա էնտեղ տանող, որոնք հենց մեր տան դիմացից բաժանվում են՝ աջ ու ձախ։ Դրանցից մեկը հենց գլխավոր փողոցով է՝ ավելի աշխույժ ու մարդաշատ, մյուսը՝ բնակելի շենքերի ու տների մոտով, ավելի շատ ծառերով, խոտածածկ տարածքներով ու ավելի քիչ մարդկանցով։ Ես երկրորդն ավելի շատ եմ սիրում, բայց որոշ հանգամանքների բերումով հաճախ ընտրում եմ առաջինը։ Ու քանի որ առաջինն ավելի մարդաշատ է, սկզբում կգնանք առաջինով։

    Այս ճանապարհի վրա առաջինը Պիտերն է՝ մեր հարևանը, ով ապրում է մեզնից ընդամենը երկու տուն այն կողմ, բայցևայնպես, հաշվի առնելով, որ նրա մասին գրեթե ոչինչ չգիտենք, շփում էլ չունենք, թերևս կարելի է նրան հանգիստ խղճով անծանոթ համարել։ Պիտերը երևի քառասունն անց, «յոժիկ» մազերով, «տակառիկ» կազմվածքով տարօրինակ, բայց լիովին անշառ մի մարդ է։ Առանձնապես գեր չէ, բայց ցմփորիկ է, ոտքերը համեմատաբար բարակ, միշտ շորտերով ու նկատելիորեն երկար սպիտակ գուլպաներով։ Մշտապես կողքից պարանով ման ածվող շնիկն էլ վրադիր՝ լրիվ մուլտիկային կերպար է։ Պիտերն, ըստ երևույթին, ինչ–որ հոգեկան շեղում ունի, որն ամենաշատը զգացվում է նրա դեմքի արտահայտությունից. թեև ընդհանուր առմամբ հանգիստ ու անհաղորդ դեմք ունի, բայց հաճախ մի տեսակ թարս–թարս է նայում մարդկանց, կարծես խռոված կամ նեղացած մանչուկ լինի, ոչ թե բարկացած, կատաղած կամ չարացած, այլ հենց խռոված ու նեղացած։ Ահագին ժամանակ ես նրան բարևում էի՝ պատասխան չստանալով, փոխարենը ամեն անգամ էնպիսի թարս ու նեղացած հայացքով էր ինձ նայում, կարծես ինչ–որ բանով վիրավորել կամ վատություն եմ արել իրեն։ Էդպես էնքան թարս–թարս նայեց ու բարևիս չպատասխանեց, որ որոշեցի այլևս իզուր չբարևել։ Բայց նա, միևնույն է, ամեն տեսնելիս շարունակում է ինձ նույն թարս հայացքով ուշադիր նայել, կարծես հիմա էլ նեղանում է նրանից, որ չեմ բարևում։ Պիտերը չի աշխատում, բայց հաճախ հարևանները նրան վճարում են տան դիմաց կամ այգում ինչ–որ աշխատանքներ անելու դիմաց։

    Մեր տնից որոշ հեռավորության վրա հաճախ հանդիպում եմ մոտ երեսունն անց, բարձրահասակ ու հաղթանդամ մի արաբ կամ հնդիկ տղայի։ Նա էլ կարծես ինչ–որ շեղում ունի։ Երբ տեսնես, ձեռքին միշտ Starbucks–ի սուրճ է, հաճախ ինքն իրեն խոսում ու ծիծաղում է, բայց ամենատիպիկ գործողությունը, որով կարելի է նրան հեռվից հեռու անսխալ ճանաչել, հետևյալն է. քայլում է իր համար, մեկ էլ հանկարծ կտրուկ կանգ առնում ու որոշ ժամանակ էդպես կանգնած մնում։ Նրան հենց դրանով ենք ֆիքսել։

    Ճանապարհը շարունակելով՝ հասնում ենք Starbucks–ին (այո, հենց այն Starbucks–ին, որտեղից մեր հնդիկ ծանոթն առնում է իր սուրճը), որի բացօթյա հատվածում դրված սեղանիկներից մեկի շուրջ մշտապես մի քանի տղամարդ նստած սիգար ծխելով սուրճ են խմում։ Նրանք միշտ նույն սեղանիկի շուրջ են նստում։ Այդ մասով անցնելիս ինձ միշտ Հայաստանում եմ զգում, քանի որ վերջիններս, ինձ տեսնելով, ձայնները ցածրացնում են, աչքները չորս անում ու տնտղում։ Ամեն անգամ դիսկոմֆորտ եմ զգում, երբ անցնում եմ էդտեղով, ու իրենք էդտեղ նստած են լինում։ Մի օր էլ մտքովս անցավ, որ անցնող–դարձողին էսպես տնտղել կարող էին միայն հայերը։ Նայեցի դեմքներին ու զգացի, որ նրանց՝ հայ լինելը շատ հավանական է, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում խոսակցությունն էլ լսել, որ վերջնականապես համոզվեի, մինչև որ մի օր մեր քաղաքի հայկական խանութի ու ռեստորանի տերը, որ հայաստանցի հայ է, մի առիթով ասաց, որ էդ մարդիկ իր ընկերներն են ու նույնպես հայաստանցի հայեր են։ Ամեն ինչ իր տեղն ընկավ։

    Երբ հասնում եմ երկու բուլվարների խաչմերուկին, պարբերաբար տեսնում եմ քաչալ, միջահասակ մի տղամարդու, որն, ինչպես մի օր պարզվեց, հայ է։ Բավական հետաքրքիր իրավիճակում պարզեցինք նրա հայ լինելը։ Արեգին մանկապարտեզից տուն էի բերում, չեմ հիշում՝ ինչ էր եղել, միայն հիշում եմ, որ Արեգը դժգոհ էր ու վրդովված, ինչ–որ բան էր ուզում երևի, թույլ չէի տալիս, թե ինչ, ինքն էլ ձայնը գլուխն էր գցել, թե՝ չէ՜, դու շատ սխալ բանե՛ր ես ասում։ Մեկ էլ հենց էդ պահին էս մարդը կողքներովս անցավ ու Արեգին նայելով, մի փոքր սաստող տոնով ու մատը թափ տալով՝ ասեց. «Մաման ճի՛շտ ա ասում, մամային լսի՛»։ Երկուսս էլ, անակնկալի եկած, մեր վեճը մոռացած՝ նայեցինք էդ մարդուն, ես էլ ծիծաղեցի, էդ մարդն էլ , իսկ Արեգը, որ հաստատ չէր սպասում, թե իր հայերեն ասածն էստեղ կողքից որևէ մեկը կարող է հասկանալ, ամոթխած նայեց մարդուն, անմիջապես հայացքն իջեցրեց, հետո սուսուփուս շարունակեց ճանապարհը։ Դրանից հետո ամեն անգամ, երբ էդ մարդուն հանդիպում ենք (ընդ որում՝ միշտ նույն տեղում), բարևելուց հետո ամեն անգամ ծիծաղելով դիմում է Արեգին. «Հը՞, խելո՞ք ես մնում»։ Արեգն էլ լրջացած գլուխն է տմբտմբացնում, իբր՝ հա։

    Երբ թեքվում եմ դեպի այն փողոցը, որից մի երկու բլոկ վերև Արեգի դպրոցն է, պարբերաբար ճիշտ և ճիշտ նույն տեղում տեսնում եմ հեծանիվ քշող միջին տարիքի մի կնոջ։ Նախ ասեմ, որ մեզ մոտ հեծանվորդների ընդհանրապես հազվադեպ կարելի է տեսնել, իսկ հեծանիվը որպես փոխադրամիջոց գործածող մարդկանց՝ էլ ավելի հազվադեպ։ Էս կինն իր հեծանվով բավական արտառոց տեսարան է ու ոչ միայն այն պատճառով, որ հեծանվով է, այլև նրանով, որ մշտապես պճնված տեսք ունի՝ բավական ցայտուն դիմահարդարանքով ու գլամուր հագուկապով։ Մի խոսքով՝ հեծանվի հետ առնվազն առաջին հայացքից բավական անհամատեղելի հանդերձանք ունի ու, բնականաբար, անցնելիս բոլորի ուշադրությունն իր վրա է գրավում։ Դեմքից դատելով՝ ինքն էլ շատ լավ գիտի իր առաջացրած ռեակցիան և լիովին վայելում է այն`միշտ խունջիկ–մունջիկ ժպտալով ։

    Արեգին դպրոցից բերելիս հենց դպրոցի մոտ արդեն քանի տարի է (մանկապարտեզն էլ է նույն դպրոցի շենքում եղել) ամեն անգամ հանդիպում եմ մի ընտանիքի՝ մայրը, որ գալիս է երեխաներին վերցնելու, իր երկու աղջիկներն ու տղան։ Մեծ տղան ու աղջիկը տարիքով ավելի մոտ են, 12-14 տարեկան կլինեն, փոքր աղջիկը՝ երևի մի քանի տարով փոքր։ Էս ընտանիքին տեսնելիս ամեն անգամ ցնցվում եմ էն համընդհանուր նմանությունից, որ հատուկ է նրանց բոլորին։ Էս երեք երեխաները ոնց որ լրիվ մեկը մյուսի ճշգրիտ պատճենը լինեն ու մորն էլ են շատ նման։ Մայրը գոնե մի քիչ տարբերվում է երեխաներից, իսկ իրենք երեքով լրիվ նույն դեմքն ունեն։ Ու ամեն անգամ նրանց տեսնելիս մտածում եմ՝ լավ, ո՞նց են մարդիկ հաջողացրել էսպես բոլորը մի դեմքով ստացվել։ Մի օր էլ իրենց պապային տեսա. երեխաները զարմանալիորեն նրան էլ նմանություն ունեին (ինձ թվում էր՝ մորն էդ աստիճանի նման լինելը պիտի որ այլևս տեղ թողած չլիներ հոր համար, բայց, փաստորեն, սխալվել էի), թեև այդ նմանությունն, իհարկե, չէր կարող համեմատվել մոր հետ ունեցած նմանության հետ։

    Իմ սիրած ճանապարհով էլ հաճախ վերադառնում ենք դպրոցից։ Մեր տուն չհասած՝ երկու բլոկ ներքև, մի տուն կա, որն առանձնանում է շրջապատի տներից մի քանի բանով։ Էստեղ հաճախ կարելի է տեսնել առանձնատներ՝ սիրուն ու հարմարավետ վերանդաներով, որոնցում կարծես բոլոր պայմանները ստեղծված են, որ բնակիչները երեկոյան նստեն էնտեղ, ասենք, թեյի շուրջ զրուցեն և այլն։ Բայց իրականում հազվադեպ կարելի է տեսնել էդ վերանդաներում նստած մարդկանց (ես ասում եմ՝ հազվադեպ, դուք հասկացեք՝ գրեթե երբեք)։ Թե ում համար են էդպես հարմարավետ ու մանրակրկիտ սարքում, կահավորում, ձևավորում՝ չես հասկանում, եթե գործնականում ընդհանրապես չեն օգտվում դրանցից։ Իսկ էս նշածս տան մոտով ինչքան անցնենք, համարյա միշտ պատշգամբում մարդիկ են նստած, զրուցում ու թեյ են խմում։ Հիմնականում 2-3 տղամարդ են լինում, մեկ–մեկ՝ նաև մի կին։ Պատշգամբի տանիքն էլ ամբողջությամբ խաղողի վազերով է պատված, ինչպիսիք Հայաստանում կարելի է հաճախ տեսնել։ Էստեղ անձամբ ես չեմ հիշում, որ որևէ մեկի այգու որևէ մասում խաղողի վազ տեսած լինեմ։ Ու ընդհանրապես էստեղ ընդունված չէ տնամերձ հողատարածքում պտղատու ծառեր ունենալը։ Ովքեր էլ որ ունեն, զուտ որպես դեկորատիվ ծառեր են պահում դրանք։ Պտուղները հասնում են, թափվում, փչանում, էդպես էլ քաղող չի լինում։ Իսկ էս այգում, բացի խաղողի վազից, նաև սալորի ծառ կա, ընդ որում՝ էնպիսի սորտ, որից ես էստեղ ընդհանրապես չեմ տեսել վաճառքում։ Երևի անսպասելի չի լինի, եթե ասեմ, որ վաղուց կասկածներ ունեի, որ էս մարդիկ հայ են, բայց մոտներով անցնելիս ինչքան փորձում էինք նրանց խոսակցության մեջից ծանոթ բառեր որսալ կամ գոնե ընդհանուր ինտոնացիան լսել, ոչ մի կերպ չէր հաջողվում։ Բայց հետո մի օր ամուսինս ասաց, որ լսել է, կարծես հայերեն չէին խոսում, թեև վստահ չէր։ Բայց, մեկ է, մի տեսակ հավատս չի գալիս, որ հայ չեն, հատկապես որ դրանից հետո մի օր նկատեցինք, որ նրանց տան դիմացի մայթին՝ հենց դարպասի ուղղությամբ, փորագրված է՝ PANOS։ Դե արի ու բան հասկացի. հիմա սրանք մեր հայրենակից Փանոսե՞նք են, թե՞ էդ ամենը պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, ու գուցե, ասենք, հույներ են։

    Էլի մարդիկ կան, որոնց մասին կարելի էր գրել, բայց որոշեցի սահմանափակվել զուտ ամենաշատ հանդիպողներով։ Գուցե հետո էլի գրեմ, եթե մուսաս գա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.01.2018, 21:30:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.01.2018), Cassiopeia (20.01.2018), Peace (20.01.2018), Արշակ (19.01.2018), Գաղթական (18.01.2018), Նաիրուհի (31.01.2018), Նիկեա (18.01.2018)

  3. #272
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սերնդակից մարդիկ (էն մարդիկ, որոնք ոչ էնքան մեծ են, որ կարող էին ծնողներս լինել, ոչ էլ էնքան փոքր են, որ կարող էին երեխաներս լինել), տարիքային առումով ինձ համար բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր ծնվել են ութսունութ թվից առաջ ու քիչ թե շատ գիտակից տարիքում են եղել ութսունութ թվին, այսինքն` բավականաչափ մեծ, որպեսզի հիշեն, և նրանք, ովքեր կամ դեռ ծնված չէին, կամ էլ դեռ շատ փոքր էին ութսունութ թիվը հիշելու համար։ Սա իրականում ինչ–որ գիտակցված դասակարգում չի, այլ մի տեսակ ինքնաբերաբար ձևավորված ընկալում: Էն մարդիկ, ում հետ չես կարող վերհիշել, օրինակ, երկրաշարժը ու դրան հաջորդած օրերին տիրող համընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը, Արցախյան շարժումը, էդ շրջանում տիրող մթնոլորտն ու տրամադրությունները, նշանակալից իրադարձությունները՝ առօրեականից մինչև քաղաքական, որոշակիորեն ուրիշ սերնդից են ինձ համար: Ութսունութին տեղի ունեցած էս երկու խոշոր իրադարձություններն իմ մեջ տպավորված են որպես մի ամբողջ կյանք (թեև կոնկրետ երկրաշարժը անձնական առումով ինձ չի առնչվել, ի տարբերություն արցախյան շարժման, որին հանգամանքների բերումով հենց ամենասկզբից ինչքան հնարավոր է՝ մոտիկից ու ներսից առնչվել եմ), ու դրանից հետո ծնված ու, հետևաբար, էդ ամենը չապրած մարդկանց ակամա ընկալում եմ որպես պուճուր ու լրիվ ուրիշ ժամանակաշրջանից։

    Սրա մասին առաջին անգամ մտածել եմ էն ժամանակ, երբ տարիներ առաջ մի ծանոթ աղջկա հետ խոսելիս, չգիտեմ ինչ առիթով, հիշեցի «Վերադարձիր, մայրիկ իմ հայրենի...» երգը, ու փորձում էի իրեն էլ հիշեցնել, թե որ երգի մասին է խոսքը, ասեցի՝ հիշու՞մ ես, էդ երգը ութսունութին ամեն տեղ հնչում էր։ Ինքն էլ մի տեսակ մտածկոտ ասեց՝ չէ, չեմ հիշում... Էդ պահին էնքան զարմացած էի, թե ոնց է հնարավոր չհիշել։ Էդ երգը, կարելի է ասել, շարժման խորհրդանիշներից էր դարձել էն ժամանակ, երգ, որը լսելիս բազմաթիվ մարդիկ լացում էին հուզմունքից, որը հնչեցնում էին միտինգներին, մարդկանց տներում, ամեն–ամեն տեղ։ Բայց ավելի ուշ հանկարծ տեղը բերեցի, որ էս աղջիկն ախր ութսունութին նոր ծնվել էր, որտեղի՞ց պիտի հիշեր։ ))) Ու էդտեղ էնքան ուժեղ զգացի էդ ուրիշ սերնդից ու ուրիշ ժամանակաշրջանից լինելու հանգամանքը։

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.01.2018), Progart (30.01.2018), Smokie (15.03.2018), Արշակ (30.01.2018), Գաղթական (30.01.2018), Նաիրուհի (31.01.2018)

  5. #273
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակը գնալով ավելի քիչ է թվում, չնայած նրան, որ գնալով ավելի քիչ եմ անտեղի ժամանակ վատնում: Հետաքրքիր ու օգտակար պլաններս ու մտահղացումներս` թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական, թե՛ երեխաների հետ կապված, թե՛ կենցաղային, գնալով շատանում են, իսկ դրանք իրականացնելու ժամանակը` գնալով քչանում... Երբ պատկերացնում եմ, թե ինչեր կան, որ պետք է անել, որ ուզում եմ անել (ընդ որում` «ուզում եմ»-ն ու «պետք է»-ն շատ դեպքերում համընկնում են), զգում եմ, որ էդ ամենը թեկուզ մի կերպ հասցնելու համար ինձ պետք է ունեցածս ժամանակից առնվազն մի երեք անգամ ավելի շատ ժամանակ: Ու էդ գիտակցումից քիչ է մնում ցնդեմ:

    Ժամանակն էնքան արագ է հոսում, որ լիքը բաներ, որ առաջ էական կթվային, ակնթարթորեն ժամանակավրեպ են դառնում, ինչպես ֆեյսբուքյան լրահոսի վրայով հայացքդ սահեցնելիս քիչ առաջ կարդացածդ ստատուսը եղանակի կամ հարևանի կատվիկի մասին, որ կարճ ժամանակ անց անվերադարձ թաղվելու է իր նման բազմաթիվ այլ ստատուսների տակ:

    Թերևս միակ բանը, որի վրա դեռ անիմաստ ժամանակ եմ վատնում երբեմն, Ֆեյսբուք կարդալն է, բայց դա էլ տեղից շատ չէր, հիմա էլ ավելի եմ կրճատել (չհաշված, որ մեկ-մեկ տարվում եմ ու անջատված նստում երկար ժամանակ, հետո ինձ չեմ ներում ժամանակս էնտեղ վատնելու համար, որովհետև դա էն դեպքերից է, երբ անմիջապես հետո գիտակցում ես, թե ինչ անիմաստ էր իսկապես), բայց ոնց մտածում եմ​` պետք է համարյա լրիվ հրաժարվել, գոնե կիմանամ` ինձնից կախված ամեն ինչ անում եմ ժամանակ տնտեսելու համար:

    Մեկ էլ quora-ից տեղեկացումներ ստանալու դեպքում եմ հաճախ աններելիորեն երկար լռվում, քանի որ հաճախ չեմ սահմանափակվում միայն էն հարցն ու պատասխանը կարդալով, որի մասին տեղեկացում էի ստացել, տեսնում եմ նույն էջի այլ հետաքրքիր հարցեր, կարդում ու էդպես երկար լռվում: Ի տարբերություն Ֆեյսբուքի, Quora-ում շատ ավելի հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա եմ ստանում, բայց, մեկ է, նույնիսկ էդ ինֆորմացիան էնքան չարժե, որ էդքան ժամանակ տրամադրեմ դրան, երբ էդ ժամանակը կարող էի ավելի արդյունավետ օգտագործել:

    Նկատել եմ, որ ահագին ժամանակ է, ինչ ոչ մեկից չեմ նեղանում: Ասենք, եղել են իրավիճակներ, երբ հանգիստ խղճով կարելի էր նեղանալ, կարծում եմ` դրա «իրավունքն» ունեի, ու եթե նախկինում լիներ, հաստատ կնեղանայի, այսինքն` գիտակցաբար որ նայում եմ, իսկապես նեղանալու բաներ են, բայց ներքուստ մի տեսակ հեչ հավես չունեմ նեղանալու, ու էդ բոլոր դեպքերի նկատմամբ «անցած լինի» տրամադրվածություն ունեմ: Ու ընդհանրապես նեղանալն ահագին ժամանակ ու էներգիա տանող գործողություն է, իսկ կյանքը չափազանց կարճ է նման անիմաստ ու անհեռանկարային գործողությունների վրա վատնելու համար: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե էլ երբեք ոչ մեկից չեմ նեղանալու, բայց հիմա էսպես եմ զգում ու ընկալում իրականությունը ու հուսով եմ` էսպես էլ կշարունակվի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.02.2018, 21:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.02.2018), Cassiopeia (26.02.2018), Ներսես_AM (26.02.2018), Նիկեա (26.02.2018)

  7. #274
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տնից ոչ շատ հեռու արվեստի պարագաների մի փոքր խանութ կա: Հիմնականում իմ պարագաներն առնում եմ ուրիշ` շատ ավելի մեծ ու շատ ավելի հեռու գտնվող խանութից, որն ԱՄՆ-ում թիվ մեկ խանութների ցանցն է էդ ոլորտում. մի հսկայական խանութ, որտեղ բացի նրանից, որ արվեստի ու ձեռքի աշխատանքների, կարելի է ասել, համարյա բոլոր հնարավոր ոլորտներին վերաբերող պարագաներ ու նյութեր կարելի է գտնել, նաև ամեն ոլորտին վերաբերող ապրանքների շատ լայն ընտրանի կա: Իսկ մեր տան մոտ գտնվող խանութում արվեստի ոլորտից հիմնականում նկարչական պարագաներ են, մի քիչ կավագործության, մեկ էլ ինտերիերի դիզայնին վերաբերող նյութերի ու պարագաների մեծ բաժին ունեն: Բայց ժամանակ առ ժամանակ էս փոքրիկ խանութն էլ եմ այցելում:

    Էս խանութն ընտանեկան բիզնես է, որը վարում են 50-ին մոտ տարիքի երկու եղբայրներ` Թոմն ու Մայքը: Ավելի ուշ պարզեցի, որ խանութն ի սկզբանե բացել է նրանց պապը` 1947 թվականին: Հիշում եմ, երբ առաջին անգամ մտանք խանութը, աշխատողը թեև սիրալիր, բայց մի տեսակ սառն ու լուրջ դեմքով տղամարդ էր, որ գլուխը կախ ինչ-որ բան էր կարդում ու միայն կոնկրետ հարցեր ստանալու դեպքում էր գլուխը բարձրացնում ու խոսում: Երբ որոշ ժամանակ անց էլի գնացինք, էս մարդը կարծես ավելի շփվող, ուրախ ու բաց դարձած լիներ: Եվ միայն երրորդ թե չորրորդ անգամ այցելելուց հետո հասկացանք, որ իրականում երկու տարբեր տղամարդկանց ենք հանդիպում էդտեղ այցելելիս: Դատելով արտաքին նմանությունից, որի պատճառով նրանց սկզբում նույն մարդու տեղն էինք դրել, ենթադրեցի, որ եղբայրներ կլինեն, համոզվելու համար նույնիսկ հարցրի էդ օրվա աշխատողին (որը, թարսի պես, սառնոտն էր)` արդյոք մյուս աշխատողն իր եղբայրն է, վերջինս էլ իրեն բնորոշ սառնությամբ ու անհաղորդությամբ պատասխանեց` այո, ասացի, որ նմանությունից ենթադրեցի: Էլ ոչինչ չասաց: ) Արտաքինով բավական նման, բայց խառնվածքներով ահագին տարբեր եղբայրներ են: Մյուս եղբայրը, թեև էլի հանգիստ, բայց բավական ասող-խոսող է. կատակներ էլ է անում, երբեմն իր կարծիքն ասում այս կամ այն ապրանքի վերաբերյալ, զուտ անհրաժեշտից մի փոքր ավելի ծավալվում, ինչն իրականում հաճելի է:

    Երեկ էլ Դավիթի հետ պիտի դուրս գայի զբոսանքի, հիշեցի, որ որոշ նկարչական պարագաներ ունեմ առնելու, մտածեցի` կարելի է էդ խանութը գնալ, համ էլ վաղուց չեմ եղել: Խանութում ապրանքների շարքերի դասավորությունն էնպիսին է, որ դրամարկղի մոտից, որտեղ սովորաբար նստած է լինում աշխատողը, մուտքի դուռը չի երևում, ու երևի հենց էդ պատճառով է, որ դռնից զանգակ է կախված, որն ամեն մտնող-դուրս եկողի մասին տեղեկացնի աշխատողին: Վերջին մոտ երկու տարում միշտ շփվող եղբորն էի հանդիպում խանութ այցելելիս: Երեկ սառնոտն էր աշխատում, բայց էս անգամ առաջվանից ավելի ջերմ էր, հարցրեց` ինչով կարող է օգնել, արդյոք հարցեր ունեմ, էդպես, ընթացքում առաջացած մի քանի հարց տվեցի, որոնց պատրաստակամորեն պատասխանում էր:

    Ինչպես միշտ երկար լռվեցի (երևի մի կես ժամ, որը, խանութի փոքրությունը հաշվի առնելով, քիչ ժամանակ չի, իրականում ավելի երկար կմնայի, եթե Դավիթը չնվնվար), լիքը բաներ նայեցի, ուսումնասիրեցի, բայց միայն մի երկու բան գնած` դուրս եկա: Ու էդ ժամանակ հասկացա, որ հենց միայն էդպիսի խանութում լինելուց հաճույք եմ ստանում արդեն` անկախ նրանից, թե ինչ եմ գնելու կամ արդյոք գնելու եմ, թե չէ: Նույնիսկ եթե ոչինչ էլ առնելու չլինեմ, էլի էդ բոլոր պարագաները տեսնելը, դրանց միջավայրում լինելը մի տեսակ դրական էներգիա է տալիս ինձ: Մյուս` խոշոր խանութում լինելիս ունեցածս զգացողությունը մի փոքր տարբեր է. էնտեղ պարզապես ինձ հետաքրքրող պարագաներն ու նյութներն էնքան շատ են ու էնքան բազմազան` ամենատարբեր ժանրերին ու ճյուղերին վերաբերող, որ բերանիս ջրերը գնում են, գլուխս պտտվում է էդ առատությունից: Բայց մթնոլորը մի տեսակ ավելի կոմերցիոն է, ավելի պաշտոնական, չկա էն հարմարավետ, մտերմիկ զգացողությունը, որ ունենում եմ մյուս խանութում: Երևի աշխատողների ընդհանուր մոտեցումն էլ է դեր խաղում: Ընդհանրապես միշտ էլ հաճելի է, երբ զգում ես, որ աշխատողը լավ տեղեկացված ու հետաքրքրված է տվյալ ոլորտով, ոչ թե պարզապես պարտականությունից ելնելով` վարժեցված է պատասխանելու տրվող հարցերին:

    Սա գրելիս մի բան հիշեցի: Տարիներ առաջ (ավելի քան տասնհինգ տարի (էսպես գրելիս ամեն անգամ նորովի եմ գիտակցում, թե ինչ մեծ եմ ես արդեն)), երբ ուսանող էի, երաժշտությունը դեռ ընդունված էր լսել կասետներով, ճիշտ է, արդեն դիսկեր էլ կային, բայց դրանք դեռևս լայն կիրառություն չունեին, ամեն մարդ չէր կարող իրեն թույլ տալ տանը երաժշտությունը դիսկով լսել, մենք էլ, դե, վատ ապրող էինք, դեռ շատ հեռու էինք նման ճոխությունից: Բայց էդ թվերին ես ձեռքս ընկած խղճուկ գումարից տնտեսածիս զգալի մասը ծախսում էի հենց կասետների վրա: Դա իմ` ռոք լսելու ամենաթունդ շրջանն էր, իսկ էն ժամանակ ռոք երաժշտություն գտնելը, բացառությամբ որոշ հանրահայտ կատարողների ու ալբոմների կամ առանձին երգերի, խիստ բարդ գործ էր, շատ դեպքերում` անհնար, իսկ կասետով` հատկապես, քանի որ կասետները ձայնագրում էին դիսկերից ու ձայնագրում էին, որպես կանոն, միայն որոշակի պահանջարկ ունեցող ալբոմները: Իսկ ռոքը, մյուս ոճերի համեմատ, շատ քիչ պահանջարկ ուներ: Անձամբ ես կոնկրետ երկու խանութ գիտեի քաղաքի կենտրոնում, ուր սովորաբար այցելում էի իմ ուզած երաժշտությունը գտնելու համար: Մնացած «կասետնոցներում», ինչպես ընդունված էր անվանել պոպուլյար երաժշտություն վաճառող կրպակներն ու խանութները, անիմաստ էր իմ ուզած բաները փնտրելը. լավագույն դեպքում հազիվ լսած կարող էին լինել ուզածս կատարողի անունը, ու եթե բախտս բերեր, կարող էին նրա լավագույն երգերի հավաքածուն ունենալ, բայց մեծ մասամբ իսկի անունը լսած չէին լինում, էլ ուր մնաց` ալբոմներ ունենային, ու հարցնելու դեպքում պատասխանը հաճախ լինում էր. «Չէ, քուրիկ ջան, տենց փախած բաներ չունենք»:

    Որոշ ժամանակ նման պատասխաններ ստանալուց հետո, իհարկե, հասկանում էիր, որ ուզածդ երաժշտությունը ամեն պատահած «կասետնոցում» փնտրելը ժամանակի վատնում է: Ու իմ սիրած «փախած» երաժշտությունը համատարած չճանաչող ու ճանաչել չցանկացող վաճառակետերի մեջ էս երկու խանութները` «Օրփեոսն» ու «Օսկարը», իսկական օազիսի դեր էին կատարում: «Օրփեոսն» ավելի հաճախ էի այցելում, որովհետև, բացի նրանից, որ հանգամանքների բերումով էդ շրջանում ավելի հարմար էր էնտեղ գնալը, նաև էնտեղ շատ ավելի էժան էին կասետները, հիմնականում գտնում էի ինձ հետաքրքրող ալբոմներն ու հավաքածուները, աշխատողներն իրենք էլ իրենց վաճառած երաժշտության երկրպագուներ էին ու համապատասխան գիտելիքներ ու տեղեկացվածություն ունեին: Երբեմն նաև խնդրում էի, ուզածս ալբոմը ձայնագրում էին դիսկից, եթե կասետը չէին ունենում էդ պահին: Հիշում եմ, որ էնտեղ էլ, ճիշտ էնպես, ինչպես հիմա արվեստի պարագաների խանութում, միշտ երկար լռվում էի, տարբեր կասետներ ուսումնասիրում, մեկ-մեկ նույնիսկ խնդրում էի, որ դնեն էս կամ էն կասետը, իմանամ` ուզում եմ գնել, թե չէ, երբեմն դիսկն էին միացնում, որ լսեմ, որոշեմ` ուզում եմ, որ ձայնագրեն ինձ համար տվյալ դիսկը, թե ոչ: Ու միշտ պատրաստակամությամբ անում էին: Մեկ-մեկ ինձ ոչ էնքան ծանոթ կատարողների կասետներ էլ էի առնում` զուտ մեկ-երկու երգ լսած ու հավանած լինելով, ու քանի որ ինտերնետի լայն հնարավորությունները դեռ չկային, երբեմն հենց էդպես` կուրորեն կասետ առնելով էի ծանոթանում որոշ կատարողների: Դա էլ իր հետաքրքրությունն ուներ. տուն բերել մեծ մասամբ անծանոթ կասետ և նոր սկսել ծանոթանալ, ուսումնասիրել` իմանալով, որ ամենայն հավանականությամբ դուրդ գալու է:

    Մյուսը` «Օսկար» խանութ-սրահը, իրականում ավելի հետաքրքիր վայր էր. էնտեղ ոչ միայն կասետներ ու դիսկեր էին վաճառում, այլև երաժշտական աշխարհին վերաբերող զանազան այլ առարկաներ` հայտնի ռոք աստղերի մասին գրքեր, պլակատներ, գուցե էլի շատ բաներ, լավ չեմ հիշում արդեն: Ամենալավը տպավորվել է երկու բան: Մեկը Ֆրեդի Մերկուրիի մասին անգլերենով մի հաստափոր գիրք էր, գինն էլ` ոչ ավել, ոչ պակաս` 20 դոլար` էդ թվերի ու հատկապես իմ գրպանի համար մի իսկական աստղաբաշխական թիվ, որի մասին երազելն անգամ անիմաստ էր: Ես էլ էդ ժամանակ Ֆրեդի Մերկուրիի թունդ ֆանատ էի, էն աստիճանի, որ Ֆրեդիին վերաբերող ինչ ձեռքս ընկներ, սուրբ մասունքի պես պահում էի, ամեն հնարավոր ձևով փորձում ձեռք բերել նրա հետ առնչվող ցանկացած ինֆորմացիա, ցանկացած իր, ինչը նույնպես շատ դժվար էր, քանի որ պահանջարկը շատ փոքր էր, ու գտնելը` համարյա անհնար: Մի տիպի (sticker) եղածն ի՞նչ է, դա էլ չկար. էդ թվերին խիստ պոպուլյար ու ամեն քայլափոխի աչքերդ մազոլ անող «Տիտանիկի», Նատալիա Օրեյրոյի, Անդրեյ Գուբինի, Ռուկի Վվերխի, Ռիկի Մարտինի ու էլի մի շարք մեծ պահանջարկ ունեցող հայտնիների միլիոնավոր տիպերի կողքին երբեք չէիր գտնի Ֆրեդի Մերկուրիի գոնե մեկ տիպ: Չնայած, հանուն արդարության ասեմ, որ մի անգամ քույրս, չգիտես ոնց, ինչ-որ տեղ գտել ու ինձ համար գնել էր: Էդ ի՜նչ երջանկություն էր. աչքերիս չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Բայց շեղվեցի: Մի խոսքով` մեկ-մեկ այցելում էի «Օսկար», Ֆրեդի Մերկուրիի գիրքը վերցնում ու էջերը թերթելով` էստեղից-էնտեղից ագահորեն կարդում` փորձելով հնարավորինս շատ ինֆորմացիա կորզել էդ կարճ ժամանակում: Մյուս մասունքը Փինք Ֆլոյդի “The Wall” ալբոմի օրիգինալ դիսկն էր` Ռոջեր Ուոթերսի ստորագրությամբ, գինը` կարծեմ 10 դոլար (կամ` էլի 20, լավ չեմ հիշում), ամեն դեպքում` էլի էնպիսի թիվ էր, որ այն ձեռք բերելուս մասին խոսք լինել չէր կարող: Փինք Ֆլոյդն էլ էր էդ շրջանում իմ մի քանի «ամենա»-ների շարքում ու իրականում միշտ էլ կմնա էդպիսին` անկախ նրանից, թե հիմա ինչքան հաճախ եմ լսում: Հիշում եմ` դիսկն էսպես հանդիսավոր դրված էր` մյուս դիսկերից լրիվ առանձին, կարծես պատվանդանի վրա, կողքին էլ կարծեմ Փինք Ֆլոյդի հետ կապված այլ բաներ կային, որոնց մասին հիշողությունս, սակայն, խամրել է այդ անհասանելի փառավոր դիսկի շուքի տակ: Էստեղ էլ աշխատողների` տվյալ ոլորտի մեջ ներգրավվածությունն ու սերը իրենց վաճառածի նկատմամբ, որն ակնհայտ զգացվում էր ամեն մանրուքում, ու սրահում դրա շնորհիվ տիրող ընդհանուր շունչն էնքան գրավիչ էր, որ ակամա ուզում էիր ավելի երկար մնալ, մի քիչ էլ ներծծվել սիրածդ երաժշտության ու երաժիշտների մթնոլորտով:

    Որտեղից որտեղ հասա…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.03.2018, 09:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.03.2018), Mr. Annoying (12.03.2018), Գաղթական (01.03.2018), Նիկեա (02.03.2018)

  9. #275
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցի բարձր դասարաններից սկսած մինչև հիմա ժամանակ առ ժամանակ տվյալ օրվա անելիքների ցուցակ եմ կազմել` օրվա վերջում ջնջելով արածս գործերը, ու ամեն օր ինքս ինձ գնահատելով` ըստ կատարածս գործերի թվի: Ես միշտ գրում եմ ամենացանկալին, որը հիմնականում անիրագործելի է, այսինքն` բոլոր էն գործերը, որ իդեալական դեպքում պիտի արվեն, բայց գործնականում անհնար է էդ բոլորը մի օրում անելը: Պարզապես էդպես աչքի առաջ ունենում ես ընդհանուր անելիքներդ ու անում ես նրանք, որոնք էդ պահին ավելի հրատապ են, կամ` որոնք հաջողացնում ես` ըստ կարևորության, երբեմն էլ ըստ հավեսի: Համենայնդեպս, ավելի հստակ ես պատկերացնում անելիքներդ, ու ավելի հստակ են երևում չարածներդ, ինչի շնորհիվ էլ ավելի խիստ ես դառնում ինքդ քո նկատմամբ ու ձգտում հաջորդ անգամ ավելի շատ գործեր հասցնել: Ի դեպ, ցուցակում ներառածս գործերից որոշները, բարդությամբ ու տևողությամբ պայմանավորված` կարող են մեկից ավել կամ մեկից պակաս միավոր «արժենալ»: Հիշում եմ` ուսանող ժամանակ նույնիսկ ամիսն էի ամփոփում` ըստ էդ միավորների, հետո էլ` տարին: Ցավոք, էդպես էլ երբեք չհաջողվեց էդ ցուցակներ գրելս մշտական դարձնել: Միշտ ինչ-որ շրջան ոգևորվել եմ ու որոշ ժամանակ պարտաճանաչ կերպով գրել, հետո ինքս էլ չեմ նկատել, թե ոնց` դադարեցրել: Կարծում եմ` դադարեցումը սովորաբար եղել է էն ժամանակ, երբ տվյալ շրջանում ինձ լավ չեմ դրսևորել, այսինքն` ցուցակում ներառված կետերից քչերն եմ հաջողացրել իրագործել, ու ինքս ինձնից հիասթափվելով` շարունակելու ցանկությունս կորցրել եմ (երևի ենթագիտակցությունս դիմադրել է էդպես ակնառու կերպով սեփական անհաջողությունս ֆիքսելու այդ արարողությանը):

    Վաղուց կանոնավոր կերպով ցուցակներ չէի գրել (հատուկ առիթների դեպքերը չհաշված), բայց վերջերս վերսկսել եմ: Մի տետր ունեմ, որում 2011 թ-ից սկսած` գրում եմ, բայց, ինչպես ասացի, երկարատև դադարներով: Ինչ սկսել եմ գրել, ժամանակիս կազմակերպումը կտրուկ բարելավվել է: Նույնիսկ կասեի`աննախադեպ կերպով: Չեմ հիշում, որ նախկինում երբևէ օրվա համար նախատեսածս անելիքների էսքան մեծ տոկոսն իրագործած լինեմ: Էս անգամ շատ ավելի լուրջ եմ տրամադրված (գուցե որովհետև ուրիշ ճար չունեմ): Ընդ որում` բացի օրվա անելիքների ցուցակից, նաև ամեն շաբաթվա սկզբին գրում եմ շաբաթվա անելիքներն ընդհանուր, որպեսզի ընթացքում փորձեմ հնարավորինս իրագործած լինել շաբաթվա վերջում: Գրում եմ նաև ամսվա անելիքներ` ավելի լայն ու ավելի ընդհանրական ցուցակ: Ճիշտ է, ցուցակի բոլոր կետերն անխտիր իրագործել էլի երբեք չի հաջողվում, բայց դե, հաշվի առնելով դրա անիրագործելիությունը, ի սկզբանե չի էլ ակնկալվում: Կարևորը` վերջերս ինքս ինձնից բավական գոհ եմ, մի բան, որ խիստ հազվադեպ է ինձ հետ պատահում:

    Բայց վերջին օրերին ժամանակի առումով մի նոր մարտահրավեր ստացա. փոքր տղաս` Դավիթը, արդեն քանի օր է` իր երկու ժամանոց ցերեկային քունը դարձրել է կես ժամանոց` ի չիք անելով իմ բոլոր գունավոր պլանները, որ հնարավորինս խտացված ձևով խցկում եմ էդ երկու ժամերի մեջ: Ու եթե էս կես ժամանոց քունը հիմնական ռեժիմ դարձնի, ես կորած եմ, քանի որ էդ երկու ժամերն օրվա մեջ իմ միակ ժամերն են, երբ համ լիարժեք ազատ եմ լինում, համ էլ դեռ էներգիայով լի, ու կարող եմ անել ինչ ուզում եմ և/կամ ինչ պետք է: Ճիշտ է, ևս երկու ժամ ունենում եմ երեկոյան` երեխաներին քնեցնելուց հետո, բայց էդ ժամանակ սովորաբար էնքան սպառված եմ լինում (երջանիկ բացառություններ էլ են լինում, իհարկե), որ բացի կոմպի դիմաց վեր ընկնելուց կամ կինո/սերիալ նայելուց, ուրիշ ոչ մի բանի պիտանի չեմ լինում: Չգիտեմ` ոնց եմ էս նոր ռեժիմի տակից դուրս գալու, եթե շարունակական լինի, բայց փորձում եմ ինձ տրամադրել, որ դա էլ կկարողանամ: Տեսնենք:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.03.2018), Smokie (05.04.2018), Գաղթական (21.03.2018)

  11. #276
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստան այցելությանս մասին

    Մի՞թե վերջին անգամ հինգ ամիս առաջ եմ օրագրումս գրառում արել, հավատս չի գալիս...
    Լավ, հիշեցի. հեղափոխությունը մեջ ընկավ ու ամեն ինչ խառնեց իրար :


    Էս անգամվա հայաստանյան այցելությանս «ամփոփ» հաշվետվությունը


    Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ էս անգամվա հայաստանյան այցելությունս մինչև հիմա եղածներից լավագույնն էր ինձ համար: Դրա համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կային, գուցե սուբյեկտիվներ էլ, համոզված չեմ: Նախ հանդիպեցի մի քանի հարազատ հին ու բարի ընկերների, որոնց տարիներով չէի տեսել, մեկին` 4.5, մեկ ուրիշին` 6, մյուսին` 7 տարի և այլն: Հավես էր տարիներ անց հանդիպելն ու նույն ջերմությունն ու հարազատությունն զգալը, կարծես ոչինչ չի փոխվել տարիների ընթացքում: Ընդհանուր լիքը հավես, ջերմ հանդիպումներ ունեցա, լիքը դրական լիցքեր ստացա ու տվեցի, նաև մի քանի նոր ծանոթություն ունեցա, որոշ վիրտուալ ծանոթություններ վերածեցի ռեալի: Ոչ մի պարտադրված հանդիպում չեմ ունեցել էս անգամ, թեև դրանք տարիների հետ էսպես թե էնպես գնալով պակասում էին, բայց էս տարի առաջին անգամն էր, որ բացարձակապես ոչ մի էդպիսի հանդիպում չեղավ:

    Էս անգամվա այցելությունս առանձնանում էր նաև նրանով, որ ի տարբերություն նախորդ այցելություններիս, որոնք սահմանափակվում էին հիմնականում զուտ ընկերների ու հարազատների հետ հանդիպելով, մեկումեջ էլ նոր ծանոթություններով, էս անգամ իրադարձությունները շատ ավելի բազմազան էին: Ընդհանրապես էս անգամվա այցելությունս զգալի չափով արվեստամշակութային ուղղվածությամբ ստացվեց: Կարելի է ասել` հայաստանյան այցս սկսվեց իմ աշխատանքներին նվիրված հեռուստահաղորդման նկարահանմամբ ու դրան նախորդող պատրաստություններով, որի մասին հետո առանձին կպատմեմ: Ընթացքում տղայիս` Արեգի, քրոջս ու նրա աղջկա հետ հաճախեցինք խեցեգործության մի երկու դասի (ճիշտ է, ես դեռևս մինչև Հայաստան գալն արդեն հետաքրքրվել ու գտել էի տվյալ արվեստանոցը և նախատեսում էի ամսական խմբակային դասերի բերել Արեգին, բայց պարզվեց` օգոստոսից խմբակայինները չեն գործում, ցավոք, փոխարենը գործում էին միայն մեկանգամյա առանձին դասեր, որոնց և հաճախեցինք ու մի քանի հավես բաներ սարքեցինք (սրա մասին էլ գուցե ավելի ուշ առանձին պատմեմ)): Նաև առաջին անգամ այցելեցինք Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որի գոյության մասին, ի դեպ, բոլորովին վերջերս էի իմացել: Հետո Ակումբի գրական մրցույթի մրցանակաբաշխությանն ու ստեղծագործությունների հիման վրա տպագրված գրքի շնորհանդեսին ներկա եղա, էլի շատ հաճելի, ջերմ մթնոլորտում:

    Ցավոք, որոշ հանդիպումներ էդպես էլ չկայացան, թեև վերջիններս շատ չէին, մի քանի հանդիպումներ էլ հանգամանքների բերումով սպասվածից ավելի կարճ ստացվեցին, բայց դրանք հիմնականում էնքան ջերմ ու հագեցած էին, որ, կարելի է ասել, էականորեն կոմպենսացվեց դրանց կարճատևությունը:

    Մեկ այլ կարևոր ու հաճելի իրադարձություն էր հանրահավաքին ներկա լինելը, որը բարեբախտաբար համընկավ մեր էնտեղ եղած ժամանակաշրջանի հետ, ու վերջապես մեզ էլ բախտ վիճակվեց մասնակցելու ու զգալու էդ շունչը: Ճիշտ է, պայքարի հանրահավաքները, բնականաբար, այլ ոգի ու տրամադրություն են ունեցել, ու, ցավոք, դրանցից ոչ մեկին մասնակից լինելու հնարավորություն չենք ունեցել, բայց էս անգամվա հանրահավաքն էլ իր տեղն ուներ. վերջիվերջո, գործող իշխանության կազմակերպած հանրահավաքն իր նախադեպը չունեցող իրադարձություն էր մեր երկրում, այն էլ էդ քանակի ժողովրդով: Հաստատ արժեր ապրել էն հոգեվիճակը, տրամադրությունը, որ տիրում էր հանրահավաքի ժամանակ ու նաև դրանից հետո. համատարած ի՜նչ հաղթականության ոգի ու հուսավառություն էր: Բայց ավելի տպավորիչն անձամբ ինձ համար հանրահավաքից հետոն էր, երբ Նիկոլի ելույթն ավարտվեց, և սկսվեց «տաշի-տուշին»: Չէ, տպավորիչը տաշի-տուշին չէր, իհարկե: Նիկոլի ելույթից հետո կարծես մարդիկ հիմնականում սկսեցին ցրվել, ի զարմանս ինձ, քանի որ ինձ թվում էր` տաշի-տուշի լսել ու դրա տակ տժժալ ցանկացողները պիտի որ շատ լինեին, բայց, փաստորեն, չէ, էդ պահին դա քչերին էր հետաքրքրում: Տպավորիչը հրապարակից հեռանալու ընթացքն էր: Երբեք չեմ մոռանա էն զգացողությունը, երբ քայլում էինք` ինքներս էլ ոգևորված, պայծառ տրամադրությամբ, նայում էինք շուրջներս` relaxed, անշտապ ցրվող մարդկանց ահռելի հոսքին. մի տեսակ արտասովոր վիճակ էր. բոլորը երջանիկ, հույսով լի ու միաժամանակ կարծես հանգիստ ապահովության մեջ քայլելիս լինեին, էն որ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, մի տեսակ ապահով հենարանի զգացողությամբ, որ կարելի է համեմատել փոքր երեխաների` իրենց ծնողների գրկում կամ կողքին անհոգ խաղալու վիճակի հետ: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանում էդպիսի համատարած տրամադրության ականատեսը եղած լինեմ մինչև հիմա: Դա պարզապես պահի ոգևորություն չէր, այլ ավելի խորը նստած գիտակցում, գուցե համոզմունք, չգիտեմ: Ամեն դեպքում մի տեսակ իդեալական վիճակ էր, որ ուզում էիր հնարավորինս լիարժեք վայելել ու հավերժ մեջդ պահել:

    Հանրահավաքը հետաքրքիր էր նաև նրանով, որ բացի մի քանի ծանոթ-ընկերների պատահաբար հանդիպելուց ու հետները խոսելուց, նաև մի քանի հին ու հազար տարի չտեսած ծանոթների տեսա հեռվից, մարդիկ, որոնց մի 15-20 տարի չէի տեսել: Ընդհանրապես Երևանում քայլելն էդ առումով շատ հետաքրքիր է. միշտ ինչ-որ ծանոթների եմ հանդիպում, ինչպես նաև բազմաթիվ ծանոթ անծանոթների, այսինքն` հայտնի մարդկանց կամ ֆեյսբուքյան հանրահայտ կերպարների, որոնց հենց միայն ֆեյսբուքից գիտեի: Նյու Յորքում ապրելուց հետո մի տեսակ արտասովոր է ամեն քայլափոխի էդպիսի մարդկանց տեսնելը: Երևան եմ ասում, բայց էս անգամ նույնիսկ քաղաքից դուրս եղած ժամանակ երկու տարբեր տեղերում հանդիպեցի հին ծանոթների, որոնցից մեկին էնպիսի տեղում, որտեղ, ըստ իս, ծանոթ մարդ հանդիպելու հավանականությունը ձգտում էր զրոյի:

    Երևանում քայլելն էլ էս անգամ մի տեսակ վերագնահատեցի ինձ համար: Հայտնաբերեցի, որ ահավոր շատ եմ սիրում Երևանով մարդկանց մեջ ուղղակի քայլելը: Երևանի ակտիվությունն էնքան կենդանի է: Նյու Յորքը, որտեղ ես հիմա ապրում եմ, երևի աշխարհի ամենաակտիվ քաղաքներից է, հատկապես Մանհեթընը (որտեղ ես բարեբախտաբար չեմ ապրում ))), բայց էնտեղի ակտիվությունը լրիվ ուրիշ տեսակի է. ավելի ձգված, ինչ-որ առումով ռոբոտային, թեև շատ առումներով հետաքրքիր ու անվերջ բազմազան: Բայց Երևանի կենդանությունը չեմ զգում Նյու Յորքում: Չգիտեմ` էս զգացողությունս որքանով է սուբյեկտիվ, բայց շատ որոշակի է ինձ համար: Պարզապես քայլում եմ Երևանով, և զգում, որ կյանքը հրաշալի է, կյանքը շարունակվում է:

    Ընտանիքիս բոլոր անդամներին միասին տեսնելն էլ Հայաստան այցելությանս մեկ այլ դրական բաներից էր, որ լավագույն դեպքում տարին մեկ է պատահում մեր դեպքում: Ցավոք, հարազատներիցս ոչ բոլորի հետ լիարժեք շփում ստացվեց, ինչպես որ կուզենայինք, բայց եղածից էլ եմ գոհ:

    Շատ կարևոր էր նաև, որ երեխաներս, հատկապես Արեգը, համարյա բոլոր առումներով ընտիր ժամանակ անցկացրին Հայաստանում: Ընդհանրապես Արեգի համար Հայաստանը մի տեսակ դրախտավայրի հետ է արդեն ասոցիացվում. լիքը կարուսելներ, խաղեր, տարբեր երեխաների հետ շփումներ, համով ուտելիքներ, էդ թվում` ամեն օր պաղպաղակ: Կարուսելները, պաղպաղակն ու շփումն էն բաներից են, որոնք տարվա ընթացքում ինքը շատ քիչ է ստանում, էնպես որ դրախտը հաստատ չափազանցություն չի: Հրաշալի ժամանցի մեջ զգալի տեղ ուներ նաև Աղվերանի հնգօրյա հանգիստը, որտեղ ամեն օր օրվա մեծ մասը դրսում խաղում էր իր տարիքի երեխաների հետ: Աղվերանի մասին էլ գուցե հետո առանձին գրառմամբ պատմեմ:

    Էս անգամ քաղաքից դուրսն էլ էր նախորդ տարիներից ավելի շատ ու ավելի հավես: Մենք Հայաստան այցելելիս հիմնականում Երևանում ենք անցկացնում ժամանակը, քանի որ հիմնական անելիքը մարդկանց հանդիպելն է լինում, իսկ նրանցից համարյա բոլորը Երևանում են ապրում, արտերկրում ապրողներն էլ, դե, հիմնականում Երևան են գալիս էդ շրջանում: Բայց ընդհանրապես արդեն փորձում ենք ամեն անգամ հնարավորինս ավելի շատ ժամանակ անցկացնել Երևանից դուրս: Հուսով եմ` հաջորդ անգամ կկարողանանք նաև մի քիչ ճամփորդել Հայաստանով: Էս անգամվա քաղաքից դուրսն ընտանիքով Աղվերանում անցկացրած հինգ օրերն էին, մեկ էլ քրոջս, եղբորս ու մի քանի հին ակումբցի ընկերների հետ մեկօրյա հանգիստը Եղեգիսում: Երկու ուղևորություններն էլ շատ լավ անցան ու ահագին դրական լիցքեր տվեցին բոլորիս:

    Հայաստանում եղած ժամանակ միակ բացասական կողմը կենցաղային որոշ խնդիրներն ու անհարմարություններն էին, բայց եթե նախկինում դրանք կարող էին նկատելի բացասական ազդեցություն ունենալ ընդհանուր հոգեվիճակիս վրա, ապա էս անգամ, չնայած նրան, որ անհարմարությունները նախորդ անգամներից ավելի շատ էին, այնուամենայնիվ, ստվերում էին մնում մնացած դրականի կողքին:

    Հիշում եմ, երբ դեռ մի շաբաթից էլ ավել ժամանակ կար Հայաստանում մնալու, ու, բնականաբար, դեռ մի շարք հանդիպումներ, պլաններ, բայց արդեն մտածում էի` նույնիսկ եթե մինչև ԱՄՆ վերադառնալս էլ ոչ մի հետաքրքիր ու հաճելի բան չլինի, եղածն էլ հերիք է, որ էս այցելությունը համարեմ ամենահաջողը: Բայց դրանից հետո էլ, իհարկե ահագին հաճելի հանդիպումներ եղան: Ընդհանրապես ամեն ինչ էնքան լավ էր, որ նույնիսկ մտածում էի` հանկարծ վերջը մի անհաջող բան չլինի, փչացնի ամեն ինչ, բայց լավ էր` ոչ մի անհաջող բան չեղավ: Այցելությանս ողջ ընթացքում ու վերջում մի տեսակ գոհունակության ու երախտագիտության զգացումով եմ լցված եղել ու ջերմ ու սիրուն հուշերով լցված վերադարձել տուն: Միևնույն ժամանակ ԱՄՆ վերադառնալու հետ կապված էլ բոլորովին ափսոսանք չէի զգում, արդեն ուզում էի վերադառնալ մեր հարաբերականորեն խաղաղ ու միօրինակ առօրյային: Մի ամսից ավել ակտիվ ու հագեցած դրսային կյանքն ինձ` ինտրովերտիս համար միանգամայն բավարար է, դրանից ավելը չգիտեմ` ոնց կտանեի, որովհետև հիմնականում մոտավորապես էդքան է լինում ): Ու վերջերում, չնայած հավես ժամանակին, արդեն սկսում եմ կարոտել իմ սովորական հանգիստ ու պասիվ առօրյան: Կարոտում եմ նաև տանը լինելու զգացողությունը (տունը` տվյալ դեպքում մաքուր կենցաղային իմաստով, որպես բնակավայր)` անկախ նրանից, թե այն որտեղ է: Էդ առումով հիմա երկփեղկված վիճակում եմ. երկրի առումով տունս որոշակիորեն Հայաստանն է ու հատկապես Երևանը, իսկ հենց բնակարանի առումով` Նյու Յորքի էն տունը, որտեղ ապրում ենք արդեն քանի տարի, թեև այն իրականում մեր տունն էլ չէ, վարձով ենք ապրում, բայց էնտեղ ես տանտիրուհի եմ, ու դրանով շատ բան ասված է: Հայաստանում ներկա պահին, ցավոք, չկա էնպիսի տուն, որտեղ ինձ լիարժեք տանն զգամ: Բայց հավատում եմ, որ մի օր կլինի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.09.2018, 06:32: Պատճառ: վրիպակների ուղղում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.08.2018), ivy (22.09.2018), Srtik (31.08.2018), Աթեիստ (30.08.2018), Բարեկամ (30.08.2018), Գաղթական (01.09.2018), Նիկեա (01.09.2018)

  13. #277
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես «Ար» հեռուստաընկերության «Վարպետների քաղաքը» հաղորդման եթերում

    Մոտ երկու ամիս առաջ, երբ Հայաստան մեկնելուս արդեն մի քանի օր էր մնացել, մեկ էլ Ֆեյսբուքում ինչ-որ անծանոթ աղջկանից նամակ ստացա, որում գրել էր, որ ինքն իմ կոլաժների նկարներն է տեսել և հետաքրքրված է աշխատանքներիս նկարահանմամբ: Պարզվեց` աղջիկը «Ար» հեռուստաընկերությունից էր և առաջարկում էր իրենց «Վարպետների քաղաքը» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանել իմ աշխատանքների հիման վրա: Առաջարկն, իհարկե, հետաքրքիր էր, ժամանակ առ ժամանակ ինձ երբեմն նույնիսկ պատկերացրել եմ նման հաղորդման հյուրի դերում, որտեղ ինձ հետ հարցազրույց կլիներ իմ աշխատանքների ու ընդհանրապես ստեղծագործական գործունեության թեմայով, բայց մյուս կողմից էլ պատկերացրի, որ ուրեմն երևի պիտի գան մեր տուն, բոլոր աշխատանքներս տեսնեն, նկարեն և այլն, իսկ ես Հայաստանում չեմ ապրում ու հաստատ չեմ կարող բոլոր աշխատանքներս հետս տանել, հատկապես որ որոշ աշխատանքների ծավալը թույլ էլ չի տա ճամպրուկի մեջ տեղավորել: Էդպես ինձ ու ինձ մտածեցի, պատկերացրի ու որոշեցի, որ չէ, չի ստացվի: Աղջկան պարզապես ասացի, որ կհամաձայնեի, բայց ես Հայաստանում չեմ ապրում, համենայնդեպս, շնորհակալություն հայտնեցի առաջարկի համար: Ինքն էլ ափսոսանք հայտնեց, ներողություն խնդրեց, էդպես խոսակցությունն ավարտվեց: Մի կողմից, իհարկե, ափսոսանքի զգացողություն մնաց, որ բաց թողեցի նման հնարավորությունը, մյուս կողմից` ինքս ինձ համոզեցի, որ Հայաստանում չապրելս արդեն որոշում էր ամեն ինչ, էնպես որ ինձնից կախված չէր, համ էլ ես ահավոր ամաչկոտ եմ, ու զուտ էն գիտակցումից, որ ինձ կարող են բազմաթիվ մարդիկ եթերում տեսնել, էն էլ ոչ թե թռուցիկ, այլ տևական ժամանակով, արդեն մեջս լարվածություն էր առաջացնում, ու դրանից հրաժարվելը` համապատասխան թեթևացման զգացողություն:

    Խոսակցությունից հետո, համենանդեպս, հետաքրքրությունից դրդված` որոշեցի որոնել էդ հաղորդման տեսագրությունները յութուբում: Մի քանիսը նայեցի, ֆորմատը տեսնելուց հետո խիղճս մի տեսակ ավելի հանգստացավ. բոլոր հաղորդումներում հերոսը նկարահանման ողջ ընթացքում աշխատելու պրոցեսի մեջ էր: Հաղորդման ֆորմատը ենթադրում էր, որ ստեղծագործողն իր արհեստանոցում կամ տան իր աշխատանքային անկյունում ինչ-որ բան պատրաստի, որը հաղորդման վերջում պետք է ավարտված լինի: Իսկ սրանք, մտածեցի, իմ դեպքում իրագործելի չեն մի քանի պատճառներով. նախ եթե ես իմ տանը չեմ, իմ աշխատանքային տարածքում չեմ` շրջապատված իմ նյութերով, գործիքներով ու պարագաներով, էլ ինչպե՞ս պիտի աշխատեմ, իսկ էդքանը հետս ԱՄՆ-ից Հայաստան քարշ տալն իրատեսական չէր թվում: Բացի դրանից, ես շատ դանդաղ եմ աշխատում. ամեն աշխատանքս սովորաբար 2-3 շաբաթ տևում է, դեռ դրանից առաջ էլ անորոշ ժամանակ է ծախսվում գաղափարը մշակելու, էսքիզներ անելու վրա: Ես էլ մի քանի օրից մեկնում եմ: Մի խոսքով` էս ամենը գիտակցելուց հետո լրիվ անհնար ու անիրական թվաց էդ առաջարկին համաձայնելը:

    Դրանից կարծեմ երկու օր հետո Ակումբի Բարեկամի հետ խոսելիս պատմեցի ստացածս առաջարկի մասին, որից ստիպված եմ եղել հրաժարվել: Ինքն էլ, թե` շատ իզուր էլ հրաժարվել ես, գուցե հեչ էլ պետք չի, որ բոլոր աշխատանքներդ հետդ տանես, հնարավոր ա, որ ասեն` մի քանի աշխատանք տանես, մնացածի լուսանկարներն օգտագործեն: Մի խոսքով` ինձ համոզեց, որ էդպիսի առաջարկից չարժե հրաժարվել, հատկապես որ լրիվ ինքնիրեն է եղել ու համընկել իմ` Հայաստան գնալու հետ: Ես էլ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի տեսակ ուզում էի, որ ինչ-որ մեկն ինձ համոզեր չհրաժարվել ու հիմնավորեր, թե ինչու: Պիտի խոստովանեմ, որ Բարեկամն էդ գործը շատ լավ կատարեց, ու ես հենց տեղում նամակ գրեցի Ար-ի աղջկան` ասելով, որ եթե առաջարկը դեռ ուժի մեջ է, կուզենայի քննարկել պայմանները: Էդպես, մանրամասն հարցուփորձ արեցի, թե ինձնից կոնկրետ ինչ է պահանջվում, ու հաշվի առնելով, որ ես Հայաստանում չեմ ապրում, բայց երկու օրից գալու եմ, ինչպես պետք է կազմակերպվի էդ ամեն ինչը: Ասեց, որ իսկապես բոլոր գործերի առկայության կարիքը չկա, մի քանի լավագույններն` իմ ընտրությամբ, հետս բերեմ, մնացածի դեպքում կօգտագործեն լուսանկարները: Նաև ասեց, որ պարտադիր չէ աշխատանքս սկսեմ հենց նկարահանման ժամանակ. կարող եմ որոշ նախապատրաստական աշխատանք անել, էնտեղ էլ ինչ-որ գործ անել, կարևորը` հաղորդման ավարտին աշխատանքս արդեն պատրաստ լինի: Ես էլ մտածեցի, որ եթե նախօրոք որոշած լինեմ, թե ինչ եմ պատրաստելու, նաև ավելի կոնկրետ կիմանամ, թե ինչ նյութեր ու գործիքներ վերցնեմ հետս, էդպես պիտի որ շատ բեռ չլինի:

    Բայց խնդիր, այնուամենայնիվ, կար. հենց էդ որոշելը խնդիր էր ինձ համար, որովհետև ընդամենը երկու օր ժամանակ ունեի, որի ընթացքում պիտի հասցնեի և՛ ճամպրուկ-մամպրուկ դասավորել, և՛ կոլաժի համար դիզայն մտածել: Էդ ժամանակի սղության լարվածությունից էլ ուղեղս (կամ` տվյալ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել` երևակայությունս) լրիվ արգելակվել էր. բացարձակապես ոչ մի գաղափար մտքիս չէր գալիս: Իրականում ես լիքը գաղափարներ միշտ էլ ունենում եմ, գաղափարներիցս շատերի էսքիզները նույնիսկ ունեմ ալբոմներում ֆիքսած, բայց տվյալ դեպքում ինձ մի քիչ սահմանափակել էին` ասելով, որ խիստ ցանկալի է, որ պատրաստածս թափոններից լինի: Դե, տեսել էին, որ աշխատանքներիցս շատերում թափոններ եմ օգտագործել, իրենք էլ հատկապես թափոններից պատրաստված արվեստի գործերով են հետաքրքրված: Իսկ հիմա ես պիտի պատրաստեի էնպիսի բան, որը համ թափոններից լիներ, համ էլ կարճ ժամանակում հնարավոր լիներ պատրաստել: Ախր նույնիսկ մինչև նկարահանումն ընկած ժամանակը երկար չէր. Հայաստան հասնելուցս հինգ օր հետո էր նշանակված նկարահանումը: Մի խոսքով` ես էդպես էլ ոչինչ չկարողացա մտածել մինչև մեկնումը, ստիպված հետս վերցրի մի շարք նյութեր ու պարագաներ, որոնք, իմ կարծիքով, կարող էին պետք գալ, և հույսս դրեցի Հայաստանում ունեցածս էդ հինգ օրերի վրա, որոնց ընթացքում պիտի համ ստեղծագործական գաղափարը մտածեի, համ էլ հասցնեի դրա իրագործումը զգալի չափով գլուխ բերել մինչև նկարահանումը:

    Էնպես ստացվեց, որ Հայաստան հասնելուց հետո առաջին երկու օրը, ինչպես և կարելի էր ենթադրել, բացարձակապես ոչինչ չկարողացա անել էդ ուղղությամբ: Իսկ դրանից հետո շատ արագ մտածեցի դիզայնը, հետո էլ մի երկու օր ժամերով աշխատելով` հասցրի իրագործել էն ամենը, ինչ անհրաժեշտ էր ունենալ նկարահանումից առաջ: Էդ օրերն ինձ համար օգտակար եղան նաև նրանով, որ վերջապես ես իրական պատկերացում կազմեցի էն մասին, թե գոնե մոտավոր ինչքան ժամանակ է ինձ պետք էս կարգի կոլաժ պատրաստելու համար: Փաստորեն, մի քանի օր օրական մի քանի ժամ ինտենսիվ աշխատելը կարող է բավարար լինել, մինչդեռ սովորական ժամանակ ես հիմնականում հնարավորություն չեմ ունենում էդպես շարունակական աշխատանք անելու, ու դրա պատճառով հնարավորություն չեմ ունեցել նաև օբյեկտիվորեն գնահատելու դրա վրա ծախսածս ընդհանուր ժամանակը: Իրականում դժվար է կցկտուր, էստեղից-էնտեղից մի կերպ պոկած ժամանակի պատառիկները մտովի իրար կցելն ու ամբողջական ժամանակահատված ստանալը: Իսկ իմ գրեթե բոլոր աշխատանքները հանգամանքների բերումով հենց էդ ձևով են արվել մինչև հիմա: Էս հաճելի բացահայտումն ինձ ահագին հույս տվեց հետագայի համար: Համ էլ սրանից հետո, երբ ինձ հարցնեն, թե ինչքան ժամանակում եմ պատրաստում մի կոլաժը, այլևս ստիպված չեմ լինի կրիայությունիցս ամաչելով` ասել` 2-3 շաբաթ: Հիմա արդեն գիտեմ, որ մաքսիմումը մի շաբաթը կարելի է համարել:

    Ճիշտն ասած` ես կգերադասեի եթերում ընդհանրապես չերևալ, կուզենայի միայն ձայնս լսվեր, ու աշխատանքներս ցույց տային, բայց դե էս հաղորդման ֆորմատը, ինչպես և հաղորդումների մեծ մասինը, ենթադրում են ստեղծագործողի ներկայություն, եթե վերջինս կենդանի է: ) Նաև դժվար էր, առնվազն ինձ համար, միաժամանակ աշխատելն ու խոսելը: Իհարկե, խնդիր չէր լինի, եթե խոսելը սովորական առօրեական խոսակցություն լիներ, բայց երբ գիտես, որ քեզ նկարահանում են հեռուստատեսությամբ ցույց տալու համար, գործը բարդանում է:

    Մի երկու տեղ տվածս ինֆորմացիայի թեթևակի աղավաղում է տեղի ունեցել` մի դեպքում սխալ մեկնաբանության, մյուս դեպքում` անհաջող մոնտաժի հետևանքով: Մնացած առումներով նախընտրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից:

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2018), Jarre (30.05.2020), Peace (23.09.2018), Smokie (02.06.2019), Tiger29 (22.09.2018), Աթեիստ (22.09.2018), Գաղթական (22.09.2018), Նաիրուհի (25.09.2018), Շինարար (22.09.2018)

  15. #278
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տպավորություններ «Բոհեմական ռապսոդիա» (Bohemian Rhapsody) ֆիլմից

    Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:

    «Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:

    Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:

    Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:

    Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:

    Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:

    Էս էլ թրեյլերը.
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.11.2018), ivy (05.11.2018), Jarre (22.11.2018), Աթեիստ (05.11.2018), Արշակ (05.11.2018), Շինարար (05.11.2018), Տրիբուն (05.11.2018)

  17. #279
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկություն... Տխուր արձագանքող դատարկություն ու մինուս անվերջության ձգտող ինքնագնահատական: Իմ ինքնագնահատականն, իհարկե, շատ հազվադեպ է «պլյուսի» կողմերում երևում, բայց հիմա էնքան խորն է ընկղմվել մինուսի մեջ, որ մոտ ապագայում դժվար թե էնտեղից գլուխը հանի: Ես չգիտեմ` ինչ պիտի լինի ընդհանրապես, որ ինքնագնահատականս բարձրանա, որովհետև ինչ ինձ հիշում եմ, անկախ իրավիճակից ու իմ կարողություններից, միշտ էլ էսպես է եղել, դեռ վաղ մանկուց` մի քանի տարեկան հասակից, նույնիսկ էն դեպքերում, երբ ես շրջապատում կարծես բոլոր հիմքերն ունեցել եմ ամենաբարձր ինքնագնահատականն ունենալու: Իրականում շատ կուզենայի իմանալ, հասկանալ, հայտնաբերել դրա արմատները, թե որ օրվանից, ինչից հետո եմ ես էսպիսին դարձել, բայց դեռ ոչ մի կերպ չի հաջողվում: Ու ինչքան էլ կողքից ինձ համոզեն, որ ես լավն եմ, էսպիսին եմ, էնպիսին եմ, էսինչ արժեքն ու դերն ունեմ էսինչ հարցում և այլն, մեկ է, ես միշտ էդ ամենն ընկալում եմ որպես ընդամենը ինձ մխիթարելու, ինքնագնահատականս հատուկ բարձրացնելու ջանքեր: Կյանքումս շատ քիչ դեպքերում ու շատ քիչ մարդկանց է հաջողվել քիչ թե շատ տևական ժամանակով ինքնագնահատականս իսկապես բարձրացնել:

    Իսկ դատարկությունը գնալով ավելի ուժգին է լցվում իմ մեջ: Ու հասկանում եմ, որ իրականում չեմ էլ ուզում լցնել այն ինչ-որ այլ բանով: Ի վերջո, դատարկությունն առաջացել է ինչ-որ կարևոր բանի բացակայությունից, ընդ որում` ես ինքս եմ դա նախաձեռնել, կյանքումս առաջին անգամ իմ մեջ ուժ եմ գտել անելու մի բան, որը նախկինում միշտ թողել եմ, որ ուրիշներն անեն: Ու հիմա ստեղծածս դատարկությունը լցնելու փոխարեն ուզում եմ սիրուն փաթեթավորել այն ու դնել մի պատվավոր տեղ, որ անընդհատ նայեմ ու զգամ դրանում մի ժամանակ ապրող կարևորի ներկայությունը:

    Ու բացաձակապես ոչ մեկի հետ սրա մասին խոսելու ցանկություն չունեմ: Կյանքումս առաջին անգամ ուզում եմ մենակ մնալ դատարկությանս հետ: Այն չափից դուրս իմն է որևէ մեկի հետ կիսելու համար:


    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.12.2018, 04:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.11.2018), Jarre (27.11.2018), Նաիրուհի (28.11.2018)

  19. #280
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես շատ քիչ բաներ կան, որ ի զորու են բարձրացել ինքնագնահատականս: Դրանցից մեկը օրագրային/բլոգային գրառումներս կարդալն է: Ես սովորություն ունեմ ժամանակ առ ժամանակ կարդալ սեփական օրագիրս (կամ բլոգս): Սովորություն եմ ասում, բայց իրականում դա միշտ պատահաբար է ստացվում. ասենք, ինչ-որ պատճառով սկսում եմ կարդալ ինչ-որ գրառում, հետո հաջորդը, ու էդպես շարունակ, կպչում եմ ու էլ չեմ կարողանում պոկվել: Նման դեպքերում կարող եմ ժամերով կլանված կարդալ` ավելի քան տասը տարի առաջվանից մինչև մեր օրերն արած գրառումները` արանքներում երբեմն որոշ գրառումներ բաց թողնելով: Վերջերս էլի առիթ եղավ օրագիրս կարդալու, երևի մի երկու ժամ շարունակ կարդում էի ու կարդում, և էդ ամբողջ ընթացքում գլխումս մի անհամեստ միտք էր պտտվում. «Բայց всё-таки ես էս ինչ հետաքրքիր դեմք եմ. ինձնից մի հատ էլ լիներ, հավեսով ընկերություն կանեի հետը» :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.01.2019), unknown (02.02.2019), Գաղթական (22.01.2019)

  21. #281
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն «Ալկոհոլային խմիչքներ» թեման որ տեսնում եմ, ինձ մի տեսակ այլմոլորակային եմ զգում: Նաև մի պահ մեջս ցանկություն է առաջանում «Անոնիմ трезвенник-ների ակումբ» բացելու, ուղղակի վախենում եմ էնտեղ միայնակ մնալ: Трезвенник բառի հայերեն համարժեքը չգտա:

    Ինչևէ, ուրախ թեման իմ ձանձրալի трезвенник-ությամբ չհարամելու համար որոշեցի էնտեղ ընդհանրապես չերևալ ու փոխարենը իմ անձնական օրագրում ավելի ծավալուն ու ամենայն հավանականությամբ շատերի համար «ներվերի դեղ» կատեգորիայի գրառում անել :

    Ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում, կարծեմ մոտ 17 տարեկանից սկսած (փաստորեն, 20 տարի): Դե, 15-17 տարեկաններում առիթների ժամանակ խմում էի` լիկյոր, քաղցր գինի, շամպայն, բայց երբեք էլ առանձնապես սեր չեմ ունեցել, հիմնականում հանուն ընկերակցության եմ խմել: Կյանքումս հարբած չկամ, թեև մի անգամ զուտ հանուն հետաքրքրության (պատկերացում կազմելու համար, թե ինչ է զգում հարբած մարդը), որոշակի ջանքեր եմ գործադրել հարբելու համար, բայց էդպես էլ չհաջողվեց: Հիշում եմ, որ գինու շշի մեծ մասը խմել էի ու խմելու ամբողջ ընթացքում ինձ ներշնչում էի, որ քիչ-քիչ հարբում եմ, բայց հետո ստիպված եղա գիտակցել, որ դա ընդամենը ինքնախաբեություն է, ու իրականում ոչ մի փոփոխություն էլ չեմ զգում, ու հանձնվեցի :

    Ընդհանրապես ալկոհոլին միշտ էլ բացասաբար եմ վերաբերվել, մոտավորապես էնպես, ինչպես ծխախոտին: Սրանում ամենայն հավանականությամբ զգալի դեր է ունեցել հայրս իր խիստ трезвенник-ությամբ ու ծխելու նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով, որը վաղ մանկուց սերմանվել է նաև իմ մեջ: Իրականում կնախընտրեի, որ ալկոհոլը` որպես հաճույք, գոյություն չունենար: Երբ ես մի բանը համարում եմ վատ, «չափի մեջ» արտահայտությունն ինձ համար ընդունելի չի. էդ «չափ» կոչվածն, ի վերջո, շատ առաձգական հասկացություն է ու դրանով իսկ` պոտենցիալ վտանգավոր: Դրա համար էլ էն բաները, որոնք չափն անցնելու դեպքում կարող են խիստ վատ հետևանքներ ունենալ, ինձ համար ուղղակի չորով մերժելի են ու վերջ: Երևի նաև էս գիտակցմամբ պայմանավորված` մի օր ուղղակի որոշեցի, որ էլ բացարձակապես չեմ խմելու ալկոհոլ, ու էդ օրվանից մինչև հիմա խմած չկամ: Էս որոշումս կասկածի տակ առնելու առիթ դեռևս չեմ ունեցել ու չեմ կարծում, թե երբևէ ունենամ: Թող մի քիչ էլ այլմոլորակային լինեմ ու որոշ մարդկանց ներվերի վրա ազդեմ, ոչինչ, կդիմանամ:

    Ալկոհոլ օգտագործելու հետ կապված նաև մի դրվագ է տպավորվել մեջս: Տասներորդ դասարանում էի (15 տարեկան էի դեռ), էդ մի տարին պապիկենցս տանն էի ապրում: Մի անգամ, չեմ հիշում` ինչ առիթով, երևի հյուրեր էին եկել, սեղանին խմիչք կար, հետո պապիկիս հետ առանձին խոսք բացվեց իմ` ալկոհոլ խմել-չխմելու հետ կապված: Դե, էդ տարիքում, եթե ոչ ավելի շուտ, շատերն են արդեն սկսում քիչումիչ խմել առիթների ժամանակ: Պապիկիս հետ խոսելիս ասեցի, որ փորձում եմ մի քիչ խմել, որ եթե հավաքույթների ժամանակ բոլորը խմելիս լինեն, ինձ էլ համոզեն խմել, սովոր լինեմ, անհարմար վիճակի մեջ չընկնեմ: Պապիկս էլ մի քիչ վրդովված ասեց. «Ի՞նչ է նշանակում` համոզեն խմել. խմել-չխմելը պիտի քո որոշումը լինի. եթե ուզում ես, խմիր, բայց եթե դու որոշում ես չխմել, ուրիշները չպիտի կարողանան քեզ հակառակում համոզել»: Ի դեպ, ասեմ, որ պապիկս ինքը խմիչքի հետ շատ էլ լավ էր, ճիշտ է, երբեք չեմ տեսել, որ մենակ ժամանակ կամ թեկուզ զուտ ընտանեկան ճաշի ժամանակ խմի, բայց առիթների դեպքում լավ հավեսով խմում էր: Պապիկիս էս ասածը մի տեսակ խորը նստել էր մեջս: Ու թեև հենց էդ ժամանակ ուղղակիորեն չի ազդել վրաս, բայց կարծում եմ` հետագայում էս մոտեցումն իմ մեջ շատ խոր արմատներ է գցել ու լիքը հարցերում ինձ առաջնորդել. երբ ինչ-որ բան ես սխալ կամ անցանկալի եմ համարում, ոչ մի նշանակություն չունի, թե շուրջս քանի հոգի է դա անում, նույնիկ եթե բոլորն անեն, ես կուլ չեմ գնում շրջապատի ազդեցությանը: Գիտեմ, որ շատերը սա անտեղի ու նույնիսկ ներվայնացնող պեդանտություն են համարում, բայց ինձ համար սա ճիշտ մոտեցում է, հետևաբար` իմ ներքին ներդաշնակության գրավականը:

    Հ. Գ. Խնդրում եմ գրառումս այլ թեմայում չմեջբերել ու քննարկում չծավալել: Էս պահին ոչ ժամանակ ունեմ նման թեմայի մեջ ներքաշվելու, ոչ էլ հավես:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.03.2019, 20:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.03.2019), Cassiopeia (11.03.2019), Progart (06.03.2019), Աթեիստ (06.03.2019), Բարեկամ (07.03.2019)

  23. #282
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընկեր Ղուկասը

    Մանկությանս զանազան դրվագների ու երևույթների մասին շատ եմ պատմել օրագրումս/բլոգումս, բայց պարի խմբակ հաճախելուս մասին առանձնապես չեմ խոսել, որքան հիշում եմ: Երևի որովհետև պարն ընդհանուր առմամբ իմ կյանքում մեծ տեղ չի գրավում ու իրականում երբեք էլ չի գրավել, բայց պարի հաճախելն ինձ համար մի տեսակ առանձին երևույթ էր` հավաքույթներին պարելու հետ ոչ մի առնչություն չունեցող:

    Առաջին դասարանից սկսած յոթ տարի պարի եմ հաճախել: Պարի պարապմունքները շատ էի սիրում, մեծ հաճույքով էի հաճախում, էն աստիճանի, որ երբ մայրս ուզում էր ինձ ինչ-որ բանով պատժել, սպառնում էր, որ պարից կհանի ինձ: Պարապմունքներին պարելը շատ հաճելի էր, բայց խմբակից դուրս` հավաքույթներին կամ թեկուզ առանձին, երբեք չեմ սիրել պարել: Առնվազն մինչև դպրոցն ավարտելս չեմ հիշում էնպիսի դեպք, որ ինչ-որ հավաքույթի ժամանակ ես իմ հոժար կամքով վեր կենամ պարելու: Պարելս, որպես կանոն, եղել է հայկական քեֆերին հատուկ «բռնի» կերպով, էն, որ քեզ համար հանգիստ նստած ես, մեկ էլ տղաները` դասարանցիներ լինեն, թե ազգականներ, գալիս, ձեռքիցդ բռնում, զոռով «քարշ են տալիս» պարելու, իբր, դու ամաչում ես, բայց ուզում ես, իրենք էլ, իբր, քեզ օգնում են հաղթահարել ամոթխածությունդ: Ու երբեք հաճույք չեմ ստացել էդ պարելուց, արել եմ զուտ որպես ծանր պարտականություն, որպես ինձ համար խորթ` հավաքույթ կոչվող երևույթի անխուսափելի մաս, որի մեջ հայտնվելով` պարզապես անիմաստ է դրա կանոններին չենթարկվելը:

    Մեր պարի ուսուցիչը` ընկեր Ղուկասը, շատ վառ ու խարիզմատիկ կերպար էր` աշխույժ, եռանդուն ու շլացուցիչ ժպիտով: Շատ էր սիրում երեխաներին ու իր գործն ընդհանրապես, երեխաներն էլ իրեն էին շատ սիրում, ու ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները: Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր իրեն չսիրել: Ու չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկն իրենից ինչ-որ հարցում դժգոհ լիներ:

    Ընկեր Ղուկասն էն մարդկանցից էր, որոնց, իրենց վառ պոզիտիվությամբ ու անչարությամբ պայմանավորված, անգամ ջղայնանալիս տեսնելու դեպքում մի տեսակ չես կարողանում լուրջ ընկալել էդ ջղայնությունը, նույնիսկ ծիծաղ է առաջացնում. քեզ թվում է`մարդը պարզապես փորձում է ջղայնացած ձևանալ` սաստելու նպատակով, բայց ներքուստ հեչ էլ ջղայնացած չի: Ու ես իրոք հավատում եմ, որ իր դեպքում էդպես էլ կար: Ընկեր Ղուկասի ամենակոպիտ ու վիրավորական բառը «դինջե՛ր»-ն էր, որը, որպես կանոն, ասում էր միայն հոգնակիով` ամբողջ խմբին դիմելով, երբ մեր կատարողականությունն էդ պահին իրեն չէր բավարարում: Չգիտեմ` մյուսներն ինչպես, բայց ես էդ բառը հեչ էլ վիրավորական չէի ընկալում: Ու ոչ էն պատճառով, որ ես անկախ էդ պահից ու անկախ պարից էլ` իմ բնույթով կատարյալ դինջ էի, և ուրիշների ասելով չի, որ պիտի իմանայի դրա մասին : Չէ, պարզապես էդ «դինջե՛ր» բառն ինքը էնպիսի նեղացած դեմքով ու թարս նայելով էր ասում, որ դրա մեջ ես միշտ ավելի շատ նեղվածություն, հիասթափություն էի զգում իր կողմից, քան մեզ վիրավորելու միտում, ու էդ բառի գործած ազդեցությունն էլ լինում էր այն, որ հաջորդ պահին փորձում էիր ընկեր Ղուկասի` քեզնից ունեցած սպասելիքներն արդարացնել, որ հանկարծ չնեղվի:

    Ինչպես արդեն նշեցի, ես աներևակայելի դինջ էի, շշմած ու անջատված, ու եթե իմ կերպարի մեջ ինչ-որ բան կար, որ կարող էր ուշադրություն գրավել, դա էդ դնջությունն էր: Իսկ պարի տեղը, որտեղ նաև ֆիզիկական ակտիվություն ու արագ ռեակցիաներ են ակնկալվում, իմ դնջությունն ու անջատվածությունը, անհաղորդության ու ժպիտի կատարյալ բացակայության հետ համադրված, թերևս, ամենավառ կերպով էին դրսևորվում` հաճախ տարբեր երեխաների կողմից բուռն ռեակցիաների արժանանալով: Չեմ ուզում էդ ուղղությամբ հիմա մանրամասների մեջ մտնել ու պատմել, թե ինչ անհարմար իրավիճակներ էին լինում իմ շշմածության պատճառով, միայն ասեմ, որ իսկապես ծանր դեպք էի էդ առումով, ու թեև ահագին վիրավորական էին որոշ երեխաների` իմ հասցեին արած զանազան ռեպլիկներն էդ թեմայով, բայց մյուս կողմից էլ, հիմա որ հետադարձ հայացք եմ գցում իմ էդ ժամանակվա կերպարի ու պահվածքի վրա, զգում եմ, որ իսկապես ահագին նյարդայնացնող տիպ եմ եղել: Բայց էդ ամենով հանդերձ, չեմ հիշում դեպք, որ ընկեր Ղուկասն ինձ վիրավորած լինի էդ պատճառով: Ինչքան էլ որ խմբակային «դինջեր» բառն օգտագործեր, երեխաների հետ անհատապես խոսելիս, դիտողություն անելիս երբեք չէր վիրավորում, որևէ կոպիտ բան չէր ասում: Երբեմն էլի իր էդ նեղացած, վրդովված տոնով կարող էր դիտողություն անել, բայց դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կարող էր դրանից նեղանալ: Մի խոսքով` ընկեր Ղուկասը երևի իմ դնջության ամենաթունդ դրսևորումներին ու ամենամոտիկից առնչվող մարդկանցից էր, բայց միաժամանակ դրան շատ ներողամտորեն էր վերաբերվում: Նա, իհարկե, իր եռանդուն ու իմպուլսիվ խառնվածքից ելնելով` չէր կարող հանգիստ նայել դնջությանն ընդհանրապես, բայց միաժամանակ բավականաչափ նրբանկատ էր, որ որևէ երեխայի չստիպեր անհարմար զգալ: Չնայած, մյուս կողմից էլ, դա երևի նույնիսկ նրբանկատություն չէր, որովհետև էդ խառնվածքի տեր մարդկանց նրբանկատությունը սովորաբար էնքան էլ բնորոշ չի լինում. իրենք կարծես հատուկ նրբանկատ լինելու կարիք չունեն էլ, որովհետև պոզիտիվության թափը, ընդհանուր բարյացակամության աստիճանն էնքան բարձր է իրենց մեջ, որ դա մի տեսակ ծածկում է մնացած ամեն ինչը:

    Ընկեր Ղուկասի հետ կապված ամենատիպիկ տեսարաններից մեկը, որ տպավորված է մեջս, կռացած կամ կքանստած դիրքում առանձին երեխաների պարը կամ շարժումները լուրջ, ուշադիր ու գնահատող հայացքով զննելու պահն է, կամ` զննող հայացքն ընդհանուր բոլորի վրայով սահեցնելը` մերթընդմերթ սրա-նրա կեցվածքը կամ դիրքն ուղղելով, երբեմն մտքի ինչ-որ փայլատակումներ ունենալով: Էդ պահերին նա համակ կենտրոնացում ու խորասուզվածություն էր դառնում:

    Ամեն դասի վերջում ընկեր Ղուկասը, որպես կանոն, ժպիտը դեմքին մեզ ասում էր. «Շնորհակալություն, ցտեսություն ձեզ»: Ես էլ մտածում էի` տեսնես` ինչու՞ է ի՛նքը մեզ շնորհակալություն հայտնում, երբ մենք պիտի իրեն շնորհակալ լինենք մեզ պարել սովորեցնելու համար: Հետո ինքս ինձ որոշեցի, որ եթե ասում է, ուրեմն երևի իրոք շնորհակալ է ու հաճույք է ստանում մեզ հետ պարապելուց: Ու, ճիշտն ասած, ոչ մի պատճառ չկար էդպես չմտածելու:

    Ընկեր Ղուկասի մարդկայնությունը դրսևորվում էր նաև նրանում, որ իր պարի դասերին հաճախող շատ անապահով ընտանիքների երեխաներից (էդ թվում և ինձանից) վարձ չէր վերցնում: Ընդհանրապես լսել եմ, որ շատ էր լավություններ ու զիջումներ անում տարբեր ընկերների, ծանոթների ու կիսածանոթների, ու դրա պատճառով հաճախ տուժում էր, բայց երևի իր պոզիտիվության շնորհիվ ինչ-որ կերպ դուրս էր գալիս նաև էդ վիճակներից:

    Վերջին անգամ նրան երևի մի քսան տարի առաջ եմ տեսել. ուսուցիչների ինչ-որ բողոքի ցույց էր կարծեմ, մամայիս հետ գնացել էինք, էնտեղ պատահաբար իրեն էլ հանդիպեցինք. մի քիչ մեծացել էր, բայց շլացուցիչ ժպիտն ու պայծառ բարյացակամությունը տեղում էին:

    Ընկեր Ղուկասի մասին գրելու ցանկություն նախկինում էլի եմ ունեցել, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: Երազումս իրեն էի տեսել ու դրանից ոգեշնչվեցի, մտածեցի` սրանից լավ առիթ դժվար թե լինի: Չեմ հիշում, որ մինչ այդ իրեն երբևէ երազումս տեսած լինեմ: Երազիս մեջ ինքը վերջում հայտնվեց: Ինչ-որ խառը երազ էր, որի մանրամասները չեմ հիշում, միայն հիշում եմ, որ էդ խառը վիճակներից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հոգնած, սպառված դուրս եմ գալիս ինչ-որ տեղից, դիմացս լայն փողոց է, որը պիտի անցնեմ: Մեկ էլ տեսնում եմ` դիմացի մայթին ընկեր Ղուկասն է: Անակնկալի եմ գալիս ու նաև զարմանում` նկատելով, որ ինձ ճանաչեց: Սկսում է ինձ ժպտալ: Հետո փողոցն անցնում է, մոտենում ինձ, գրկում ենք իրար: Ու էդ պահին էնքան ջերմություն ու էներգիա եմ զգում, որ հոգնածությունս ու սպառվածությունս ահագին թոթափվում է:

    Հուսով եմ` ընկեր Ղուկասի հետ ամեն ինչ կարգին է: Հուսով եմ` մինչև հիմա էլ նույն սիրով ու եռանդով շարունակում է պարուսույցի իր գործունեությունը, ու որ առաջվա պես սիրված է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (15.03.2019), Cassiopeia (11.03.2019), Բարեկամ (12.03.2019), Գաղթական (12.03.2019)

  25. #283
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ` ոնց հույզերս արտահայտել, բայց արտահայտվելու ցանկությունը մեծ է, որոշեցի ամեն դեպքում փորձել, թքած, թե անկապ բան կստացվի:

    Քիչ առաջ ինստագրամում մի աբստրակտ գեղանկարի հանդիպեցի` ինձ հետաքրքրող հեշթեգերից մեկին հետևելով: Ոնց որ հրաշք ապրեի դա տեսնելուց, չգիտեմ էլ` ոնց նկարագրեմ: Նայում եմ, ու մի երանության զգացողություն է լցվում մեջս, մի երջանկություն, մի լույս, մի խաղաղություն... Կատարյալի զգացողություն: Էն որ նայում ես, ու հստակ գիտակցում ես, որ դու կատարելություն ես տեսնում: Նայում եմ ու մտածում... չէ, ոչ թե մտածում եմ, այլ զգում. ի՜նչ կատարյալ պատկեր է, ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ հրաշք, ու ի՜նչ երջանկություն է, որ ես սա տեսա: Գրողը տանի, ինչ հեշտ է կատարյալ երջանկություն ապրելը, թեկուզ շատերի համար ոչինչ չնշանակող, չնչին ու անէական էսպիսի մի բանից:

    Երկար ժամանակ չէի կարողանում հայացքս պոկել էդ նկարից: Ուզում էի էդ նկարի մեջ մտնել, շոշափել, զգալ, ներկա լինել, անընդհատ ապրել, շնչել էդ նկարը: Մի գժվելու բան... Էն որ չես հավատում, որ էդպիսի կատարյալ գեղեցկություն գոյություն ունի: Էս նախադասությունը պիտի անգլերեն գրեմ, սրա հայերեն համարժեքը չկա. It made my day.

    Կարող էի, իհարկե, էդ նկարը դնել էստեղ, որ ուրիշներն էլ տեսնեն, գուցե իրենք էլ հավանեն, բայց չեմ ուզում: Որովհետև գուցե չհավանեն, կամ հավանեն, բայց չունենան էն զգացողությունները, ինչ ես ունեմ: Չեմ ուզում իմ հրաշք զգացողություններին թեկուզ հեռավոր ու անուղղակի կերպով որևէ մեկը «դիպչի»:
    Գնամ, սենց երջանիկ քնեմ :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.05.2019, 08:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.05.2019), ivy (02.05.2019), Jarre (27.05.2020), Progart (02.05.2019), Smokie (04.08.2019), Աթեիստ (02.05.2019), Գաղթական (02.05.2019), Նաիրուհի (11.05.2019), Շինարար (02.05.2019)

  27. #284
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիքը դիտարկումներ, մտորումներ, զգացողություններ ունեմ, լիքը գրելու, պատմելու բան, որ ուրիշ ժամանակ հաստատ կգրեի բլոգումս, օրագրումս, շատ բաներ նույնիսկ գրել եմ վերջերս ինձ մոտ, բայց էս պահին չեմ կարողանում հրապարակել օրագրում կամ բլոգում: Սկզբում ինձ թվում էր` ուղղակի հավես չեմ անում մի հատ էլ վրայով անցնել, որ համոզվեմ`հրապարակելու է, բայց նոր հասկացա, որ ուղղակի չեմ ուզում, էս պահին էմոցիոնալ առումով մի տեսակ չեմ վստահում ոչ ոքի, ինձ ահավոր խոցելի եմ զգում որևէ անձնական հույզ կամ թեկուզ միտք ուրիշների առաջ փռելու համար, առավել ևս` ինչ-որ մարդկանց մտովի սարկազմները, հեգնանքներն ու քննադատությունները պատկերացնելու ու դրանք անտեսելու ուժ չունեմ էս պահին: Զզվում եմ էս վիճակից, բայց էս պահին սա է իրականությունը: Հուսով եմ` շուտով կանցնի:

    Մի հատ մեծ ու անհաղթահարելի պատ եմ զգում իմ ու մարդկանց միջև: Կարծես բոլորն էս պահին, իրար միանալով, ձուլվել ու վերածվել են մեկ համասեռ զանգվածի, ու էդ զանգվածը ոչ միայն չի կարող ինձ հետ մերվել, այլև պոտենցիալ վտանգ է ներկայացնում ինձ համար: Իսկ իրականում կարծես ոչինչ էլ չի եղել, ավելի ճիշտ` ինչ եղել է` իմ մեջ է եղել, ինչպես գրեթե միշտ:
    Ինձ թվում էր` վաղուց արդեն հաղթահարել եմ դեռ վաղ մանկուց ինձ հետապնդող էն գիտակցումը, որ սխալ մոլորակում եմ ծնվել: Վերջերս էդ զգացողությունը գնալով ուժգնանում է, իսկ մարդկանց հետ շփվելն է՛լ ավելի է նպաստում դրան:

    Բայց լավ կլինի. մի օր ես նորից կմոռանամ, որ սխալ մոլորակում եմ ծնվել ու էնպես կհամոզեմ ինձ, որ ոչ թե սխալմամբ էստեղ շպրտված անցանկալի կենվոր եմ, այլ լիարժեք բնակիչ, որ ինքս էլ կհավատամ դրան: Իսկ էն ամենը, ինչին ես հավատում եմ, իրական է, ու միշտ էլ էդպես է եղել: Իսկ մինչ այդ` իջնել ջրի հատակը, մինչև անցնի «վտանգը»:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (06.07.2019), Աթեիստ (06.07.2019), Գաղթական (07.07.2019), Յոհաննես (06.07.2019), Նիկեա (10.07.2019), Շինարար (07.07.2019)

  29. #285
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին մի քանի օրերին մի mixed media գործի վրա էի աշխատում` պահի հոգեվիճակիս համապատասխան ու ընդհանուր առմամբ ինձ բոլորովին ոչ բնորոշ մռայլ երանգներով ու տրամադրությամբ մի գործի: Աշխատանքիս ողջ ընթացքն ուղեկցվում էր իմ սիրելի Агата Кристи-ի երգերով, որոնք կատարելապես ներդաշնակ էին էդ տրամադրությանը: Իրականում ամեն օր Агата Кристи չեմ կարող լսել, ավելին` բավական հազվադեպ եմ լսում, բայց կոնկրետ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ թերապիա ա ինձ համար, որ պիտի կիրառվի առնվազն մի քանի օր շարունակ. որիշ ոչ մի երաժշտություն չի կարող մեջիս ողջ բացասականն էսպիսի վիրաբուժական մանրակրկտությամբ քերել-հանել: Агата Кристи-ն կարծես մեջս կուտակված ամբողջ ցավի ու ագրեսիայի ամենալիարժեք բարձրաձայնումն ու թոթափումը լինի: Ու ամեն անգամ ցնցվում եմ երգերի էմոցիոնալ թափից, յուրօրինակ պատկերավորությունից, հիվանդության աստիճանի հասնող վառ երևակայությունից, մաքսիմալ անկեղծությունից ու համարձակությունից:

    Ժամանակ առ ժամանակ ինձ թվում ա, թե Գլեբը վաղուց մահացել ա, ու ուզում եմ սգալ իր ողբերգական մահը, հարգել իր վառ հիշատակը, հետո հանկարծ հիշում եմ, որ չէ, ախր նա դեռ կենդանի ա, առնվազն ֆիզիկապես: Ու ինչի՞ ա ինձ անընդհատ թվում, թե մահացել ա, գրողը տանի: Մարդը կենդանի ա, իսկ դու նրան ողջ-ողջ թաղում ես մտքումդ: Երևի պատճառն էն ա, որ Агата Кристи-ի երգերի հեղինակ ու կատարող Գլեբն ա ինչ-որ առումով մահացել, ու հիմիկվա` Matrixx-ի Գլեբը, բացի նրանից, որ մի քիչ ուրիշ բաներ ա գրում ու կատարում, նաև մի տեսակ սպառված ու տխուր վիճակում ա: Բայց հոգու խորքում ինքը նույն Գլեբն ա` ըմբոստ, վառ, սիրո կարոտ, սկզբունքային ու անսահման կրեատիվ, ով բառերի ու հնչյունների ելևէջների հետ հմտորեն ու հնարամտորեն խաղալով, տեղ-տեղ ճկելով, տեղ-տեղ` պատռելով երևակայության հնարավոր բոլոր սահմանները` մտնում ա հոգուդ ամենափախած ծակուծուկերը, սեղմում ամենազգայուն կետերն ու քանդուքարափ անում ամեն ինչ: Լիարժեք լիցքաթափում ա:

    Ես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում քիչ են լինում Агата Кристи-ի երգերին համապատասխան հոգեվիճակներ, բայց նաև ուրախ եմ, որ երբ դրանք կան, կա նաև Агата Кристи-ն:











    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.07.2019, 05:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.06.2020), Varzor (23.07.2019), Արշակ (23.07.2019)

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •