Դեռ ամիսներ առաջ որոշել էի մազերս կտրել։ Ժամանակ առ ժամանակ, իսկ ավելի կոնկրետ՝ երկու–երեք տարին մեկ, ես հոգնում եմ իմ սիրելի երկար մազերից ու շատ երկար մազերս կտրել տալիս շատ կարճ։ Հավես թարմություն է բերում ամեն անգամ էդպիսի լուրջ փոփոխությունը։ Սկզբում կտրելուց հետո, հատկապես սկզբնական շրջանում շատ էի կարոտում երկար մազերս, միայն վերջին անգամ, երբ հղիությանս վերջին ամիսներին կտրեցի, էդ զգացողությունը չեղավ։
Բայց էս անգամ իրավիճակը մի քիչ ուրիշ էր։ Բանն այն է, որ տղաս առանձնահատուկ վերաբերմունք ունի իմ երկար մազերի նկատմամբ։ Շատ է սիրում մազերովս խաղալ, շոյել, մռութիկը մխրճել մեջը։ Ամեն անգամ մազերս հորիզոնական դիրքում տեսնելիս վազելով գալիս էր ու մռութն ի վար պառկում մազերիս վրա։ Մի ժամանակ նույնիսկ մազերս օգտագործում էի հատուկ որպես մխիթարիչ գործիք։ Հենց լացում էր, մազերովս մի քիչ շոյում–մոյում, խոտուտ–մուտուտ էի տալիս, միանգամից պայծառանում էր ու լացը մոռանում։ Հետո բոլոր երկար մազերով աղջիկներն իրեն մամային էին հիշեցնում։ Հատկապես քրոջս նկարը կամ Սքայփով վիդեոն տեսնելիս մատը տնկում էր վրան ու «մամա» ասում։ Ես էլ արդեն սկսել էի վախենալ. կարո՞ղ է՝ մազերս կտրեմ, տղաս ինձ էլ «պրիզնատ» չգա... Հատկապես որ մի քանի հոգուց լսել էի դեպքեր, երբ մոտավորապես էս տարիքի երեխան մորը չի ճանաչել, չի ցանկացել մոտ թողնել, որովհետև վերջինս սանրվածքը փոխել էր, ու երեխան չէր ճանաչել։
Մազերս կտրելը հա հետաձգում էի, թեև արդեն հաստատ որոշել էի։ Համ կարճ մազ էի ուզում, համ էլ մի տեսակ ոնց որ դեռ չուզենայի բաժանվել երկար մազերիցս։ Մի քանի օր առաջ հանկարծ զգացի, որ վերջ, արդեն հաստատ կտրում եմ, երկար մազերս մի տեսակ միանգամից սկսեցին ինձ խանգարել, ինչ–որ ավելորդ, օտար մարմնի պես, որից ուզում ես հնարավորինս շուտ ազատվել։ Դրա հետ կապված հիշեցի ծննդաբերությանս պրոցեսը, երբ արդեն ժամերով պառկած էի կծկումներով, ցավերն արդեն կարծես գագաթնակետին էին հասել, բայց համ էլ չէի կողմնորոշվում՝ ուժ տալու ժամանակն է, թե չէ։ Բուժքրոջը հարցրի՝ բա ո՞նց իմանամ՝ որ արդեն ժամանակն է։ Ասեց՝ որ ժամանակը գա, հարցնելու կարիք չի լինի, չես կասկածի. էդ պահին միակ բանը, որ մտքիդ կլինի, հնարավորինս շուտ ամեն գնով էդ երեխային մեջիցդ դուրս գցելն է։ Ու իսկապես էդպես էլ եղավ։ Հիմա մազերս կտրելն էր. ժամանակը որ եկավ, էլ կամուկացի հարց չեղավ։
Հաջորդ օրն ընտանյոք գնացինք մազերս կտրելու։ Ուզում էի, որ կերպարանափոխումս տղայիս աչքի առաջ տեղի ունենար, որ ինձ չճանաչելու ձև չունենար։ Նախօրոք ինտերնետում որոնումներ էի արել, իմ ուզած սանրվածքը գտել, տպել ու հետս վերցրել, որ վարսավիրին ներկայացնեմ որպես ուղեցույց։ Երկու հոգով մոտեցան, նկարը ցույց տվեցի, երկուսն էլ միաձայն բացականչեցին՝ օоо՜։ Իսկ ես դեռ շարունակում եմ զարմանալ, որ վարսավիրներն էլ են զարմանում երկար մազերը շատ կարճ կտրելու դեպքերի հանդիպելիս, մարդիկ, որ կյանքում էդքան մազեր են կտրել։ Իսկ եթե նույնիսկ նրանք են զարմանում, ուրեմն երևի իսկապես քիչ են պատահում նման դեպքեր։ Այսինքն՝ ինչի՞ եմ զարմանում, ես ինքս, բացի ինձնից, մեկ էլ մի հոգու գիտեմ, էդ էլ հարազատ մայրս է
։ Ընդ որում՝ երկուսիս դեպքում էլ դա ոչ թե մի անգամ պատահած դեպք է, այլ ապրելակերպ
։ Մարդիկ սովորաբար հարցնում են՝ ո՞նց չափսոսեցիր, էդքան երկար մազերդ կտրեցիր։ Ախր ափսոսելը ո՞րն է։ Ինչպես ասել է մի իմաստուն տատիկ. մազ ա, էլի, կերկարի, հո տենց չի մնա. որ մի երևելի բան լիներ, ամեն տեղ չէր աճի
։ Համ էլ ես էն կարծիքին եմ, որ կտրելիս պիտի էնպես կտրես, որ լավ նկատելի լինի, տեսքդ փոխվի, մի տեսակ իմաստ չեմ տեսնում ուղղակի մի քանի սանտիմետրով կարճացնելու մեջ։
Սկզբում մի քիչ վախ ունեի, որ Արեգը կարող է մազերիս կտրելը տեսնելով՝ ձայնը գլուխը գցի, լացի, բայց ոչ մի նման բան չեղավ, բարեբախտաբար։ Հակառակը՝ հետաքրքրությամբ, ժպտալով նայում էր ամբողջ ընթացքում։ Վերջում էլ, որ մոտեցա, հիացած ինձ էր նայում, պնդուկացած գլուխս շոշափում։ Լրիվ նոր գլուխ էր իր համար բացահայտել, անընդհատ ուսումնասիրում էր տարբեր դիրքերից, և այդ ամենը՝ դեմքի հիացական արտահայտությամբ։ Մի խոսքով՝ ավելի լավ պրծանք, քան կարելի էր սպասել
։
Էջանիշներ