Շներից վախենալու մասին թեման որ բացվեց, հիշեցի մի քանի տարի առաջ բլոգումս արած էս գրառումս, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ։
Կենդանիներ միշտ էլ սիրել եմ, բայց... հեռվից։ Համ սիրել եմ, համ էլ միշտ վախեցել, իսկ տարիների ընթացքում վախս ընդամենը մի քիչ պակասել է, բայց ընդհանուր առմամբ նկատելի տարբերություն, ցավոք, չկա... Ընդհանրապես մարդուց բացի, ցանկացած շարժվող բան տեսնելիս վեր եմ թռնում, սարսռում եմ, հատկապես եթե շարժումն անսպասելի է... Չգիտեմ՝ ինչից է, երբ է սկսվել, կամ արդյոք ինչ–որ պահից է սկսվել, թե չէ, բայց ինչ ինձ հիշում եմ (էլ չասեմ՝ երբվանից)՝ միշտ էլ էդպիսին եմ եղել՝ «հուշտ եղած»։ նույնիսկ պատահել է, մի քանի հոգով ինչ–որ կենդանու շոյել ենք, բայց պարտադիր հետս պիտի մարդ լինի, որ շոյվողին էդ պահին բռնի, թե չէ՝ ես ոչ մի դեպքում չեմ համարձակվի ձեռք տալ կենդանուն. բա որ հանկարծ էդ պահին կտրուկ շարժումով վեր թռնի... Տեղնուտեղը լեղաճաք կլինեմ ու էնպես կգոռամ, որ ավելի լավ է չպատկերացնել...
Քանի որ շներն առօրյայում ամենահաճախ հանդիպող կենդանիներն են, վախերիս հիմնական մասը բաժին է ընկնում էդ խեղճերին... Ախր շունն իմ ամենասիրած կենդանիներից մեկն է, բայց դա ինձ չի խանգարում միաժամանակ վախենալ շներից ու խուսափել։ Հիմա դեռ ոչինչ, շների հետ ինձ էլի մի քիչ պահել գիտեմ, բայց փոքր ժամանակ... Խայտառակ բաներ էի անում։ Հենց հեռվից շուն էի տեսնում, անմիջապես կտրուկ փախուստի էի դիմում, դե, շունն էլ, բնականաբար, հետևիցս... Էդպես վազում էինք շնչակտուր, այդ ընթացքում էլ, եթե բախտս բերում էր, և շունը տիրոջ հետ էր լինում, տերն էլ էր շան հետևից էր վազում ու մի կողմից փորձում շանը հետ պահել, մյուս կողմից փորձում ինձ համոզել, որ կանգնեմ։ Բայց դե էլ ո՞նց կանգնեի. շունը հետևիցս էր ընկած։Երբեմն բախտս բերում էր, ու նախքան շան՝ ինձ բռնելը հասնում էի ապահով տեղ ու թեթևացած շունչ քաշում։ Շնչակտուր կերպով շրխկացրած դռան հետևից ներս սողոսկել տենչող շան մռութը բավական սովոր տեսարան էր ինձ համար։ Բայց պատահում էր, որ ճանապարհին ոչ մի հասանելի ապահով տեղ չէր լինում, ու ստիպված, շան տիրոջ՝ ինձ կանգնեցնելու բազմաթիվ փորձերին տեղի տալով, այլ ելք չտեսնելով՝ կանգ էի առնում, ու զարմանում, որ շունն էլ կանգնեց։
Հիշում եմ՝ մի անգամ երաժշտական դպրոցից տուն պիտի գայի, մամաս էլ ինձ ընդառաջ էր գալիս, բայց նախքան մեր հանդիպելը մեր միջև հայտնվեց մի մեծ շուն, ու ես, նրան տեսնելով, ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հանկարծ սկսեցի հակառակ ուղղությամբ վազել... Դե, շունն էլ, իր տեսակի բնազդներին չդավաճանելով, նետվեց հետևիցս։ Մի որոշ ժամանակ շրջանաձև վազելուց հետո մամայիս ու շան տիրոջ հորդորները լսելով՝ մի կերպ ինձ ստիպեցի կանգնել, որից հետո շան տերը երկար–բարակ ինձ սկսեց բացատրել, որ երբ վազում ես, շունն էլ հետևիցդ է վազում, պիտի կանգնես, որ ինքն էլ կանգնի։ Ամեն անգամ հասկանում էի, բայց դե հաջորդ անգամ էլի նույնն էի անում, որովհետև շուն տեսնելուս ու փախուստի դիմելուս միջև կարծես ժամանակ չէր լինում, անկախ ինձնից վազում էի...
Հետո ինձ ասեցին, որ շներն զգում են, երբ իրենցից վախենում ես, ու հենց վախեցողների վրա են հարձակվում... Պահո՜... Այս նորությունն ինձ ոչ միայն չմխիթարեց ու խելքի չբերեց, այլև ավելի վախեցրեց... Փաստորեն, նույնիսկ եթե խելոք–խելոք ինձ համար քայլեմ շան կողքով ու ձևացնեմ, իբր, չեմ վախենում, միևնույն է, ինքը կհասկանա, որ իրականում վախենում եմ, ու կհարձակվի վրաս... Ուժըս... Էդ բացահայտումից հետո շներն ինձ համար ավելի սարսափազդու արարածներ դարձան։
Մեր շենքի երրորդ հարկում մի շատ կատաղած շուն էր բնակվում։ Չափսերով մեծ չէր, բայց շատ կծան էր ու լաչառ։ Մենք էլ հինգերորդ հարկում էինք ապրում, ու եթե հանկարծ իջնելուց առաջ ներքևներից շան ձայներ լսեի, ոչ մի դեպքում ոտքով չէի իջնում։ Բայց դե ինչքան էլ զգուշանայի, մեկ–մեկ, այնուամենայնիվ, անցանկալի դաժան հանդիպումը տեղի էր ունենում... Որ հիշում եմ, թե ինչքան եմ երրորդ հարկից մինչև հիգերորդ հարկ շնչակտուր փախել... Բայց դե էդ շան հետ էլ հաստատ մի բան էն չէր, որովհետև լսել էինք, որ իրենց տուն մտնող ցանկացած մարդու վրա հարձակվում ու կծում էր, էլ ուր մնաց իրենից նախապես վախեցողի վրա չհարձակվեր։ Մեր շենքում էլ, ի դժբախտություն ինձ, շներին Աստված տվել՝ չէր խնայել...
Հետո էնպես ստացվեց, որ տասներորդ դասարանում պիտի տատիկենցս տանն ապրեի՝ Եղվարդում, իսկ իրենք ապրում էին սեփական տանը՝ բավական խորն ընկած թաղերում, որտեղ կողք–կողքի շարված տներից համարյա բոլորում էլ շուն կար... Դե արի ու ամեն օր, դրանց մոտով անցնելով, դասի գնա... Պատկերացնու՞մ եք, եթե բոլոր հանդիպած շներից փախնեի... Երևի ավելի հեշտ կլիներ ընդհանրապես մոռանալ տնից դուրս գալու մասին։ Մի խոսքով՝ քանի որ ուրիշ ճար ուղղակի չունեի, ստիպված սկսեցի «չվախենալ», ինչը տվյալ դեպքում նշանակում էր ուղղակի նրանց հանդիպելիս չփախչել։ Էդպես, մի կողմից վախվխելով, մյուս կողմից՝ խելոք–խելոք օրական մոտ տասը շան մոտով անցնելով գնում–գալիս էի, ու ոչ մի շուն չէր հարձակվում վրաս։ Համ էլ արդեն ինձ քիչ–քիչ ընտելացան, ու տեսնելիս նույնիսկ չէին հաչում։ Փաստորեն, ինչ հեշտ էր ամեն ինչ։ Չէի ասի, թե վախս լրիվ անցել էր, բայց, համենայնդեպս, էդ շրջանում, զգալիորեն պակասել էր։
Բայց դե դրանից հետո էլ մի դեպք եղավ։ Երբ արդեն Եղվարդում չէի ապրում, մի անգամ էնտեղ գնացել էի դասատուիս տուն, ու երբ վերադառնում էի տատիկիս տուն, արդեն սկսել էր մթնել։ Դե, ես էլ ինձ համար արխային քայլում եմ տատիկենցս հարևանի տան կողքով, խաղաղ երեկո է, ոչ մի ձայն–ձուն չկա։ Մեկ էլ զգացի, որ հետևից մեկը սրունքս «բռնեց»... Միանգամից էդ ո՜նց գոռացի, էնքան ուժեղ, որ էս խեղճ շունը ինձնից բեթար սարսափահար ոտքս թողեց ու փախավ։ Փաստորեն, որոշ ժամանակ ինձ չտեսնելուց հետո արդեն հասցրել էր մոռանալ... Դա առաջին ու առայժմ միակ դեպքն էր, երբ ինձ շուն էր կծել, եթե, իհարկե, դա կարելի էր կծել համարել, որովհետև ցավոտ չէր, ուղղակի ատամներով էդպես անսպասելի բռնված լինելու զգացողությունն էր վախենալու։
Էջանիշներ