Լուսամուտի առջևից երկար ձգվում էր լայն փողոցը, որի երկու մայթերի եզերքին գարնան արևով ողողված շարվել էին նորատունկ, վտիտ ծառերը: Մարդը հայացքով երկար ուղեկցում էր կնոջը, որը քայլում էր փողոցի մեջտեղով: Նա քայլում էր սովորականի նման ուղիղ, միայն գլուպն էր կախ:
-Համառ,- աչքերով կնոջն ուղեկցելով, ինքն իրեն խոսեց մարդը: - Սիրո՞ւմ է նա ինձ: Նորի՞ց է սիրում: Կարոտե՞լ էր, թե ինչ… Բայց այսպես լավ է. Իմ չերությունը նրան կստիպի շատ չտանջվել մահվանս պատճառով: Եթե սիրում է…
Նա այդպես, հայացքով ուղեկցեց կնոջը, մինչև նա թեքվեց այդ երկար փողոցը հատող մեկ ուրիշ փողոց:
Մարդը ամուր շփեց ճակատը ու, նստելով սեղանի մոտ, վերցրեց սուրճի մյուս գավաթը, որին կինը ձեռք չէր տվել, կում-կում խմելով, շարունակեց զրուցել ինքն իր հետ.
- Շատ բան եմ ուզում անել, բայց դե, չորսից վեց ամիսը ահագին ժամանակ է: Զգուշության համար ես կնախատեսեմ երեք ամիս և եթե ավելի ժամանակ մնա, ապա մաքուր շահույթ կլինի…- Նա ծիծաղեց անժպիտ ծիծաղով,- շահույթ,- կրկնեց նա: - Բայց կարող է պատահել, որ հակառակը, ավելի քիչ ժամանակ մնա… Ուրեմն, ինչից սկսել…
Նա գրադարակից բերեց մաքուր թուղթ, գրիչ, շարունակ ինքն իրեն խորհրդակցելով.
-Համենայնն դեպս, նախ պետք է իմ հաջորդին, որը չգիտեմ, թե ով կլինի, ընդհանուր գծերով տամ այն հեռանկարները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում էի: Մանավանդ, եթե չհասցնեմ Բ-1 ագրեգատի մոդեռնացման նախագիծը: Նամակներ պիտի թողնեմ երեխաներիս, նրան…
Հետո վեր կացավ, նորից բարձրաձայն ծիծաղեց ու դարձյալ անժպիտ աչքերով, կանգնեց սենյակի մեջտեղում և ասաց.
-Սատանան տանի, այնպիսի բաներ եմ մտածում, որ կարծես պատրաստվում եմ ինքնասպանության: Մինչդեռ իրականում…
Նա ընդհատեց միտքը: Երևի չկարողացավ ձևակերպել, թե իրականում ինչ է պատրաստվում անել:
Հետո նորից նստեց ու վճռական շարժումով թղթի վրա գրեց վերնագիր.
Երեք ամսվա աշխատանքի ծրագիր.
Տակը ընդգծեց ու “1” թվանշան դնելով, կողքը գրեց. “ապրիլի քսանին, երեկոյան, աշխատանքից հետո սկսել արտադրական գծերի մոդեռնացման սխեմատիկ հեռանկարների նկարագիրը”…
Բայց գրիչը նորից ցած դրեց, վեր կացավ, ետ ու առաջ քայլեց:
-Սատանան տանի,- ասաց,- ինչպես եմ ուզում թողնել ինքնակենսագրություն: Թող վերջապես երևէ մեկը ճանաչի, հասկանա…
Հետո սկսեց վիճել ինքն իր հետ.
-Ո՞վ հասկանա, ո՞վ ճանաչի:
Նա այդպես շորերով պառկեց մահճակալին ու երկար ժամանակ լուռ և կոնտրոնացած նայում էր առաստաղի մի կետին: Հետո վեր կացավ ու ասաց.
-Հարկավոր է գնալ խանութ, բան-ման առնել: Այս երեկո ազատ եմ: Մի քիչ էլ կզբոսնեմ:
Արդեն դուեը բանալով, ասաց.
-Սատանան տանի, ինքնակենսագրություն գրելու ժամանակ էլ չեմ ունենա… Այդ արդեն շռայլություն կլինի…
Ու դուրս եկավ, ետևից շրխկացնելով դուռը:
Էջանիշներ